ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | Երևան Ռուբեն

Posted on Հոկտեմբերի 9, 2010

0


Փարպեցի
բարով-խերով աշխատում էի, այսինքն ճորտություն
սկզբում 250 հետո 450 դոլարով
ծախում ամիսս
միշտ ունենալով չբավարարվաոության զգացում
ինքս ինձնից դժգոհ
անտրամադիր
անփող
Փարպեցիից Կողբացի
Սի Էմ Այ
Ռուբենի մոտ
Մանգասարյան
վազքով հիմնականում
հոգեւոր սննդիս պակասը լրացնելու համար
հևիհև
միայն ես գյի պես
արագ
թեթև
սրընթաց
Փարպեցուց Կողբացի
Բուզանդի կողքով
պատմիչից պատմիչ
դարերի միջով
տասը րոպեում
շնչասպառ ներս
Ռու-բեն
ա-նա-հիտ
-կոֆե դնեմ
Ռուբենը
ֆոտոյիս դասատուն
կյանքիս դասատուն
որ հոժարակամ պապայություն արեց ինձ
ավագ սերնդի ընկերներիցս ամենահասանելին
ջերմագին
ժպիտով`
վազել ես,
հաաաաաաաա,
Ռուբեն, ինչ կա,
ոչինչ, քեզ մոտ,
ու ես արագ
եղած-չեղածս դարսդարսելով
սկսած մասնագիտականից գործից,
հետո արդեն նեղանձնական ընտանեկան
խռովքներս
գրականություն ֆոտո
թափում եմ
Ռուբենի
լիքը լուսե ժպիտի մեջ
Ռուբենը հոժարակամ ինձ մեջք կանգնեց
ասաց անահիտը լուսանկարիչ ա, երբ ես դեռ չէի էլ
մինչ էդ Էդուարդ Պալասանյանն ասել էր անահիտը պոետ ա
հետո պոետ լուսանկարիչ անահիտը
դասատու ընկեր պապա ռուբենին
պատմում պատմում պատմում է
Ռուբենը ավարտականիս օրը ձեռքս պինդ սեղմեեեց
երբեմն կատակով սուրճի բաժակ էինք շրջում
ու ես հիմար ու երջանիկ
երազում էի լուսանկար ֆոտովեպ իրական հերոսներով
դեռ չեմ արել
կանեմ գրենլադիայում
Ռուբեն
Ստամբուլի գիշերները հիշում ես
հյուրանոցի կտուրին
ղարսը բեյրութը
էսօր էրեխեքին պատմում էի
թե ոնց գիշերեցինք շիա արաբի տանը
զեյնաբենց
ռեստորանները
գիշերները
էս անահիտը որտեղ պատահի քնում ա
Ռուբեն օրորոցայինը
ուր մնաց
մեր հարբած երջանիկ օրերը խրատները խորհուրդները
գիտես կարոտել եմ
ախր
Կողբացուց Իսահակյան
կարող էի ոտքով էլ գնալ
բայց ճամփին մի երկու բան խոսում էինք
հիմա
պատուհանիս մոմ է վառվում
ու դեղին ծաղիկներ կան
քեզ համար են
չեմ հիշում