ՎԱՀԵ ԲՈՒԴՈՒՄՅԱՆ | 0 դրամ*

Posted on Հոկտեմբերի 7, 2010

0


“0 դրամ”-ի և կարտոնե պատուհանի միջև տարածություն կար, որի մասին ոչ ոք գլխի չէր ընկնում: Գևը այդտեղ էր, հստակ տեսնում էր աղջկան. պատուհանագոգին էր` ոտքերը իրար վրա գցված: Սպիտակ բամբակե գիշերանոցը ետ էր սահել, կիսով չափ մերկացրել ազդրերը: Մաշկը թուխ էր ու անհեթեթորեն հարթ: Ձեռքում հեռախոս էր, որ ականջին էր սեղմել: Գևին թվաց` աղջիկը ընկերոջ հետ է խոսում: Նա հիմա շատ հեռվում է, երևի զորամասում կամ աշխատանքի բերումով երկրի հեռավոր շրջաններից մեկում: Գիշերային փաթեթ էր, որում ներցանցային զանգերը անվճար են, ցանցից դուրս` ընդմանը 49 դրամ:
Գևը ցանցի ներսում էր` սենյակի ամենակենտրոնում, որի պատերը աղջկա ոտքերի նման ողորկ էին: Միայն  խոշոր դեղին ու սև շերտերով ժամացույցն էր աչքի ընկնում: Պատկերն իր մեջ ինչ որ արհեստական բան ուներ. կոլաժի էր նմանվում: Ինչն էլ գերհարթ մաշկով աղջկան ավելի գրավիչ էր դարձնում: Գևը մտածեց, որ աղջիկը իրեն մենակ կզգա նման սենյակում, որտեղ միայն մեկ կլոր ժամացույց կա և մեկ պատուհան` ծիծաղելու չափ սարքովի մեծ աստղերով ու դրանց արանքում լցված թանաքագույն ներկով:  Մոտեցավ: Ձեռքը իջեցրեց  աղջկա ազդրին, որտեղ բամբակե գործվածքը դեռ չէր ավարտվել: Աղջիկը չշարժվեց: Գևը գրկեց նրան, հեռախոսը, նույնիսկ սակագնային փաթեթը, որտեղ զանգերը ձրի էն: Ոչինչ չփոխվեց, սլաքները դեռ իրենց տեղում էին, աղջիկը շարունակում էր ժպտալ, ընկերը դեռ ծառայում էր, նույնիսկ Գևի անդամը չկանգնեց:
-Ապեր, երկար չեմ կարա մնա: Աղջկա հետ եմ. ինձա սպասում: Գործարանների մոտ էինք, էնտեղ մարդիկ չեն անցնում: Նստած էինք իրար կողք ու պիվա էինք խմում, հա’, պիվա: Հրապարակի մթերայինից վերջին կոպեկներով էի առել: Տենց քայլեցինք դեպի գործարաններ ու էդտեղը գտանք: Նստարանի նման բան կար: Նստած էինք ու երկար բարակ խոսում էինք: Պատմում էր, որ ես իր առաջին իսկական ընկերն եմ: Պիվա էր խմում գոռլըշկից ու խոսում:
Ապեր, ձեռը բռնել էի: Փոքր ձեռը, որ բռունցք արած տեղավորվումա ափիս մեջ: Ինքն էլ պիվա էր խմում: Մազերը քրտնել կպել էին երեսին: Սև-Սև: Հետո ինչ որ բան եղավ: Չեմ հիշում: Մի բան ասեց կամ ես ասեցի: Ձեռը հետ քաշեց, մազերը ճակատից մի կողմ տարավ: Պիվեն թափվեց: Ծիծաղեց: Մատներով ատամները փակել ու ծիծաղում էր: Շշմած նայում էի: Կոշիկները մտցնում էր թափված պիվի մեջ ու ծիծաղում: Ասումա` Գև, շատ ծիծաղալուա, ու մատով ջրափոսնա ցույց տալիս, պիվափոսը: Ես չէի հասկանում ինչնա ծիծաղալու, բայց ես էլ ծիծաղից թուլացա: Փորս բռնել եմ, արդեն հևում եմ ծիծաղից: Ձեններս քցել ենք ու էլ չենք մտածում, որ գիշերվա հազարնա:
Երբ որ պիվեն ասֆալտի վրայով հոսում էր, ուսերը գրկեցի: Նեղ ուսերը: Ձեններիս վրա տարիքով մարդ եկավ: Պիվի մեջ ոտերը չփացնելով գոռաց` ստեղ չի կարելի: Գործարաններից մեկի պահակն էր: Հիշում եմ` մտածեցի`չաշխատող գործարանների պահակները ավելի ջղային են: Կանգնել ու չէր շարժվում, մեզ էր նայում: Ստվերում էինք ու մտածում էինք մեզ չեն նկատի: Ձեռքս ուսերից հետ քաշեցի: Ստեղ չի կարելի: Երբ որ արդեն բարձրացել էինք նստարանից, թվաց պահակի աչքերը լցվել են: Տարօրինակ մարդ էր: Քայլեցինք դեպի հյուսիս:
Ասում են` բռնում են: Եթե բռնեն, աղջկան հանվացնում են, հենց տղու դեմը: Ստիպում են մինչև վերջ մերկանա, մինչև ներքնաշորերը: Տղուն էլ քաչալացնում են: Հենց էնտեղ, որտեղ բռնել են: Զանգում էն տնեցիքին, ասում են` եկեք ձեր վիժվածքներին տեսեք: Տնեցիք էլ գալիս կանգնում են իրանց տկլոր երեխեքի գլխներին, ձեն չեն հանում, տենց լուռ լացում ու գնում են:
Գևը դեռ այդտեղ էր` աղջկա ետևում: Ձեռքը մոտեցնում էր աղջկա փայլուն մազերին, բայց վերջին պահին վախով ետ էր քաշում: Հիշում էր իրենց պահարանը, վերևի դարակի չեխական բյուրեղապակին, որ առհավետ այդտեղ էր: Հիշում էր, թե ինչպես էր աթոռը մոտեցնում պահարանին, բարձրանում ու ձգվում ամենամեծ ծաղկամանի կողմը: Երբ ծնողները նկատում էին, ստիպում էին թաց թերթի կտորներով մաքրել մատնահետքերը: Գևը ձեռքը ետ էր քաշում, որովհետև չէր ուզում մատնահետքեր սրբել, ու հետո սենյակը դատարկ էր, ու թերթի թաց կտորներ չկային: Չէր դիպչում փայլուն մազերին որովհետև հեռախոսը դեռ աղջկա ականջի մոտ էր:
Հակակրանք էր զգում հեռախոսային գծի մյուս ծայրում գտնվող բաժանորդի նկատմամբ, որը, երևի, քաղցր-մեղցր խոսքեր էր փսփսում, ձեռքն էլ էդ ընթացքում դրել էր անդամին: Գուցե ծանոթներից մեկին առաջարկում էր բարձրախոսով լսել իրենց խոսակցությունը: Աղջիկն էլ մինչև ականջների ծայրը ժպտում էր: Բդերը բացել ու ժպտում էր: Բոզ: Խռուստալ-բոզ:
-Ապեր, մեր գործի տղեքից մեկին պատմեցի իրա մասին: Ճանաչեց: Ասեց` իրա հետ եղել եմ ու էլի մարդ եմ ճանաչում, որ իրա հետ ընգերություն են արել: Չգիտեմ: Մտքովս անցելա հանվացնեմ, մինչև գոտկատեղ: Տեղ եմ ման գալիս` հարմար: Կուպե, երևի, բառ, չգիտեմ: Մի բան ասա’:
Վերջին կոպեկներս մթերայինում պիվին եմ տվել: Ջեբերս դատարկ են: Չգիտեմ` ինչ անեմ: Եթե կարաս, ինչ որ բան, թեկուզ մի փոքր էլ օգնես: Շատա պետք, Ապեր: Ուզում եմ հանվացնեմ, մինչև գոտկատեղ, բայց մոտս կոպեկ չկա: Մի բանով օգնի:
Ինքը հիմա մորքուրի աղջկա տուննա: Սպասումա զանգիս: Ասել եմ` երկու հազար դրամ վերցրա քրոջիցդ կամ իրա մորից, վաղը կճարեմ կտամ: Բայց հիմա մոտս կոպեկ չկա: Ապեր, եթե բռնելու մասին չպատմեին, չէի էլ մտածի ու չէի էլ ուզի: Մենակ ձեռս ուսերին կդնեի ու վերջ: Ոչ մի բան: Հիմա չեմ կարա ուրիշ ձև: Սաղ մեջս խառնվելա իրար: էդ իրա նեղ ուսերը ու ճակատին կպած մազերը, թափած պիվեն, որ ասում են ուրիշների հետա քնում ու տենց լիքը բաներ գլուխսա լցվել: Ուղեղս պայթումա, չեմ կարում ուրիշ բանի մասին մտածել:
Մի բան արա, Ապե’ր: Հեռախոսիդ մեջ փող կա՞: Մի քանի հարյուր դրամ փոխանցի: Ձևը՞: աստղանիշ,  հարյուր քառասուն հինգ, աստղանիշ, իմ էս համարը, որ քեզ զանգեցի, աստղանիշ, ինչքան մտքովդ անցնի ու վերջում վանդականիշ: Մեռսի շատ, Ապե’ր: Զանգեմ իրան: Մեռսի;
Ալո~: Գալիս եմ: Դու’ս արի: Ի՞նչ: Չկա՞ր: Լավ մի բան կմտածեմ մինչև հասնես հրապարակ: Արի’:
Գևը իրեն նման կերպ երբեք չէր  զգացել: Ինչ որ շարժում էր ուզում նշմարել, ինչ որ փոփոխություն: Ու իրեն ստիպում էր անթարթ նայել աղջկա երկար խնամված ձեռքերին, մշակված, լաքապատ եղունգներին, փոքր ափի մեջ տեղավորված բջջային հեռախոսին: Հիմա ցուցամատը կշարժի, նույն դիրքում մնալուց դաստակը կհոգնի, արյունը կհոսի ներքև կամ աչքերը կթարթի: Գևն էլ դա որպես նշան կընկալի:
Նշան չկար: Շատ աննշան վիճակա` մտածեց Գևը: Իրեն շատ փոքր զգաց, բջջայինի չափ: Գլուխը հենեց աղջկա կրունկին` երկու ձեռքով գրկելով աղջկա պատուհանագոգից կախված ոտքը կոճի մասում: Մատները իրար չհասան: Աննշան-աննշան վիճակ` կրկնում էր, ինքն իրեն:
-Աննան լսում է, բարև ձեզ:
-Բարև… կներեք, ուզում էի հեռախոսիս սակագնային փաթեթը… սարքեմ գովազդի նման, 0 դրամ, ի՞նչ պետքա անեմ դրա համար:
-Ազատ շփում, անցման համար ձեր բջջայինից հավաքեք զրո, վեց, յոթ, չորս…
-Մի վայրկյան գրեմ… ըհը
-զրո, վեց, յոթ, չորս, զրո, ութ, զրո, տասնչորս և կանաչ կոճակը ձեր հեռախոսի վրա: Ձեզ պատասխան կգա կարճ հաղորդագրության տեսքով: Ներցանցային մուտքային զանգերը անվճար են, այլ բջջային և քաղաքային ցանցեր` հիսուն ինը դրամ: Հաղորդագրությունների արժեքը…
-Լավ, մեռսի շատ, Աննա ջան:
-Հաջողություն: Շնորհակալություն զանգի համար: