ՆԵԼԼԻ ՌՈՒՄԵԼՅԱՆ | Բանաստեղծություններ

Posted on Փետրվարի 13, 2011

0


…անարցունք լաց

Մինչ ժամանակն է անցնում գլխիկոր,
Ծանրանում հոգնած սրտերի վրա,
Իսկ ճանապարհը դեպի մայրամուտ
Պատվում ճերմակով՝ տարիներն ապրած,
Չա՛րն է թեժացնում կրակն իր որջում,
Նոր դավեր նյութում գոյի վիհերում,
Եվ անկարելին մատուցում դյուրին,
Հպարտությունը դարձնում գովելի:
Փառքի տենչանքով միտք է խաթարում,
Կախարդանքներով ներկան քայքայում,
Բազմանուն եսով հոգիներ որսում,
Սուրբ հոգուն վայել մարմինը պղծում:
Իսկ մանկությունը՝ մարդկայինի հետ,
Կյանքի քաոսում ծերանում անտես,
Խիստ ճյուղավորված ափսոսանքի հետ
Մանկացող սրտում հավատք է փնտրում:
Հավատքից կաթող հույսով բոցկլտում
Ու խունկ է ծխում,աղոթք խնկարկում,
Բարձրյալով ապրում,անարցունք լացում,
Սպասմամբ,զղջմամբ շղթաներ փշրում,
Ու մոմ է վառում՝ լուռ անցյալ դարձած,
Վախի եզերքի ստվերում գամված
Մեղքերին՝ կամա-ակամա ծնած,
Հոգու տաճարում՝ պահա-ծ,մեծացրած:
Ռումելյան Նելլի

 

Հոգնած քաղաքում

Մի ստվեր էր անզգույշ մթին մերվելով,
Գլուխը կորցրած՝ փողոցներ մաշում,
Քամուն հավասար,ցածրիկ մրմնջում,
Միայնությունն էր անհագ վայելում:
Գորշ փողոցները մթով սքողվել,
Հոգնածությունն էին օրվա սպառում,
Խուլ հառաչանքով փոշու արցունքներ
Լուսնի շողերին աննկատ խառնում:
Գիշերն էր խաղում դատարկ մայթերին,
Արեվի թողած տապը սպանում,
Մեղմ քուն անձրեվում հոգնած քաղաքին,
Լուռ ականջ դնում ստվերի խաղերին: