ՀՐԱՉՈՒՀԻ ԱԼԻԽԱՆՅԱՆ |Բանաստեղծություններ

Posted on Փետրվարի 13, 2011

0


ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ…

Երբ ինձ ասում են,
Որ ես շատ բարդ եմ,
Բարդ, անլուծելի,
Ես ընդունում եմ
Չընդունելո՜ւ պես…

Չգիտես ինչու
Ես արևի մեջ խավար եմ փնտրում…
Բարևի մեջ էլ
Փնտրում եմ կորած, անտես հրաժեշտ:
Չարի մեջ ես միշտ բարին եմ փնտրում,
Փնտրում ու գտնում,
Բայց էլի նորից, չգիտես ինչու,
Բարու մեջ չարը չեմ փնտրել երբեք:

Տեսնում եմ հոգսում
Թաքնված երանգ մի թեթևության,
Թևաթափ եղած անճարության մեջ
Ես հույս եմ գտնում,
Ինքնասիրահար ու եսակենտրոն ցուցադրանքի մեջ
Կամա — ակամա ես նկատում եմ թերամտություն:

Ես շատ զբաղված եմ
Իմ երկարատև պարապությունում,
Ուր հոգնությունը մի երանելի հանգստություն է
Միշտ ինձ պարգևում:
Սակավությունը հույսի ու լույսի իրար գումարում,
Ես լիությամբ եմ
Ինձ ու իմ հոգին մենաշնորհում:

Երբ ինձ ասում են,
Թե ես շատ բարդ եմ,
Ես չեմ հասկանում
Հասկանալո՜ւ պես:
Իմ այս բարդությամբ
Ես միշտ անպարտ եմ,
Պարզ ամենքի հետ,
Բայց մատչելի է
Ի՛նձ միայն հոգիս:
Երբ ինձ ասում են,
Թե ես շատ բարդ եմ,
Հանգաթխության բոցով վարակված
Մի երգ եմ ծնում,
Եվ մանրացնցուղ անձրևի նման
Այս բարդությամբ եմ իմ հոգին սնում…

Փոքրիկ, աննշան մի սխալի մեջ
Դժվարուղղելի խնդիր եմ լուծում,
Զգուշության մեջ տեսնում եմ ձևված
Մի անդուրեկան խուլ անփութություն,
Անօրինության գաղափարի մեջ
Փնտրում եմ ճշտի անփաստ բացատրություն…

Զեխությունն ինձ մոտ
Սակավությունն է իր տեսաբանում,
Իսկ տեղապտույտ հանգամանքները
Անփակ ու անդուռ անսահմանության
Մի հոսք են բերում,
Շատ պարզ ու հստակ պատկերների մեջ
Ես տարբերում եմ տեսախաբություն,
Պատուհասակիր անարժաններին
Փորձում ներարկել պատվելիություն:

Երկնքում փքված ու ծալքավորված,
Կապուտափայլվող ամպի ճերմակում
Կարծես ճչացող, խենթ, գիսագռիվ դիմանկարով
Խավարն է փայլում,
Իսկ օվկիանոսի ինքնաբավարար հեռածավալում
Ինձ մոտ, ինձ շա՛տ մոտ,
Համարյա այնքան, որ շոշափելի,
Գլխիվայր ընկած երկինքն է խեղդվում:

Անխուսափելի մահվան աչքերում
Ես կյանք եմ կարդում,
Միայնակ սիրո լքված երազում`
Հավատարմության ու հավերժության շնչասպառ երդում:
Մտամփոփ հոգու անտակ ու անափ, շնչող եզերքում
Թեթևությունն ու մտապատրանքն են
Մրցակից դառնում:

Ծնկի իջեցնող ցավի անորոշ լաբիրինթոսում
Անսպառ ուժի և հզոր կամքի ստվերն է հաղթում,
Խուլուհամրացած, անզգայացած անհուսությունում
Հոգետանջ եղած լռության ճիչն է ականջս ծակում:

Արագասլաց ժամանակները
Հանգիստ են մուրում,
Մարած հույզերը,նպատակները`
Բոցավառություն,
Հիացմունքների խելացնորված երևէջներում
Հիասթափության աղոտ գույներն են
Ինձ մոտ պատկերվում:

Երբ ինձ ասում են,
Որ ես շատ բարդ եմ,
Ես ավելի եմ իմ մեջ պարփակվում :
Իմ զգացածն ու
Իմ ապրումները
Միայն իմ մեջ եմ
Ես զատորոշում:

Երբ ինձ ասում են,
Որ ես շատ բարդ եմ,
Իմ բարդ աշխարհում
Պարզ կյանք է եռում,
Որտեղ սառույցը
Պար է մոգոնում
Հրահուր բոցի
Այրող ափերում:

Շատ սովորական, հանապազօրյա երևույթները
Ես արտասովոր,
Ինչ-որ մոգական լույսով եմ զօծում,
Դեպի մայրամուտ գնացող կյանքի
Անխուսափելի ճանապարհները
Մի նոր ծննդյան ու մի նոր կյանքի
Երջանկաբեր ու մի ինքնամոռաց հույզի զուգակցում:
Ես, բևեռասույզ լուսատուների
Ժամանակավոր անդրադարձումում
Երազ եմ հյուսում`
Հեքիաթ, որ սուզի
Կյանքը բազմիմաստ
Հավերժությունում:

Եվ ինձ ասում են,
Որ ես շատ բա՞րդ եմ:
Արձագանքում եմ ես
Լռելո՜ւ պես:

Լռում եմ…

Լռո՜ւմ…

Ես ինձ եմ լսում
Արձագանքներիս ձայնադարձերում:

5. 09. 2010

—————-

( http://www.youtube.com/watch?v=D5MIuBOZBvY Կարդում է հեղինակը)

—————-

ՀԱՅՐԻԿ

Դե, բարև, Հայրիկ…

Ահա և նորից մենք հանդիպեցինք:
Այս անգամ արդեն ոչ թե երազում,
Ու ոչ էլ, ավա՛ղ,
Ոչ,
Իրականում:
Ես քո շիրմի մոտ
Կանգնած եմ թևատ,
Խոսում եմ քեզ հետ,
Իսկ դու ժպտում ես նկարից գունատ,
Կարծես զսպելով ձայնդ լացախեղդ:
Նորից լեղահամ այս ցավը հզոր
Սիրտս է լցվում,
Զգո՛ւմ ես կանչս` վաղուց մենավոր,
Որ քեզ է կանչում:
Առանց հարազատ ու ջերմ աչքերիդ
Լրիվ մենացել,
Առանց հայրական սուրբ խրատներիդ
Ես որբ եմ դարձել:
Առանց քո տաքուկ, սիրող հայացքիդ
Լրիվ քարացել…
Եվ քո իմաստուն ու խոր մտքերին
Կարոտ մնացել:

Դե, ահա, Հայրիկ,
Նորից միասին,
Դեմ — դիմաց նստած,
Ես նայում եմ քեզ,
Իսկ դու իմ կյանքին
Շա՛տ վաղուց մեռած:
Հոգնել են երգերս
Կյանքի անիմաստ խաչմերուկներում,
Մոլորվել այնքան,
Որ հոգուս կանչին արդեն չեն ձայնում:
Օգնի՛ր ինձ, Հայրիկ,
Օգնիր մոռանամ ես ունայնությունն,
Օգնիր մոռանամ…
Ու վերադառնամ ես իմ մանկություն…
Գոնե երազով,
Գոնե պատրանքի թևով բազմալիք
Ետ վերադառնամ,
Փարվեմ քեզ սիրով իմ կարոտալի:
Թողնեմ այս անվերջ
Ու անխիղճ դարձած հերյուրանքը կյանքի,
Գոնե երազով ես անհոգ զգամ`
Զգալով կողքիդ:
Նայեմ աչքերիդ ամենաբարի,
Ինձ փոքրիկ զգամ,
Իսկ դու մանչուկիդ, անզոր, պաշտպանիր,
Ուժ տուր
Ու հզոր հայրական պատգամ:
Քո մահով, կարծես,
Փշրվեց աշխարհն ու
Ես անտուն դարձա,
Դարձա ես անտեր,
Դարձա անհավատ,
Ես անզորացա՛:
Օգնիր ինձ, Հայրիկ,
Օգնիր չծալվեմ դժվարության դեմ,
Չէ որ քեզ նման,
Այո՛, քեզ նման,
Ես շա՛տ հպարտ եմ:
Գրկիր ինձ, Հայրիկ,
Գոնե մեկ անգամ
Համբուրիր, Հայրի՛կ:
Իմ սրբությունն ես,
Մատուռը հոգուս,
ՕՐՀՆԻ՛Ր ԻՆՁ, ՀԱՅՐԻ՛Կ:

5.07.2010

( http://www.youtube.com/watch?v=EKdDL59nJ7M&feature=related    Կարդում է հեղինակը)