ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆ | Աստծո բանբերը

Posted on Փետրվարի 13, 2011

0


Տարին հաջող ավարտվեց Բաբկենի համար: Գերազանց հանձնեց պետական քննությունները. հարցազրույցով աշխատանքի ընդունվեց ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն: Վերջերս էլ առաջարկություն արեց Հասմիկին՝ ստանալով նրա համաձայնությունը: Բաբկենը գտնվում էր երջանկության գագաթնակետին, ինչն, ավելի շուտ, համարում էր բախտ, քան մի ուրիշ բան:
Բաբկենը դեռ իր ժամին պետք է սպասեր, որովհետև անհնար է հասնել ինչ-որ բանի, քանի դեռ ամեն ինչ մնում է նույնը, ինչպես որ կար: Նա մեկն էր այն խանդավառներից, ովքեր գնում էին ցույցերի և մասնակցում ուսանողական դասադուլներին: Գիշերները հերթապահում էր նախագահական նստավայրի առաջ՝ քաղաքական փիլիսոփայության գրքերը թևի տակ: Ուսանողները պահանջում էին, որ կառավարության պաշտոնյաները կարդան այդ գրքերը: Նրանք դժգոհ էին մշակութային կյանքի նկատմամբ կառավարության ունեցած հանցավոր անփութությունից: Բաբկենը հուզվում էր մշակութային ձևափոխության հեռանկարից: Անկախությունը հրաշալի հեռանկարներ բացեց ազգային արվեստն ու գիտությունը զարգացնելու ճանապարհին, բայց արվեստագետների ու գիտնականների կենսամակարդակը շարունակում էր անհավատալիորեն խղճուկ մնալ, և նրանցից ոմանք արդեն դարձել էին մանր առևտրականներ: Ինչևէ, թևատակի սեղմած գրքերը ոչ մի օգուտ չտվեցին: Անօգուտ էր նույնիսկ համալսարանի ադմինիստրացիայի հասցեին Բաբկենի ու ընկերների իրենց վտանգելով բացեիբաց հոխորտալը, միևնույն է մյուս ուսանողները մտահոգված էին միայն իրենց հագուստներով ու արտաքին տեսքով: Նրանք դասերի էին հաճախում իրենց ցուցադրելու համար, ոչ թե մարդկային պատմության հոգևոր ու մտավոր արժեքները յուրացնելու նպատակով:
Առանց կաշառքի ու անձնական կապերի գերազանց գնահատականներ ստանալն արդեն իսկ լավ նշան էր: Ամեն դեպքում, Բաբկենը մտածում էր, որ բախտ է իրեն ժպտում:
Բաբկենը անհամբերությամբ սպասում էր հունվարի երեքին՝ աշխատանքային առաջին օրվան, երբ իր լավագույն նվերը կմատուցեր Հասմիկին՝ ի նշան իրենց համաձայնության և այր ու կին դառնալու պատրաստակամության: Ծախսել էր հոր իրեն տված ողջ գումարը: Չէր էլ անհանգստանում վատնածի համար, քանի որ երկու օրից անցնելու էր լավ վճարվող աշխատանքի: Կյանքի անիվն իր կողմն էր շրջվել, և քաջալերվելով աստղերի բարեհաճ դասավորությունից, Բաբկենը նախաձեռնեց հրաշալի ամանորյա տոն՝ Հասմիկի հետ զբոսանք Մաշտոցի պողոտայով:
Փողոցները ողողված էին ամանորյա լույսերով: Քաղաքում տոնածառերն ամենուր էին՝ խանութների, կրպակների, ռեստորանների և բարերի, տղամարդկանց ու կանանց գեղեցկության սրահների, բենզալցման կետերի, փոստերի ու կառավարության շենքերի դիմաց՝ զարդարված դեռ նախորդ երեկոյից: Հագուստեղենի ու ռադիո-էլեկտրոնիկայի խանութների, կոնյակի վաճառասրահների, սուպերմարկետների, հուշանվերների կրպակների և մթերային խանութների ճակատներին ցոլցլում էին Ծննդյան տոների զգլխիչ զարդափայլերը: Տոնածառերի կապտածիր ասեղներով ճյուղերը, խաղալիքները, խավոտ արջուկներն ու ճագարները՝ նույն տոնածառերի տակ, մարդկանց համար պատեհ առիթ էին լավատեսորեն հրաժեշտ տալ անցյալին և մուտք գործել Նոր Տարի՝ նորոգ հույսերով: Երեկոյան քաղաքը շողշողում էր կարմիր փայլերով ու կապույտ, դեղին, կանաչ լույսերով, որոնք կախված էին ճանապարհները երիզող կաղնիներից՝ հիշեցնելով էլեկտրական վառ լարեր: Հոգեկան անդորր ու խաղաղություն սփռող քաղաքը մարդկանց խնդություն էր պարգևում, անգամ ցուրտ ու մշուշոտ եղանակին: Ամենածանր օրերը ետևում էին մնացել. ժամանակներ, երբ ցուրտ էր ու խավար, անժամկետ էին հովհարային անջատումները: Անցորդներից ոմանք որևէ նվեր էին վերցնում հարազատի կամ ընկերոջ համար, ոմանք էլ ջանում էին լրացնել տոնական առևտրի պակասն ու հանձնարարությունների ցուցակը, համերգի և շոուի շտապողներն էլ քիչ չէին, կային նաև անկապ քայլողներ:
Բաբկենն ու Հասմիկը նախընտրել էին Հանրապետության Հրապարակի բաց երկնքի տակ համերգը: Անլույս տարիներից իվեր՝ սա առաջին տոնական հավաքույթն էր, որ կառավարությունը կազմակերպել էր մայրաքաղաքի բնակիչների համար: Հեռուստատեսությամբ հայտարարել էին, որ համերգն առանձնահատուկ է հատկապես նորաստեղծ □Հայաստան□ համույթի գեղարվեստական կատարումներով:
— Սվետլանան խմբի հույսն է,- նկատեց Բաբկենը:
— Հո՞ւյսը,- հեգնեց Հասմիկը:
— Գրազ կգամ, որ քաղաքապետն է հովանավորում նրան,- ասաց Բաբկենը, և նրա խոսքում ներողության շեշտեր հնչեցին:
— Քաղաքապետը սիրո՞ւմ է աղջկան:
— Չգիտեի՞ր, որ քնում է նրա հետ:
— Քաղաքապե՞տը… չգիտեի:
— Չէ՞ որ նա միայն իր սիրուհու համար համերգ կկազմակերպեր:
— Դե իհարկե: Գեղեցկության տիպար է, պիտի որ բազմաթիվ երկրպագուներ ունենա: Բայց նա իրեն չպետք է թույլ տա զարտուղի ճանապարներով հաջողության հասնել: Նողկալի է մտածել, որ քաղաքապետի հետ է:
— Այժմ նա ապրում է մեծ ու հարմարավետ բնակարանում, գիշեր-ցերեկ տաք ջուր ունի, հրաշալի ժամանակ է անցկացնում իր անդրքաղաքային տանը և շաբաթը երկու անգամ ճաշում է ռեստորանում,-արագ վրա բերեց Բաբկենն ու դադար տվեց՝ շունչ առնելու համար:
Ցուրտը նրա շնչառությունն էլ ավելի ընդհատ էր դարձրել:
— Խորհրդային տարիներին ուրիշ էր. այդ ժամանակ գնահատում էին ներկայացվող նախագծերն ու լավը վատից զատում: Մեր օրերում քաղաքապետն ու նախարարներն են որոշում, թե ով է ելույթ ունենալու, քանի որ փողը հենց նրանց գրպանում է: Իսկ նրանց կրքոտ կանայք են պետք:
— Զարմանում եմ, թե այս ամենից հետո մենք ինչո՞ւ ենք գնում նրան լսելու,- զայրացած նետեց Հասմիկը:
— Գնանք, զվարճանալ է պետք, տեսնել ընկերներին և հրավառությունը,- ասաց Բակենը,- հավանաբար բոլորն էլ համերգի են գնում:
Խաչմերուկին հասնելով՝ թեքվեցին ձախ՝ դեպի Ամիրյան փողոց: Համեմատաբար պողոտայից պակաս մարդաշատ էր: Բաբկենը նայում էր բազմազբաղ մթերային խանութին, որի ներսից շողշողում էին ձյունասպիտակ լույսերը, ապրանքների գներից հարց ու փորձ անող մարդկանց վերարկուները, շար‎ֆերն ու ձեռնոցները: Մագնիտո‎ֆոնները և հեռուստացույցները ձեռքից ձեռք էին անցնում, ինչպես թանկարժեք մասունքներ: □Սամսունգը□ բազմաբնակարան շենքի ճակատին առկայծում էր որպես փարոս, որի պատուհաններն անլույս-անճրագ էին. բնակիչները հավանաբար հոսանք □տերերի□ հետ խնդիրներ ունեին, և ճարահատ Ամանորն անցկացնելու էին խավար բնակարաններում, բնականաբար, առանց ճոխ սեղանների: Փողոցի մյուս կողմում նպարեղենի խանութն էր: Գնորդները տոնական օրերի հանգիստը լիարժեք վայելելու համար պետք եղածից ավելին էին գնում՝ պրպտելով պանրեղենի ու կաթնեղենի, նրբերշիկների, ձկնատեսակների և մսի, ինչպես նաև բանջարեղենի, թեյի ու սուրճի կապուկները: Նպարեղենի խանութից մի քանի քայլի վրա աստվածաբանական գրքերի գրախանութն էր: Մի խարխուլ շինություն: Տարիներով չլվացված ևավթի ծխի կեղտաբծերով ծածկված վարագույրներով լայն պատուհաններին կապույտ ու դեղին խաչեր էին քաշված: Պատերի ծեփը խոնավությունից ճաքճքել էր, և առաստաղը զարդարող տամուկ կավը ծվեն-ծվեն թափվում էր: Գրքերով լի դարակներն ու գունաթափ հատակը խանութին հաղորդում էին հուղարկավորության սրահի անդրշիրիմյան բովանդակ լռություն: Բազմաթիվ համրալեզու գրքեր՝ կիտված մեկը մյուսի վրա. դարչնագույն, անկյանք, հլու-հնազանդ սպասում էին հազարավոր բնակարանների օջախներում իրենց ողջակիզման օրվան:
Բաբկենը նկատեց հիսունին մոտ մի մարդու, որ փակում էր գրախանութի այլումինե կրկնադուռը, որը ժամանակին փայլփլացել է հավանաբար: Դուռն ու պատուհանները նույնիսկ երկաթյա ճաղեր չունեին: Մարդը գունաթափված մոխրագույն բաճկոնով էր և տակից հագել էր հաստ բրդե սվիտեր: Գլխարկ չուներ, թեև այդ երեկո շատ էր ցուրտ: Ձեռքերը խոթել էր բաճկոնի գրպանները, արմունկները համառորեն անհարմար դիրքով էին, ինչն էլ դժվարացնում էր մարդկանց հոսանքին հակառակ քայլելը: Մարդը գլորվում է՝ նման աշնան տերևի, որ մնացել է ձմռան ձյունե հեքիաթում, առանց գարնան սպասումի: Այսօր ո՞վ է կարդում աստվածաբանական գրքեր: Ո՞վ է հետաքրքրվում Աստծո խոսքով այս նողկալիորեն կախարդված քաղաքում, երբ վավաշոտ փայլփլում ու կայծկլտում են մարդկանց ամեն ինչի ծարավ աչքերը: Ո՞վ է զգում Աստծո կարիքը տոնական երեկոներին, երբ բազմերանգ լույսերը տանում են երևակայական աշխարհներ, հատկապես, երբ սիրեցյալդ կողքիդ է:
Թշվառությունը շրջում է պերճանքին թևանցուկ: Մարդը տուն կգնա, ջերմություն ստանալու մի վերջին հույսով, բայց կպարզվի, տաքանալու ժամանակ չկա, քանի որ ամանորյա գնումներն իրեն են սպասում: Երեկոյան կինը փլավ կլցնի, թթու դրած վարունգ էլ սեղանին կդնի: Գիրքը ձեռքին կնիրհի թախտին, այդ ընթացքում կինը նրա համար սվիտեր կգործի: Իսկ վաղը, Նոր Տարվա օրը, էժան մթերքի համար դես ու դեն կվազվզի, հետո կօգնի կնոջն այդ ամենը եփելու, իսկ երեկոյան թախտին պառկած հեռուստացույց կնայի: Կեսգիշերին կնոջ հետ կչխկացնեն գինու բաժակները, և անմիջապես էլ կգնա քնելու: Իսկ դրսում քաղաքը նոր-նոր կսկսի տոնել տարեմուտը՝ կենացներով ու խմիչքներով, պարերով ու հրավառությամբ: Բարեպաշտ մարդը միայն երազներում կգտնի իրեն տանջող խնդիրների լուծումը, որ մարդկանց հարկավոր է բարեկարգ կյանքով ապրելու համար, մինչդեռ մարդիկ տոնական գիշերն կանցկացնեն քե‎‎ֆ-ուրախության մեջ, ինչից զրկված են եղել նախորդ տարվա ամեն Աստծո օր:
— Ի՞նչ է պատահել,- հարցրեց Հասմիկը և նայեց նույն ուղղությամբ, ինչ ուղղությամբ Բաբկենն էր նայում,- ինչո՞ւ կանգնեցիր:
Շրջվեց Հասմիկի կողմը: Աղջիկը շարունակում էր ժպտալ:
— Ես չեմ կարող համերգի գնալ,- ասաց Բաբկենը:
Հասմիկը դանդաղ խոժոռվեց:
— Կներես, Հաս: Գնանք տուն:
— Հիվա՞նդ ես:
— Ոչ:
Հասմիկը քամահարանքով թոթվեց ուսերը:
— Քեզ ավելի ուշ կզանգեմ…,- սկսեց Բաբկենը:
— Սվետլանա՞ն է քո մտքում:
— Չեմ կարող բացատրել:
— Դու կարող ես երկար-բարակ բացատրել, թե ինչու ես ինձ սիրում, բայց չես կարող բացատրել, թե ինչո՞ւ չես կարող ինձ հետ համերգ գնալ:
Բաբկենը լուռումունջ էր: Աղջկա դեմքը տխրեց, իսկ աչքերն արցունքոտվել էին:
— Ես տեսա Աստվածաբանական գրախանութի գրավաճառին,- ցույց տալով գրախանութը,- նրա հագածը հնոտիք էր:
Թաշկինակով քիթը սրբեց ու շարունակեց:
— Տրմադրություն չունեմ համերգ գնալու:
— Խելագարվե՞լ ես, Բաբ:
Բաբկենը հազիվ էր զգում ընդարմացած ոտքերը: Հանկարծ պոռթկաց.
— Ողջ քաղաքը գնում է համերգ: Ողջ քաղաքը տոնում է… Դու և ես, մենք գնում ենք զվարճանալու, իսկ մարդը, ով կարդում է Աստծո խոսքը, չի կարող հաճելի ժամանակ անցկացնել: Նա պիտի տուն գնա, ուտի իր ամենօրյա սովորական ճաշը և պառկի քնելու:
— Աստծո խոսքը կարդալը նրա ընտրությունն է,- ասաց Հասմիկը՝ թափ տալով ձեռքերն ու թաց արտաշնչելով տաք հյուսած ձեռնոցների մեջ,- կարծում ես, պետք է նեղվել ամեն մի բարեպաշտ մարդու փոխարեն և ձեռք քաշել ամեն ինչի՞ց, գնալ տուն ու ողբալ բոլոր ընչազուրկների համա՞ր:
— Հաս, չի կարելի քաղաքապետի կազմակերպած համերգին մասնակցել՝ տեսնելով, թե ինչպես է Աստծո մարդը տուն գնում և սնվում հասարակ ճաշով ու հացի փշրանքներով:
Հասմիկը շուռ եկավ ու ջղագրգիռ կտրեց-անցավ փողոցը:
Բաբկենը նույնպես շրջվեց ու քայլեց հանդիպակաց ճանապարհով: Ի՞նչ պատահեց մեկ րոպե առաջ, ի՞նչ մտքեր էին պտտվում նրա գլխում: Քաղաքի լույսերը կայծկլտում էին, կարծես ուրախության միլիոնավոր բռնկումներ լինեին, որոնք ջերմացնում ու շլացնում էին մարդկանց հոգիներն ու աչքերը: Ինչպիսի հաճույք կպատճառեր իրեն նրանց միջով քայլելը, կանգնելը լույսերի դիմաց, որպիսի դրանք վառվեն հենց իր համար՝ ամեն անգամ ներսում կախարդական փոթորիկ բարձրացնելով: Որքան կուզենար հետ դառնալ և բռնել Հասմիկի թևից: Նրան եղածը բացատրելու պատեհ առիթը պետք է գտներ:
Տանը Բաբկենը քիչ ու միչ մտորեց, ծանր ու թեթև արեց Հասմիկի հետ ունեցած իր հարաբերությունները: Երբ առաջին անգամ խոսեց աղջկա հետ, նա դեռ իրեն չէր սիրում: Ցավալի էր, բայց ինքն էլ իր ծրագրերն ուներ: Հասմիկը տարված էր կինոներով ու կախված էր դիսկերից ու բարերից: Դրանց վրա ծախսելու փող նա ուներ: Բայց տղան համառեց, և աղջիկն ընդունեց նրա առաջարկը: Նրան տվեց իր գրքերը, և դրանք աղջկան դուրն եկան: Հետո էլ աղջիկն ինքն էր գրքեր խնդրում: Իսկ մեկ տարի անց նրանք արդեն խոսում էին ամուսնությունից:
Ավելի ուշ նա զանգահարեց Հասմիկին և ներողություն խնդրեց: Աղջկա ուզածն էլ կարծես հենց այդ էր:
— Կարծում եմ քո ներսում անհասկանալի ինչ-որ բան է կատարվում: Դու չէիր կարող անծանոթի պատճառով հրաժարվել քո ընկերուհու հետ համերգ գնալու մտքից՝ նրան թողնելով ցուրտ ու մութ փողոցում: Ո՛չ դու, Բաբ:
— Երկու տարի առաջ ես նման էի այդ անծանոթին: Ես այնպիսի գրքեր էի կարդում, որոնք այն թշվառ մարդը վաճառում էր մոմալույսի տակ:
— Բաբ, մենք ձանձրացել ենք մենությունից, անկյանք մեկուսանալուց: Մենք չորս տարի ապրել ենք խավար ու ցուրտ բնակարաններում: Այժմ գրքեր կարդալու ժամանակ չի, այլ քեֆ անելու: Հիմա Ամանոր է, քաղաքը հրճվում է իր զվարճալի լույսերով ու ամեն ինչով. համերգն էլ զվարճանքի համար է: Սա է մեր այսօրը, ապագան, պետք չէ հետ նայել:
— Ապագայում այդ համերգներն ու զվարճանքները կկլանեն նաև Աստվածաբանական գրախանութը: Երկու տարի առաջ, համոզված եմ, դու իմ կողմը չէիր էլ նայի, քանի որ ես քո հասկացած անծանոթն էի. կարդում էի աստվածաբանական գրքեր:
Հասմիկը լսափողը կախեց: Բաբկենը փորձում էր մտքերը հավաքել: Վերհիշեց Հասմիկի հետ անցկացրած ամեն մի րոպեն, երբ մի տարի շարունակ վայելում էին իրենց մտերմության ջերմությունը: Աղջիկը գեղակազմ ու նրբաճաշակ էր, և նրա սիրտը գրավելը երկար տևեց: Մի փոքր շատ ջանք տրամադրեց, քան կպահանջվեր, այլ տղայի չթողնելու աղջկան մոտենալ: Սակայն այս զգացմուքներից հեռու` մի անհայտ սահմանով անջատված մի արտառոց պարտավորություն էր թաքնված մշակույթի նկատմամբ: Այդ մեկ տարվա ընթացքում, երբ փորձում էր գրավել աղջկան, զգացմունքները խորացան` ճնշելով անհանգստությունը մշակույթի համար: Այժմ իր երջանկության գագաթնակետին միշտ արհամարված ինտելլեկտի տեր մարդու չքավոր և անտեսված կյանքին ուշադիր հայացք գցելուց հետո նրա խիղճը տանջեց: Թույլ-թույլ նայեց հեռախոսին, որը դեռևս կախված էր ձեռքից, և վատ զգաց, որ Հասմիկին չէր ասել՝ մնաս բարով:

Անգլերենից թարգմանեց Գոհար ՍՏԵՓԱՆՅԱՆԸ