ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ | Գիշերային ստիխ

Posted on Հոկտեմբերի 13, 2010

0


կգա աշխատանքային օրը
առավոտ կանուխ քացի տալով կշպրտի անկողնուց
կհագցնի շորեր
կլվա ատամներս
կքայլի հետս մինչև կանգառ` համոզելով դուրս գալ վերջին երազից
ուր հետևողականորեն քուջուջ էի անում` քեզ գտնելու հույսով
հավատով, որ ծվարելու ուրիշ տեղ չունես
և սիրով, որ փողոցից չէի գտել,
բայց հատկապես փողոցում սերն անտանելի էր դառնում
գոռգոռում էր
վնգստում
կաղկանձում էր դառնորեն և հևում ուժասպառ,
երբ պատկերը քո վսեմ գրոհում էր, գերեվարում
և էշ-էշ գերիների փոխանակում անում
պատկերը քո վսեմ լրիվ ուրիշ էր, իմ նոր սեր

այնքան նոր, որ արժի գրել քո մասին հեզաճկուն մի երկու տող
անձրևային արարչությամբ
սիրադողդոջ և այլն

և էլի այնքան նոր, որ կես րոպեն մեկ հիշում ես, որ սիրտդ օրգան է
և ծակոցները ամենալավ սիրային զեղումներից առավել հաջող են ու համոզիչ

այնքան նոր, որ ավելի տաք ես հագնվում,
որովհետև կես րոպեն մեկ փշաքաղվելուց հետո դողդղում ես ու մրսում
և ուր է ասպետը քո, հս, ձիով կամ անձի,
որ գար ու տաքացներ քեզ
գազարագույն բլուզիդ պես` հավատարիմ ու սիրված

չափազանց նոր սեր, որ կես րոպեն մեկ ինձ
մոտ է կանգնեցնում տվայտանքներին սփյուռքահայության
դու այնքան հեռվում գտնվող հայրենիք ես, որ լացս գալիս է մեկ-մեկ
ու հատկապես փողոցում չես իմանում ինչ անել
կամ ուր խոթել գլուխս, երբ սերը բարձրաձայն և անամոթաբար
գոռգոռում է
վնգստում
կաղկանձում է դառնորեն և հևում ուժասպառ

դու չունես ոչ հասցե կամ հեռախոսահամար
ոչինչ չունես, չունես ոչինչ
և կարող եմ ազատորեն սիրել նրան
հանդուգն այդքան և կրքոտ

կգա, կգա աշխատանքային օրը`
կարմիր խնձոր բերողի անորակ հպարտությամբ
և գիշերային ստիխ ծնածի հոգնությամբ ու ցավերով

2010