ՀԵՆԶԵԼ ԳԵՂԱՄՅԱՆ | Գիրք ճանապարհի

Posted on Փետրվարի 13, 2011

1


ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ «Գիրք ճանապարհի»
«Ի´նչ որ գտնես այս գրքում, ի´նչ մտածմունք ու
Խորհուրդ ─
Ողջը հանած համարիր ─ քո օրերի մատյանից:»

Կեանքիս ճանապարհի սկզբին էր, որ քեզ հանդիպեցի, ո՜վ դու «Գիրք ճանապարհի»:
14-ամեայ պատանի էի և չգիտեի, որ դու միշտ եղել ես կողքիս, նոյնիսկ ծնունդիցս առաջ: Եղել էիր կողքիս, բայց միշտ թաքնուած, փաթաթված լաթերի մեջ ու թաքցուած ինձնից ու աշխարհից: 14 տարի մայրս կարողացել էր պահել քեզ ինձնից հեռու, բայց դու չեիր կարող թաքցուած մնալ, դու պետք է դուրս գայիր ու ճանապարհդ շարունակէիր ինձ հետ միասին…
Մեր փոքրիկ սենեակի տակ նոյնքան փոքրիկ ու ցածրիկ մի նկուղ ունէինք, ուր կանգնել հնարավոր չէր, պետք էր պպզել կամ նստել խոնաւ յատակին: Այնտեղ էր, որ քեզ գտայ ու կլանեցի աղօտ լույսի տակ, ծալուած ու թմրած ոտքերով: Պատանեական սիրտս տակնուվրայ արեցիր: Խրթին էին պոէմներդ՝ «Պատմութեան քառուղիներով» եւ « Մահուան տեսիլ», նման չէր մի քիչ Դաւիթդ իմ ճանաչած Դաւթին, բայց ամէնից անհասկանալին այն էր, թէ քեզ ինչու՛ էին թաքցրել…
Լսել էի արդեն անշուշտ ստեղծողիդ անունը՝ Եղիշե Չարենց, բայց միայն շշուկով: Յեղափոխութեան երգերն էին հորդում քո էջերից, ես արդեն ծանոթ էի նման երգերի եւ չհասկացա թե քեզ ինչու՞ էին թաքցրել…
Հասցրել էի սիրել Սայաթ-Նովային, Թումանեանին ու Տէրեանին, եւ դու էլ էիր սիրում: Չգիտէի թե ո՜վ են Հայնրիխ Հայնէն ու Գէօթէն եւ դու ինձ ցոյց տուիր:
Հարցերով լեցուն էր պատանի էութիւնս ու անհամբեր սպասում էի մօրս, որ պիտի տար դրանց պատասխանը: Եւ ես լսեցի քո պատմութիւնը դժնդակ, ես հիացա քեզնով ու քո ստեղծողով: Հպարտացա, որ մայր ունէի, որը մահուան սարսափով պահել էր քեզ ինձ համար: Իմացայ, որ մորեղբայրս՝ 20-ամեայ մի պատանի, 37-ին Սիբիր գնալու վտանգը կանխազգալով, գնալուց առաջ հասցրել էր քեզ պահ տալ մօրս եւ մայրս թաքցրել էր քեզ: Թաքցրել էր մեր լուսապայծառ մայրիկների ու տատիկների նման, որոնք իրենց փեշերի տակ մեր հազարամեայ մագաղաթներն էին թաքցրել ու մեզ հասցրել:
Չանցած մեկ տարի դու ազատ լինելու իրավունք ստացար եւ ես պայթում էի ուրախութիւնից: Պետք է քեզ ցոյց տայի աշխարհին ու մարդկանց ու մօրիցս թաքուն քեզ դպրոց տարա ընկերներիս մոտ պարծենալու: Ձեռքից ձեռք անցար դու, տաղերդ այրեցին ու շփոթեցրին պատանի ընկերներիս ու ես ինձ հերոս զգացի եւ քեզ կրծքիս սեղմած սպասում էի հայոց գրականութեան ուսուցչիս:
Բայց գողացաւ քեզ ինձնից ուսուցիչս, պատրուակով, թե կորցրել է: Մեծ էր հիասթափութիւնս, ցաւս, ափսոսանքս, բայց հաւանաբար նա էլ էր քեզ շատ սիրում եւ կախարդական քո ուժով դու սիրելի ուսուցչիս գող դարձրիր:
Տարիներ անցան, հասունացայ, կարդացի ստեղծողիդ եւ այլ գործերը, հիացայ նրանցով: Ինձ «Գանգրահեր տղան» պատկերացնելով, փնտրեցի նրա գերեզմանը Զանգուի ձորում, որ վրան կարդամ. «Եղիշե Չարենց, ծնուած Մակու քաղաքում», բայց չգտայ…
Քեզ այլեւս չհանդիպեցի, չնայած շա՜տ փնտրեցի: Բայց եւ վիճակուած էր քեզ իմ ճանապարհի գիրքը լինելու եւ 32 տարի յետոյ քեզ նորից գտայ: Ավելի ճիշտ՝ գտայ քո երկուորեակին, աւելի շքեղ հրատարակուած, «վերժե» թղթի վրայ (ինչպես գրուած է վերջին էջիդ վրայ), Հակոբ Կոջոյանի հիասքանչ նկարազարդումներով:
Մի հարեւան ունէի Երեւանում, որն ապրում էր մենակեաց ու բոլորիս անհասկանալի կեանքով: Օրերից մի օր մարդը յանկարծամահ եղաւ ու իշխանութիւնները եկան, տարան թաղեցին: Մենք՝ հետաքրքրասեր հարեւաններս, գնացինք տեսնելու, թէ ո՞վ էր այդ մարդը, ինչպէ՞ս էր ապրում: Ներս մտնելուն պէս ես գրքեր տեսայ եւ ո՜վ հրաշք, դրանց մեջ եւ քեզ: Այլեւս չեմ հիշում, թե քեզ ինչպես թաքցրի վերնաշապկիս տակ ու դուրս փախայ: Կեանքումս միակ գողութիւնն արեցի եւ ուսուցչիս պէս քեզ գողացայ:
Ինձ հետ ես դու հիմա, գրադարակիս վրայ եւ չեմ զիջի քեզ այլեւս ոչ մեկին: Դիմում եմ քեզ յաճախ, լսում խորհուրդներդ ու ներիր, որ չեմ կարող մտածմունքներդ ու խորհուրդներդ հանած համարել իմ օրերի մատեանից:

21 հոկտեմբերի 1977թ, «Յառաջ», Փարիզ

Advertisements