ՍԵՎԱԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Մի անգամ Մոսկվայում

Posted on 26 Սեպտեմբերի, 2010

0


Երբ երեխան լացում է, նրա առջեւ լցնում եք գունավոր խաղալիքներն ու նա տարվելով դրանցով մոռանում է լացը: Խաղի վերջում` շպրտելով այս ու այն կողմ: Այդպես էլ մենք, երբ հազարավոր կիլոմետրեր հեռու մեր տնից, պառկած բանտի հիվանդանոցում, չունենալով ոչինչ, բացի մեր հագի շորերից ու թոքախտից, խեղդվում ենք ու արյուն թքում, դուք մեզ հանգստացնելու համար մեր առջեւ լցնում եք մեր հնացած խաղալիք-հիշողությունները, ու մենք տարվելով դրանցով շուռումուռ ենք տալիս, խաղում: Բայց վերջում շպրտելու փոխարեն զգուշորեն շարում ենք բարձի տակ…

Ինքնաթիռում բարձին փոխարինում էր, բարձր հենակով բազկաթոռը, որը վերեւի մասում ուռուցիկ էր ու կարող էինք հենվել, փակել աչքներս, բայց մենք վախենում էինք բարձրությունից ու փորձում էինք չնայել կլոր պատուհանից, որովհետեւ սրտխառնոց էինք զգում ու երկրագնդի փոքրացած ֆիգուրները դեպի իրենց էին ձգում: Դրա համար էլ ուղեկցորդուհուն խնդրեցինք մեզ պատուհանից հեռու նստեցնել, նա ժպտաց, տեղափոխեց: Մենք հիշեցինք փողոցի զրույցները ռուս աղջիկների մասին ու միանգամից խնդրեցինք նրա հեռախոսահամարը: Իսկ, երբ նա մեզ սուրճ առաջարկեց, մենք հուզվեցինք ու համոզվեցիք, որ նա իրոք սիրահարված է մեզ ու որ տղերքը ճիշտ էին, երբ պնդում էին, թե ռուս աղջիկների խելքը գնում է կովկասցիների համար: Նենց որ, երբ իջնում էինք ինքնաթիռից, նա արդեն մեր աղջիկն էր ու մենք դրանում ոչ մի կասկած չունեինք: Օդանավակայանում մեզ դիմավորող չկար: Երթուղային տաքսիով հասանք մինչեւ մոտակա մետրոն: Դեռ չէինք էլ հասցրել մետրոյի դռներից մտնել ներս, մի հոգնած ու սոված ոստիկան` սերժանտի ուսադիրներով, դեմներս կտրեց ու ասաց. ՙՁեր փաստաթղթերը, պարոն՚: Բայց մենք նրանից ավելի հոգնած ու սոված էինք ու նա դա շատ շուտ զգաց ոստիկանի հոտառությամբ, ինքն իրենից ամաչեց, քաշվեց համազգեստի մեջ ու մեր գրպանը աննկատ հարյուր ռուբլի խոթելով` բաց թողեց: Սրահում լսվում էր Սովետական ժամանակներից վերականդանացած բարակ ձայնով հաղորդավարի շնչասպառ ձայնը, որը անըդհատ կրկնում էր. ՙՀարգելի երկրաբնակներ, զիջող եղեք, զիջեք ձեր տեղը անդամալույծներին, հղի կանանց: Ձեր իրերը, հարազատներին եւ վերջ ի վերջո Ձեր գլուխները մի մոռացեք վագոններում, թե չէ գտնելը դժար կլինի, մեծ քաղաք է…՚: Բայց ոչ ոք նրան չէր լսում ու գնում էի իրար հրելով, անպատվելով: Շարժասանդուխքը նրանց կուլ էր տալիս անկուշտ գազանի նման: Մյուսների հետ մենք էլ նրա բաժինը դառանք ու կորանք ներքեւում: Ցուցատախտակի վրա կարդացինք մեր կանգառի անվանումը. ՙՍոկըլ՚, ու խցկվեցինք վագոնից ներս: Բայց մտածում էինք, ինչո՞ ւ բազե, այլ ոչ թե արծիվ կամ ասենք որո՞ ր… Սակայն մեր մտքի թելը կտրեց հաղորդավարը, որը նույն խոսքերն էր կրկնում: Բայց ջահելները պառկած նստարաններին խմում էին ու համբուրվում, իսկ անդամալույծներն ու կանայք կախվում էին ձողերից, որովհետեւ պառկածների հետ չէին ուզում ապրել նույն դարաշրջանում: Մեզ մոտեցան երկու սափրագլուխներ: Մենք վաղեցանք ու սփրթնեցինք, որովհետեւ դրանց մասին էլ էին պատմում թաղի տղերքն: Ու վախից էր, որ ջարդեցինք նրանց գլուխները, բայց նրանք ընդամենը եկել էին լուցկի խնդրելու… Վերջը մենք դուրս եկանք մետրոյից ու հասանք մեր ընկերջ տուն: Բայց ընկերը տանը չէր, ստիպված էինք բակում սպասել: Մի քանի ժամ սպասելուց հոգնած` մտանք մոտակա սրճարանը: Ոստիկանի տված դրամով սառը գարեջուր խմեցինք: Արդեն գիշեր էր, երբ եկավ ընկերն ու ասաց, որ գործերը լավ չեն: Գրասենյակը, որի համակարգում ինքն աշխատում էր, որպես վարպետ-գաջ քսող, փախել է: Ուրեմն մեր գործերը ավելի վատ էին, որովհետեւ մենք եկել էինք նրա մոտ բանվոր աշխատելու: Չգիտես ինչու մեր ընկերոջից նեղացանք ու չմնացինք էլ նրա մոտ գիշերելու: Զանգեցինք ուղեկցորդուհուն ու խնդրեցինք, որ մեզ գիշերելու տեղ տա իր տանը: Նա սկզբից զարմացավ, հետո ջղայնացավ, բայց վերջ ի վերջո մեր համոզմունքներին կուլ գնաց ու տվեց իր տան հասցեն: Իսկ մի ժամ հետո մենք արդեն իրար դեմ դիմաց նստած` հաճելի թեմաներից էինք զրուցում ու թեյ խմում: Ու հասկացանք, որ այդ մենք ենք մինչեւ մազերի ծայրը նրան սիրահարված, այլ ոչ թե նա մեզ: Բայց դա նրան չէր խանգարում, որ անկողինը կիսեր մեզ հետ: Նա իսկապես հրաշք աղջիկ էր, ու նրա նմանը չկար աշխարհում…

Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ նա մեզ մատնեց Խթը-ի անողոք ձեռքն ու ամեն ինչ վերջացած էր, մենք ոչ միայն չատեցինք նրան, չբռնվեցինք կատաղի մոլուցքով, այլ սկսեցինք ավելի սիրել նրան ու ոռնալ ցավից, որ նա այլեւս մեզ հետ չէ: Ու հիմա պառկած այս խոնավ հիվանդասենյակում, մենք մտածում ենք նրա ու մեր մեծ սիրո մասին: Իսկ երբ հազը խեղդում է մեզ ու ցավը սեղմում կուրծքներս, արցունքներն են գլորվում մեր աչքերից, որովհետեւ հասկանում ենք, որ կարող է մեռնենք ու էլ չկարողանանք նրա մասին մտածել…

Դուռը բացվեց, երեւաց բժիշկը, ու մենք հասկացանք, որ մի շաբաթ էլ է անցել մեր ազատազրկման ժամկետից: Նա նստեց մեր կողքին ու սկսեց սովորական դարձած ստուգումներն ու հարցերը: Նա միշտ շատ հարցեր էր տալիս, բայց երբեք չէր լսում ու չէր սպասում պատասխանի: Մի քանի րոպե անց, ավարտելով իր անիմաստ զնումները, նա ոտքի ելավ, հուսադրող ժպտաց ու հարցրեց. ՙՀույսով եմ հաբերը չես մոռանում ընդունե՞ լ՚: Մինչ մենք կպատասխանեինք` ոչ, նա արդեն հեռացել էր: Մենք ձեռքներս տարանք բարձի տակ ու հանեցինք հաբերը, որոնք երբեք չէինք խմում: Հաբերի հետ մեկտեղ ձեռքներս ընկավ մի մոռացված հիշողություն, որից դեղահոտ էր փչում…

Երբ հանուն հայրեիքի ծառայում էինք Հայոց բանակում, զորամասի ԳՍՄ-ի պահեստից բենզին ու դիզ. վառելիք էինք գողանում ու վաճառում իր գնից քիչ էժան գնով: Դա գիտեր հրամանատարը, բայց լռում էր, որովհետեւ բաժին ուներ դրա մեջ: Իսկ փողը գալիս էր ջրի պես ու ապրում էինք ուզածներիս պես: Մի օր էլ ՙբենզին՚ օպերացիայի ժամանակ անձրեւի տակ էինք ընկել ու բարձր ջերմաստիճանով պառկել սանմասում: Շուտ ապաքինվել էր պետք, թե չէ բիզնեսը կտուժեր: Խոշոր ակնոցներով մեր բուժքրոջը մրգերով ու շոկոլադով կաշառում էինք, որ մեզ լավ նայի ու շուտ ոտքի հանի: Կիսագրագետ այդ կինն էլ ջանք չէր խնայում ու ժամկետը անցած դեղեր էր, որ տալիս էր իրար հետեւից. ուրիշ չունեին: Իսկ մենք չէինք ուզում նրան նեղացնել ու դրանք լցնում էինք բուշլատի գրպանները: Դեղերի փոխարեն մոշի մուրաբայով թեյ էինք խմում ու մի շաբաթ անց արդեն ապաքինվել էինք ու կեսօրին պատրաստվում էինք դուրս գրվել: Առավոտյան սիրած աղջկանից նամակ ստացանք: Գրված էր. ՙԿներես, վաղը ես ամուսնանում եմ: Ես արժանի չեմ քո սիրուն, դու կգտնես ավելի լավին՚: Լավ կատակ էր, ծիծաղից թուլացանք ու ման եկանք երկրորդ թուղթը, որտեղ նա պետք էր մեզ նորից ու նորից սեր խոստանար, բայց երկրոդը չկար: Ու նա իրոք ամուսնացել էր ու ամերիկահայ ամուսնու հետ մեկնել Ամերիկա: Մենք ամոթից մեռնել էինք ուզում ու խմեցինք մեր գրպանների բոլոր դեղահաբերը: Սակայն չմեռանք, որովհետեւ ամոթից մարդ չի մեռնում: Բայց վիճակներս իրոք ծանր էր ու մեզ տեղափոխեցին քաղաքային հիվանդանոց…

Մենք հոգնել ենք այս հիշողությունից ու բարձի տակ լցված դեղահաբերից. ազատվել է պետք: Ազատվել, որ տեղ բացվի մյուսների համար… Նորը գալիս է փոխելու հնին: Երեկվա կորյունը խեղդում է ծեր առյուծին, հին արյունը փոխվում է նորով: Այս մեծ-մեծ բաների մասին էլ մտածելով հասանք զուգարան: Հաբերը լցրեցինք անցքը ու ջուրը քաշեցինք: Ջուրը փրփրալով ու թշալով տարավ դրանք: Իսկ մեզ փրփրալով տարավ հիշողությունը…

Անաստասիա: Այդպես էր մեր սիրո անունն ու մենք ամեն անգամ հաճույք էինք ստանում նրա անունը տալով, իսկ նա ներվայնանում էր այդ երկարությունից, սիրում էր, որ իրեն անվանում էի ուղակի Նաստիա: Հիմա էլ առանց հուզմունքի չենք կարողանում նրան հիշել, դրա համար էլ շեղվում ենք անըդհատ… Բայց կփորձենք… Անաստասիան երկու օրը մեկ իր ուղեւորներին ուղեկցում էր մոլորակի տարբեր ծայրերը, իսկ մենք այդ երկու օրերի ընթացքում աշխատանք էինք փնտրում Մոսկվայի ամեն մի անկյունում, խանութներում, ռեստորաններում ու աշխատանքի տեղավորման բյուրոներում: Սակայն ամեն տեղ ստանում էինք նույն պատասխանը` պետք է աշխատանքի իրավունք, Ռուսաստանի քաղաքացիություն: Օրերը անցնում էին, աշխատանք չկար: Մենք եկել էինք այս անիծյալ քաղաքը աճելու, հարստանալու, իսկ Անաստասիայի հետ սեր անելով մեր երազանքները չէին կատարվի: Մնում էր աշխատանք փնտրել փողոցներում` ՙվատ տղերքի՚ մոտ: Իսկ նրանց հետ աշխատելու համար կարմիր անձնագիր պետք չէր: Ընդհանրապես անձնագիր պետք չէր: Այդպես ավելի էր նրանց ձեռք տալիս, որ չունենաս քաղաքացիություն, կրոնական պատկանելիություն, անուն: Ու մենք գտանք նրանց: Ծանոթացանք Շակալ Տեմուրի հետ, որը զբաղվում էր թմրանյութերի բիզնեսով: Նա մեծ կապեր ուներ, բայց թույլ էր կամքից. էդ սպիտակ փոշուց շատ էր քթերը քաշում: Բայց դա մեզ չէր խանգարում, որ մենք նրա ու մեր համար փող շիներինք` տարբեր խավի մարդկանց հետ կապեր ստեղծելով, հիմարներին թմրանյութ վաճառելով, անհնազանդների ճակատները փամփուշտներով զարդարելով: Մեզ դուր էր գալիս մեր նոր կյանքը, ռիսկը: Իսկ ամենակարեւորը փողը նորից գալիս էր գետի պես: Եթե բանակում այն բարակ առու էր, այստեղ Նեղոսն էր: Մի խոսքով մենք Մոսկվայիննեինք, Մոսկվան մերը:

Որոշ ժամանակ անց մեր ունեցածը արդեն մեզ քիչ էր: Պետք էր ավելի համարձակ քայլերի դեմել: Իսկ դրա համար թմրադեղերի աշխարհի անառիկ ամրոցում մի փոքր ճեղք էր պետք գտնել, որ ամրոցի բանալիները մեր ձեռքը վերցնեինք, այլ ոչ թե նայեինք, թե երբ է Շակալը այն բացում ու փակում: Եվ այստեղ մեզ նորից փրկեց Անաստասիան: Նա մի օր անտրամադիր տուն եկավ ու ասաց, որ իրենց ավիաընկերությունը նոր ուղղության իրավունք է ստացել` Մոսկվա-Դուշամբե: Ու իրեն նշանակել են ավագ ուղեկցորդուհի: Նա լացում էր, քանի որ տանել չէր կարողանում տաջիկներին, իսկ մենք ավելի մեծ հաջողության չէին կարող սպասել: Դուշամբեյում վստահելի մարդիկ կային, որոնք մեզ բարձրորակ թմրանյութ էին առաջարկում, բայց տեղափոխելու հարցն էր դժվար: Անաստասիան իր նոր պաշտոնով լուծում էր այդ հարցը: Եթե թեկուզ ինչ-որ հարցեր էլ կողքից առաջանային կարելի էր հարթել ամենահզոր փողի միջոցով: Մնում էր մի մեծ հարց` Շակալը: Նա չէր հանդուրժի մեզ իր կողքին… Անաստասիայի հետ, ինչպես միշտ, այս անգամ էլ համաձայնության եկանք անկողնում: Մենք միշտ նրա հետ որոշումներ էինք ընդունում սեր անելու ժամանակ: Որովհետեւ այդ ժամանակ ավելի էինք մոտենում իրար, դառնում մի մարմին, մի միտք: Եվ այսպես մենք Անաստասիայի առաջին իսկ թռիչի ժամանակ վայրէջք կատարեցինք Դուշամբեյում, ու պայմանավորվեցինք ում հետ հարկն էր: Մեր նոր  գործընկերները պատրաստ սպասում էին մեր քայլին: Այլեւս հապաղել չէր կարելի: Վերադառնալուց հետո հանդիպեցինք Շակալին ու նրան մեզ հետ աշխատելու առաջարկություն արեցինք, խոստանալով եկամուտի քսանհինգ տոկոսը, սակայն հրաժարվեց: Դե ի՞ նչ արած, նա արդեն փտում էր ու երկու փամփուշտ ճակատի մեջտեղում չէր խանգարի: Մենք զարդարեցինք նրա ճակատը: Բայց երկու փամփուշտով չպրծանք: Սկսվեց մի մեծ խառնաշփոթ, ոմանք դուրս եկան մեր դեմ, ուրիշները առիթից օգտվելով փորձում էին իրենց իշխանությունը հաստատել: Շակալի եղբայրն էր ոտքի ելել իր մարդասպաններով ու շուրջ համախմբել մի քանի հանցագործ խմբերի: Փամփշտակալներ էին, որ պարպվում էին ամիսներ շարունակ: Դիակներ, որոնց հավաքում էին առավոտները: Մենք էլ քիչ մարդ չկորցրինք այց կռվում: Բայց վերջապես մեր հավատարիմ մարդկանց շնորհիվ մեր ձեռքը հասավ նաեւ Շակալի եղբորը: Նրա մահով կռիվը վերջացավ: Ոմանք քաշվեցին իրենց բները, ոմանք էլ փորձեցին մեզ հետ համագործակցել: Եվ Դուշամբեյում վայրէջք կատարելուց վեց ամիս անց մենք ստացանք առաջին պարտիան: Ու սկսցվեց Դուշամբե-Մոսկվա գիծը կանոնավոր աշխատել: Ընթացքում դժվարություններ, խոչընդոտները առաջանում էին, բայց ամեն ինչ հարթվում էր առանց մեծ աղմուկի: Շատերը կաշառվում էին, ոմանք վերացվում: Անաստասիան` մեր մեծ սերը, թռնում էր Դուշամբե ու ուղեբեռով վայրէջք կատարում: Սակայն նա արդեն մենակ չէր,  նրան օգնում էին օդաչուները, մաքսատան աշխատողները, ավիաընկերության պետերը: Բայց նա առաջվա պես ավագ ուղեկցորդուհի էր, ու ապրանքի ավագ փողադրող: Մենք ապրում էին շքեղության մեջ: Մեծ փողերը մեզ անկուշտ էին դարձնում, խմում էինք  ամենաթանկանոց շապմայնը, ամենապայծառ աստղերի հետ գիշերներ անցկացնում աշխարհի ամենալավ հյուրանոցում: Բայց Անաստասիայի սերը շատ մեծ էր ու նա չէր կարող տանել մեր դավաճանությունները: Ու մի օր որոշեց վերջ դնել այդ ամենին…

— Վերջապես դուրս ես գալո՞ ւ զուգարանից… Քեզ հետ եմ, համար 40666, ձայն հանի, թե չէ ջարդում եմ դուռը, — ինչ-որ մեկը ուժեղ քաշում էր դռան բռնակը ու ձայն տալիս մեզ: Երեւում է նա շուտվանից էր գոռում ու փորձում բացել դուռը, իսկ մենք անցյալով տարված չէինք էլ լսել: Բացեցինք դուռը: Դռան առջեւ կանգնած էին հսկիչները, երկու բուժքույրերն ու հետաքրքրասեր բանտարկյալները: Բուժքույրերը մեզ տեսնելով խորը շունչ քաշեցին ու մտնելով թեւներս տարան, ճանապարհին ասելով. ՙԵրկար մնացիր զուգարանում: Կարծեցինք որոշել ես ինքնասպան լինել՚: Մենք ուզում էինք ծիծաղել, բայց հազը չթողեց ու ցավից կծկվելով ընկանք մահճակալին: Երբ քիչ անց հանգստացել էինք, ձեռքներս տարանք բարձի տակ: Այնտեղ մնացել էր վերջին հիշողությունը…

