ԱՐՓԻ ՄԱՂԱՔՅԱՆ | Երեք կին, որոնք ուզում են երջանիկ լինել

Posted on Հոկտեմբերի 17, 2010

0


— Տատ, ուրեմն քեզ մի հատ շատ խոխմա բան եմ պատմում, լսի: Մեր խմբի Աշոտի փոքր ապերը գնացել ա իրա տատիկի դիմացը կանգնել ու ասել. «Տատ, ոնց որ Դոդի Գագոյի թոռը լինեմ, չէ՞», հա-հա, տիպ ա չէ՞, պատկերացնում ե՞ս:
— Ի՞նչ ա ասել: Տեր Աստված…
— Ի~, խնդալու չի՞:
— Եսիմ, Լիլիթիկ ջան:
— Տատ, խնդալու ա, մնգոյում սաղ դասատուները ուշքից գնացել էին: Մենք էլ էնքան էինք ծիծաղել, հա-հա:

— Բալես, ի՞նչ եք կերել մանկապարտեզում էսօր:
— Չեմ ասի, դե, էն իմ ամենաչսիրած ճաշը, էլի հենց:
— Գնանք, գնանք շուտ հասնենք տուն, բալես:
— Նայի, մեր խմբի Էլենն ա: Տատ, ես էլ եմ բանան ուզում, արի գնանք խանութ:
— Սիրուն ջան, փող չեմ վերցրել:
— Դու էլ ամեն անգամ փող չես վերցնում, իսկ ուրիշները միշտ վերցնում են:

Կինը բացեց պայուսակը եւ, իմանալով որ փող չի գտնի, սկսեց փնտրել: Աչքերը թրջվեցին, շրջվեց երեխային մեջքով ու շուտ մաքրեց: Երեխան ջղային քաշեց փեշից: Քայլեցին: Բարի ժպիտով երկու կին մոտեցան:
— Դուք ուզո՞ւմ եք երջանիկ, բարեկեցիկ կյանքով ապրել: Ուզո՞ւմ եք Աստված միշտ ձեզ հետ լինի:
— Չէ: Չենք ուզում,- քաշեց թոռնիկի թեւից: Կանանցից մեկը հասցրեց գունավոր մի գրքույկ մտցնել երեխայի ձեռքը:
— Էդ ի՞նչ ես անում, հեռու գնա էրեխուց,- երեխայի ձեռքից քաշեց գրքույկը ու շպրտեց ժպտացող կնոջ ձեռքերին: Լիլիթիկը տեսավ, թե ինչպես գունավոր գրքույկը դիպավ կնոջ մեծ կրծքերին:
— Էդ ո՞վքեր էին, տատա:
— Անխելք ծյոծյաներ:
Գնանք տուն, շուտ հասնենք, որ ճաշ ուտես, բալես, չի կարելի սոված մնալ:
— Տատ, ուզում եմ մամայի սովորացրած ոտանավորը ասեմ, ասե՞մ
— Ասա, բալես, մենակ թե, հիշիր, բանաստեղծություն ա, ոտանավոր չի
— Հա, Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների… տատա, մեր խմբի Միլենային իրա պապան ա գալիս տուն տանում, բա իմ պապան ո՞ւր ա:
— Ի՞նչ:
— Իմ պապան ո՞ւր ա:
— Լիլիթ ջան, բանաստեղծությունդ վերջացրու, ինչքա~ն սիրուն սկսել էիր:
— Ես էլ եմ ուզում, որ ինձ պապա վերցնի մնգոյից, իմ պապան ո՞ւր ա:
— Մամայիդ կհարցնես:
— Էլ դու չգաս ինձ մնգոյից տուն բերելու,- ներքեւի շրթունքը կախեց աղջիկը:
— Էղավ,- ջղային պատասխանեց տատը:
— Բութիկներս սեղմում են:
— Քաղցր ջան, մաման աշխատանքի ա ընդունվել, հենց աշխատավարձ տան, առաջինը քեզ կոշիկ կառնի, էղա՞վ, թռի գրկեմ, թռի՛, մեռնե~մ քեզ:
— Միլենայի կոշիկներից թող առնի` կարմիր ծաղիկներով:

