ԹԱԴԵՎՈՍ ՉԱՐՉՅԱՆ | Բանաստեղծություններ

Posted on Հոկտեմբերի 25, 2010

0


ՄՏԱՍԵՐՈՒՑՔ

Անքնությունս խավար է տենչում,
Նորից թաքնվել մթի ստվերում,
Արթուն հետևել մտքիս խառնանքին,
Ուր էությունը բնույթ է դառնում,
Ուր բնությունը էլ չի հանդուրժում
Բեմական լույսի աղճատումները,
Քմծիծաղում է հենց աչքերիդ մեջ,
Նույնիսկ կորացած ծնկի է բերում,
Մատուցում ստվերոտ աղոթաթղթեր,
Ուր իրականության անեծքն է երգում,
Ուր ելևէջներն այնքան ծանոթ են,
Որ գոռալն անգամ անմիտ է դառնում,
Եվ այդ պատրանքի ճշգրտության մեջ
Մտքում մի անհայտ աղոթք ես մեկնում,
Որի լռությունն ունի համառում
Ու կրկնվելու հանդուրժող ներում…
Նորից լուսաբաց…
Անքնությունս լույս է որոնում…

ԳԻՇԵՐԱՍԵՐՈՒՑՔ

Գիշերը նորից մարմինդ կնքեց…
Գիշերը կրկին քեզ ինձնով կնքեց
Ու այդ կնունքից խաչվեցին շուրթեր,
Բոսոր պատկերներ, սիրածին կրքեր,
Թաքուն մրմունջներ,
Որ բառեր չունեն,
Անտես հայացքներ,
Ջրածին հոսքեր,
Որտեղ կրակը չի մարում երբեք,
Ուր միայն բույրը… խելացնոր է`
Վառված գիշերով,
Գեշերը մեզնում…
Ու մենք կրակված,
Գիշերը մեզնում կնունք է մոմել,
Գիշերը քեզնում սերուցք է հորդել,
Որի ծնունդը ես եմ արարել,
Գիշերն էր հուշել…
Որը կերտեցինք խավար արբանքում,
Որը դուրս հորդեց ինձնից ու քեզնում,
Որը գիշերի թովչանքն էր կրում…
Խավարի ստվերում կաթոցը լսվեց,
Աչերիդ քողում հայացքը թմրեց,
Ձեռքերիս սահքից մրմունջդ լռեց,
Շնչիս բորբ եռքից շուրթդ գալարվեց,
Ուր անկարելի էր այլևս լռել,
Լռեցիր միայն համբույրիս ճիգով…
Ու պահը ձոնվեց…
Գիշերը վառված կրկին է գալու,
Ցնորված սիրուց մեզ է գրկելու,
Իմ պիրկ գալարքում քեզ է հյուսելու…
Մեր գիշերները` սերուցք սերելու…

ՄԱՅՐԱՄՈՒՏԻՑ ՄԻՆՉ ԼՈՒՍԱԾԵԳ`
ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔ ՏՈՂՈՒՄ

Մայրամուտից մինչ լուսածեգ
Հոգիս մի անխոնջ խառան,
Կլանեց կապույտը մուգ,
Ու հիմնեց ներսս խորան,
Որտեղ զոհեր չկային,
Ուր անդորր էր տիրում`
Պարուրված իմ գիշերով,
Լցված իմ բորբ սիրով…
Մայրամուտից գիշերակես
Մութն աչերս կապեց,
Բայց գիշերի լույսը
Հոգիս ջերմով թովեց,
Բույրն աստղերի հիմնած,
Լուսավորվեց բույրով,
Խաղը շիկնեց ներսում,
Բոցը տվեց երկնին,
Ու երկունքում երկնի
Ծնվեցին բորբ ստվերներ,
Որտեղ արարիչն էի ես,
Ուր կային արարվածներ…
Գիշերակես… ու լուսածեգ
Բացված գաղտնի հորիզոններ,
Ուր գիշերում կային գույներ,
Լույսը դրանք ցրեց …
Եվ բազմագույնը հոգուս
Ձուլվեց երանգին լուսո,
Ու ճերմակ բիլի ներքո
Ծիածանեց հոգիներ…
Անուրջն էր սա լազուր,
Կամարն` իմ ու մութի,
Մտացածին խաղի,
Անիրական սիրո,
Տողատակված կյանքի…

ԶՈՒՍՊ «ԻՆՔՆԱՔԾՆԱՆՔ»

