ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ | Բանաստեղծություններ

Posted on Փետրվարի 26, 2011

0


***
Չարությունը` գայլիկոն,
Շաղափում է սիրտը մեր,
Ու գամված ենք այս հողին,
Արնաքամ թե արնակեր:

Հաղթող-պարտվող էլ չկա,
Մի երկիր է, մի գազան,
Ի՞նչ ենք անում, չգիտեմ,
Այսքան մեղսոտ, անվարան:

***
Ծնվում ենք սիրո կարոտ,
Սիրվում ենք` սիրո կարոտ,
Ատում ենք` սիրո կարոտ,
Մեռնում ենք` սիրո կարոտ:

Աստված սեր է` սիրո կարոտ,
Կյանքը սեր է` սիրո կարոտ,
Այս աշխարհը` տիեզերք,
Սիրուց է`սիրո կարոտ:

***
Հոգեհարցուկ – հոգեդարձուկ ետ եկա,
Իմ գիրք, բարձունքներից վաղանցիկ,
Ետ եկա, քեզ նորից գտա, բացվիր,
Ներս առ, մի թող շեմիդ, մուրացիկ:

Կկուչուրվեմ անկյունում էջումդ վերջին,
Տեսնելու և լսելու հրաշքներդ,
Ախ մոլորված, ախ մեղավոր, ախ հոգնած,
Ինչ եմ կորցրել, ինչ եմ գտել, տեր աստված:

***
Տողերիս մեջ կասկածանք չկա,
Կյանք է վեր ու վար, տողերս բառեր,
Հավատս` ամուր, կամքս աներեր,
Կասկածը միայն փնտրտուք է, սեր:

Փնտրտուք գալիք պայծառ օրերի,
Որ երազելով վառվեցի անցա,
Թե հնար լիներ կրկին ետ գալու,
Նույն պատմությունն է` կասկածանք չկա:

Անվերնագիր

Նախնի եմ, վերջապես, թե նախկին,
Երկու տառ է մեզ բաժանում իրարից,
Արմատս սակայն ամուր կառչած է հողից,
Պոկել նրան դժվար է, անհնարին:

Ինչքան արյուն է հոսել այս լեռնակղզում,
Տարբերությունն այս չնչին ջնջելու համար,
Նախնի թե՞ նախկին, ընդամենը երկու տառ,
Արմատս սակայն ամուր կառչած է հողից:

Հայելի

Ինչ որ տալիս էիր լիուլի,
Այսօր նետում ես փշրանքով,
Ծանր փորձություն է, հայելի,
Մի տար ինձ խոտոր ճամփեքով:

Կփշրեմ դեմքդ, գոհ, փայլուն,
Կմնա շրջանակդ դատարկ,
Պատկերդ` պատկերիս հանգույն,
Կմաշի հոգիդ անհատակ:

Անպիտան լեզուդ շատախոս,
Եվ ժլատ էությունդ ցամաք,
Անհեքիաթ, անլույս պատուհան,
Պատկերիս անդրադարձ դաժան:

Կմնանք դեմ-դիմաց, միայնակ,
Փշրված, ճշմարիտ և տգեղ,
Կցնդի երազ անավարտ,
Կմարի մոռացված մի երգ:

***
Սերը գնաց այս երկրից
Ատելությունն ուսն առած,
Փուչ հեղեղն է բառերի
Տապից գժված իջնում ցած:
Հեղեղվում է մեր գլխին,
Խոլ շառաչն է բախումի,
Դատարկության արձագանք,
Ու լուսնահաչ մի վերջին:
Վերջին մի լաց ու արցունք,
Մեռնող գրգիռ մի վերջին,
Ատելությունն ուսն առած
Սերը գնաց այս երկրից:

Կորուսյալ Հայրենիք

Երազներիս սլացքների ավարտին,
Լուսնահմա տոչոր հոգին մեր մոլոր,
Դեռ փնտրում ենք կորած ճամփան ետդարձի,
Դեռ փորձում ենք հսկում անել քո տան մոտ:

Դեռ ուզում ենք քարը-քարին դնելով,
Բերդ-պարսպով պահել մարմինդ փխրուն,
Դեռ ուզում ենք այս անիծյալ աշխարհում.
Ցողել շեմիդ մեր տաք քրտինքն ու արյուն:

Ցողենք շեմիդ մեր արյունը, ու հոգին,
Միակը, որ դեռ մնացել է անեղծ,
Խնկաբույրով օծես սիրտը, մեր անգին,
Դուռդ բացես ու ներս առնես տունդ հին:

***
«Համբերությունը կյանք է» ասին
Մեր իմաստուն պապերը մեծ,
Մենք էլ քանի հազար տարի
Համբերում ենք ու սպասում ենք:
«Ուժն է ծնում իրավունքը»
Պատգամեցին նույն ծերերը,
Մենք էլ կռվի մեջ հարատև
Համբերում ենք ու սպասում ենք:
«Միասնության մեջ է ուժդ»
Այս պատվիրանն էլ փորձեցինք,
Դժվար է շատ, բայց փորձում ենք,
Համբերում ենք ու սպասում ենք:
Ու այդպես էլ չենք հասկանում
Արդեն քանի հազար տարի,
Կյանքը ո՞րն է, մենք ա՞պրում ենք,
Թե՞ համբերում ու սպասում ենք:

***
Այո, Ծովից-ծով,
Հենց այդ ու այդքան,
Ծովից-ծով` ծփանք,
Ծովից-ծով` ազատ,
Ծովից-ծով ձգվող
Երազներիս պարզ
Բերկրանքն եմ ուզում:
Երազների գրաքննիչ
Շանորդիք,
Ծովից-ծով խաղաղ,
Եվ անհորիզոն,
Հենց այդ ու այդքան,
Ծովից-ծով ծփանք,
Հենց այդ եմ ուզում