***

— Բայց, ախր, երկու ամիս փորձաշրջան անցա, չէ՞, ասել էիք` ամեն ինչ լավ ա,- զայրացած ասաց շատ սպիտակ մաշկով, երիտասարդ կինը:
— Ցավում եմ: Եթե հարմար գործ ունենանք, կզանգենք: Իմիջիայլոց, շուտով ընտրություններ են, գիտե՞ս` ում ենք սատարում: Եթե դու էլ ընտրես…,- ատամփորիչը բերանում պահած` շրթունքների արանքից ծոր էր տալիս տնօրենը:
— Երկու ամիս ձրի աշխատեցի, որ հետո ասեք` մեզ պետք չե՞ս,- գոռաց կինը:
— Դու գիտեիր պայմանները: Իմիջիայլոց, փորձաշրջան` չի նշանակում աշխատանքի ընդունվել: Ինչ-որ բան ես խառնում, աղջիկ ջան: Ես էլ ժամանակ չունեմ, դուրս արի, դավայ,- կարմրեց հիսունն անց, կաթնագույն վերնաշապիկով տնօրենը:
— Ախր, ես փոքր երեխա ունեմ, ես եմ տան միակ աշխատողը,- փոքրամարմին կինը նստեց աթոռին, ձեռքերով փակեց դեմքը: Խոնավ բեղերով տղամարդը քորեց մեծ, կլոր փորը: Վերնաշապիկի վրա ճաշից կաթացած երկու յուղոտ հետք կար:
— Հանգստացի: Ես չգիտեի, որ երեխա ունես: Խի քանի՞ տարեկան ես:
— Քսաներկու:
— Ամուսինդ ի՞նչ ա անում:
— Գնաց Ռուսաստան` փող աշխատելու, էրեխեն նոր էր ծնվել: Լսել եմ` ամուսնացել ա. Ռուսաստանում արդեն երկու երեխա ունի,- ցածր ձայնով, գլուխը կախ պատմեց կինը:
— Ա~, լավ չի, լավ չի: Դե, հո քեզ էդպես չե՞նք թողի: Օգնել ա պետք: Բա էրեխուն ո՞վ ա պահում:
— Մայրս:
— Հերդ ի՞նչ ա անում:
— Հայրս մեկ տարի ա` մահացել ա:
— Ա~, լավ չի, լավ չի, ախր ես գիտեի` դեռ էրեխա ես, պարզվում ա` դու էրեխա ունես, է~, լավ չի, լավ չի, — տղամարդը մոտեցավ աթոռին, որի վրա նստած էր կինը, երկու ձեռքերով բռնեց ուսերը:- Տակ, ուրեմն հասցեդ ունենք, էսօր ժամը տասն անց կես կլինեմ ձեր տան մոտ, պատրաստ կլինես, կգնանք մի տեղ, հաց կուտենք ու կմտածենք` ոնց ենք քեզ օգնելու: Էղա՞վ, սիրուն ջան: Չմտածես: Գնա տուն, հանգստացի, մի հատ դուշ ընդունի, հո սենց չենք թողնի քեզ` մենա~կ, վա~տ վիճակում:
Կինը ուսերի արագ շարժումով հրեց տղամարդու ձեռքերը, որ մոտեցել էին կրծքերին: Տղամարդը արագ կռացավ, ու բեղերը խրեց կնոջ պարանոցին: Կինը ծակծկոց զգաց, ճաշի ու քրտինքի իրար խառնված հոտ: Վեր թռավ: Առանց նայելու տղամարդու աչքերին` սենյակից դուրս փախավ:
— Տաս անց կես, չմոռանաս,- լսեց հետեւից:

Քայլում էր փողոցով, թե վազում` ինքն էլ չգիտեր: Շորի թեւքով մաքրեց թքոտ վիզը: Ուզեց լացել, նստել հենց էդտեղ` փողոցի մեջտեղում, մի ինչ-որ քարի ու լացել: Ոտքերը դողում էին: Պարանոցից տնօրենի կերած ճաշի հոտն էր զգում: Հանկարծ հիշեց ամուսնուն, որ սիրում էր համբուրել իր պարանոցն ու կրկնել. < դաշտի ծաղիկների հոտ ունես>:

Երթուղային կանգնեցրեց, բարձրանալիս գլուխը ուժեղ խփեց դռան վերեւի երկաթին. ցավ չզգաց: Ինքն իրեն հանգստացնելու համար աչքերը փակեց, մտքում սկսեց հաշվել: Երբ հասել էր հարյուր հիսունութին, երթուղայինում ռադիո միացրեցին.
— Ախպեր ջան, ձայնը կբարձրացնե՞ս,- ձայն տվեց վարորդին մի տղամարդ:
— Ի՞նչ պիտի ասեն, ոնց որ չգիտեք, էլի~. Հայաստանում ամեն ինչ լավ ա, աշխատատեղեր են բացվում, քաղաքն են շենացնում, աղքատությունը եռկրից բացակայում ա, մի խոսքով` բառգավաճող եռկիռ,- ռուսական առոգանությամբ ասաց հնաոճ, մեծ ականջօղերով, վաթսունի մոտ մի կին:

Երիտասարդ կինը սթափվեց: Նախ` զարմացած նայեց շուրջբոլորը` երբ ինքը բարձրացել էր, երթուղայինում մարդ չէր եղել, բացի մի դպրոցական երեխայից, հետո նայեց դուրս: Ճանապարհը անծանոթ թվաց:
— Վայ, սխալ եմ նստել: Էս որտե՞ղ ենք:
— Կոմիտաս, թեքվել ենք դեպի Դավթաշեն:
— Կանգնեք, հա՞:
Ոտքով քայլեց ուղիղ յոթ կանգառ` Զեյթուն: Մտավ խանութ. հաց, մակարոն առավ: Հիշեց, որ երեխային բանան ու շոկոլադ էր խոստացել. հաշվեց մնացած փողը:
— Մի հատ բանան կշռեք:
— Աննա ջան, բան ա՞ եղել, մի տեսակ ես,- հարցրեց վաճառողուհին:
— Չէ, ուղղակի հոգնած եմ:
— Հա, մամադ ասել ա` գործի ես ընդունվել: 150 դրամ, ազիզ ջան:
— Քսան դրամ պակաս ա, ոչինչ չէ՞, հետո կտամ:
— Հա, հա, բան չկա, կգումարեմ անցած ամսվա պարտքին: Աննա ջան, ամիսը փակելու ժամանակն ա, էս երկու օրը կբերես, էղա՞վ:
— Անպայման,- ժպտաց կինը, բանանը տեղավորելիս տեսավ, որ ձեռքերը դողում  են:

***

— Աղջիկ ջան, ի՞նչ էղար, էս խի՞ սենց ուշ,- դուռը բացեց մայրը:
— Մի քիչ ման էկա, մամ: Լիլիթը քնել ա՞:
— Նոր քնեց: Սոված ես, անցի խոհանոց: Լսի, բալոնի գազը վերջացել ա, մակարոնը պլիտայի վրա եմ սարքել: Այ ախչի, էս ինչի՞ ես սենց հալումաշ եղած:
— Երկար եմ քայլել: Բանանը տանեմ դնեմ անկողնու մոտ, առավոտյան կարթնանա, կուրախանա:
— Լույսի մարդն էր էկել առավոտյան: Եթե վաղը չմուծենք, կանջատի: Ես չհասկացա, վերջը դրանք քեզ ե՞րբ են աշխատավարձ տալու: Էդքան ձրի աշխատել կլինի՞, այ բալա:
— Մի մտածի, մամ ջան, ամեն ինչ լավ կլինի:
— Տո, էս ինչ երկիր ա, Տեր Աստված, էդ ի՞նչ մեծ մեղք ենք գործել նախկին կյանքում, որ մեզ էստեղ էս ուղարկել:
— Մամ, մի սկսի էլի, խնդրում եմ:
— Այ բալա, ո՞նց չսկսեմ, էրեխուդ առաջ սաղ օրը ժպտում եմ, կապիկություն եմ անում` իբր ամեն ինչ լավ ա, բա որ քո մոտ չխոսեմ, էլ ինչ անեմ, գլուխս որ մի պատով տամ: Եղիշ, ինչի՞ գնացիր էն աշխարհ, ո՞ւմ թողեցիր մեզ, հը՞.. ո՛ւմ, ո՞ւմ: Էրեխես տանջվում ա, էդքան պարտք ա գլխին հավաքվել, քո քարը դեռ չենք դրել…, ա~յ, մենք ո~նց էինք պահում մեր աղջկան, հը՞, է՞ս կյանքի համար ենք աղջիկ մեծացրել, հա՞, Եղիշ, ամոթ քեզ, ամոթ, Եղիշ…
— Մամ ջան, խնդրում եմ, վերջ տուր, էլի: Ամեն ինչ լավ կլինի:
— Էդ տելեվիզորի բառերով էլ հետս չխոսաս` ամեն ինչ լավ կլինի~…
— Մամ ջան, մի լացի, վեր կաց, ջուր տաքացրու` մտնեմ լողանամ: Էսօր կարեւոր տեղ ունեմ գնալու: Կոլեկտիվով գործնական ընթրիքի ենք: Տաս անց կես պիտի պատրաստ լինեմ: