ՍՈՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ | Կարևորության խնդիրներ

Posted on Սեպտեմբերի 29, 2010

0


Վիպակիկս, որը երևի թե պատմվածք է, որ իրեն վիպակի տեղ է դրել, նվիրվում է ինձ, իմ թատրոնին, իմ հիմար ու սիրելի երազանքներին:

Գլխիկ 1

Հիասքանչ աշխարհի լույսերը

Հայելին չէր պատասխանում: Կինը շարունակում էր հարցախեղդ անել. վզաջլերը դքված էին, աչքերի կարմիր երակները պարփակել էին բիբերը, ճակատը քրտնափայլի մեջ էր, մատերը ցցերի պես սպառնում էին մխրճվել …

—         Իզո՞ւր էին իմ չարչարանքները: Դրա՞ն էի արժանի… որ մի անառակ կյանքս խորտակեր: Ինչո՞ւ ես լռում… Ինչո՞ւ:  Այսքանից հետո գոնե մեկ հարցի պատասխան ստանալուն է՞լ չարժանացա…  Դու դեռ կհասկանաս, թե ում վստահությունն ես կորցրել, ում աջակցությունը… առանց ինձ դու կորած ես` կորած մորեխ, ում կճզմեն ու աչք էլ չեն թարթի…

Մի պահ զայրույթը սառեց: Ուղղեց` կամարաձև ուսերից անդադար սահող փետրավոր բոան և կանգնած դիրքից ձեռքերը հենելով ճռճռացող սեղանին` ժամանակից շուտ ծերացած դեմքը մոտեցրեց լուսավառվող հայելուն: Շատ մոտեցրեց, երկարոտ քթի ծայրը հպվում էր: Երես առ երես, քիթ առ քիթ հանդիպեցին երկու անձ. մեկը` թարս, մյուսը` շիտակ: Այնքան ատելություն ու, միևնույն ժամանակ, այնքան սեր էր կուտակված նրանց միջև: Կնոջ շնչառությունից հայելին գոլորշապատվեց.  մի պահ իրար կորցրին մշուշում: Ձեռքը տարավ գրպանը, հետո չորս կողմը նայեց, դարակից հանեց անձեռոցիկի տուփը, բայց դատարկ էր. բոայով շոյեց հայելու դեմքը` մասնավորապես քթանցքների և բերանի շրջակա տարածքը: Նստեց: Նայեց` տարիներով այդ սենյակում կախված և չհանված, անսպառ էներգիայով ժամացույցին: Դիմափոշու մի հաստ շերտ պառկեց կնոջ` առանց այդ էլ շպարված դեմքին: Մի քանի վայրկյան խղճահարությամբ նայեց հայելու աչքերի մեջ և դուրս եկավ հանդերձասենյակից:

Հայելին դատարկվեց, դատարկվեց և սենյակը, որը նաև գրիմանոց էր ծառայում. չկար պաթոսային շունչը, որ կքողարկեր էժանագին հագուստները. նույնիսկ թագավորական ծիրանին փալաս էր դարձել, չնայած, այդ խեղճը բոլոր պարագաներում էլ փալասի մեկն էր:

Ոտնաթաթերի վրա թփթփացնելով` անցնում էր մութ միջանցքով: Թփթփում էր նաև սիրտը: Լսվում էր դերասանների` հեռվից եկող անբնական երկխոսությունը:

Ետնաբեմը սառն էր: Դանդաղ քայլերով, ինչպես կքայլեր թագուհին հանրության առջև, հասավ մի մութ անկյուն և նստեց բրոնզաներկով պատված մի աթոռի վրա` սպասելով իր հերթին: Աթոռն անդուր ճռռաց, և տեխնիկական հարցերով զբաղվող ոմն երևույթ հարկ համարեց մի մուննաթոտ հայացք նետել դեպի կինը. դե իհարկե, նրա դեմքի անթիվ-անհամար  արտահայտությունները և փինաչության արդյունքներն անչափ կարևոր էին մարդկության համար:

Բեմը մթնեց: Դերասանուհին, մթության մեջ խարխափելով, հասավ այն ֆոսֆորի կետիկին, որի վրա պետք է կանգներ: Բեմահարթակը քանդրտված էր, ու դրա վրայի լայն ճեղքերը լցված էին` տարիներով այդտեղ բնակվող փոշու կույտերով: Ոտքերը հաստատական դիրք ընդունեցին: Քարացած էր: Լույսը սկսեց քիչ-քիչ երևան հանել կնոջ մարմնի ուրվագծերը:

