ՆԱՆՈՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ | Մի համբույրի ժամանակահատված

Posted on Հոկտեմբերի 1, 2010

0


Մի համբույրի ժամանակահատված
Ու լիֆտի դռները արդեն քո հարկում բացվեցին

Տեսա
Գլուխս թեքելուց հետո
Մոտեցա
Տեսնելուց հետո
Թացացա
Մոտենալուց հետո
Կակթկթեցի
Թացանալուց հետո
Վարարեցի
Կաթկթելուց հետո
Գետերով թիավարեցի
Վարարելուց հետո
Ողնաշարիս երկարությամբ ձգվեցի
Թիավարելուց հետո
Հագնվեցի
Երկարությամբ ձգվելուց հետո
Դուռը մեջքիս հետևում թողեցի
Հագնվելուց հետո
Հեռացա
Դուռը մեջքիս հետևում թողնելուց հետո
Քեզ անհասցե թողեցի
Հեռանալուց հետո

Դեկտեմբեր.09

Չեսծ ի սլավա պո տռուդու

Երբ ձեռքերը դարձան այսքան մեծ
Բանվոր խեղճ մինչև այսօր քշում է իր սայլակը ծեր
Անձրևը գալիս է անընդհատ
Ուտելիքը ծամվում
Բերանում ժանգոտած բարիկադներով կանգնեցրած բառերի հետ համընթաց
Ընկերը դարձավ դավաճան
Ու լիքը սովետից մնացած արձան
Փոխարինված արտաբերանքները
Ականջի արահետներով դառնում են մտերմիկ
Նախկին մեղեդիները իրենց հերթին են սպասում
Աղջամուղջ, աղջամուղջ, աղջամուղջ
Հարդագողի արահետը կոսմետիկայի շղարշով է ծածկվում
Խենթուխելառ սերերը փորի մեջ են փտում
Բազմագույն դրոշներ ճակատներին պարզած
Ծածանվում են վարտիքները օդում
Փակցվում են կոստյումավորների հետույքներին
Երբ ոտքերը դարձան այսքան մեծ
Հասարակությունը գրագետ
Քոչվոր դասակարգը անկարևոր
Իսկ մնացած բոլորը մարմնամարզորդ
Քանդված քաղաքներ մեկը մեկից անկարևոր
Ու սահմանների վրա հունանյաններ պայթող
Ռեվոլյուցիա, ռեՖոլյուցիա, ռեՔոլյուցիա
Այսի՞նքն, այսի՞նքն, այսի՞նքն
Գնացքներ, գնացքներ, գնացքներ
Կանգառում ականջները փակ
Ձայնից ահարկու
Դղրդյունից երկրաշարժի անզգոն
Ճաքերը եղունգների կողքի
Անգրագիտությունը սահմանափակում է բոլորին
Մասսաժվի օրգանները ինտիմ
Ի ցույց դրված աչքերը երբ դարձան այսքան մեծ
Ծառերը արյունով են ծածկված ամեն գարնան գալստյան հետ
Կապույտ,կանաչ, կարմիր ու սև
Տաբատներ, մաշկեր, ծաղիկներ, դեմքեր
Իննից մինչև յոթ աշխատանք
Ապակու մեջ վանդակված մի եսիմ ինչ
Մաքուր օդ
Կենդանինիներ
Դու մեռնելու ես
Մենք մեռնելու ենք
Հիտլերը մեռավ
Գրագիտությունը սահմանափակում է բոլորին
Երբ կրծքերը դարձան այսքան մեծ
Աշխատավորը ձեռքերը մեջքին
Երիտասարդի շրթունքը պատված կաթով
Վարագույրը բաժանող դուրսը ներսից
Երաժշտությունը նույն բանը անընդհատ ասող
Ու քաղցր սուրճը թափվող գետնին
Շիրա,շիրա,շիրա
Դատարկած ալկոհոլային շշեր անկողնու կողքին
Օրորվելով տուն են հասնում մթին
Մուրճերի ձայնը
Մանգաղն ու սուրը
Առյուծներ դրոշմված ամենուր
Փափագներ խցկված մտքերում
Դժգոհություններ այսօրից
Մեռավ վաղվա երազը
Ծնվեց վաղը չէ մյուս օրվա հերոսը
Գովազդները վազում են իմ կողքից
Գովազդները ստիպում են ես վազեմ իմ կողքով

Հունիս.2009

***

Մարշրուտկայի վարորդ եմ ես
Ատամները դեղնած
Սիգարետը պռոշին կպած…
Մոցարտն իմ ճկույթին չարժե

Պատշգամբում դիվանի վրա
Իշխանուհիներին հարիր դիրքով
Կատվի պես ինքնագոհ գռմռում եմ
Քաղաքի հետ եմ

Լույսերը թոզի մեջ են խրված
Ես էլ իմ մեկուկես մետրանոց
Մարմարակերտ արձանն եմ քանդակում
Մտքիս մրճի մանրակրկիտ հարվածներով
Ամբողջական տեսքի եմ  բերում

(Նախկինում, անցյալում, են ժամանակ
Կախվել եմ պարանով անգամներ
Ինքնահրկիզվել
Ու ապտակախառերով քնից արթնացել)

Գիտե՞ս, իմանում ե՞ս, տեղյա՞կ ես
Միգուցե արդեն տեսել ես
Կամ թե տեսնողներն արդեն պատմել են
Տռաֆարետ եմ ինձնից ես սարքել
Ու խզարել հենց նույն այս քաղաքի պատերին
Ոչ մութ էր, այսինքն թաքուն
Ոչ էլ լույս էր, այսինքն թաքուն

Պատկերիս տակ գրված է
Здесь мы стихия.
Ռուսերեն չիմացողն ինչ իմանա
Իսկ իմացողի սիրտը հուզմունքից կթրթռա
Ու բջջայինը գրպանից հանելով
3 մեգապիկսելանոցի կանաչ կոճակը սեղմելով
Վայրկյանի շարժումի դիմացը կառնի
Այսինքն ժողովրդի լեզվով ասած
Պահը կհավերժացնի
Ու ես հաստատ գիտեմ
Որ մի նոր Պիկասսո կծնվի

Ու հիմա, այսօր, այստեղ
Ամբողջ մարմնով փռված դիվանին
Նորածինների ճիչերն եմ հաշվում
Ունքիս վերևի լայն հատվածը
Փոշու շորով փայլացնում

Հուլիս. 09