ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ / Բանաստեղծություններ 2

Posted on Փետրվարի 27, 2011

0


Կարոտախտ

Հողը այս եւ երկիրը իմը չեն բնավ,
Թեև ցնցող են, մշակված ու առավել գեղեցիկ:
Օդը` երազ, թեթև, դյուրամարս, ծովաբույր,
Խեղդում է ինձ դյութանքներով ու քաղցրությամբ ջրիկ:
Ջուրը` օգտակար, անհամ ու գոլ, մաքրազերծ,
Դեղի պես ստուգված, անապակ է, անվնաս,
Եվ հացը սպիտակ, փրփրուն, դատարկ ու բոլ,
Մանանայի պես երկնքից թափվում է վրաս:
Լույսերը պես-պես հեքիաթ և պերճանքը մատչելի,
Սուրբ ծննդյան տոների պես անվախճան է, պարզունակ,
Կյանքը` անցողիկ ժպիտ-տխրություն շպար որպես,
Գնացքից դիտված փախչող պատկեր է հպանցիկ:
Ախ, էլ չեմ ուզում, չէ, հոգնել ու զզվել եմ, Տեր,
Պարգևիցդ, քո խորհրդից, բարությունից կոկիկ,
Մինչ կոկորդս կուշտ եմ, Տեր, և հոգեպես լիացած,
Չեմ ուզում այս ամենը, ինձ դուրս նետիր այստեղից:
Դուրս նետիր, շուտ, գնամ հասնեմ իմ լեռները վառված,
Քարաքոս դաշտերը գոս ու ցամքած գետերը պապակ,
Քրտնաբույր, փրչոտ ու անժպիտ տունս`քեզնից մոռացված,
Իմ դժոխքը, իմ կարոտը, իմ Դրախտը ինձ տրված:

Սոփեստություն

Մահ կամ ազատություն,
Լինել թե՞ չլինել,
Այս է խնդիրը.
Մի հանելուկ, որ կախեցիր մեր խեղճ գլխին
Հայր Ադամից սկսյալ:
Դրախտ թե՞ դժոխք, երկընտրանք մի պարզ,
Ի՞նչ ենք հասկանում դրախտում անհամ
Եվ ինչ կա այնտեղ — դրսում դժոխքի:
Ախ, Տեր Աստված,
Երկընտրանքը կախեցիր մեր խեղճ գլխին
Հայր Ադամից սկսյալ:
Մնացյալը մեր վճիռն է`
Մեր անորոշ ապագան:
Մահ` ազատություն իմացյալ,
Թե՞ անիմաց անմահություն:
(Ինչներիս է պետք, ինչ պիտի անենք)
Դժոխք թե դրախտ, լինենք թե չլինենք:
Այս է խնդիրը, որ լուծում ենք
Կամ չենք լուծում` ճամփաբաժանին մոլորված:
Կամ` Ազատություն ու մահ,
Կամ` զատ-զատ դրաք չկան:

Անժմին

Էլ մոռացեք,
Ոչ օրհնություն կա, ոչ օրհնյալ սահաթ,
Ոչ սպասող երկիր, ոչ էլ եկող ոտք,
Որ պիտ անցնի սահմանն այս քարոտ,
Որ գծել ենք արյունով ու երազներով մեր կարոտ:

Էլ մոռացեք,
Ճամփա չկա, ոչ էլ հնար ետդարձի,
Ժամանակ ու տարածություն էլ չկա,
Մենք ենք ու վերում բազմած Տերը մեր,
Վկան դաժան մեր կորստի-գտածի:

Էլ մոռացեք,
Կգաք — կերթաք, շրջանցելով մեզ նավսոտ,
Սմբակներով, արդեն փափուկ և անպայտ,
Մեր լեռներում ձեր պոետները չկան,
Մենք ենք ու վերում բազմած Տերը մեր:

Էլ մոռացեք,
Մեր լեռներում ձեր պոետները չկան,
Ոչ էլ քոչվոր հովիվները պնդերես,
Հրավիրող ու հյուրընկալ էլ չկա,
Մենք ենք ու վերում բազմած Տերը մեր:

Պամֆլետ

Միջազգային, ըմբռնելի, պարզունակ,
Հինգը բառը բավ ու բավ է տերերին,
Հինգը հազար տարի ապրած Ռահվիրա,
Քո հարցը ի՞նչ, վերջիվերջո, կլուծվի:

Այսպես — այնպես կլուծվի, մի կասկածի,
Սար ու ձորդ ու քարերդ իրենց տեղում կմնան,
Մեր հարցերն են, որ կախված են երկնքում,
Հինգը հազար տարի է, արդ, լուծվում են ու չեն լուծվում:

Դու` հավիտյան, մենք անցավոր – մոլորյալ,
Դեռ չենք պարզել դժոխքում ենք, թե այն մյուսն է մեզ տրված,
Այնքան ծանր մեղք է բարդել ուսերին մեր Տեր Աստված,
Որ երկատվել ու ոչ մի ելք այս ծուղակից չենք գտնում:

Խրթին հարց է, գլուխ կոտրուկ, հիգը բառով չես պարզի,
Ու տերերը զօր ու գիշեր. սրա վրա են տքնում.
Ինչպես անել, որ հարազատ գայլերն իրենց կշտանան,
Հեզ ու խաղաղ ոչխարներն էլ իրենց դրախտում մնան:

Քմայքներ

Էլ ոչ մի ծանոթ չկա փողոցում,
Եվ ոչ մի հայացք, որ պիտ փնտրեր ինձ,
Լոկ հոգիներն են կապույտ եթերում
Որ գուցե մի օր ձյան պես դառնան ետ:

Ձյան պես դառնան, իջնեն խեղճ գլխիս,
Ճերմակ փափկությամբ շոյեն մազերս,
Ասեն, այ աղջի, ի՞նչ ես մոլորվել,
Վերում սպասում են, արի, դարձիր ետ:

Մտասևեռում

Բռնակալ մտքեր չեղածի մասին
Եվ եղածի, որ բզկտում է ինձ,
Բռնակալ մտքեր անցյալի մասին,
Եվ ապագայի, որ իմը չի էլ:
Տարտամ սարսափներ աննինջ գիշերվա,
Եվ մահվան նման սառը արթնացում,
Անդորր թե աղմուկ, այս օրը վկա,
Ուղիղ մի գիծ է, մարող մի հնչյուն:
Համահարթ փախչող գորշ բնապատկեր,
Դեպի վիհ նետվող սլացք անվախճան,
Սակայն մի թաքուն, դաժան, քաղցրություն,
Ձգում է իրեն անկումն այս անկամ:

Սևակին

Նախկին չեն լինում
Լինում են անհետք,
Լինում են անհոտ,
Լինում են անհամ,
Երբ հոգի չկա,
Երբ մոլախոտ ես,
Անաղ կամ աղու:
Նախկին չեն լինում,
Չեն լինում բնավ,
Երբ անունը կա,
Ամանում չկա,
Ու, եթե կա էլ
Դժոխքի ծննունդ,
Վարձու հուշ պատմող
Ձպծախոտ դատարկ:
Նախկին վունտերկինդ,
Նախկին գեղուհի,
Նախկին պաշտոնյա
Քայլող նավս ու թույն
Գորշություն ու մաղձ
Տաղտուկ բամբասանք
Կաթիլ մկան շեռ,
Որ աջինջ է, հար,
Պատիր մարգարե,
Թանկ ժամանակի
Կեղծ վկա ծախու,
Որ որոճում է պատմությունը մեր
Ու ներկան դարձնում
Մահ ու մատնություն:

***

Վառիր գրքերը, վառիր, բարեկամս,
Ազատիր հոգիդ լույսի կապանքներից,
Անմիտ, անկշիռ անկմանն ընդառաջ,
Վառիր գրքերը, լուսամուտդ փակիր:

Խնկաբույրը մտքի փոխիր ճռճռոցով
Դարձվորիկների այս ողորմելի առքի,
Մութի ու ցրտի դեմ մաքառելու համար
Վառիր գրքերդ, անմանցորդ վառիր:

Հարության հույսի սպսումի մեջ ցնորք
Երազիր գալիք հողմեր խելակորույս,
Որ պիտ ցրեն ամոթն այս գորշ մոխրակույտի,
Հիմա վառիր դրանց, անմանցորդ վառիր:

Բառ ու բանի, ոճի նրբագեղ հուշերդ
Ջնջիր գետնաքարշ բազարին այս ի տես,
Հեռացիր, փակվիր պատյանիդ մեջ անեղծ,
Որպես ներսույզ հատիկ ջրերի մեջ մաքուր:

Ի շրջանս յուր

Այս քաղաքը ջահել, այս քաղաքը օտար,
Պորտաբաց, երկարոտն օտար արարածներ,
Նախշուն հավքեր, որ կտցում են չար
Նախանձ սիրտը և հեռացող էիկունքը մեր:

Անքթիթ ու դաժան հայացքը աչքերի լուսնոտ,
Շաղափում է թառամած հիշողություն մի հին,
Պերճ ծվեններ օրերի` քամու բերած — տարած,
Եվ սկսվում է պտույտը այդ կարճ շփումից:

Պորտաբաց ու երկարոտն արարածներ կորած,
Նախշուն հավքեր, տիրական ու դաժան,
Այս քաղաքը ջահել, այս քաղաքը օտար,
Կորած ոտանահետքեր, ստվերներ մեր կորած:

Քմայքներ

1
Ժամանակը անցավ — գնաց ինձ թողած,
Սերը հրաշք անցավ — գնաց ինձ թողած,
Որբի նման կուչուրվել եմ անկյունում
Երազը տաք անցավ — գնաց ինձ թողած:

Էլ ամոթ է սեր երգելը, ժամանկը հեռացավ,
Հրաշքին էլ չեմ սպասում, վիհի մեջ եմ անհատակ,
Երազս – ցավ տնքոցներ, երազս – հուր մարմրող,
Որբի նման կուչուրվել եմ այս ցուրտ ու մութ անկյունում:

Ի՞նչ անկյուն է, ինչ անդունդ է, ինչ երազ,
Շոշափում եմ սիրտս, միտքս և հոգիս,
Ժամանակը ու՞ր հեռացավ, ուր գնաց,
Որբի նման կուչուրվել եմ այս ցուրտ ու մութ անկյունում:

Քմայքներ
2

Մնացել ենք իրար կքած, իմ տան չորս պատ հարազատ,
Հստակ, մաքուր, անփոփոխ, իմ տան չորս պատ հարազատ,
Նույն խոր ձորն է, նույն Զանգուն, նույն հայացքը իմ մոլոր,
Մի բան սահեց — անցավ կորավ երկնքում,
Մնացել ենք իրար կքած ես ու դու:

Քմայքներ

3

Փակ կոպերիս տակ լույսի արձագանք,
Մոռացված հուշի պեծից բռնկված,
Փակ կոպերիս տակ զարդանախշ աշխարհ,
Մարող ուրվական — անցյալ – կորուսյալ:
Անցյալ – կորուսյալ իմ երազ մաքուր,
Ծովից – ծով ընկած իմ ազատություն,
Անարցունք լացից մոխրացած հոգով
Փակ կոպերիս տակ պահում եմ քեզ լուռ:

Թե լուռ չպահեմ տեղդ կիմանան
Գործնական ու լիրբ ոսոխներդ հին,
Ախ, բոլորեքյան առք ու վաճառք է,
Իմ լույս երազը թամաշա ու ողբ:

Քմայքներ
4
Անիծված է և անվախճան կածանն այս,
Հետևը հուր, դիմացը ջուր կածանն այս,
Դժբախտության — երջանկության կածանն այս,
Ո՞րն է սկիզբը, ո՞րն է վերջը, Տեր Աստված:

Դեռ կռապաշտ, դեռ մոլորյալ, դեռ ստրուկ,
Ու՞ր եմ գնում ժայռակոտոր այս կածանով գլխիկոր,
Նախանշած քո ուղին եմ թնտրում, սակայն չեմ գտնում,
Ո՞րն է սկիզբը, ո՞րն է վերջը, նշան արա, Տեր Աստված:

© Ալվարդ Պետրոսյան