ԱՐՏԱԿ ԿՈԼՅԱՆ | Բանաստեղծություններ

Posted on Սեպտեմբերի 29, 2010

0


Երբ ծիրանի օղին …

Երբ ծիրանի օղին դառնում է երգ,
Եվ կինդ փորձում է քեզ թուզ ուտեցնել,
Խելագարված երազների հեռավոր ձայնի մեջ
Զգում ես տիեզերական ընդարձակման ուղին:

Երգում է քաչալ տղամարդու ձայնով,
Նախաստեղծ քաոսի աստվածուհին,
Կուզենայի հասկանալ այն բոլորը,
Ինչը անցնում է հոգուս միջով,
Բայց լուսամփոփի լույսը խանգարում է մտքիս
Իսկ լույսի բացակայությունը աչքիս ու ձեռքիս…

Գեղեցկություն

Երբ բացվեց բերանը սրտիս,
Սկսեցի փնտրել ես գեղեցկություն:
Փնտրեցի երկար ու բարակ
Փորձեցի արվեստ, բնություն,
Պեղեցի, գտա բազում նմուշներ`
Պարզ գեղեցկություն,
Բարդ գեղեցկություն…
Կերա, կշտացա,
Բայց քիչ անց նորից,
Նորից սովածացա:
Ի՞նչ էի փնտրում
Իմ հոգու խորքում,
Եվ տիեզերական
Խոր տխրությունում,
Որ գտա հանկա՜րծ
Սեր ոսկեբերան
Եվ
Մահ մոգական
Եվ
Մահ
Մոգական…

Գանգուրներդ հիշեցի…

Գանգուրներդ հիշեցի
Սիտս աղմկեց,
Ափիս մեջ զգացի
Մի արցունք ծնվեց,
Համբուրեցի,
Ընկնում էր գետնին
Կամքս ետ պահեց
Ու շոյեց, շոյեց…

***

Անձրև է գալիս,
Հողի վրա
Դեղին ոսկի
Ու ցախավել:

***

Թեթև ջրվեժ,
Գանգուր մազեր:
Սիրտս ճմլվեց:

***

Կար ժամանակ միտք ունեի,
Չէ՜, միտք չէր դա, այլ լոկ զգացմունք,
Դաշտում հազար ծաղիկ գտա,
Բայց չունեի` ում ձոնեի:
Հավաքեցի մի դեղին փունջ,
Քեզ տվեցի
Ու ասացի.
“Գնանք նստենք սարի լանջին`
Եղևնու տակ,
Սրբված վայրում”:
Քեզ կոչեցի գեղեցկություն,
Քեզ կոչեցի սերեր բազում,
Ու սեր միակ:
Երկնում աստղեր,
Երկրում աստղեր,
Երկնեց Աստված մի աստղ կրծքիս,
Գերնոր մի աստղ,
Մի աստղ կողքիս:
Ու երկնեցինք գեղեցկություն`
Ճշմարտություն-խաբեություն,
Ու երկնեցինք սերեր բազում,
Ու սեր միակ…

Հնգերներիս🙂

Մենք միշտ կռվել ենք կողք կողքի
Ճակատագիրն է մեզ կոփել,
Մեր տունն ենք մենք շինել լույսի:
Մեր արյունը դեռ չի սպառվել,
Ու ճանապարհը ավարտվել:
Անցյալ, ներկա ու ապագա,
Դարեր, կյանքեր, ճակատագրեր
Կապել են մեր սրտերն իրար,
Երակներից ծառեր հյուսել:
Բայց պատահում է, որ հաճախ
Մղոններ են մեզ բաժանում
Ու չենք կարող մենք մեջք մեջքի
Կռվել այս անողոք մարտում:
Բայց գտնելով հանգիստ վայրկյան`
Գլուխներս ենք դնում քարին,
Հանդիպում ենք նորից իրար
Ու նստում կրակի կողքին,
Իրար պատմում խինդ ու ցավ,
Հաղթանակ ու պարտություն,
Իրար տալիս խորհուրդ, ուսում
Մեր անհանգիստ երազներում:

Կերակրում եմ շներին…

Կերակրում եմ շներին:
Երեքն են:
Ու թեյ եմ խմում:
Ութ տխուր աչքեր:
Ձմեռ է:

Թռչում են երկնքից…

Թռչում են երկնքից…
Ես տեսա,
Դու ասացիր:
Կրակի պեծեր`
Ձյան փաթիլներ…
ՊոԷտիկ պատկեր:

Ձյուն

Դուրս եկա փողոց,
Ձյուն էր գալիս,
Նրա գեղեցկությունն ինձ էր սպասում:
Ներս մտա, ետ նայեցի, գնաց:

Լեռներ

Բազում լեռներ եմ ես տեսել իմ կարճ կյանքում,
Ամեն մի լեռ դաս է տվել հոգուս թաքուն,
Բայց միտքս փակ չի հասկացել
Պատմությունները բարձրունքների,
Գիտելիքներն այնտեղ ապրող
Աստվածների,
Զորությունները Ոգիների,
Օդում պահված ապրումներն ու մտքերը
Միայնակ Փնտրողների,
Լռությունը Գտնողների:

Բարձրունքներին են միշտ ծնվում
Այբուբենները ստորոտի,
Լռությամբ է արթնանում
Խոսքը հավերժ կարոտի:

Չընկերներ

Ուզում էի սիրտս հանեմ
Տամ ձեզ, որ մթում չկորչեք,
Լույս տա` չփտեք:
Ուզում էի աչքս հանեմ,
Դնեմ ձեր հոգու
Անջուր դաշտերում,
Որ մի օր հանկարծ
Ձնծաղիկ ծնվի,
Ի՜մ աչքը տեսնի:
Իսկ դուք հիմարնե՜ր,
Փափկամարմիններ,
Կպել եք ձեր զզվելի մարմիններով
Քիթ ու բերանիս,
Ձեր սողուն, լպրծուն աչքերով
Նայում եք կրծքի գրպանիս.
Կա՞ արդյոք այնտեղ
5000 դրամ`
Էժան պոռնիկի
Մեկ ժամվա վճար:

Այս սենյակում թունավոր սիլիկոնե օդ են լցրել,
Մտածում են, որ կխեղդվեմ`
Չիմանալով, որ մեկ դարի թթվածին դեռ կա իմ թոքերում,
Ու բացի դրանից
Ածխաթթվով ել կարող եմ ապրել:

Տրանսֆորմացիա

Չերգված երգերը
Քարի պես հոգուս վրա,
Որտե՞ղ գտնել
Ականջները քարերի`
Դարավոր պատկերներով,
Ձայն ունենայի՛,
Երգիչ դառնայի՛,
Ռո՜ք-դերվիշ երգիչ
Ու ոչ մեքենա
Շահամոլ խաղի:
Դառնամ խաղողի
Զամբյուղ ծաղկազարդ`
Որդի արևի…

Հետքեր

Բոլորը թողնում են հետքեր
Մտքի ծալքերում,
Կրծքի տակ,
Կրծքի վրա
Ու պարանոցին,
Կրակաշունչ ու սառած բեմին,
Մտքերը ուղղորդող ամուր երկաթյա պարաններին:
Քանի՞սը եկան, գնացին, մաղվեցին, մնացին:
Քանի՞սը կգան, մթում կմնան,
Սառույց կհալեն, ժայռեր կքանդեն,
Բերդեր կսարքեն ու զոհասեղան…
Շատ հետքեր ել կան,
Որ չենք իմանա` որտեղից եկան…