ԱՆԳԻՆԷ ՎԱՐԴԱՆՅԱՆ  |  Բանաստեղծություններ

Posted on 26 Սեպտեմբերի, 2010

0


Ես…

Մութ էր:
Մոմը վառւեց:
Գիտէի խոշորացոյցը կենտրոնացնում է ցաւը:
Յիշեցի անցեալը, երբ հոգիս մաքուր մի էջ էր:
……………………………………………………………
Մոմը հալւեց:
Խոշորացոյցը ճչաց  ցաւից:
Ծխի հոտ էր բարձրացել արդեն սեւացած էջից:

Թեհրան-2008

Ձօն հարազատիս

Մենութեանս պատերի ներքոյ
լու՜ռ նստած էիր դու,
և ինձ գրկեց ջերմութիւնը,
քայլերս լքեցին մթութիւնը,
ու երբ քաշւեց քօղը ճերմակ
մոխրագոյնի վրայ այս աշխարհի,
ես հասկացայ թռչում եմ դէպ մենութիւնը
որի պատերի ներքոյ նստած ես դու՝
կեանքիս միակ երջանկութիւնը….

Թեհրան-2009

Թախիծ

Փոշոտած գանգ:
Արձագանքնե՜ր…..
հեռաւոր ու միալար մի մեղեդի:

Ագռաւները ճանգռտում են երկինքը պարզ,
ջրվէժներն ոռնում են ու
հեկեկում  են սարերը բարձր…
փոթորկւել է աշխարհը մեր…
ա՜խ, նստէի քամու թեւին,
մեղմ դիպչէի դէմքիդ բարի,
վառ շրթերդ համբուրէի,
ջերմ գրկումդ սէր երգէի:

Ահա գարունը, աշնան քուրք հագին:
Այստեղ տերեւաթափ է այս պահին,
իսկ երբ իջնի ճերմակութիւն,
խորտակ են ինձ ցաւ ու ցնորք,
կը մոխրոտի գանգս փոշոտ…
…..այն նոյն մեղեդին,արձագանքում է կրկին:

Թեհրան-2009


Ձերբազատութիւն

Ճերմակ թղթիս անկիւնում
հոգուս թոթովանքը գրեցի,
այրւեց այդ թուղթը:
Այժմ այրւած թղթիս այրւած տողերում,
Ճերմակ մի բառ է փայլում:

Թեհրան-2005