Ընդանուր հաշվարկով` դերասանուհին բեմում էր 18 րոպե, որից մի քանի կարևոր րոպեներ տեքստ էին պարունակում:

Վարագույրն իջել էր. հնչում էին համեստ ծափահարություններ: Դերասանների շարքը տեղավորվեց բեմի լայնքով` պահի կարևորությունը դեմքերին: Ծայրից երկրորդը նա էր. ուղղում էր սահող բոան, ինչպես նաև քրտնած գլխամաշկի եզակի մազերը: Հնամաշ վարագույրը առաջին և վերջին անգամ բարձրացավ: Ուժեղ լույսը կծկծում էր հաճույքից փայլող, բայց հոգնած ու սոված աչքերը: Գլխավոր դերակատարներն առաջ-հետ էին անում` ծափահարություններ կորզելով, իսկ մյուսները թույլ ժպիտներով խոնարհվում էին իրենց համեստ տեղերում: Վայրկյաններ անց գլխավորների մի քանի ժեստով ամբողջ խումբը բեմի առաջին պլանում հայտնվեց` հյուրասիրվելով ծափիկներով:

Ոչ այնքան լիքը դահլիճը սկսեց դատարկվել: Դուրս էին գալիս կոկված-զարդարված պառավներ, /ոմանք` ողջ մնացած բիձուկներով/, իբրև թե թատերասեր կչկչացող երիտասարդություն, դժգոհ միջին տարիքային շերտ, անկեղծ հորանջող մի քանի երեխա: Ֆոյեում անհասկանալի կուտակում էր` մի տեսակ քնկոտ պարապուրդ: Դռներից մեկն էր բաց` ամենանեղը, կարծես բնական օդափոխության վրա էլ էին տնտեսում: Տոմսահսկիչները մուննաթոտ կանգնած էին, կարծես դեռ անելիք պիտի ունենային: Չնայած, ունեին. ամենայն լրջությամբ ցույց էին տալիս ֆոյեի` ոչ այնքան դժվար գտնվող միակ դուռը, որից պետք էր դուրս պրծնել:

Դեպի հանդերձարաններ տանող միջանցքում հոգնած աղմուկ էր: Կինն այն նույն դանդաղ քայլվածքով հասավ համար 6 հանդերձասենյակի դռանը, դանդաղ սեղմեց բռնակը ու ճռռոցով բացեց: / Լույսերը վառվելիս միշտ մի քանի վայրկյան թրթռում էին/: Լուսավորվեցին տարատեսակ փալասներն ու ականջները փակելու ռեֆլեքսով ապրող հայելին: Նա շպրտեց բոան աթոռի մեջքին և նստեց հոգնած հայելու առջև: Նայում էր, մոտեցնում դեմքը, հետո հեռացնում… Լռում էր: Սկսեց դանդաղ մաքրել դեմքի շպարը, որը փոխարինվելու էր` այդ մեկից առանձնապես չտարբերվող առօրյա դիմահարդարում կոչվածով:

Միջանցքում հայտնվեցին ինքնահավան ու փոքր-ինչ դժգոհ ոտնաձայներ: Անցորդի ձեռքում կիսաճլորած ծաղկեփունջ էր: Գնում էր համար 10 հանդերձասենյակը` իր նորուս մուսաների նստավայրը: Կինը նայում էր կիսաբաց դռանը, հետո վեր կացավ ու կամաց փակեց այն, փակեց այնպես, որ, չգիտես ինչու, ոչ ոք չլսեր:

Գլխիկ 2

Կանացի ժպիտներ

Դրսում գիշեր հիշեցնող մռայլ ու քամոտ երեկո էր: Ազնվական քայլվածքը փոխվել էր. դանդաղ ճեմում էր` կորացրած մեջքով, կորացրած վզով, ու թեթևակի օրորում էր լայն կոնքերը: Քրտնած գլխամաշկը անձրևի սառը ու թմբլիկ կաթիլների հետ լեզու չգտավ, իսկ ձայնալարերի կատարյալ առողջ վիճակը նրա ապրուստի միջոցն էր. տաքսի վերցրեց:

Տան դռանը կպած` քնած էր Հաչոն` փրչոտ, բայց նիհար, ծեր ու սուսիկ-փուսիկ: Ժամանակին սպիտակ էր եղել. տարիքի հետ մորթին դեղնել էր ու կոպտացել, գովազդային մակարդակի շլացուցիչ փայլն էլ կորել էր: Դանդաղ էր քայլում` կորացրած մեջքով, կորացրած վզով: Ուտելու հարցում խստապահանջ չէր. կրծելու մի բան լիներ` արդեն երջանիկ էր:

Բանալին դժվարությամբ հարմարվեց ժանգոտած կողպեքի մեջ ու դժգոհ ձայն հանեց, մի քիչ էլ… ու կոտրվեց: Կամաց վնգստոցը մի կողմից, նյարդայնացող կինը ` մյուս: Սկսեց խփել դռանը. մի գուցե ներսից աղջիկը կարողանար ինչ-որ կերպ բացել այդ դուռը, որը կարծես հնէաբանների ուսումնասիրության առարկա լիներ:

14-ամյա աղջիկն ականջակալներով փռված էր անկողնում` բջջայինը ձեռքում: Մայրը շատ տեղին հիշեց` իր կողմից այդքան չսիրված նորարարությունը /որը վաղուց արդեն հնարարություն էր/ և հանեց այն պայուսակից: Ավրիլ Լավինի ձայնը մի քանի վայրկյան վիբրախաղի մեջ էր:

Մի քանի “չէ՛, չի ստացվի”-ներից հետո դուռը բաց էր, բռնակը` ափի մեջ: Ձեռքը պատված էր անիմաստ կամ ոմանց համար իմաստալի` գույնզգույն թելիկներից հյուսված թևկապերով, իսկ եղունգները` մուգ կապույտ:

Վարպետ կանչելու անհրաժեշտությունը դպրոցականի ծանր ուսապարկի պես կախվել էր կնոջ կամարաձև ուսերից. գիշերը բաց դռնով քնելն անհնարին էր, սակայն այդ ժամին փականագործ գտնելն էլ էր անհնար:

Ավելի ուշ մի արական սեռի հարևան եկավ` ժամանակավոր լուծում գտնելու: Դուռը գոհ էր, կինը միևնույն է` անհանգիստ: Սուրճն այդ տանն անպակաս էր, և տղամարդը բավարարված գնաց:

Ընթրիք չկար, ոչ էլ ճաշ էր եղել: Սառնարանում ` մի քանի միրգ, 7 սմ-անոց երշիկի փայտիկ, մի շիշ հանքային ջուր, կես աման թթվասեր,  3 լոլիկ ու մի ճլորած վարունգ` դեռ անցած ամսվանից կամ ամիսներից մնացած: Աղջկան ուղարկեց հացի:

Հացը թարմ չէր, բայց` ծամելի:

Ընթրիքից հետո դեռատի աղջիկը փոխվել էր. մի տեսակ վախ կար դեմքին ու անգիտակից հասունություն: Հաճախ զուգարան էր ներսուդուրս անում, հետո պառկում, լռում, անհանգիստ դանդաղությամբ քայլում, նստում հոգնած մոր կողքին ու լուրջ դեմքով նայում նրան: Այդ պահվածքի շրջապտույտը տաս րոպե տևեց:

Կնոջ դեմքին երջանկության մի բարակ շերտ էր իջել: Դաստիարակչական ժպիտով իր փոքրիկ զարդատուփից մի մատանի հանեց` շատ կանացի, բայց ոչ իր տարիքին և մատերին սազական: Դա նվեր էր օրիորդիկի համար:

—   Սա շատ կարևոր օր ա քեզ համար, գիտե՞ս: Ինձ համար էլ …

Աղջիկը ձայն չէր հանում. անհարմար ժպտում էր. երևում է` մատանին առանձնապես իր ճաշակով չէր:

Կինն անջատված նայում էր` հեռուստացույցի մեջ եկամուտ գտած իր գործընկերներին, մինչդեռ աղջիկն արդեն մոռացել էր անհանգիստ հուզմունքը և տրվել` իր համար ամենակարևոր երազանքներին: Աչքերը փակ էին. երգում էր. մի ձեռքում` սանր`որպես բարձրախոս, մյուսում` երգի բառերը: Տեքստը ֆրանսերեն էր, դրա արտաբերումը` անհասկանալի լեզվով: Փակվել էր սենյակում, որ, չգիտես ինչու, ոչ ոք չլսեր / չէր կողպել դուռը. աչքը վախեցած էր/: Ամեն անգամ երգն ավարտելուց հետո մի հոգոց էր քաշում, նայում` աստղերի լուսանկարներով պատված, մատնահետքերով լի հայելու մեջ, բարձրախոսով սանրում երկար, բարակ ու ոչ շատ խիտ մազերը: Հետո իրեն իսկ վստահություն ներշնչող ժպիտն աստիճանաբար սկսում էր լայնանալ, և կատարելագործման գործընթացը շարունակվում էր:

Հաչոն փռվել էր սեղանի տակ`կնոջ ոտքերի մոտ: Երջանկացած ինչ-որ փալաս էր կրծոտում, ծանր շնչում, թքոտում ազնվական քայլվածքի տեր ոտքերը, որոնք հատուկ էին հանվել հողաթափերի միջից ծերուկին լկստացնելու նպատակով: Կոշտ մորթին փափուկ էր թվում կոշտուկներով պատված ոտքերին:

Հեռակառավարման վահանակը դեռ ձեռքում էր /մի տեսակ ոչ նորմալ սեղմված/, աչքերն էլ` սառած: Գործընկերների ձայների հետ զուգընթաց լսվում էին անորոշ կլկլոցներ` շատ որոշյալ հեռավորությունից եկող: Սենյակի լուսավորությունը թույլ էր. միայն անկյունում վառվող մի լուսամփոփ և հեռուստացույցի արձակած լույսը: Աղոտ նշմարվում էր պատից կախված կնոջ դիմանկարը ` կլանող աչքեր, բարակ և փոքր-ինչ իջած շուրթեր, որոնք նույնիսկ իջած դիրքում թախծոտ ու նրբազգաց ժպիտ էին պարունակում, լայն ճակատ` մեկ-երկու խորը կնճիռներով, մանր մարգարտյա ականջօղեր, որոնք ընդգծում էին նրա լայն ծնոտը, երկար և զարմանալիորեն գեղեցիկ վիզ: Նկարը շրջանակ չուներ և դրա կարիքն էլ չուներ. նկարիչ ընկերոջ եզակի հաջողված գործերից էր:

Գլխիկ 3

Ճռռացող հարատևություն

Ճոճաթոռի մեջ խրված ծերուկի շնչառությունը փոխվեց: Նիհար մարմինը ծածկող հագուստը այդ եղանակի համար չափազանց տաք էր, չափազանց հաստ: Գլխին կպած մազերը կեղտոտ մոխրաման էին հիշեցնում: Շուրթերը չէին երևում. ճմռթվել, կծկվել ու մտել էին ներս` կպչելով լնդերին ու եղած-չեղած պրոտեզներին: Առավոտյան 4-ին, երբ կնոջ և աղջկա համար խոր գիշեր էր, սկսվում էր այս ծերուկի օրը: Ճոճաթոռը սկսում էր դանդաղ ճռռալ` լռությանը հաղորդելով յուրօրինակ տրամադրություն, որ հասնում էր կիսաքնած Հաչոյի ականջախեցուն:

Պատերը լսում էին ճռռոցը, պահում իրենց մեջ, որ ոչ ոք չլսեր. բայց դրանք այդքան էլ հաստ պատեր չէին:

Թեթևակի ճռռում էր նաև ժամանակավոր վիճակում գտնվող դուռը: Ներսուդուրս անող քամին սվվում էր ու թարմացնում տան հնացած օդը: Ծերության, նորափթիթ արյան, դեղնած մորթու, թքոտ փալասի, ժանգի, լվացած գիշերանոթի և քրտնած գլխամաշկի հոտը մեղմացավ:

Սեղանին նեխում էր մեկ շաբաթվա ծաղկեփունջը` ներկայացման պրեմիերայի ողորմելի հուշը: Ծաղկամանի կողքին էր բաց մնացած հեռախոսագրքույկը` կիսադատարկ ու դեղնած:

Ժամացույցը աննպատակ կտկտում էր, կատարում ոճրագործություն` սպանելով անմեղ րոպեներ: Պտտվում էր սովորականից ավելի դանդաղ, ավելի տաղտկալի ու նյարդայնացնող: Վայրկյանի սլաքը սկսեց դոփել միևնույն տեղում: Կանգնեց:

Ժամանակը ժամանակավոր ժամադադարի մեջ էր:

Ժամադադարի մեջ էր նաև ծերությունը, քամու սվվոցն ու Հաչոյի` հավերժ սոված ստամոքսի գռմռոցը:

Գլխիկ 3.1

Բոլորն իրենց տեղերում

Ինչպես և պայմանավորվել էին, խնամակալը, որը ծանոթի կարգով մատչելի գնի ծառայություն էր մատուցում, ուղիղ ժամը 9-ին սեղմեց դռան զանգի կոճակը: Ոչ մի պատասխան, և նույնիսկ քնաթաթախ “մի րոպե սպասեք” չլսվեց: Զգաց դռան  ժամանակավոր վիճակում գտնվելը, փոքր-ինչ հրեց հնէաբանության առարկան, և կինը լեղապատառ վեր թռավ: Ցայտնոտի մեջ հողաթափեր չգտնելով, ոտաբոբիկ թփթփացնելով ու ճանապարհին կապելով խալաթի կապիչները ` հասավ դռանը:

Ծերության լողանալու օրն էր:

Տիկին խնամակալը ներս բերեց իր լայն կոնքերը/ ավելի լայն քան տանտիրուհունը/: Ներս մտան նաև վարդագույն թշերը, լայն ուսերը, աշխատանքին անհամապատասխան երկարության և գույների եղունգները, իրեն անհարմար զգացող մարգարտյա վզնոցը, կլորիկ փորը և գզած մազերը: Սենյակ մտնելուն պես կլորափորը նկատողություն հնչեցրեց ժամացույցի կանգնած լինելու վերաբերյալ և հիշեցրեց, որ շատ ժամանակ չունի:

Բաղնիքի սալահատակը, որքան էլ որ խուսափում էր կեղտաջրերից, արդեն թաց էր, հայելին` գոլորշապատ: Ատամի խոզանակները կուչ էին եկել տեսարանից, օճառը որքան ուժ ուներ պլստում էր, սրբիչներն էլ անշարժ ու սփրթնած կախված էին իրենց տեղերում: Վարդագույն թշերը կարմրում էին: Բլուզի քշտած թևերի տակից երևում էին ճերմակ ու մազոտ ձեռքերը: Կլորիկ փորը աննկատ քսվում էր մաքրվող ծերությանը: Հաչոն տեղավորվել էր բաղնիքի դռան առջև և ականջը նյարդային թրթռացնում էր. աչքը կոնքավոր տիկնոջ կոշիկների վրա էր. նա դրանք հանել թողել էր հատակին` հագնելով մասնագիտական բաղնիքային կոշիկները:

Դուռը դանդաղ բացվեց, և երևաց սփրթնած վարդագույն սրբիչը` ոչ այդքան մեծ, բայց բավարար` փոքր ու ճլորած մարմինը ծածկելու և չորացնելու:

Անցավ այն 1 ժամը, որի մեջ մտնում էր լողացնելը, հագցնել-կապցնելն ու սանրել-սափրելը: Հետո պայմանավորվեցին, որ երբ կինը փորձերի էր լինելու, իսկ աղջիկը` դպրոցում, խնամակալուհին պետք է ուտացնել-խմացնելով զբաղվեր:

Ծերությանը խրել էին իր տեղը` ճոճաթոռի խորքերը:

Դռան ժամանակավոր վիճակի հարցը կախված էր ուշագնաց վիճակում գտնվող սրբիչի կողքին, որն անհասկանալի գույն էր ընդունել:

Կինը սուզվել էր թերթի մեջ: Մի քանի հեռախոսազանգից հետո սրբիչի կողքի կախված հիստերիկը հանգիստ շունչ քաշեց, 2 ժամից էլ սիրտը տեղն ընկավ:

Գլխիկ 4

Ծխախաղի պտույտներ

Դատարկ դահլիճը լցված էր կրքերով: Ամֆիթատրոնի վերջին շարքում` կիսախավարի մեջ մի կարմրացող կետիկ հայտնվեց: Կնոջ ծխախոտի այրվող կետիկից ծուխ էր բարձրանում, կրքոտ գլխապտույտից գալարվում օդում, քսմրտվում կարմիր նստարաններին, բոհեմային դեմքով հասնում բեմի մոտ ու ձուլվում մտքեր արտադրողի սիգարի ծխի հետ:

Բեմը զավթված էր նորուս մուսաներով, որոնց ճղճղան ձայները խաթարում էին սրբապատերի ակուստիկ աշխատանքը: Խավարի շարքերից իջնելով դեպի բեմը` կինը սկսեց իր դանդաղ կոնքաճոճքը: Կանգ առավ, որոշեց տեղավորվել 4-րդ շարքում: Անցնում էր դատարկ շարքերի արանքով. կրծքերն իջեցրած էին առջևի շարքի երևակայական գլխներին, տափակ հետույքն էլ  քսվում էր նստածների թատերասեր քթերին: Փոշմանեց. նույն դիրքով դուրս եկավ շարքից և նստեց գրգռված գլուխների շարքի առաջին նստատեղում:

Նայում էր անվերջանալի շարժման մեջ գտնվող բորդո շարֆին, որը փափուկ ու նուրբ ժեստով հանվում էր քրտնած վզից, հետո նորից կախվում. աջ փողքը մի ուսին էր պառկում, հետո ձախն էր պառկում մյուսին` ինչպես փոփոխվող սիրուհիներ: Ալիքաձև մազերի փնջերը շնչում էին կրքոտ ծուխը ու փարվում անհանգիստ շարժվող շարֆին: Մազերից ոմանք գլխակորույս թափվում էին:

Գլուխը դանդաղ թեքվեց դեպի կինը, ում հայացքը մտել էր մազերի տակ ու խուտուտ էր տալիս: Սիգարով ձեռքը տարավ դեպի ճաքճքած շուրթերն ու երկար քաշեց`զգալով հաճույքի կատարյալ խորությունը: Ծուխը բաժանվեց տարբեր ելուղիների. մի մասը շռայլորեն դուրս եկավ լայն քթանցքներից, մյուս կեսն էլ` ցամաքած բերանից: Կարմրած աչքերի արձակած հոսանքները, կտրել-անցնելով գժված ծխերի կուտակումները, հասան դեպի խուտուտ տվող հայացքի սկզբնաղբյուրը. ներս մտան: Աչքերը խորն էին ու անչափ սառը: Մի քանի ակնթարթ հետո սառույց այրող հոսանքները չքացան:

Լուսարձակից թափվող դեղին ու լայն շիթը լուսավորել էր բեմի կենտրոնը. ջարդոտված բեմահարթակը կարևորվել էր, ինչպես մի տգեղ պրտված աղջիկ, ում տեղ էին զիջել լցված ավտոբուսում: Օդում նկատվում էին փայլփլուն փոշու պտտվող հատիկներ` կեղտի գեղեցիկ փաթիլներ: Կնոջ մուգ մանուշակագույն լաքապատ կոշիկները ճեղքեցին դեղին լուսաշիթը և հաստատական դիրք ընդունեցին: Փոշու փաթիլները դանդաղ վերուվար էին անում. լաքը դատապարտված խամրում էր:

Հուզված գլխամաշկը սկսեց թացանալ: Մատերը, ցցերի պես դքված, քսվելով անցան ճակատի խոր կնճիռների վրայով, մտան սակավ մազերի մեջ ու դրանց սանրեցին հետ. ճակատն ավելի երկարեց ու կարևորվեց:

Ետնաբեմում մի անզգույշ դրմփոց լսվեց:  Քիչ առաջ վերածնված ու արդեն փոշուց խեղդվող պաթոսը սպանվեց: Հանկարծ լսվեցին կանացի վախի ճղճղան ազդանշաններ. մուսաները ետնաբեմում էին. երիտասարդ փինաչու ձեռքը տեղահան էր եղել ու կախվել: Փոշոտված կոշիկները դուրս եկան կարևորված շրջանից, մի քանի պտույտ արեցին բեմով մեկ ու վերադարձան հաստատական դիրքի: Բայց նրան արդեն չէին նկատում նույնիսկ տաք հոսանքները, շարֆն էլ շպրտված էր դատարկ աթոռի մեջքին, իսկ մտքեր ծնողի հսկա ականջների մեջ կարծես ջուր էր լցվել. մուսափինաչախառը ձայները հեռու էին թվում, այլայլված ու աղավաղված:

Կինը դանդաղ իջավ բեմից առանց որևէ կոնքաճոճքի, նստեց դատարկ աթոռին` հենվելով լքված շարֆին, ու ոտքը ոտքին գցեց: Կնոջ ականջները նույնպես ջրալցվեցին, ու վառվեց մի նոր ծխախոտ: Այս անգամ ծուխը, բարձրանալով ավելին, քան թույլատրելի էր, վախվորած մտավ փայլփլող փաթիլների շրջապտույտի մեջ, և աղավաղված ձայների ռիթմի տակ պտտվում էր տաք ու սառը կրքերի կոնտրաստը:

Գլխիկ 5

Փխրուն երազներ

Մայրը դեռ տուն չէր եկել, դասերն էլ շուտ էին վերջացրել: Գնում- գալիս սառնարանն էր բացում. մի աման անշնորհք արգանակից բացի ուտելու ոչինչ չկար: Որոշեց չհապաղել` սնիկերսել: Ատամների վրայի բրեկետները պատվեցին շոկոլադով, կարամելով, ու արախիսի մանր հատիկները խրվեցին երկաթների տակ:

Տիկին խնամակալը, չնայած իր անչափ ժամախնայությանը, մի տեսակ ոտքը կախ էր գցել, գնում-գալիս էր անհանգիստ, ինչ- որ կարևոր բան էր փորձում ասել:

Օրիորդը նյարդայնանում էր տիկնոջ առկայությունից. վերցրեց բջջայինը, կոպեկներով լցրեց ճղճղած ջինսի գրպանը ու դուրս եկավ տանից:

Հասուն դեմք ընդունելով` մտավ խանութ: Երկար պտտեց ապրանքներով լցված բաժիններում, հետո կոկորդը մաքրեց, թուքը կուլ տվեց ու մոտեցավ դրամարկղին: Հերթ էր. երկար նայում էր վաճառվող մանր-մունր ապրանքներին, զննում ծխախոտների բազմազան տուփերը և դրանց տակ գրված գները: Դժգոհ, թաքցված ամոթով և էլ ավելի նյարդայնացած դեմքով` դուրս եկավ խանութից, ձեռքում` ծամոնի տուփ ի նշան խանութ մտնելու անհրաժեշտության:

Անցնում էր հարսանյաց զգեստների խանութի կողքով, քայլերը դանդաղեցրել էր, որ հասցներ անցնելու ընթացքում զմայլվել: Հասավ զմայլքի կարևորագույն սուբյեկտին, շարունակում էր քայլել, դունչը աննկատ թեքվում էր, հասավ ուսին, էլ հետ պտտվելու տեղ չուներ, փոխարենը` մի աչքը քիթն էր բրթում, մյուսը` քունքը:

Տուն էր վերադառնում: Կոնքավորը գնացել էր, դուռը փակ էր, աղջիկն էլ բանալի չուներ: “ Էսօր հաստատ իմ օրը չի…”,- մտածեց օրիօրդը ու հիշեց իրենց մուտքում ապրող կատվին, որին առավոտյան դասի գնալիս էր հանդիպել, որը բոլորովին էլ սև չէր և առջևով չէր էլ անցել. իր համար փռված էր եղել աստիճանի բետոնե լայն բազրիքին:

Ճղճղված ջինսը հպվեց կեղտոտ աստիճանին, և աղջիկը սուզվեց բջջային գանձի մեջ` անիմաստ կտկտացնելով դրա կոճակները:

Վերելակի ձայնը հույսեր էր արթնացնում աղջկա գլխում և սնիկերսով չկշտացած ստամոքսում: Հեռախոսի մարտկոցը նստում էր, նստում էին նաև պոչ կապած մազերը:

Մայրը զանգեց.

—         Մի բան կերե՞լ ես: Սրբուհին ասեց քեզ համար ճաշ ա թողել սառնարանում: Էնքան ջղայնացա, որ ասեց` քեզ զգուշացրել ու բանալին թողել ա դռան կտորի տակ… ո՞ւր էիր գնացել, չէի՞ր կարող սպասել, մինչև խեղճ կինն ավարտեր իր գործը…

— Հա՛, կերել եմ: Ո՞ւշ ես գալու…

Հեռախոսն անջատվեց: Զգուշացված լինելու պահը չէր հիշում, զուգարան էր ուզում: Արագ վերցրեց բանալին, բացեց մեկ տարով երիտասարդացած դուռը ու վազեց: Դուռը բաց մնաց, Հաչոն էլ` դռան առջև` սառած ու անշունչ:

Բացվեց սառնարանի դուռը ու նույն ձև փակվեց: Հետո փակվեց դրսի բաց մնացած դուռը: Հաչոյին չէր նկատում:

Կես ժամն անց արգանակը տաքանում էր: Նայում էր դատարկ ափսեին ու երևակայում, թե համեղ բաներ է ուտելու: Սենյակում ժամացույցը դեռ կանգնած էր, ճոճաթոռը նույնպես: Ծերությունը, չգիտես ինչու, տեղափոխվել էր բազմոցի վրա ու վախեցած դեմքով, անթարթ, ինչպես բու, նայում էր դստեր գործընկերներին:

Արգանակն արդեն տաք էր ու զզվելի բուրում էր: Մինչ օրիորդը գդալով խաղում էր դեղնավուն ջրի հետ, միջանցքում օդը ծանրանում էր:

Պառկած էր անկողնում: Կանգնեց ու սկսեց նայել հայելու մեջ, նայել իրեն, այլ ոչ թե աստղերի ֆոտոշոպային նկարներին: Մերկացավ ու սկսեց ուսումնասիրել սեփական մարմինը` փոքր ու պինդ կրծքերը, նեղ կոնքերը, բարակ ու ներքևի հատվածում փոքր-ինչ ծռվող ոտքերը, տափակ հետույքը, սակավամազ եռանկյունին… Կողքի կանգնեց, կիսադատարկ փորը ցցեց. մի ձեռքը ծալված արմունկով դրված էր մեջքին, մյուսն էլ շոյում էր փորը: Երազանքները փոխվում էին, փոխվում էր նաև տան ողջ օդը: Հագնվում էր ու ձայն տալիս Հաչոյին:

Վերելակը բացվեց: Կինը մի քանի տոպրակով կանգնած էր դռան առջև: Սեղմում էր զանգի կոճակը, հետո ուժեղ թակում դուռը, բայց ոչ ոք չէր արձագանքում: Հրաշք անվանել, ցնորք, թե ցնդաբանություն` չգիտեմ, բայց փաստ է, որ հենց ինքը` ծերությունը, բացեց դուռը: Կինը մտավ ու անշարժացավ: Ցավը խեղդում էր կոկորդը, աչքերը թրթռում էին: Տոպրակները դանդաղ իջան ցած: Ոտքերն է՛լ ավելի դանդաղ, շրջանցելով սատկած կենդանու դին, տարան նրան սենյակ: Աղջիկը խրված էր ճոճաթոռի մեջ` փայլփլող ու բյուրեղապակու պես փխրուն աչքերով, բորդո քթիկով, կրծած եղունգներով, թուլացած թաթիկներով:

Կինը, ճոճաթոռի ետևում կանգնած, ձեռքերով բռնել էր դստեր գլուխը, երկարոտ քիթն էլ խրել մազերի մեջ: Ծերուկը լուռ էր, բայց ոչ ինչպես միշտ. աչքերը չռած էին, ունքերը` կիտած, ճմռթված ու պիգմենտոտ դաստակները` խաչած:

Ծանրօդ միջանցքում` տոպրակներից մեկի մեջ, դրված էր մի շատ ոսկրոտ մսի կտոր:

ԳԼՈՒԽ 6

Մի որոշ ժամանակ

Մի որոշ ժամանակ կարևոր չէին ինքնահաստատման ծխախոտները, հայելու արտացոլանքները, բջջայինի լինել թե չլինելը, կատվի սև թե գծավոր լինելը, ջինսի ծակերի թիվը, եղունգների գույնն ու թևկապերի քանակը, կարևոր չէր կանգնած ժամանակը, շրջանակի լինել թե չլինելը, ճաշի արգանակ թե սնիկերս լինելը, կոնքերի լայնությունն ու թշերի գույնը, մարգարիտ թե հասարակ քար լինելը, ճոճաթոռ թե բազմոց լինելը, կարևոր չէին “մեգա” աստղերի “պիկսելները”, բեմ թե ետնաբեմ լինելը, արվամոլ թե սրտակեր լինելը, մուսա թե սիրուհի լինելը, դահլիճի լիքը թե դատարկ լինելը, փալաս թե ծիրանի լինելը, բաց թե փակ դռները, թարս թե շիտակ լինելը:

Մի որոշ ժամանակ կարևոր չէր կյանքի կարևորությունը:

Օգոստոս 2010թ.

Posted in: Վիպակներ