ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ | Բանաստեղծություններ

Posted on Դեկտեմբերի 2, 2010

0


***

Բելլա Ախմադուլինային

Կորավ լույսի մեջ
ստվերդ երեկ՝
բախտի շրջադարձ ,
այսքան ակնառու,
հեռացող օրը
թռչուն էր թեթև
հորիզոնն անցել՝
հետ չէր դառնալու:
Լույսի պես պայծառ
ճերմակ ինքնություն
եկավ ու գնաց
աչքերը վեհին,
կյանքից  խոկացող
բառդ էր հաստատվում,
որքա՜ն հմուտ էիր
խաբում դու մահին:
Սին ու անցողիկ
օրերին տվեցիր
բերկրառատ սերդ,
որպես հավաստում,
բարկ կրակներով
կյանքը ջերմացրեց,
ի՜նչ կա աշխարհում
սրանից բացի:

29.11.10

Բանաստեղծություններ «Ասուպի ցոլք»գրքից

***

Եղել եմ երբևիցե
Բացում եմ լուսե օրերիս շղթան
ու  երգեհոնի սահուն նվագի ներքո
հաշվում եմ հյուսքը իմ ողջ օրերի,
հանդիպում եմ քեզ՝որպես ուրացող
Պետրոս առաքյալ,
ու ես նորօրյա խաչված մի Հիսուս,
է՜,օրե՜ր, օրե՜ր իմ գունեղ կյանքի,
ինչպե՞ս ապրեցի, ինքս էլ չիմացա,
ու կասկածում եմ իմ գոյի վրա:

***
Չգիտեմ ինչու,բայց ինձ թվում է՝
հարազատ ես ինձ ու շա՜տ-շա՜տ մոտիկ,
չգիտեմ ինչու,բայց ինձ թվում է՝ հաճախ
գուրգուրել ես ինձ,և շունչդ այնքան
մոտիկ է եղել,հաշվել եմ սրտիդ
ռիթմերը մեկ-մեկ,
չգիտեմ ինչու,ինձ թվում է,թե
լոկ իմն ես եղել,ինձանով ես դու
իրական դարձել,մարմին ես առել,
բայց ինձ խաբելով անդարձ գնացել:

***

Իմ գոյության համար մարտի ելած,
իմ կյանքը սակարկած սատանա ու Աստված
մութ գիշերախորշի բավիղներն են
դարանել՝լույսի ոգեկոչման համար,
հին հիշողություն կա հյուլեներիս մտքին՝
իսկությունն իմ կենաց ոգեղեն պար է՝
բախտախաղին տանուլ չտված,
սեր, ուսմունք,ծաղիկ ու վայելք գտած՝
մահն աչքաթող եմ արել՝հաճոյացել կյանքին՝
նյարդերս ստեղներ են ՝հունչը նոտայագրված
նվաղումներով գոյիս,
և լացից ու տխրությունից,անկումներից իմ բազում
նախընտրելի է իմ ժպիտը կենսախինդ ՝
ես սիրառատ հոժարությամբ
կենաց դժնդակ ձեռքերին եմ հանձնում
նյարդերն իմ՝տես, ի՜նչ հմուտ են մատները վազում
ճերմակ ստեղներիս,տես,ի՜նչ երգեցիկ են
օրերս դառնում ձեր շուրթերին…

—————————————————————

Ծնվել է Ջավախքում: 1987թ. ուսանել Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետում: Տպագրել է երկու գիրք «Ասուպի ցոլք» 1997թ և «Ես արքայադուստրը չեմ կյանքի» 2004թ  (Երևան, «Նաիրի» հրատարակչություն) վերնագրերով: Առաջին գրքի ռադիոհաղորդագրությունը 1997թ. կայացրլ է «Ասուպ»հաղորդաշարը՝ Մարտին Պետրոսյանի և Նանար Աբաջյանի մասնակցությամբ: Ապրում է ՌԴ Տյումենի մարզի Սուրգուտ քաղաքում: