ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Չգիտեմ

Posted on Հոկտեմբերի 6, 2010

0


— …
— Չգիտեմ

Ես հոգնած էի ու չկարողացա փշաքաղվել: Փնտրեցի ինչ-որ հարմարանք : Գտա: Պարզվեց աթոռ էր:
Ձախ կողմում վառվող գազօջախ կա: Գազօջախի վրա կաթսան է: Կաթսայի մեջ շերեփը: Ինչ-որ  ձախ ձեռք խառնում է կաթսայի պարունակությունը, իսկ աջը գրպանում է: Երկմտելու կարիք չկար. նա էր: Շոշափեցի:: Ես էի` նորից աթոռին նստած:
Ճաշեցինք: Ընթացքում անձեռոցիկը  ճմրթվեց, հյութը  թափվեց սփռոցին, բաժակը կոտրվեց ու ապակին կտրեց մատս: Վերջում մոռացվեց ու մոռացանք խոսել:
Գուլպայի թելը կարմիր է, փափուկ, բայց քիչ: Երևի վերջում ստիպված լինենք սև թել  ավելացնել: Ես նստեցի գետնին`կծիկը պահելով ափերիս մեջ: Այսպես նրան ավելի հետաքրքիր կլինի գործել: Նա դիտմամբ կտրուկ կքաշի թելը` իբր կծիկը քանդելու համար: Շարժումը կփոխանցվի կծիկին:Կծիկը խուտուտ կտա: Ափերիս միջով խուտուտը կբարձրանա վերև` արմունկներով, ուսերով, պարանոցով  ու ես կժպտամ:
Սովորաբար նա ավելի արագ է գործում, քան ես. հատկապես երաժշտության ներքո: Հարկավոր է ուղղակի որսալ  ռիթմը և աշխատանքն ավելի արդյունավետ կլինի:
-…
-Ի՞նչ: Չլսեցի: Կրկնի՛ր:
Տխուր եմ,- ասաց նա:
-Կարող ես պարել:
Նա հենց սկզբից չկարողացավ զգալ երաժշտության ռիթնը ու սկսեց անկանոն շարժվել: Օրորվում էր հարբածի պես: Թափթփված մի շարժումով մոտեցավ ինձ ու տարավ պարելու: Այժմ երկուսով էինք օրորվում: Ձեռքերս դրեցի նրա կոնքերին ու զգացի մարմնի գոլությունը: Երևի նա էլ նույնը զգաց: Մենք սովորաբար ջինսե տաբատներ ենք հագնում, որոնք լայն են ու կոնքերից ներքև:
-Ուզում եմ, որ համբուրես ինձ,- ասաց նա:
Դա սավեց այն պահին, երբ արդեն սեղանին էինք: Մոտեցա, որ համբուրեմ շուրթերը:
-Ո՛չ, չեմ ուզում այդպես:Մի տասակ ամաչում եմ: Ծունկս համբուրի՛ր,- ու ցույց տվեց աջ ծունկը:
-Դու ստիպված կլինես հանել տաբատիդ աջ փողկը:
Նա Ժպտաց: Մի քանի կտրուկ շարժումով պատռեց ջինսը, ու ես համբուրեցի: Այսպիսով` մենք էականորեն տարբերվում ենք…
Արդեն ոչ: Նա հենց նոր պատռեց և իմ տաբատը:
Անձայն ժամացույցը հյուսիսային պատին էր: Ժամացույցը նաև հնաոճ  էր ու անտեսված: Ինչ վերաբերում է պատին, ապա այն դեղնականաչավուն էր: Այսինքն` ոչ դեղին, ոչ կանաչ: Ուզում եմ ասել  դեղին էր, ուղղակի տեղ-տեղ խոնավությունից կանաչել էր` հատկապես առաստաղի մոտ:
-Սենյակները հավաքե՞լ ես:
-Այո,-ասաց նա:
-Բոլո՞րը:
Գլխով դրական շարժում արեց:
-Վստա՞հ ես:
Չպատասխանեց:
Դա այն պահն էր, երբ պատուհանից դուրս նայեցինք, բայց մութ էր ու ոչինչ չերևաց: Ցուցադրաբար հորանջեցինք. միմյանց հուշելու, որ քնելու ժամանակն է:
Սենյակի պատին ամրացված դարակները լայն են: Կարելի է ասել նաև փոշոտ, ծանրաբեռնված միատեսակ իրերով:
-Այստեղ չես հավաքել,- իրար ետևից իրերը նետեցի  հատակին,- երևի մոռացել ես:
Նա նայեց  ուղիղ աչքերիս մեջ: Երևի բարկացավ:Ես ուշադրություն չդարձրի:
-Ուզում եմ քնել: Անջատի՛ր լույսը:
Երբ պառկեցի նա անջատեց լույսը ու մոտեցավ ինձ: Մութ էր ու չկարողացա կռահել ու կանխել նրա գործողությունները: Նա գեր չեր, բայց համենայնդեպս ծանր էր ինձ համար: Ես ավելի սուր զգացի, երբ պառկեց ինձ վրա:
Խնդրեցի նրան տեղափոխվել.
-Վեր կաց, մազերդ խանգարում են շնչել: Իսկ թիակներիդ ոսկորները ցավեցնում են մարմինս: Այսպես երկար չեմ դիմանա:
Բայց նա վաղուց հարմար տեղավորվել էր: Ձեռքերը խաչել էր կրծքին, հայացքը ուղղել առաստաղին: Եվ այսպես մինչև այն պահը, երբ դրսից լսվեց շների ոռնոցը ու զարթուցիչի փոխարեն հիշեցրեց լուսաբացի մասին:
Մյուս պատը հարավային կողմում էր: Նրան նայելը մի փոքր անհետաքրքիր էր: Ի տարբերություն նախորդի վրան ժամացույց կամ բորբոսի հետքեր չկային: Ընդամենը մի քիչ ճաքճքված էր, ոտքերով գետնին խփելիս ցնցվում էր:
-Հիշո՞ւմ ես, երեկ ես դասավորել էի բոլոր դարակները,- ասաց նա,- իսկ դու թափեցիր:
-Հիշում եմ:
-Այսպիսով` ես որոշեցի:
Նա բռնեց մազերիցս ու տարավ հայելու մոտ: Հայելին անդրադարձրեց մեր պատկերները:Մենք գեղոցիկ չենք,բայց նման ենք միմյանց:Հետո հայելին անդրադարձրեց փունջ-փունջ հատակին ընկնող մազերը`անկանոն, անհավասար կտրված:
Հարցրի.”Մազերս խուզելո՞ւ ես”:
Ասաց.”Ո՛չ, միայն կկտրեմ”
Հայելին անդրադարձրեց իմ այլայված դեմքը, բայց ցավը չկարողացավ արտացոլել:
Մենք սովորաբար մոռանում էինք, բացի այդ չէինք կարող ենթադրել կամ առավել ևս հանդուրժել որևէ օտար մեկի ներկայությունը:
Իսկ ժամանակը հիշեցրեց,որ ժամանակն է հիշել իր գոյության մասին:Հյուսիսային պատի ժամացույցի միջից անծանոթ կենդանի դուրս եկավ ու ասաց.
-Կո՛ւ-կո՛ւ:
Զարմացանք: Մինչ այդ նրան չէինք տեսել:
-Կո՛ւ-կո՛ւ:
Ո՛չ գազան էր.ո՛չ սողուն, ո՛չ կաթնասուն, իմիջիայլոց, սկյուռիկ էլ չէր:
-Կո՛ւ-կո՛ւ:
Երկու ոտք, մի գլուխ, երկու թև: Դա թռչուն էր:
-Կո՛ւ-կո՛ւ:
Բազե՞: Ո՛չ: Ծիծեռնա՞կ: Ո՛չ: Համենայնդեպս ոչ էլ արծիվ կամ թութակ:
-Կո՛ւ-կո՛ւ,- ասաց թռչունը ու մտավ իր բույնը:
Թռչունը չէր կարող և չպետք է խանգարեր մեր առօրյա հանգիստը:Նախկին անդորրը վերականգնելու պատրվակով առաջարկեցի կտրել նրա մազերը:
-Զբաղված եմ: Քո պատճառով գուլպան կիսատ եմ թողել,- ասաց նա:
Դա ինձ չի խանգարում: Շարունակիր գործել,միայն գլուխդ շատ չշարժես: Մազերը փունջ-փունջ ընկան բազմոցի հենակին,նրա ուսերին,երբեմն` կծիկի վրա: Խառնվեցին կարմիր թելի հետ ու դարձան գործվածքի բաղկացուցիչ մասը:
Սանրվածքն իր վարպետությամբ   աչքի չէր ընկնում,բայց ես գոհ էի: Երբ վերջացրել էի, ասաց.
-Ոտքիս   եղունգներն էլ կտրի՛ր:
Մի փոքր անհանգստացա: Ուչիշի եղունգներ կտրելն այնքան էլ հեշտ գործ չէր: Ինձ առաջին անգամ էին նման խնդրանքով դիմում: Վերջապես, ես սովոր էի միայն իմ եղունգները կտրել: Մի քանի  դիրքեր փորձեցի: Վերջում որոշվեց, որ ոտքը դնի գոգիս: Այս դիրքը երկուսիս  հարմար էր:
-Կո՛ւ-կո՛ւ:
Թռչունը խանգարում էր ինձ, շեղում` ուշադրությունս:
-Կո՛ւ-կո՛ւ:
Ես ավելի նյարդային դարձա: Ակամա հայացքս  ուղղում էի ժամացույցին:
-Կո;ւ-կո՛ւ:
Մկրատը ձեռքումս դողաց: Եղունգը խորը կտրելով`վնասեցի ճկույթը:
Նա ճչաց:
Լսվեց.
-Կո՛ւ-կո՛ւ:
Եկավ գիշերը: Նույնիսկ ժամն եմ հիշում` 1:44:  Սպասումի ուժից չէինք կարողանում քնել: Պարբերաբար լսվող “կու-կու”-ն խախտել էր գիշերային լռությունը ու մեր ապահովագրված անդորրը: Այլևս չէինք կարող հանդուրժել:
Որոշեցինք մտնել մահճակալի տակ ու սպասել լուսաբացին: Նա թաքնվել էր իմ ետևում և ասում էր, որ ուղիղ նշան բռնեմ բնի վրա ու կրակելուց աչքերս հանկարծ չփակեմ:
Թռչունը չկար.
-Երևի վախեցրել ենք,- ասացի:
-Նա մեզնից չի վախենում:
-Ուրեմն քնած է:
-Հնարավոր է: Այդքան “կու-կու” ասելուց ուժասպառ է եղել,-հետո հանարծակի շարունակեց,- որոշել եմ ես եմ կրակելու: Հաստատ: Չհակառակվես: Ասում եմ, ուեմն այդպես պիտի լինի:
Տեղերով փոխվեցինք: Նա մի կերպ եկավ առաջ, ես թաքնվեցի թիկունքում:
-Հիշո՞ւ ես չէ որոշել ենք վիրավորել բայց ոչ սպանել:
-Հիշում եմ,-ասաց նա:
-Կրկնի՛ր:
-…
-Ավելի արագ:
-…
Նա ինձ չհամոզեց:
Թռչունը բնից դուր եկավ: Երկուսով քարացանք:
-Կո՛ւ-կո՛ւ:
Շունչներս պահեցինք:
-Կո՛ւ…
Կրակեց: Դիպուկ էր: Թռչունն ընկավ: Իրար հրելով ու աքացի տալով մի կերպ դուրս եկանք մահճակալի տակից:
Սատկել էր: Փամփուշտը հանել էր թռչունի աջ աչքը:Հենվեցի առևմտյան պատին ու լաց եղա:
Արևմտյան պատը երևի նույն շարվածքն ուներ ինչ մյուսները: Վստահ չեմ կարող ասել,որովհետև պատն այնքան քանդված չէր որ համեմատեի: Այնպիսի զգացողություն ունեի, մյուսներից  ավելի երկար է, հաստ ու ամուր, հետևաբար` ավելի  ճնշող: Կարծես առաստաղն այս կողմում  ավելի ցածր էր:
Մրջյունի ` արևմտյան պատը բարձրանալու  պահին նախաճաշը վերջացրել էինք: Երբ մրջյունին հաջողվեց, հավաքում էինք սեղանը,իսկ պատի կեսն անցնելու  ժամանակ ես մի կողմ դրեցի գուլպան  ու ասացի.
-Հիշո՞ւմ ես, ես ասել էի “Վիրավորե՛լ, բայց ո՛չ սպանել”:
— Հիշում եմ:
-Ինչո՞ւ սպանեցիր: Պատասխանի՛ր:
-Հեռու գնա՛,-թեթևակի մի կողմ հրեց:
Ես  ապտակեցի նրան: Պատասխանը չուշացավ: Հետո քաշքշեցինք միմյանց ու ընկանք հատակին: Նրա հարվածները ծանր էին ու ցավոտ: Ամեն անգամ  ամբողջ մարմնով ցնցվում էի:   Ես, հակառակը, ավելի հաճախ էի հարվածում, թեթև ու ոչ արդյունավետ:

Մրջյունը առաստաղի կենտրոնում էր:
Այժմ արդեն հակառակորդի փորին էինք խփում : Նա` ավելի ու ավելի ոժգին, ես` արագ: Մեզնից մեկը կարող էր ծնել:Նա դրա բոլոր իրավունքներն  ու հնարավորություններն ուներ:  Վերջիվերջո նա չդիմացավ ճնշմանը ու ասաց.
-Բավական է:
Որովհետև չնայած ես ուժեղ չեմ,բայց ավելի հետևողական եմ ու աշխատասեր:
Երկու ոժասպառ մարմիններից մեկը /դա իմն էր/ նետվեց դեպի բազկաթոռը, մյուսը `մնաց նույն տեղում ընկած:
Լռություն էր: Աստիճանաբար լսելի դարձավ նրա ծանր շնչառությունը: Հետո շնչառության ձայնը կամաց- կամաց հեռացավ: Դռան չխկոցից հետո նորից լսվեց` խառնված ջրի խշշոցի հետ:
Ես գլուխս հազիվ բաձրացրի բազկաթոռի հենակից ու բացեցի աչքերս:Նա հատակին չէր: Մտովի վերականգնեցի գործողությունների հերթականությունը:
Նա սողալով հասել էր լոգարան, կողպել դուռը ու բացել ջրի ծորակը: Երևի մարմնին սառը թրջոցներ դնելու համար: Լոգարանից ինչ — որ թրմփոց լսվեց: Մոտեցա դռանը: Ասացի, որ այժմ թրջոց դնելու իմ հերթն է, բայց պատասխան չեղավ: Ես նրան չէի տեսնում, բայց ծանր շնչառությունը ներքևից էր լսվում: Այնպիսի զգացողություն ունեի, ընկած է հատակին:
Խնդրեցի բացել դուռը: Ես կարող էի օգնել նրան:
-Ոչ,- հազիվ լսելի ձայնով ասաց նա,- չեմ կարող:
Ես ամբողջ ուժով բախեցի  դուռը: Դուռն ամուր էր, ուժերս՛ սպառված: Հանկած նա ասաց.
-Ես մերկ եմ ու ամաչում եմ:
-Աչքերս կփակեմ, միայն բացի՛ր:
Արդեն ճանաչում էի նրան:
Նա այլևս ոչինչ չասաց ու ես ոչինչ չէի կարող անել:
Հյուսիսային պատին ժամացույցն է: Հարավային պատը ճաչճքված է, արևմտյանը երկար հաստ ու ճնշող:
Ես կտրեցի երակներս: Արյան մի քանի կաթիլ քսվեց արևելյան պատին:Արևելյան պատը շագանակագույն դուռ ուներ, դուռը` պողպատյա բռնակ:
Իսկ ինչու ոչ. կարելի է և սենյակից դուրս գալ:
Արյունը կաթ-կաթ ծորում էր, ու լսվում էր նրա ծանր շնչառությունը:
Երբ դուրս եկա,ես դեռ չէի որոշել,ինչ էի անելու:

2010թ.փետրվար