Լուսադեմ էր, երբ գիշերային հաճույքներից հոգնած` տուն վերադարձանք, Անաստասիան դեռ անկողնում էր, պառկեցինք կողքին: Նա մեզ հրեց մի կողմ ու շուռ եկավ մեջքով դեպի մեզ: Մենք լռեցինք, որովհետեւ կարողանում էինք գնահատել մեր արարքները, զզվում էինք մեզանից, տանջվում, որ իրեն ցավ ենք պատճառու, բայց միեւնույն ժամանակ չէինք կարողանում զեղ կյանքից, անասնական կապերից մեզ զրկել: Ու չնայած մենք առաջվա պես մոլեգին սիրում էինք իրար, բայց սերը այլեւս անզորու էր Անաստասիայի արդար ցասման առաջ ու չէր կարող հետ կանգնեցնել իր բռնած ուղուց: Նա մի քանի րոպե լուռ պառկելուց հետո վեր կացավ ու դուս եկավ ննջարանից: Հետո լսեցինք, հեռախոսի սեղմվող կոճակների ձայնը ու նրա կարճ խոսքը. ՙԿարող եք գալ՚: Մենք չգիտես ինչու ուշադրություն չդարձրինք այդ խոսքերին, նրա հեռախոսազանգին: Միայն քիչ անց, երբ նա ցածր ձայնով հեկեկում էր ու կրկնում, որ սիրում է մեզ: Մեր մեջ ինչ-որ կասկած արթնացավ: Գնացինք նրա մոտ: Նա հեռախոսը ձեռքը լացում էր, դեմքը այլայլված էր: Մենք սպասուհուն գոռացինք, որ ջուր բերի, բժիշկ կանչի, բայց Անաստասիան չթողեց, նա ընկավ մեր գիրն ու սկսեց խելագարի պես համբուրել ու կրկնել. ՙԵս սիրում եմ քեզ, սիրում եմ… Բայց դա արեցի, որովհետեւ դու սպանում ես նրան…՚: ՙՈ՞ ւմ, ո՞ ւմ եմ սպանում… Ի՞ նչ արեցիր՚, — գոռում էինք մենք: ՙՆրան` մեր Մեծ սիրուն… Ես դա թույլ չեմ տա՚: Այդ պահին հնչեց դռան զանգը: Անաստասիան ասաց. ՙԳնա բացի, քեզ են ուզում՚: Մենք անկախ մեզանից գնացինք ու բացեցինք դուռը: Երկու դիմակավոր ավտոմատավորներ` գոռալով մեզ գցեցին գետնին: Մի տասը հոգի էլ լցվեցին տուն ու սկսեցին հետախուզել: Մի քանի րոպե անց մեզ ոտքի կանգնեցրին ու նրանց ավագը ցույց տալով ձերբակալման օրդերը` հայտնեց, որ մեղադրվում ենք թմրադեղերի տարածման ու վաճառքի մեջ, ու իրենց հայտնի ճառը կարդալով` տնից հանեցին դուրս…

Անաստասիան մեզ հետ ապրելով շատ բան էր սովորել ու մեր դեմ հարուցած մեղադրանքը այնպես գրագետ էր իրականացրել, որ մենք ու մեզ հետ շատ շատերը ամիսներ տեւող մեծ դատից հետո ուղարկվեցինք Հյուսիսային Ռուսաստանի ամենախիստ ու դաժան կալանավայրերից մեկը` ցմահ ազտազրկման հոդվածները վզներիս:

Մեր միջից միայն Անաստասին փրկվեց: Հիմա նա ապրում է ուրիշ երկրում, ուրիշ անվան տակ: Պետական մարմինների հատուկ պաշտպանության տակ: Բայց նա շարունակում է երկու օրը մեկ թռնել աշխարհի տարբեր ծայրերը` ուղեկցելով իր սիրելի ուղեւորներին:

ք.Մոսկվա հունվար 2008թ