ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ  |  Բանաստեղծություններ

Posted on Սեպտեմբերի 26, 2010

0



Անցյալը վազանցում է մեզ
ՙՖորմուլա-1՚-ի սրընթացությամբ,-
մեր ապագան դարձյալ հակադրակետում է,
ինչպես երկնագագաթի լիալուսինը` լճակի խորքում:-
Ահա թռուցիկ կանգառը հերթական,
եւ հանգստավետ շարժումն իսկ թեթեւ
ասես անցում է զուգահեռ մի աշխարհ,
ուր ժամանակը հեշտին ցուցանում է
հավերժահարսի մարմինն իր հոլանի:
16.02.2010թ.


Ով սադրում է փորձանք, համաճարակ, կռիվ,
աքսոր, ճգնաժամ խորագնա,
ատելության հողմ ու երկրաշարժ է սադրում…
Ով սանրում է երկար վարսերն իր փափուկ
եւ մարմնահանդեսով ինքնամոռաց
սադրիչներին գերում գիշեր-ակումբի խլրտյունի մեջ…
22.02.2010թ.


Վերաբեռնավորել իղձերը հնարժեք
ներկայի համացանցում բացիլակիր —
ապահովագրել անձեռնմխելի թղթապանակներում:
Ապագայի մթնդած դիմախաղից
քաշել երազային աշխարհի քարտեզը –
մաքուր բազմացված`
որպես ուղեգովազդ տեղակայել
խաչմերուկներում համասփյուռ:
Վերաբեռնավորել ՀԻԱՑՔԻ ՀԻՄՆԵՐԸ
խոսքի դարաններում խառնաժխոր
եւ սերտելու տալ ամենեցուն:
22.02.2010թ.

ԿՐԾՔԱԼԵԶՈՒ
կրծքավանդակ
կրծքազանգակ
կրծքամշուշ
կրծքահուշ
կրծքադարան
կրծքախարան
կրծքամոլոր
կրծքաոլոռ
կրծքափեղկ
կրծքաբերք
կրծքագիծ
կրծքածիծ
ծծադրոշ
ծծագրոշ
ծծակողով
ծծաժողով
ծծապարտեզ
ծծաքարտեզ
ծծանվագ
ծծաշվաք
ծծափայլակ
ծծասայլակ
ծծամտուկ
ծծապտուկ
պտկամայր
պտկածայր
պտկաքար
պտկաբար
պտկահունձք
պտկակուրծք
հայակուրծք
եվրակուրծք
կրծքադավ
կրծքաբավ…
02.03.2010թ.


Առկայծումներով ու լուսաթարթումներով
օրը ճեմասահ շարժվում է առաջ`
ասես պոեզիայի հումքով ծանրաբեռ ՙԲելԱԶ՚.-

եւ մինչ հասնում է նա
Բան-մշակության արվեստավորներին,
հախուռն կողոպտվում է ոսկեխույզներից ու բանանենգներից,-
եւ դատաստանի օրը ահեղ
թեթեւ ժպտալով պահմտվում է
վաղվա մահուդե վարագույրի ետեւ…
13.03.2010թ.


Հակադարձումը երկնի ու աչքի,
մտերմությունը զրոյի եւ հոգու —
զույգ առասպելի ենթագրերով
խաչասերվում են լռության խանդոտ ուրուների հետ,-
եւ Ասացողի ահյակ թիակին
Լուսաստղն  է իջնում`
Աստծո նրբահյուս խարազան ինչպես…
22.03.2010թ.

ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ` ՄՈՏԻԿ, ԵՐԱԶԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Ի մոտո այնպես, մերձ ու զգայելի
քո դեմ բացվում է անքողարկելին`
Նա` անցավորաց զանգակ-ծաղիկն ու այրացուն կոչյալ,
անգիր ձոներգը լռության ծոցի,-
էակ է վճիտ, վառվռուն մատաղ,
ժպիտ ունի բիլ, ոչ` թագ ու պսակ,
բայց հոգին է բաց ու ծովատարած,-
Նա իր անունն է կամենում ասես
նվիրել ոմն արկածասերի,
որ անվերք կանցնի ցավի լեռներով…

Ինչ-որ տեղ` մոտիկ, կենաց տոն է, ուր
Նրա մարմինն են հուշով զմռսում
ընտրյալները շնչավոր դասի.-
թողեք, Նա շենշող կենդանին է ու անպարփակելին,
քո կորուսյալի հառնումն է հավերժ
այնտեղ, այս մեգում, երազից այն կողմ:
12.05.2010թ.

ԱՆԱՑԻԿԼԱՅԻՆ  ԵՂԵՐԵՐԳ
Պատմությունը խաղում է ազատ ու թեթեւ
անլուր հոգիներում եղեռնահարների`
ինչպես նժույգ սրարշավային:-
Մինչդեռ կարեկից ու ողջ ես, մխիթարված անչափ
եւ հեռվից ես գալիս սիրատոչոր, բայց
կրկին բանտված ես խորշերում անցյալի`
մահապարտի շնչով` պաղ ու սարսռալի…
Սարսռալի ու պաղ շնչով մահապարտի`
անցյալի խորշերում ես բանտված կրկին,
բայց սիրատոչոր գալիս ես հեռվից
եւ անչափ մխիթարված ես, ողջ ու կարեկից:
Մինչդեռ սրարշավային նժույգ ինչպես`
եղեռնահարների հոգիներում անլուր
թեթեւ ու ազատ Է խաղում  պատմությունը…
12.05.2010թ.


Երբ հրաշալիքները փլվում են քո թիկունքում
/ի կատարումն ծես ու պատվիրանի/,
ինչպես` տաճարակուռ մայրաքաղաքը երկրաշարժից կամ`
խոշորագեղ օդանավի պայթյունը թռիչքուղու վրա,
երբ թվում է` անկումը անցյալի սերն է լոկ
եւ քո տեսադաշտում ժամանակը շարժվում է
հեռահաշվարկներով նորաշխարհային,
մինչդեռ երազները ճռինչով տապալվում  են աչքիդ առաջ,
ինչպես բյուրեղապակե ճաքած երկնաքեր կամ`
ատոմակայանի ուրանահար բուրգ,-
ուրեմն ժամն է Բանաստեղծության,
որի հետ թաքուն բանակցել է ուզում
աղետների աստված…
14.05.2010թ.

ԿԱՆՏԱՏ
/ Էլիտար երգչախմբերի եւ շանսոնիեների համար/

Ջրհեղեղները լիաշուք անցնում են առաջին, երկրորդ
եւ երրորդ կարգի երկրների միջով` որպես
հավասարության տարերք-զինանիշ,-
համաչափ կրքով բռնազավթում են
սրճարանները, ամառանոցները շիկ,
գործազուրկների ու օլիգարխների բնակարանները
եւ օժտում նրանց նույն բացիլներով դժբախտության:-
Մխիթարության մշուշն է լցվում
ներսը հանրույթի` հրճվանքի խառնակ թմրանյութ ինչպես:-
Եւ գաղտնախորհուրդ կրկներգում են թռչուն ու մեռյալ`
համամարդկային ուրախությունը
աղետագույն է եւ աղետաբույր…

Համաճարակները անաչառ են եւ
նույն հավատով ու կենսախնդությամբ
պիրկ փաթաթվում են կոչվածներին ու անանուններին,-
ՁԻԱՀ տարասփռող պչրուհու խաղով,-
քանզի գալիս են արդարության կպչուն թելադրությամբ`
ասես ինքնիշխան կամակատար:-
Միակերպ վախի սավանն է փռվում
ախտահարների ու մաքրամարմինների ամբոխի վրա`
իբրեւ հովանոց ցավատապի դեմ:-
Եւ գաղտնախորհուրդ կրկներգում են մարդ ու ուրվական`
ճշմարիտ վարքին` երկրպագություն,
օրհնություն, օրհնություն անսահման…
05.06.2010թ.

ՍՊԻՏԱԿ ՇՐՋԱՆ
Ամեն ՙսեւ թուղթ՚ չէ վճիռ-մահագիր:
/Մահը կյանքի պես խայտաբղետ է, բազմալեզու եւ/:
Ամեն ՙսեւ արկղ՚ կործանման խոսնակ չէ:
/Թեկուզ ավիաաղետ` չի լրագծվում ձայնագրությամբ/:
Ամեն ՙսեւ անցք՚ չէ տիեզերքի անդունդ:
/Սրտի վիհերը երիցս անտակ են/:
Ամեն ՙսեւ ռասա՚ օտարման զանգված չէ:
/Տերը երգում է նեգրական խռպոտ բաս-բարիտոնով/:
Ամեն ՙսեւ հոգի՚ չէ չարության մառան:
/Քաշիր վշտի քողը` կհորդի լույս զվարթ/:
Ամեն ՙսեւ քառակուսի՚ արվեստի ֆիգուր չէ:
/Գեղանկարային է սուպրեմատիստների անրջանքն ինքը/:
Ամեն ՙսեւ ցուցակ՚ չէ հղի հալածանքով:
/Համակիրների որս է առավելս, ոչ` ախոյանաց/:
Ամեն ՙսեւ ոսկի՚ բարիքամուղ չէ:
/Հրավտանգ են կայքն ու գանձերը` աէրոբենզին ինչպես/:
Ամեն ՙսեւ բախտ՚ չէ Աստծո թողությամբ:
/Երջանկությունը ընտրում է նաեւ անհույս խաչվածին/:
Ամեն սեւավոր խավարի զավակ չէ:
/Սեւը դարպաս է` Սպիտակ շրջանի վրա բացվող/:
Ամեն:
16.06.2010թ.

Հ Ը Մ…
/Բառարկումներ/

-Եռակի դիմակ է ձեր փաղաքուշ դեմքին,
միջուկային ճամպրուկ-վահանակով ընտրյալ տիրակալներ:
Անսահման դող կա ձեր փափկասուն ու զորեղ ձեռքերի մեջ…

-Ամենուր վախի ուրվականներ են: Նրանց շքերթներից
ցած են գլորվում գունդուկծիկ երկիրն ու ժամանակը…

-Չկա ազատություն, մարդը գերին է իր երազանքի…

-Երկրի խաղաղությունը ահով ծվարել է
ճարտասանների ժխորի տակ…

-Դուք էլ պակասը չեք, շողոմաժպիտ բանագնացներ,
երբեք չես կռահի` ինչ կա նոթ-բուքերում եւ մտքի մեջ ձեր…

-Ավերողները նմանակում են կառուցողներին`
դափնեկիր դերասանի մեծաշնորհությամբ…

-Այս Թատրոնը գոնե հանգիստ դիտելու հնար ունենայինք…

-Ձեռքներդ հեռու իմ տխրությունից…

-Թող խոսի ամառը նաեւ սառցակալ ձմեռվա փոխարեն…

-Բաժանեք իրար միջեւ, ճանկեք միմյանցից,
մի պատառ անգամ թող չհասնի հլու արդարներին…

-Իշխանությունը համախմբում է արկածախնդիրներին,
հետո նրանց միջեւ քաշում ատելության ցանցառ փշալարեր…

-Ձեզ ինչ` թե հիմա բուրյան վարդեր չկան
իմ անձկության փակ ու տրտմադալուկ այգում:
Հողին հարցրեք` ինչ վառ սերմեր է նա դեռ պարտակում…

-Առեք իմ խնայած օրհնանքներից մեկը, անիծված բոզեր…

-Տար քեզ հետ ավաղ-ափսոսանքս, քայլերթի դրոշակակիր,
դու սիրելի թիրախն ես անքուն դիպուկահարի…

-Ջահ է` չի լուսավորում,
ճամփա է` առանց հանգրվանների…

-Բաց թող քո ներսի դառնության բազեներին,
երկինքն է նրանց խնամակալը…

-Հեռվից գալիս եք աղմուկ-աղաղակով:
Հեռանում եք խայթված գող ու համրի պես:

-Ոգեղեն խոսքի ծաղկեփնջեր կան մտքիս պարտեզներում`
անցնող փոթորիկներին ի պատախան…
18.06.2010թ.


Քո ոլոր-բեկբեկ հետագծերը
անցյալի նեղլիկ նրբանցքներում`
ինչպես մեռած լեզվով ողբը
կավե սալիկներին`
առ ճակատագրի խաղ ու որոգայթ…

Թող գնդակահարվեմ ճիշտ ծոծրակից,
անծպտուն ելնեմ ամեն կառափնարան,
միայն քո կենդանի ձայնը ելեւէջի աշխարհատան մեջ,
թեկուզ ողբի նման
կամ ցնծերգի պես…
02.07.2010թ.


Հուլիսյան գիշերը անխոս նահանջում է
չսահմանագծվող փռվածքներից եւ
բաբախ առ բաբախ առինքնում է քեզ
թախծոտ հմայքը իրերի ու օրվա:-
Դեռ այն կնքվելու է հազար ու մի անվամբ,
երկրային խաղաղ հմայքի տակ կրկին
իրենց վերգտնելու են աստղ ու կարիճ,
սակայն
կուսական լույսը զգույշ քողարկում է
իրականության ծեփագույն դեմքը,
ինչպես բարեպաշտը սրբիչով կծածկեր
ծովեզերք նետված ջրահեղձին:
07.07. 2010թ