ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ | Մտքափունջ համաշխարհային գրականությունից

Posted on Հոկտեմբերի 7, 2010

6


ԺՈՐԺ ՍԱՆԴԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

… Սոսկալի ծեր, բայց և այնպես երիտասարդ, ուզում էի վերջ տալ ապագայի ու ներկայի պայքարին, ուզում էի կյանքս անհապաղ դասավորել այնպես, ինչպես այն պիտի լիներ միշտ: Յուրաքանչյուրի նման ես ևս ունեցել եմ լրջմիտ վճռականության և սուրբ հնազանդության օրեր, նաև, բոլորի նման, տառապանքով, անհանգստությամբ, մահացու թախիծով լի օրեր: Այդ օրերին այնքան հուսահատ ու մռայլ էի լինում, որ հիասթափվում էի ամեն ինչից և` պատրաստ անգամ խեղդվելու` վհատորեն հարցնում էի երկնքին` մի՞թե երկրի վրա չկա երջանկություն, թեթևացում, դե, պարզապես հաճույք…
Եվ ահա հանդիպեցի մի մարդու, ով ոչնչից չէր հուսահատվում, անվրդով և ուժեղ մարդու, ով ոչինչ չէր հասկանում իմ խառնվածքից ու ծիծաղում էր վշտերիս վրա: Նրա մտքի ուժն ինձ ամբողջովին գերեց, մի շաբաթ շարունակ հավատում էի, թե նա գիտի` ինչ է երջանկությունը և այն կբացահայտի ինձ համար, ու նրա քամահրական անհոգությունը կբուժի իմ երեխայական զգայնությունը…
Փորձը բացարձակապես չհաջողվեց: Ես արտասվում էի տառապանքից, զզվանքից, անհուսությունից: Կապվածություն գտնելու փոխարեն, որն ի զորու էր խղճալ ու մխիթարել ինձ, ինձ սպասում էր խայթող ու դատարկ ծաղրը… Եթե Պրոսպեր Մերիմեն ինձ հասկանար, գուցե և սիրեր ինձ, նվաճեր, իսկ եթե ես գերվեի` կփրկվեի, քանզի ազատությունս կրծում ու սպանում էր ինձ: Բայց նա ինձ բավականաչափ չճանաչեց, իսկ ես նրան դրա համար ժամանակ չտալով` անմիջապես հուսահատվեցի…
Այսպիսի հիմարությունից հետո դարձա ավելի հալածված, քան երբևէ, և դուք ինձ տեսաք ինքնասպանության մղող տրամադրության մեջ…

Թարգմանությունը` Նորա Ազատյանի

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

Նա ուշադիր նայում էր ինձ, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ՝ էլ որտեղ եմ տեսել այդ աղջկան: Նրա խոնավ, անհանգիստ հայացքը փայլեց կերոսինային լամպի օրորվող լույսի տակ, ու ես հիշեցի. ես ամեն գիշեր երազում տեսնում եմ այդ սենյակն ու լամպը, ամեն գիշեր հանդիպում եմ այստեղ անհանգիստ աչքերով աղջկան: Այո-այո, հենց նրան եմ տեսնում ամեն անգամ, երբ հատում եմ երազների սորուն սահմանը, որ կանգնած է քնի ու արթնության միջև: Ես գտա սիգարետներն ու ծխեցի` հենվելով աթոռի թիկնակին ու պահպանելով հավասարակշռությունս ետևի ոտքերի վրա. տտիպ, թթվահամ ծուխը հոսեց օղակներով: Լռում էինք: Ես՝ աթոռի վրա ճոճվելով, նա՝ բարակ սպիտակ մատները լամպի ապակե գլխարկի վրա տաքացնելով: Նրա կոպերի վրա ստվերներ էին դողում: Ինձ թվաց, թե ես պետք է ինչ-որ բան ասեմ, ու ես ինձանից անկախ արտասանեցի.- Երկնագույն շան աչքերը:Ու նա տխուր պատասխանեց.- Այո: Հիմա մենք երբեք դա չենք մոռանա:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԵՆԳՈՒԵՅ

Մեռելները քնել են, այս գիշեր ցուրտ է Իսպանիայում, նրանք կքնեն ամբողջ ձմեռը, քանի նրանց հետ միասին քնած կլինի հողը: Բայց գարնանն անձրև կգա, հողը վերստին կկենդանանա: Հարավի քամին մեղմ կփչի սարի լանջին: Սևաթույր ծառերը կյանք կառնեն, կերևան փոքրի կանաչ տերևները, կծաղկեն խնձորեինիները Խարամայի ափին: Գարնանը մեռելները կզգան հողի վերակենդանացումը:Մեր մեռելները հիմա իսպանական հողի մասնիկներն են դարձել, իսկ իսպանական հողը երբեք չի մեռնի: Ամեն ձմեռ կթվա, որ մեռնում է, և ամեն գարուն կվերակենդանանա: Մեր մեռելները հավիտյան կապրեն նրա հետ: Ինչպես որ հողը երբեք չի մեռնի, այնպես էլ նրանք, ովքեր երբևէ ազատ են եղել, ստրուկ չեն դառնա: Գյուղացիները, որոնք մշակում են այն հողը, որտեղ թաղված են մեր մեռելները, գիտեն, թե հանուն ինչի ընկան նրանք: Պատերազմի ընթացքում բավական ժամանակ կար, որ նրանք այս ամենը հասկանային և այսուհետև միշտ կհիշեն:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

Մեր բոլորի մեջ կա մի բան, որը մեր ճակատագրի ինչ-ինչ փոփոխականություններից կախված չէ: Մարդը կարող է գիտակցել այն ժամանակ, երբ նրա հետ ինչ-որ դժբախտություն է պատահում: Ես, օրինակ, հիշում եմ, որ երբ ինձ լքեց մի կին, ես բնականաբար հուսահատության մեջ էի: Իսկ հետո ես մտածեցի, որ այն, ինչ պատահեց` ոչ մի կապ չունի գրողի հետ, ում անունն է Խ.Լ.Բորխես, և ով ապրել է 20-րդ դարում: Այլ կերպ ասած` իմ մեջ ինչ-որ հավերժական բան կա, որ հեռու է իմ ճակատագրի բոլոր փոփոխականություններից` իմ անունից, իմ սերերից ու դժբախտություններից: Կարծում եմ, որ համանման զգացողությունը ներհատուկ է բոլորին, այդպես չէ՞: Եվ որ համանման զգացողությունը ճշմարիտ է, այն մարդու գաղտնաթափուր ակունքում է, և դա կյանքի պայմաններից վեր է:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

Մարդն իրեն կարող է թույլ տալ դուրս գալ համընդհանուր անարդարության դեմ եւ այդպես պահանջել համընդհանուր արդարություն, որի միակ ստեղծողը ինքը կլինի: Սակայն նա չի կարող հավաստել աշխարհի համընդհանուր տգեղությունը: Գեղեցկություն ստեղծելու համար նա պետք է միեւնույն ժամանակ եւ հրաժարվի իրականից, եւ խանդավառվի նրա որոշ հատկանիշներով: Արվեստը վիճարկում է իրականը, բայց չի թաքնվում նրանից: Նիցշեն կարող էր մերժել տրանսցենդենտալիզմը` բարոյական կամ աստվածային, հայտարարելով, թե այդ տրանսցենդենտալիզմը մղում է զրպարտության այս աշխարհի եւ այս կյանքի դեմ: Բայց գուցե կա մի կենդանի տրանսցենդենտալիզմ, որի գեղեցկությունը խոստումնալից է, որը ի զորու է մեզ ստիպել սիրել եւ ամեն ինչից վեր դասել այս մահկանացու եւ սահմանափակ աշխարհը: Այսպիսով, արվեստը մեզ կհասցնի ընդվզումի ակունքներին, այնքանով, որքանով նա փորձում է ձեւ տալ մի արժեքի, որն անորսալի է հավիտենական կայացման մեջ, բայց որը կանխազգում է արվեստագետը եւ ուզում է հափշտակել պատմությունից:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ԿՈԲՈ ԱԲԵ

« …Տարածության մեջ փողոցն անշուշտ գոյություն ուներ, իսկ ժամանակի մեջ ներկայացնում էր դատարկությունը: Որքան սարսափելի է` գոյություն ունենալ եւ միաժամանակ գոյություն չունենալ: Իրականության չորս անիվները պտտվում են երկրի երեսին, եւ իմ մարմինն, անշուշտ, զգում է թրթռոցը… Պետք է փախչել մի այնպիսի վայր, որտեղ երաշխավորված է տարածության ազատությունը: Իսկ այստեղ ես կկորցնեմ ոչ միայն ժամանակը, այլ նաեւ տարածությունը, եւ, իհարկե, կորմնաշարվեմ իրականության պատում»:

« …Ճանճերի տեսակները այնքա՜ն շատ են, այնքա՜ն շատ, որ միայն զարմանալ կարելի է… Բայց քանի որ բոլոր միջատաբանների միտքն աշխատում է մոտավորապես նույն ուղղությամբ, ապա նրանք գրեթե ավարտել են այդ տեսակների մեծամասնության ուսումնասիրությունը, ներառյալ նաև Ճապոնիայում հայտնաբերված ամենահազվագյուտ ութերերդ որակափոխը: Սրա պատճառը գուցե այն է, որ մարդկանց կյանքը շատ մոտիկից է հյուսվում ճանճերի կյանքին: Այո՛, ավազն առանձնապես պիտանի չէ ապրելու համար, կյանքի համար: Բայց անշարժությունն էլ արդյո՞ք բացարձակ անհրաժեշտություն է գոյությունը պահպանելու համար: Միթե այդ գարշելի մուրացիկությունը չի ծնվում անշարժություն հաստատելու ձգտումից: Եթե հրաժարվենք անշարժությունից և ինքներս մեզ հանձնենք ավազի շարժմանը, ապա կվերջանա նաև մուրացիկությունը»:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ՍԵՐՎԱՆՏԵՍ

«Երեկոյան ու գիշերային ժամերին զբաղեցնելով նրան ասպետների ու ավազակների մասին վեպերով, Սանչո Պանսան, թեպետ նա երբեք դրանով չէր պարծենում, կարողացավ այնչափ իրենից վանել իր դեւին, ում նա ավելի ուշ Դոն Կիխոտ անվանեց, որ նա սկսեց մեկը մյուսի հետեւից խենթագույն արարքներ գործել, որոնք, հավանած օբյեկտի բացակայության պատճառով, իսկ այն հենց պետք է դառնար Սանչո Պանսան, ըստ երեւույթին, պատասխանատվության ինչ-որ զգացողությունից սառնասրտորեն ուղեկցում էր Դոն Կիխոտին իր թափառումներում, մինչեւ իր օրերի վերջը դրանում հրապուրիչ եւ օգտակար զբաղմունք գտնելով»:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

Կարելի է, ըստ Պասկալի արտահայտության, չմտածել այդ մասին (մարդու անձնական կյանքի), առջևդ քողեր դնել, որոնք հայացքից կթաքցնեն մահվան այն վիհը, առ որը մենք բոլորս վազում ենք` սակայն արժե մտածել այն մասին, թե ինչ բան է մարդու մենավոր անհատական կյանքը, որպեսզի համոզվես այն բանում, որ ողջ այս կյանքը, եթե այն լոկ անձնական կյանքն է, յուրաքանչյուր առանձին մարդու համար ոչ միայն ոչ մի իմաստ չունի, այլ որ այն չար ծաղր է մարդու սրտի, բանականության և այն ամենի հանդեպ, ինչը լավ է մարդու մեջ:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ՊԱՈՒԼՈ ԿՈՒԵԼՈ

Իմ գրականությունը ընդգրկում է միանգամայն նոր քաղաքական մտածելակերպ, որտեղ մարդը փնտրում է իր ինքնությունը: Այստեղ կա հեղափոխություն, որը դանդաղորեն է առաջ ընթանում, բայց դեռ չի ենթարկվում ճնշման: Այժմյան քաղաքական մտածելակերպն է՝«մեռնել՝ քանի դեռ ողջ ես»: Մարդիկ այն ժամանակ են փրկում աշխարհը կործանումից, երբ դադարում են երազել: Բնավ, ես իդեալները մահվան չեմ դատապարտում, մարդը իր բնույթի համաձայն միշտ էլ իդեալների որոնումների մեջ է: Իմ ինքնությունը երևում է իմ բոլոր աշխատանքներում, ուր համադրվում են իմ կյանքի երկու կողմերը՝ տառապանքն ու երջանկությունը: Այդուհանդերձ ես պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր տողի համար: Նրանք երազանքների տիեզերք չեն ներկայացնում, այլ այն, ինչ ես ապրում եմ…

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ ԱՂՈԹՔԸ

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը: Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ՕՆՈՐԵ ԴԵ ԲԱԼԶԱԿ

Մեր հասարակության մեջ կան երեք մարդ՝ քահանան, բժիշկը եւ արդարադատության աշխատողը, որոնք չեն կարող հարգել մարդկանց: Նրանք սեւ զգեստ են հագնում գուցե նրա համար, որ կրում են բոլոր առաքինությունների, բոլոր պատրանքների սուգը: Այդ երեքից ամենադժբախտը փաստաբանն է: Երբ մարդը գալիս է գտնելու քահանային, ապա գալիս է զղջումից, խղճի խայթից ու հավատալիքներից մղված, հավատալիքներ, որոնք նրան դարձնում են հետաքրքրական, վեհացնում են նրան ու մխիթարում իր հոգեւոր միջնորդի հոգին, եւ այդ միջնորդի աշխատանքը չի ընթանում առանց մի տեսակ հաճույքի. նա մաքրում է, վերանորոգում եւ հաշտեցնում: Իսկ մենք՝ իրավաբաններս, տեսնում ենք նույն վատ զգացումների կրկնվելը, ոչ մի բան չի կարող ուղղել դրանք. մեր գրասենյակները այնպիսի կոյուղիներ են, որ հնարավոր չէ մաքրել: Ես չեմ կարող ձեզ պատմել այն ամենը, ինչ տեսել եմ, որովհետեւ տեսել եմ այնպիսի ոճիրներ, որոնց հանդեպ արդարադատությունն անզոր է: Մի խոսքով, այն բոլոր արհավիրքները, որ վիպասանները կարծում են, թե հորինում են, մթագնվում է իրականության առջեւ: Շատ չանցած դուք կճանաչեք այս գեղեցիկ բաները, իսկ ես կգնամ ապրելու գյուղում իմ կնոջ հետ: Փարիզն ինձ խորշանք է ներշնչում:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

…Մենք դեռևս միշտ չէ, որ հասկանում ենք ինքներս մեզ, իսկ ուրիշներին՝ ավելի հազվադեպ: Փորձը չունի բարոյագիտական ոչ մի նշանակություն: Փորձ անունը մարդիկ տվել են իրենց սխալներին: Բարոյագետները, որպես կանոն, փորձի մեջ միշտ նախազգուշացման միջոց են տեսել և համարել են, որ դա ազդում է բնավորության ձևավորման վրա: Նրանք փառաբանում էին փորձը, քանի որ փորձը մեզ սովորեցնում է ինչին հետևել և ինչից խուսափել: Բայց փորձը շարժիչ ուժ չունի: Նրա մեջ գործնականը նույնքան քիչ է, որքան և մարդկային գիտակցության մեջ: Իրականում նա միայն ապացուցում է, որ մեր գալիքը սովորաբար նման է մեր անցյալին, և եթե մի անգամ մեղանչել ենք դժկամությամբ, դա կրկնում ենք կյանքում բազմաթիվ անգամ, բայց արդեն բավականությամբ…

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ | ԿԻՆԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ

Լճի ջրերը թույլ պեծկլտում էին: Ասես հին արհեստական լճակի նեխած ջուրը` լուսնի արտացոլանքով: Այն ափին անլսելի այրվում էր անտառը: Աչքդ ուր կտրեր, ամենուր կրակ էր: Հրդեհ լեռնանտառում: Հրշեջ մեքենան գեղեցիկ արտացոլվում է ջրում: Այն նման էր խաղալիքի:Լեռան ստորոտը սև էր` դրանով բարձրանում ու բարձրանում էին մարդիկ: Օդը թափանցիկ է եւ կարծես թեթեւակի չորացած: Քաղաքի լեռնատակի շերտը կրակի հոսք էր թվում:
… Նա առանձնացավ մարդկանց խմբից եւ սկսեց իջնել: Իջնում էր միայն նա: Ինչ-որ անասելիորեն լուռ էր: Ես տեսա, թե նա ինչպես է գնում դեպի կրակի ծովը: Ես ինձ վատ զգացի: Եվ այդ պահին ես հանկարծ պարզ լսեցի, թե ինչպես եմ նրա հետ խոսում: Սակայն նա լռում էր:
— Ինչո՞ւ ես դու իջնում: Դու ուզում ես այրվե՞լ:
— Ոչ, ես չեմ ուզում մահանալ: Բայց քաղաքի արեւմտյան մասում քո տունն է: Այդ պատճառով ես դեպի արեւելք եմ ուղեւորվում:
Նրա մարմնի սև կետն ասես շամփրեց հրով լցված աչքերս: Ես բացեցի աչքերս: Արցունքներ եկան:Ինձ հասկանալի դարձավ, թե ինչու նա չէր ուզում գնալ այնտեղ, ուր իմ տունն էր: Թող նա մտածի՝ ինչ ուզում է: Իսկ ես հանկարծ գլխի ընկա: Ես, առանց որեւէ կապի այս կնոջ հետ, ուզում էի մտածել, դե թող որ նրա զգացմունքներն իմ հանդեպ պաղել են, եւ նա ոնց որ թե այլեւս ոչ մի սեր չի զգում, բայց ինչ-որ տեղ նրա հոգու խորքում մնացել է սիրո կաթիլը: Կարելի էր ծիծաղել իմ զգացմունքների վրա, բայց ես թաքուն ուզում էի, որ ամեն ինչ հենց այդպես լիներ:
Այո, դա տեսիլք էր: Բայց մի՞թե ես իրոք ենթադրում էի, որ նրա սրտում ոչ մի կաթիլ կարեկցանք չի մնացել:Տեսիլքը` իմ զգացմունքներն էին: Նրա զգացմունքներն էին, որ տրվել էին ինձ երազում` իր զգացմունքները, որ սնուցել էի ես: Եվ թող որ երազիս մեջ չկար կիրք ու սիրո հրճվանք…Ես միայնակ ու տրտում էի:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

էԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ | ՆԱՄԱԿ ԵԼԵՆԱ ՈՒԻԹՄԱՆԻՆ

Գեղանի Ելենա, ես հպվեցի շուրթերով Ձեր նամակին` թրջելով այն ուրախության արցունքներով կամ «աստվածային վհատությամբ»։Եթե իսկապես հավատայի, կաղոթեի Աստծոն, անմիջապես ծունր կիջնեի ու կաղաչեի (իմ կյանքի այս նշանակալից պահին), որ ինձ բառեր ներշնչի, որ կարողանամ Ձեր առաջ ամբողջովին բացել սիրտս։ Իմ բոլոր մտքերը, կրքերը դարձել են միացյալ մի ցանկություն, մի ցանկություն, որ հնար տա Ձեզ տեսնել, հասկանալ այն, ինչի համար բավական չի մարդկային ձայնը, իմ սիրո աներևակայելի հուրը, քանզի այնքան լավ գիտեմ Ձեր բանաստեղծական էությունը, որ եթե Ձեր հոգու աչքերով թափանցեիք իմ հոգին, Դուք կսիրեիք ինձ, գոնե կմեծարեիք իմ ՍԵՐԸ…Իսկ հիմա ամենահասարակ բառերով ուզում եմ նկարագրել այն տպավորությունը, որ Ձեր արտաքինով թողեցիք ինձ վրա։ Երբ դուք տատանվելով, շատ գունատ և սրտնեղած առաջացաք դեպի ինձ, հառեցիք Ձեր աչքերը ուղիղ իմ աչքերին, ես հավատացի, որ գոյություն ունի հոգեկան ազդեցություն ու հասկացա, որ իմ Ելենան եք, հազար երազներիս Ելենան…Երբ խոսում էիք, ես չէի ընկալում բառերը, միայն լսում է թավիշ ձայնը, որի մեղեդին ինձ ավելի հարազատ էր, քան իմ սեփականը…Երբ քայլում էիք սենյակում և աթոռիս թիկնակին դնում ձեր ձեռքը, անկենդան փայտից անբնական դողը անցնում էր իմ էությանը, ցնցում սիրտս, գլուխս սկսում էր պտտվել, Ձեր արբեցնող գոյությամբ, այլ ոչ թե իրական զգացմունքներով էի տեսնում ու լսում Ձեզ. հոգիս էր Ձեզ նշմարում։Թույլ տվեք մեջբերել ձեր նամակից մի հատված. «Թեպետ Ձեր ներկայությամբ ես ինձ երեխա եմ զգում ու խոնարհվում եմ Ձեր իմաստության առաջ, բայց չգիտեք, որ մի քանի տարով մեծ եմ…»։ Ասենք թե դա ճիշտ է։ Չե՞ք զգում, սիրելիս, հարցնում եմ Ձեր բանականությանը, Ձեր սրտին, որ իմ աստվածային էությունը, իմ հոգին շնչահեղձվելով ձգտում է խառնվել Ձեր հոգուն։ԵԼԵՆԱ, ՄԻ՞ԹԵ ՀՈԳԻՆ ՏԱՐԻՔ ՈՒՆԻ…Մի՞թե չի մարել սիրտս Ձեր հրաշք ժպիտից, չե՞մ պահել Ձեր ձեռքը ափումս, չե՞մ սուզվել Ձեր հոգում՝ Ձեր բյուրեղյա աչքերի միջով։ Եղե՞լ է այդ բոլորը։ Թե ես երազում եմ, կամ էլ խենթ եմ։

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ՉԵՍԼԱՎ ՄԻԼՈՇ

Յուրաքանչյուր բանաստեղծ կախում ունի իր նախորդներից, ովքեր գրել են իր մայրենի լեզվով, նա ժառանգություն է ստանում ոճեր ու ձևեր, որոնք մշակել են իրենից առաջ ապրածները: Միաժամանակ, սակայն, նա զգում է, որ իր սեփական կենսափորձի արտահայտման համար պիտանի չեն վաղեմի այդ միջոցները: Հարմարվելով հներին՝ նա իր խորքում մի ձայն է լսում, որը նախազգուշացնում է հեռու մնալ դիմակավորվելուց և զգեստափոխվելուց: Ընդվզելով` նա էլ իր հերթին կախման մեջ է ընկնում հասակակիցներից, ավանգարդիստական բազմաբղետ ուղղություններից: Ցավոք, բավ է նա հրատարակի իր բանաստեղծությունների առաջին գիրքը, և արդեն կորած է: Որովհետև տպագրական ներկը դեռ չչորացած, այդ ստեղծագործությունը, որն իր հերթին թվում էր ծայրահեղ անձնական, հայտնվում է իբրև ոճերի ենթակայություն, իբրև կախվածություն: Իր խղճի անորոշ հանդիմանանքին պատասխան տալու եզակի միջոցը որոնումները շարունակելն ու նոր գիրք տպագրելն է, որից հետո ամեն բան կրկնվում է, ու վերջ չունի այդ հետապնդումը: Եվ նույնիսկ կարող է պատահել, որ գիրք-գրքի ետևից այդպես թողնելով, ասես օձաշապիկներ, որպեսզի նախկինում արածից փախչի, բանաստեղծը Նոբելյան մրցանակի է արժանանում:
Իսկ ո՞րն է այն հանելուկային իմպուլսը, որը թույլ չի տալիս կանգ առնել այն բանի վրա, ինչը կատարված է, ավարտված: Ես կարծում եմ իրականության որոնումներն են: Այդ բառին ես նաիվ և վեհ իմաստ եմ վերագրում, որն ընդհանուր ոչինչ չունի վերջին հարյուրամյակի փիլիսոփայական բանավեճերի հետ: Դա Երկիրն է, որը Նիլսը տեսնում է սագի մեջքի վրայից և լատինական ներբողի հեղինակը` Պեգասի մեջքից: Անկասկած, Երկիրը կա, և ոչ մի նկարագրություն չի կարող սպառել նրա հարստությունը: Հաստատել այդպես` նշանակում է հենց շեմից մերժել այժմ հաճախ հնչող հարցը` ՙԻ՛նչ է իրականությունը՚, քանզի դա նման է Պիղատոս Պոնտացու հարցին` ՙՈ՞րն է ճշմարտությունը՚: Եթե հակադրությունների զույգերի մեջ, որոնցից մենք միշտ օգտվում ենք, այդքան կարևոր է կյանքի և մահվան հակադրությունը, ապա պակաս կարևոր չէ ճշմարտի և ստի, իրականության և պատրանքի հակադրությունը:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

ՊՈԼ ՎԱԼԵՐԻ

«… Այն, ինչ մաքուր է իմ մեջ,- ասում էր նա,- ամենազոր բանականությունը, որն առանց գերագույն ճիգեր թափելու խժռում-լափում է բոլոր հորինվածքները, և փոխարենը ոչ մի բան իրեն չի խաթարում և չի փչացնում իր էությունը, ահա այդ բանականությունը ոչ մի հնարով չի կարողանում ինքն իրեն ճանաչել այս արտասվաթոր դեմքի, այս պղտոր աչքերի հարևանությամբ, ուր առկայծող լույսը ասես մեղմացած լինի արցունքների խոնավ անխուսափելիության սպառնալիքի առաջ»:
— Ինչպե՞ս հասկանալ, սակայն, իմ մեջ հանգրվանած այս գեղեցկատես լացուկոծի տառապանքը, որն ինձնից է սերվել, որովհետև ես պարզ տեսնում եմ նրա էությունը, քանզի ես գիտակցությունն եմ ամենայն ինչի, և գիտեմ, որ նա տանջվում է միայն մի ինչ-որ ուրիշ, առավել դժնի իրողություն մոռացության մատնելու համար:
«Ով իմ զարմանք,- ասում էր նա,- հմայիչ ու տխրատեսիլ Գլուխ, մի՞թե լույսից զատ ուրիշ բան էլ գոյություն ունի:
Եվ նա շարունակ հարցեր էր տեղում իր գլխին` իր սքանչելիորեն մաքուր ոգեղեն էության տիեզերական սահմաններում հարամփոփ, ուր գաղափարները ապրում էին հավետ իրարից անջատ, և իրենցից էլ հավասարաչափ հեռու տարածված, մեկուսի և բաժան, մի այնպիսի կատարյալ ներդաշնակության ու խելամիտ հավասարակշռության մեջ, որ ասես ինքը տարալուծվելիս լիներ նրանցում: Եվ համակարգությունը տիեզերածավալ, որ ինքնաբավ խանդով առկայծում էր ադամանդաշար ապարոշի պես, իր վեհապանծ լիության սահմաններում ամփոփ` շարունակում էր իր հավերժամատույց ու անայլայլ գոյությունը:
Մի ողջ ինքնակա հավիտենություն նա ճգնում էր հասկանալ բանի խորհուրդը վերին ու միշտ ապարդյուն:

Թարգմանությունը` Աշոտ Ալեքսանյանի

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

Շարունակելի