Անեթ / Բանաստեղծություններ

Posted on Հունվարի 28, 2011

0


Ցավի համը

Թող անջատվի ուղեղը իմ,
Թող պոկոտվեն անոթներս,
Որ ձուլվել են քո մատներին.

Թող դադարի սիրտս բախել,
Ու դադարի կուրծքս դաղել.

Թող վերանա ամեն տեսակ կապվածություն`
Կիրք ու կարիք, սեր ու սպասում.

Թող չքանան ժպիտները`
Քմծիծաղող աչքեչիս դեմ,

Ու մահանան բյուր ու բազում կորուստներս,
Որ գտել եմ ճանապարհիս…

Թող անջատվի ուղեղը իմ,
Թող դադարի սիրտս բախել,
Որ ես չզգամ համը ցավի
Կամ ցավեցնել կարողանամ…

Գնաս բարով

Դու ասացիր,
Թե չես կարող ինձ էլ տանել.
Ես չգիտեմ` այդ ամենից ավելի շատ
Ես խենթացա, թե այրվեցի…
Թե հարցնեիր`
Գուցե ես ել քեզ ասեի`
Չեմ գա քեզ հետ,
Ու դրանից ես կայրվեի
Պակա’ս անշուշտ…
Ես էլ գիտեմ,
Որ ճամփեքը մեզ ըսպասող
Շա’տ են տարբեր,
Բայց իրա±վ է այդպես կտրուկ սահմանելը.
Դու ինձ երկրից տարար երկինք,
Իսկ հիմա էլ երկմտու±մ ես
Մի կարճ ճամփա տանես , տե ո±չ
Ինչ է, թե այդ ճանապարհը կյա±նք է կոչվում.
Ես չգիտեմ` նկարածս արեգակը
Կարմիր ներկեմ, թե վարդագույն,
Իսկ ինձ համար
Դա, հավատա’, կարևոր է…
Երկնքի մեջ մի աստղ է ինձ պարզ երևում,
Ա’խ, թե այդքան պարզ երևար
Վաղվա օրվա անելիքս.
Ես կանգնած եմ տան տանիքին,
Տանիքից էլ բարձր մի հարկ,
Որ մեծի պես
Մի մանկական հարցի շուրջ եմ դեռ մտածում,
Մինչդեռ ինքս անգիր գիտեմ
Այն մեծ հարցի պատասխանը`
Մենք ինքներս մեզանից էլ ենք սարսափում,
Երբ քաղցած ենք…
Ես կարող եմ չսարսափել իմ կարոտից,
Բայց քո վախից ես թերևս սարսափում եմ.
Թե կա մի բան, ինչի համար ափսոսում եմ,
Դա քո սերը չպաշտելն էր,
Երկու ձեռքով չկառչելն էր, երկնչելն էր,
Մնացյալը, Աստվա’ծ վկա, շատ էր տեղին…
Դու ինձ երկինք տարար երկրից,
Իսկ հիմա ես ազատում եմ քեզ ինձանից,
Ես ուզում եմ,
Որ դու, հոգի’ս, անհոգ լինես.
Թե գնում ես` մի’ հեռացիր խղճի խայթով,
Դու ազատ ես թռչնի նման,
Գնաս բարով…

Ժպիտներից մեծագույնը

Դու ցցվել ես կոկորդումս հուզախռով լացի տեսքով
Ու գալիս ես լոկ անպատեհ ժամաակի`
Ծիծաղիս մեջ ներխուժելով կամ հեգնանքս կիսատելով…
Երբ այգը գա,
Ես կհագնեմ իմ ունեցած ժպիտներից մեծագույնը
Ու կքայլեմ փողոցներով`
Որոնելու իմ կորցրած ուրվականը,
Կամ ժպիտը ուրվականիս,
Որն, իրավա’մբ, իսկական է…
Դու ցցվել ես իմ սրտի մեջ խոփի տեսքով.
Ու թվում է, թե սիրտը իմ
Իմ իսկ կրծքից տարբերակող անջրպետը ավիշ է լոկ…
Ես ուզում եմ քո ափերը ջնջել ինձնից
Կամ իմ մաշկը քեզնից քերել,
Որ էլ չզգամ գոյությունդ,
Որն, իսկապես, ինձ ներսից է թունավորում…
Ինչ ունեցանք, վաղու’ց գուցե պիտի անցներ,
Բայց չէ± որ ես
Թե’ ժպիտս ու թե’ հոգիս քեզ տվել եմ ազնվորեն…
Երբ այգը գա,
Ես կհագնեմ իմ ունեցած ժպիտներից մեծագույնը
Ու կքայլեմ…

Լուսաբաց

Երբ լույսը բացվեց, ես ուրախացա,
Երբ որ նայեցի հայելուս մեջ
Ու դեռ ինձ տեսա…
Երբ խավար էր, մութ,
Ես տեսնում էի,
Որ մարմնիս մեջ
Մի մարդ է մեռել,
Ու դիակը այդ` բուրելով դանդաղ`
Թունավորում է իմ թթվածինը…
Երբ լույսը բացվեց, ես ուրախացա,
Երբ որ ամպերը հատ-հատ լողացին,
Երբ արևները քամեցին ինձնից
Անցած գիշերվա սարսուռները խորթ.
Երբ քամիները ինձ այցի եկան մխիթարելու
Ինչ-որ հարազատ կորստի համար,
Անկեղծ զարմացա,
Նույնիսկ զայրացա`
Այդ ի±նչ կատակ են քամիներն անում,
Մի±թե նրանք էլ խենթանալ գիտեն…
Երբ լույսը բացվեց, հանկարծ հասկացա,
Որ առավոտը բարի է այնքան,
Որ նա ներում է մեղքերը բոլոր…
Երբ լույսը բացվեց, ես ուրախացա,
Ամուր գրկեցի լույս առավոտը…

Լույս շաղախ

Իմ մեծագույն սեր, իմ կարոտ վերջին…
Ես եղունգներով գիշերն եմ քերում,
Որ այն վերջանա,
Ու իմ աչքերը հավատով լցվեն…
Իմ վերջին երազ, իմ հույս լուսեղեն…
Ես րոպեներով դարերն եմ չափում,
Ու իմ քայլերով
Մեր միջև ընկած օվկիանը անծայր
Կրճատում եմ ես…
Իմ ցնորք վերջին, իմ մեծ խենթություն…
Ես սարսափում եմ
Մեջս դեռ ապրող հետքերդ թողած
Կորցնել ընդմիշտ,
Ու վախենում եմ, որ մեռնեն իմ մեջ
Դեռ չխզբզած տողերս անգույն.
Ձեռքս էլ թղթին չի ուզում դիպչել,
Ձեռքս` խավարում,
Թղթի ճերմակի կամ լույսի առջև շա’տ է խեղճացել…
Իմ կարոտ անտուն, իմ ցասում անդեմ…
Այս կյանքի ախտի ու աղբի առջև
Մի ըմբոստ եմ ես.
Շուրջս` մութ-խավար, ներսս` խավարած,
Բայց հոգուս միջի կրակը վառվող
Դեռ պահել եմ ես…
Իմ մեծագույն սեր, իմ վերջին կորուստ…
Ես այգաբացի լույսն եմ շաղախում իմ ափերի մեջ,
Ու մայրամուտի արևն եմ խառնում այդ լույս շաղախին,
Ու կեսգիշերի լուսնով համեմած այդ խմորի մեջ
Փայում քո հոգին…