ԼՈՒՍԻՆ ԱՄԱՐԱ  |  Բանաստեղծություններ

Posted on Սեպտեմբերի 26, 2010

0


Մի աղջիկ եմ, փոքրիկ մասունք երկրագնդի

Ես երազների հյուրընկալ ու բաց աթոռի տերն եմ,
Մերկ էին ուսերս, բայց սիրով ծածկեց անրջանքների բեհեզ-ծիրանին
Եվ իմ պաշտոնում զարմանալի չէ հա’մ ստրուկ լինել,
Հա’մ էլ կրել թագ երազանքների թագավորության…
Ես պալատներում զեկուցում եմ միշտ, որ այգը սիրեն,
Որ երգեն գովքը մայրամուտների,
Ժպտան զվարթուն սիրո համբույրից
Ու փառք տան մտքին, որ սրանց ծնեց:
Արքայության մեջ ես արգելել եմ թունավոր շնչեր,
Խեղճի դեմ ծանակ, մահվան սուր քրքիջ,
Խավարի հոգին չպիտի’ լինի իմ պալատներում.
Խորհրդանիշը իմ արքայության երազի վարդն է ` կապտաթերթերով…
Որպես թագուհի երազաշեն արքայության
Ես արձակել եմ մի հրովարտակ, որում նշված էր.
“Նախատիպարը թագավորության այդ լռությունն է,
Ուստի աշնանը պիտի հավաքենք լռության բերքը
Ու այն ամբարենք անրջանքների անհուն ամբարում,
Կարոտի թելով գործենք անրջանք բեհեզ-ծիրանին
Եվ այն կրելով մեր բաց ուսերին`մենք ապացուցենք,
Որ երկրագնդի մասնիկ լինելով
Լիիրավ տեր ենք մեզանով կերտած թագավորության,
Եվ երազների հյուընկալ ու բաց աթոռի տերը
Կարող է լինել մեր արքայության ամեն մի անդամ”:
Ես այսպիսին եմ` մի փոքրիկ աղջիկ,պստիկ մասնիկը մեծ երկրագնդի,
Բայց երկրագնդի չափերից էլ մեծ երազներ ունեմ,,,
04-06.04.10

Միայն դու է,որ գիտես

Միայն դու է,որ գիտես իմ տաղերի գաղտնիքը,
Ե’վ պարզությունը անկեղծ,և’ խորությունը իրավ,
Մրմնջաձայն իմ երգի երկյուղած այն «երգիկը»,
Որ երգելով չի տալիս հանգստություն ինձ բնավ…
Միայն դու է,որ գիտես…
Միայն դու է,որ գիտես մթությանս տրտունջը
Երբ աչքերիս մեջ քաշվեց,հանց արցունք քուլա-քուլա,
Զգուշաքայլ խորտակվող այն դյութական անուրջը,
Որ թաքնված էր անչափ,այնքա~ն պարզ է քեզ հիմա`
Միայն դու է,որ գիտես…
Միայն դու է,որ գիտես հրճվանքալից այրումս,
Քանզի գորովդ ինքնին այդ զգացնել է տալիս,
Հրդեհներիս պատճառը ու մոխրալից անկումս,
Որ աչքերիս փայլի մեջ հանգած հույսս եմ լալիս…
Միայն դու է,որ գիտես…
Միայն դու’,ի’մ սիրտ…
08.04.10

Չունեցածս…

-Ունենք զրույց,հնար չունենք այն սկսելու,
Ունենք թեմա,բայց ուժ չունենք ծավալվելու,
Երգեր ունենք,որ վերքի հետ նույնական են,
Ձիրքեր ունենք,որ բնածին,պապական են:
Ունես ձեռքեր`շղթայեցիր այն ինքնակամ,
Ունես հետքեր ու ջնջում ես ամեն անգամ,
Արև ունես,որպես աղբյուր ցմահ լույսի,
“Բարև” ունես ու չես տալիս այն ինձ Լուսի~ն…
-Ունեմ մի “արտ”,որ կդառնար այն մեզ սուրբ հաց,
Ունեմ ավարտ,տե’ս սուրբ հողս է գրկաբաց,
Մահից հետո քաղաք ունեմ լուսնի գրկում,
Բայց վեցերորդ զգայարան ունես լոկ դու’…
22.06.10

…%…Դու համարիչ ես, իսկ ես`հայտարար…%…

(Ոչ մի համարիչ հայտարարին չպիտի’ վերևից նայի…)
Լ.Ա.
Ինքնահասկացման ես դեռ չեմ հասել…
Ինքնահրկիզման բանաձևն էր լոկ ինձ հասանելի,
Բայց ու՞մ հասկացնեմ,որ ձև չէր ինքնին,ձիրք էր հիրավի,
Ժայթքուն կրակ չէր,այլ պարփակ մի սիրտ
Որ կոտորակի հայտարարում էր,
Իսկ համարիչը ուժեղ էր ավելի…
Ես ու՞մ հետ կիսվեմ իմ կոտորակի պատմության մասին,
Որ բաժանությունն ինձնից անբաժան ու ուղեկից է
Ո՞վ կհասկանա…
Ո՞վ կհասկանա,որ բաժանողը ոչ թե մի գիծ է,այլ գծի վրա…
Որ հայտարարում շա~տ շոգ է ու մութ,
Որ համարիչը կարծում է,թե ես արմատատակ եմ
Ու չեմ հանդգնի լինել իր լույսում…
Այնինչ…Երկուսս էլ փոքրիկ զրո ենք
Ու միասին մեզ «տոկոս» են ասում… …%…
22.05.10

Բարդը պարզի մեջ

Ինքնաճանաչման հզոր մի քանդակ
Լուռ մարմնացումն է դարերով անցած ոգեղեն պահի…
Մեր քայլող երթի պարզությունը,պա’պ,
Կարող է նաև տ’եր կոչել քարին…

Հավատը լիքն է տառապանքներով,
Բայց լույսը երբեք չի թողել հեռվում ոգին մեր հսկա,
Այսքան վաղաժամ կյանքեր հողելով`
Բախտի փակ ճամփից ելնելու հույս կա’…

Ես չեմ զայրացել,չեմ էլ անիծել
Ծանր լռությամբ հանգչող հայրերի ու հենց քե’զ համար,
Մի պտղունց հողդ իմ սիրտն է բացել
Քո հուր կարոտից…իսկ քարդ կամար

Մեր քայլող երթի բարդությունն է,պա’պ…
28.09.10

37 ամիս

Մտորումներ ընտանիքի շուրջ
Բարև~ ընտանիք,
Բարև երկփեղկված սուրբ հզորություն,
Ընդհատ պատկերով հզոր սրբություն…
Ես քո մի կեսում թախծալից նստած
Նամակ եմ գրում քո մյուս կեսին,
Որը երբևէ չեմ ուղարկելու`
Հետս կտանեմ…
Ա~խ իմ ընտանիք,
Ա~խ իմ երազած լուռ հավերժություն
Ու իմ ստացած հավերժ լռություն…
/հավերժը մենք ենք,բայց լուռն էլ ենք մենք/
Ու հիմա կարծես դու գլուխ չունես,
Աջ ձեռք ու ոտքդ էլ հեռու են քեզնից…
Լավ է,իսպառ չեն հեռացրել,բնա’վ,
Դեռ ետ կբերեն,
Կամ քեզ կտանեն կիսատներիդ մոտ,
Բայց միևնույնն է,գլուխդ երբեք
ետ չի բերվելու…/ա~խ/…
Իմ սու~րբ ընտանիք,
Ես ապագան քո հիշել եմ,իսկ անցյալը`կանխատեսել,
Մեծահոգաբար գթացել նորից
Քարաբեկորե անձնագրիդ համար,
Քո օրորոցե մայրականչերի
Ու հույս-դարձերիդ փակ ճամփի համար…
Ընտանի~ք,
Իմ ցավ-տագնապի մրրկուն ալի~ք,
Երբ ես դու կրկին մանկան ձեռքի պես
Ելնելու անձայն,դառնալու ներկա,
Շոյելու բախտիս բեկորները նուրբ,
Ոչ թե ժայռերը ժեռ-անասնական…
Լու~ռ հավերժություն,
Ես կգա’մ քեզ մոտ կաթնաղբյուրներդ այնպե~ս կարոտած…
Կարոտս կրկին դուռդ կբանա`
Հավերժ լռության ահը իր սրտում…
Աշնան վերջերին ես քեզ մոտ կգամ`նամակը ձեռքիս,
Տխուր ու ներկա բաներ կխոսենք…
Ես այն քեզ կտամ…
Եվ ես քեզ,դու`ինձ կխոստովանենք,
Որ լավատես ենք ու այս ամենը անցողիկ է,հա’…
Ես քո աջ ձեռքն եմ ու դեպ քեզ գալով
Հրաշք ծնելու ավետ կբերեմ…
Քո Գլխի մասին լուրեր դեռ չկան,
Բայց սուրբ արյունդ կշարունակվի`
Դեռ փոխանցելու,տալու շա~տ բան կա’…
Բարև~ Ընտանիք…
Դու դեռ չես ծնվել…
Ես քեզ եմ գալու,որ աշխարհ գալուդ նոր օրը տոնեմ…
2010 օգոստոս

ՍՊԱՍՄԱՆ ՇՂԹԱ

Գարունը հիմա ամառնացել է`
օգոստոսացել,
բայց ես սպասում եմ ինչպես ապրիլին
թե մայիս կգա
ու մայիսի ութ,
որը երազված,հաղթանակած է իննից առավել
եվ իննը միայն հիշողությամբ է ապրում ութերի…

Հունիս,հուլիսը թռիչքային են,
հուլիսն`առավել,
հիշողության մեջ հետք էլ չի թողնում,
բայց արցունքագոյ ծովակներ ու լիճ
հազարով ունի.
ծիծաղից դեպի
ու թախծից դեպի ժպիտ հանգիստը
հանգիստ այնտեղ են անցկացնում ոմանք…

եվ աննկատ էլ ներս է սողոսկում,
աննպատակ էլ ձվադրում մեր մեջ
ու անընդհատ էլ մեզանից քամվում
այն օգոստոսը…

Ամիսներ գալիս ու անցնում անփույթ,
լեռներն են սկսում կարոտել միշտ մեզ…
կգա~մ իմ Սարի~,
բայց դեռ սպասում եմ,ինչպես որ երեկ,
թե սեպտեմբերին ՀԱՅՐՍ տուն կգա,
որ ինձ քեզ բերի…

ենթակա պետք չէ,ոչ էլ լրացում,
ստորոգյալով,բայով եմ միշտ էլ
ես արտահայտում իմ սպասումը`
արի~,
կարոտել եմ,
սպասում եմ…

Հիշում եմ մեկ-մեկ գիշերը անդավ,
ցերեկն անկորուստ
ու հոկտեմբերյան “բերքահավաքի”
եռուզեռն անզուսպ`
տրտմաթախծալի,անձրևախառն,
բայց և հազարգույն,հազարահատիկ…
ու քեզնով ապրող իմ փոքրիկ սրտի
անեզր սպասումն…

ՔՈ նոյեմբերյան պատգամն անխռով,
խոհուն աչքերի երազանքը մեծ
դեպի նոր գարուն
ու դեկտեմբերի այցելությունը սառն
ու անտարբեր…

ամանորյա շշուկների բարձրացումը
և որպես սիմվոլ`
“տոհմածառը” ՔՈ զարդարած…

իմ սպասումը շուք ունի հարության,
հուսո ետդարձի բերկրանք ապրեցնող`
արի~,
վախենում եմ,
սպասում եմ…

հունվարավարի ցրտային շնչից
փրկություն որպես
օրհնանքիդ ծուխը դեպ երկինք ելնի
և քո գոյության ու կամքի ոգին
պատի սևավուն նկարից իջնի…

չես մոռացել չէ,որ փետրվարին
չէիր մոռանում
ամռանավայել միշտ դիմավորել արևածագը`
ծեգին տուն գալով…

ՔՈ խենթության հետ սերտ կապ փնտրելով
մարտի վերջի մեջ…

Ես դեռ սպասում եմ ինչպես այն օրը…
/երբ ՔՈ փոխարեն թափորդ եկավ
Ու բոթն անխնա/

և այսօր կրկին,ինչպես երբևէ
ես սպասում եմ
ու ամեն բացվող նոր առավոտին
երազս պատմում,

Որ ԴՈւ գալիս ես/չգիտեմ,թե երբ/ հրաշք թևերով,
իջնում ես օծված Սարիի սարից,
ձիակառքերիդ հանգիստ չես տալիս
ու երկու ափիդ լցված է կանաչ…

…հետո իջնում ես հպարտ կեցվածքով,
ընծայում հեռվից հայրական համբույր
ու իմ սպասման օղակների մեջ
մեկն էլ ես դնում…

գիտեմ,որ ԴՈւ ես,
բայց ՔԵԶ չեմ տեսնում…

ենթակա պետք չէ,ոչ էլ լրացում,
ստորոգյալով ես կարտահայտեմ
իմ սպասումը`

սպասում ե~մ…
արի~~~……

2010 օգոստոս

Այսօր է տոնը բոլոր հայրերի…

(Լացողներին չեմ սիրում…)
Հայրիկ

Այսօր է տոնը բոլոր հայրերի…
Կարոտի քնքուշ ձեռքերն այս գիշեր
Քո վերադարձի շոյանքը բերին,
Իսկ ես մոլորված իմ սուր տագնապից
Քո համբերանքի խոսքը հիշեցի`
Ասացիր`չգա’մ,ներքևից նայեմ,
Ես ինձ պատժեցի քո սուրբ վճիռով
Ու հետդ չեկա…
Ոչ ոք այս գիշեր իր պատշգամբից
Աստղին նայելիս,չի հիշելու քեզ,
Դու բախտի կանչով գնացիր ինձնից…
Եվ ցավը,որ գալիս է քեզնից առաջ
Ու բարձիս վրա քունս է հսկում,
Վերադարձնել է ուզում քեզ,հայրի’կ…
Թո’ղ քո քարացած լռության վրա
Իմ վաղ մանկության աղմուկը իջնի’…
Այսօր է տոնը բոլոր հայրերի…
Բայց թե փոխանակ նվեր անելու`
Ինքս եմ խնդրում նվեր քեզանից`
Դու վերադարձի’ր այն հույսով արդար,
Որով հավատը կենդանի է դեռ…
Քո վերադարձն ինձ կյանք է ու նվեր,
Ես իմ «ՆՎԵՐՈՎ» սպասում եմ քեզ…
23.02.10

ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ

Ցավիս խորքերից,ո’վ ճակատագիր,
Անսահման ծիծաղ ես ունեմ քո դեմ,
Իմացած եղի’ր,քեզ կարհամարհեմ,
Որ չկարծես,թե ինձ կործանեցիր…

Իզուր կապանքներ մի’ դիր իմ սրտին,
Անթեղված հավատ կա սրտիս խորքում,
Թեև հնարներ գործում ես բազում,
Բայց զուր ես թափում մոխիր իմ ճամփին…

Մահվան գրկի մեջ քնած էլ լինեմ,
Տվայտանքների’ց,ո’վ ճակատագիր,
Քեզ կարհամարհե’մ,իմացած եղի’ր,
Որ չկարծես,թե ես կործանվել եմ…

Առաջ անդունդ էր ու առաջ քաոս,
Վերագտա ինձ ու դժվար թե դու
Պայծառ ճակատս տանես թաղելու,
Երբ Աստված ունեմ ու մայրս է հո’ս…
31.03.10

Գիտեմ,բայց չեմ հասկանում…

Իմ սրտի ճախրող բնույթը գիտեմ,բայց չեմ հասկանում,
Իմ երկնի փոխվող գույները գիտեմ,
Բայց ճամփին ցրվող թափանցիկ ու խենթ հուզմունքը այսօր ես չեմ հասկանում…

Իմ աչքին տիրող արցունքը գիտեմ,բայց չեմ հասկանում,
Իմ միտքը գերող լուրերը գիտեմ,
Բայց հույսից զրկող անառիկ ու բերդ զզվանքը այսօր ես չեմ հասկանում…

Մի հոգու գտնող աղոթքը գիտեմ,բայց չեմ հասկանում,
Ու քամու բերած ստերը գիտեմ,
Բայց քեզ փնտրելու սրտացավ ու հորդ խրատը այսօր ես չեմ հասկանում…
01.09.10

Եվ էլի հինը…

Էլի դուք նստած սրճակենտրոն սեղանի
Բամբասանքահոտ աջ ու ձախ կողմին,
Էլի պատրաստ եք սրա ու նրա ընտանիքների
Ներքինից խոսել ու միշտ անտեսել
Սեփական ներքին տգիտությունը,
Որի գիտակցմամբ գուցե դադարեր
Գարշանքի հոտը օդում թևածել,
Գուցե վերջանար սրճազայրույթի սևագույն քուլան
Ու կփարատվեր սրճակիցների սրճոտ կասկածներն…
Բայց միշտ անտեսված տգիտությունը
Ի գիտւթյուն մեզ`իր գործը ունի`
Սրա ու նրա ներքինը խառնել
Սրճազանգվածի փոքր գդալին
Ու եփելուն պես`դնել սեղանի սրճակենտրոնին`
Շուրջը ցրելով ԲԱՄԲԱՍԱՆՔԱՀՈՏ…

Տգիտությունը այս ինչքա~ն է հին…

15.03.10

Մի՞թե

Մի՞թե տրված էր խոնարհ տանջանքով,
Խաչակնքելով,ոչ թե երկնքին,
Այլ մարդկանց դաժան դեմքերին նայել,
Գրկում գտնվող բոբիկ մանուկին
Սարսուռից ծնված համբույր նվիրել,
Տեսնել բարբարոս վարքը Դեր-Զորի:

Մի՞թե մոլորված երգ-մրմունջների,
Ամենահաղորդ լույսի ձայնարկման,
Հրաշքով ծնված փառքի հետ մեկտեղ,
Պիտ հնչի սրտի դողերով անցած,
Վշտակոծ տաղի շողերով զուգված
Ու պանդուխտ դարձած մի «Դլե յամա՜ն»:

Մի՞թե քարերի խոնարհ բաղձանքը
Աղավնիների զորավոր ճախրի
Ու սուրբ երազի թռիչք չի ստանա,
Եթե շշնջա հույսն առավոտի,
Հույսի խաս փեշից զանգերը հնչեն
Ճերմակ վարսերով սուրբ Արարատի:

Մի՞թե թռիչք չի հորդա ժայռերից
Եվ փոթորիկը կատարելության
Չի՞ ուռչի փառքի թևերի վրա,
Երբ լույսն այրում է մութի սքեմը
Եվ կապու՜յտ-կապու՜յտ առեղծվածի մեջ
Ձյունափառ լեռն է կանչում Տիրամոր:

Մի՞թե այս երկրի բոլոր ծայրերից
Ծիծառներն իրենց բույնը չեն դառնա,
Հանճարեղության երգեր չեն երգի,
Երբ անեզրության մեջ տիեզերքը
Իր լույսի անբեկ ճամփան է գտել
Ու իրեն փրկել Նոյան տապանում:

Մի՞թե տագնապից ծնված այս ճիչը
Բնության անհաս գաղտնիքի նման
Առաջին երգի ղողանջ չի դառնա,
Երբ իմ չարությամբ,հպարտացումով,
Անմեղ Սուրբ Փրկչին «խաչե’լ» եմ գոչել
Ու խաչն է տարել նա սև Գողգոթա:
17-24.12.2009թ.

Հողիս զարդը լռությունն է

Լռությունս կզարդարի հողս,
Երբ դալուկ օրվա սնարը հանգչի,
Երբ ինձնով ապրող ամեն սրտի մեջ
Ես էլ բարձրանամ որպես տոհմածառ:

Իմ լռության հետ`հողը զարդարող
Եվ հուր-հարության հրաշք բոցի պես
Կարոտի ճամփով ետ կգամ անդարձ,
Լուռ կփարվեմ ձեր աչքերին թաց:

Հողիս լռության զարդարուն կանչով
Կենսության գույներ կշողացնեմ ձեզ,
Կանաչ լանջիս տակ ապրելու տենչը
Կտամ ձեր արյան կարմիր հոսանքին:

Հողիս զարդարուն լռությունը վեհ
Արարչի լույսով ձեզ կտա պատգամ,
Ծանոթ ժպիտով կփայլեմ կրկին
Ու չեմ մոռանա օջախիս ճամփան:

Հող-լռությունս կխոսա’,մարդի’կ,
Խաչքարիս դաջված մատնահետքերով
Ու դրա դիմաց կռթնած մեկի
Լռության ձայնով կխոսա հողս…

Լռությունս զարդն է հողիս…
21.02.10

Իմացա՞ք ինչու

Իմացա՞ք ինչու
Ամպերի ոսկի
Այն արևի տեղ
Մի բուռ շող իսկի
Կռունկի թևին
Ինձ բաժին չընկավ…

Իմացա՞ք ինչու
Արտույտի կտցի
Մեղմիկ երգի տեղ
Աղվեսի պոչի
Արնածոր վերքը
Ինձ բաժին ընկավ…

Իմացա՞ք ինչու
Օրհնանքով հյուսված
Սլացքների տեղ
Ցավով շղթայված
Անեծք դադարը
Ինձ բաժին ընկավ…

Ծաղկած վարդի տեղ
Չորացած սարդը
Ինձ բաժին ընկավ…
Ինչո՞ւ…Չիմացա՞ք…
2007 դեկտեմբեր

Հույս,հավատ ու սեր
Օրերի անդարձ անդրադարձի հետ
Մեր հուր մանկության հրաշք հեքիաթի
Երեք խնձորն է վերադառնալու,
Որ մեր պահպանած հիշողության մեջ
Դեռ չեղած այգու պտուղ է անքաղ
Եվ մեր աչքի դեմ հողից ու հույսից
Բեղմնավորված բախտ…
Այն մեզնից մեզ է նախ բաժին տալու,
Ապա մեզ ձուլվող մենավոր ու լուռ
Իմաստությանը…
Եվ մեզնից անկախ,
Հրաշք հեքիաթի երեք խնձորով
Պիտի կշտանան բառերի կարոտ
Բազմաթիվ սրտեր,
Քանզի մանկության երեք խնձորը
Բառից խոսք ձգվող այն բնականոն,
Անհարթ ուղին է,
Որ երբ մեծացար`միշտ վերածվում է
Երեք իմաստի`
ՀՈՒՅՍ,ՀԱՎԱՏ Ու ՍԵՐ…
09.02.10

«Գյուտը»

Հոգնած տուն է գալիս իմ երեկոն,
Վերին հաշտությամբ ու խոնարհաձայն
Ես իմ մեջ կոտրում քնի զգացումը
Եվ «գյուտից» առաջ հաղթահարում եմ
Որոշ թուլություն`
Վեր ու վայրէջքի փոթորիկներից փորձում եմ փախչել,
Նույն դժվարությամբ չհանգչել փորձում,
Հնարներ փնտրում վաղվա առիթով
Ու,անշու’շտ,հիշում` ՉՈՐԵՔՇԱԲԹԻ Է!!!
15.06.10