Եվ իմ անդարդ հորիզոնը մթագնեց մի պահ,
Որի անուրջում կուտակվել էին բողոքի էջեր,
Ու իմ հողե տակառների պահոցում շշուկ գոյացավ,
Որում դատարկությունն էի փոխ տվել մենությանը,
Մենակ ու դատարկ` մարդկային պատմության հատակը,
Դրանցով բավարարվելը` մարդկային խեղաթյուրման ողբերգությունը:
Իսկ լինու՞մ է խեղաթյուրել ողբերգությունը…
Ասենք, աչքերի բութ հայացքով ու մատների անիմաստ ելևէջումով
Ինքդ քեզ համոզես, որ երջանիկ ես,
Ավելին` դժբախտ չես, առավել ևս` գոնե հիասթափված չես այդ մտքից…
Կամ փորձում ես դիմացինիդ հայացքում տեսնել քո ապուշ չլինելը:
Բովանադակությունս գրքի առաջին էջ չէ, բնավ,
Հետայդու շարունակությունը կրկին բովանդակություն է,
Փնտրտուքի լուռ, բայց հախուռն բովանդակություն,
Որտեղ պատճառաբանված հղումներ եմ կատարում…
Ավիցեննային, Նարեկացուն, Կոնֆուցիոսին ու էիլ… չեմ հիշում ում…
Տարբեր աշխարհների ու մտահորիզոնների նման խառնուրդը
Բացատրվում է իմ` չսխալվելու կամ մեղքս թուլացնելու մտավախությամբ,
Նրանք հո այդքան չէի՞ն սխալվի կամ գուցե՞ իմ կողմից է սխալմունքը`
Մեջբերումների նման աստղացույցը չի՞ հարաբերվում տողերիս մանրությանը,
Համենայն դեպս, արդեն համարձակությանս տուրք եմ տվել,
Պատճառը` այդքան ծեծված մենությունն է, ուժեղ զգալու մի կարճ պահի որոնում,
Որը կարող է գեթ մեկ կարճ ցոլքով հասու դարձնել ինձ ու նրանց…
Եվս մեծամտություն նկատեցի (իսկ դու՞ք)` ինձ ու նրանց, բայց չեմ հանդգնում,
Նորից մնալու, գոյատևելու պայքար կամ ցանկություն…
Գոնե նրանց անունները մտաբերելու համար կթերթվեն էջերս:
Մտախոհումները ծակում են մտքիս բարձրությունները
Ու նորից ստիպված եմ գամվել սրանում` իրական տեղի ու ձևի էության մեջ,
Որտեղ խաղաղության միակ գրավականը սերն է` առ… քունը,
Երբ չգոյության շղարշն արտահայտվում է միատոն կամ նոպայիկ շնչառությամբ,
Երբ ներս մտնողին գոնե կարող ես համոզել, որ քնած ես,
Երբեմն` ցուրտ միայնությամ մեջ կրունկդ բաց` ցուրտը իբր չզգալու խաբկանքով
Կամ անտեղի հիստերիայով` թե երազիդ մեջ մտքերդ կամ քեզ բռնաբարում են…
Ամեն դեպքում, հաղթված ես քնով և չես էլ դիմադրում,
Պայքարն այլ հարթություններում է` արթմնի, բայց ու՞ր էր թե գոնե ուրիշի հետ…
Ինքնագոյը քննության է առնում տեսիլքներդ, ապացուցում իրականությունը,
Բայց դրանում պայքարը պսակվում է անհաղթելիությամբ ու… էլի մնում ես մենակ`
Դու քո աչքում տեսիլք, դիմացինի աչքում` հիմար, մի երրորդի` թոզ,
Որի ավանդական գիտակցումը երբեք նոր իմաստավորում չի ստանում…
Բայց… երջանիկ ես, քնած ես` կոծկված փալասի շքեղության տակ,
Շնչիդ ու մարմնիդ` երբեմն ոչ այքան հաճելի բույրը զգալով,
Բայց չես խորշում, ագահաբար ծծում ես, քանի որ քոնն են,
Ուզում ես առավել լավ հասկանալ վիճակիդ ու գոյիդ պարունակությունը,
Անզորությունը, հակակրանքը կամ, ոմանց համար, տհաս երջանկությունը,
Ուզում ես գեթ մեկ վայրկյան հիասթափվել ինքդ քեզանից…
Ավաղ, հանգումը կրկին ձևավորվում է եսիդ մեջ, օտարումով…

ՀԵԹԱՆՈՍ  ՍԵՐ

Լռեց արցունքը հրո ծարավից,
Ու մարեց պահը մրմունջի վազքից,
Հոսեց արևը մեր սիրո շեմից…
Ու պատվեց սերը լռության խոսքով,
Հալչեց արևը մեր սիրո ցոլքից…
Երկու լուսիններ գիշեր վառեցին,
Այրող գիշերում սրտեր բոցվեցին,
Կապույտ շղարշում կանաչ արարվեց,
Ուր նկարվեցին երկու պատկերներ,
Միմյանց ձուլվեցին տարբեր երանգներ:
Գունային խաղը մեզ կուրացրել էր,
Անտես աչքերում արձան էր դաջվել,
Որի հյուլեում կային աստվածներ,
Սիրո ու կրքի մերկ մատռվակներ,
Ակունքից սերված բոսոր կամարներ`
Առագաստ սիրո շուրթերից հյուսված,
Համբույրի բոցից առուներ առած…
Ու շուրջբոլորը նույնական խաղ էր,
Բայց մեզ թվում էր` նմանակում էին.
Մեր պալատները պատուհան չունեին,
Մեր սիրո կոչը սահման չէր գծել,
Մեր կամարները բուրում էին կրքով…
Իսկ ինչու՞ մենք ու ինչու՞ մեզանով…
շարունակելի…
իսկ հետո ի՞նչ եղավ
Հրակերտ թովչանք ու բոսոր կրակ,
Ջրակերտ պարից բնություն հյուսված,
Կանաչ ակունքից երկինք մխրճված,
Երկնային խաղից երկինք արարված…
Ուր հողն է սերում միայն կանաչներ,
Ուր լեռն է կանգնում սիրո կատարին,
Որի ստորոտում աշխարհն է հառնում,
Ուր աստվածային նիրհն է խաղաղվում,
Շունչն է պարուրվում քարակոփ ժայռին,
Բառն է խառնվում ծիրանի ոսկուն,
Ու դառնում հյութեղ, սրահոսք, տոկուն,
Սերն է թուրմ ձոնում համի շառաչին,
Ու հնչում լույսի կարոտ մեղեդին,
Խաղաղ ու հանդարտ` կոչ նախնիներին,
Որ կան դեռ սերմեր` ցանված պարարտում,
Որ արևաբույր ծիլեր են հեղել,
Որ գագաթել են ծաղկե պսակներ,
Ծփացող հասկեր, զմրուխտ առուներ,
Հոսող ծփիներ` գորով գուշակող,
Ու աստվածների լուռ համակրանքով,
Իսկ ինչու՞ մենք ու ինչու՞ մեզանով…

ԱՆԱՎԱՐՏ…

Կաթիլը մարեց հոգուդ մրմունջում,
Արցունքս լռեց այտիդ թավիշում,
Համբույրս վառվեց շուրթիդ ցնորքում,
Ու կյանքը մարեց աչերիդ քողում…
Հայացքից հոսող առվակ գալարվեց,
Ու քեզ ընկղմեց իմ ջրպտույտում…
Ու դու նայեցիր կանգուն մի կետի,
Ու դու լռեցիր վերջին կետերից,
Որտեղից հոսքը դադարեց ցավից,
Ուր թավջութակը լռեց լարվելուց,
Կտրեց մեղեդու օդային սանձը…
Ու լարախաղաց մեր կապանքները
Քամվեցին սիրո թռչող թրթիռից,
Հալչեցին քեզնում ու իմ մեջ…

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍԵՐ

Արբել եմ ուզում հայացքով, շնչով,
Ապրել եմ ուզում քեզանով, քեզնում,
Մարել եմ ուզում քո կրքում, գրկում,
Սիրել եմ ուզում, բայց ոչ քո ստվերում,
Թաքուն, ամոթխած, բայց ոչ ստվերված,
Լեցուն ու խինդով` գարնան թովչանքում,
Ուր դու ինձ կասես անհասկանալին,
Ուր դու կխոսես հառաչանքներով,
Որոնց շեշտերի բուն էությունը,
Կխնդրես, որ ես չափեմ ու չափ տամ…
Դե ի՞նչ… հաշիվը գնաց…
Մտքիս ցոլքերի շղարշի ներքո
Թաքստոց են գտել
Ու միշտ խաբում են և ինձ, և թե քեզ,
Երբեք հարյուրից ավել չեն անցնում…
Համրելն ինձ համար դժվար է դարձել,
Ու մեկ էլ տեսար սիրո կրակում այրեցի նրանց,
Եվ դու միամիտ առաջարկեցիր նորից սկսել,
Իսկ ես հանդուգն համաձայնեցի…
Ու գարնան գրկում…. արբել ենք ուզում,
Երկնքի ստվերում դաջվել ենք ուզում,
Ուր պատկերը մեր անէ կդառնա,
Որին նայողը լիցքեր կտեսնի,
Խաղեր անկանոն, զուգահեռ, հատվող,
Մեր թրթիռները օդը կչափեն,
Մեր հաշվարկները նայողը կանի…
Գարնան թովչանքում սիրվել եմ ուզում…