ՍՈՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ | Ինչպես մի օր հանդիպեցինք ես ու Դյուք Էլլինգթոնը

Posted on Մարտի 29, 2011

0


Մի օր քայլում էի Իտալիայի փողոցով, ինչպես միշտ պատկերացնում էի թե հենց այնտեղ եմ, երբ անցնում էի դեսպանատան կողքով, վայելում էի ասֆալտից բարձրացող տաք գոլորշին: Մտածում էի արդեն մշտական դարձած հարցի շուրջ, թե ինչու մեր հայրենակիցները նեղություն չեն քաշում ժպտալ, երբ տեսա մի բան, որ շեղեց իմ ուշադրությունն այս հարցից, որ միևնույն է իմ գոյության ընթացքում լուծում չի ստանա: Տեսա մի տղամարդու, որ հագնված էր տարվա եղանակին և առհասարակ տեղանքին անհամապատասխան` սմոքինգ, ցիլինդր, փայլուն լաքապատ կոշիներ…. Առաջին միտքն այն էր, որ արևը գլխիս է տվել, ու ուր որ է կհայտնվեն թռվռացող կանաչ մարդուկները: Բայց նրանք չէին գալիս, իսկ տարօրինակ տղամարդը շարունակում էր քայլել ու զարմացած աչքերով նայել շուրջը: Բնածին հետաքրքրասիրությունս բացեց աչքերը ու դուրս եկավ իր բնից, ուր թաքնվել էր տապից, ու մենք երկուսով արագացրինք մեր քայլերը, որ պարզենք թե ինչ է կատարվում քաղաքում: Մի պահ տղամարդը կանգնեց, և մենք հասանք նրան: Ես սկսեցի ձևացնել, թե ուսումնասիրում եմ շուրջս բարձրացող շենքերը` զուգահեռ փորձելով տեսնել մարդու դեմքը: Ու հասկացա, որ սկզբում ճիշտ էի` կանաչ մարդուկները ճանապարհին են ու շուտով կերևան անկյունում: Հակառակ դեպքում ես չէի կարող գտնել տրամաբանական բացատրություն այն փաստին, որ իմ դիմաց կանգնած էր Դյուք Էլլինգթոնը: Այն Դյուք Էլլինգտոնը, որ ծնվել էր 1899 թ. Վաշինգտոնում: Առաջին ամենառացիոնալ հարցը, որ կարողացա տալ նրան, թե ինչ է անում այստեղ: Ամենառացիոնալ պատասխանը, որ կարող էի ստանալ նրանից. “Ուզեցի այցելել Հայաստանը”: Չծախսելով ժամանակը հիմար հարցերի վրա`քարշ տվեցի նրան մոտակա այգի, չնայած առանձնապես հույսեր չունեի, որ բոլորը կճանաչեն նրան, բայց ամեն դեպքում չափազանց աչքի զարնող էր նրա արտաքին տեսքը: Մինչ մենք կհասնեինք տեղ, նա սկսեց պատմել իր մասին: Նրան թվաց, թե իմ զարհուրած հայացքը գալիս է նրանից, որ նա անծանոթ է ինձ, այնինչ իրականում հարցն այն է, որ ես ԳԻՏԵԻ թե ով է նա: Բայց ընդհատելը սրբապղծության պես մի բան կլիներ իմ կողմից: Ու ես փակեցի բերանս ու սկսեցի կլանել ինֆորմացիան: Եվ այսպես ես իմացա, որ նա Դյուք Էլլինգթոնն է: Իրականում նա Էդուարդ Քեննեդի Էլլինգթոնն է, որը ստացել էր Դյուք (անգլերեն դուքս) մականունը բակի ընկերների կողմից արիստոկրատ պահվածքի, ճաշակի ու շարժուձևի համար: Իմացա, որ ծնվել է նա հասարակ միջին խավի ընտանիքում, հայրը աշխատում էր որպես գրագիր ԱՄՆ Ռազմա-ծովային նախարարությունում, այնուհետև` Սպիտակ Տանը ծառայապետ (ռուս. дворецкий): Պատմեց, որ ինքը դաշնակահար է ( :Ճ ): Բավականին զարմացավ, երբ ես ասացի, որ գիտեմ, թե ով է նա ու խնդրեցի ավելի մանրամասն պատմել իր կյանքից: Դե արի ու մարդուն բացատրի, որ Հայաստանը աշխարհի ծայրը չէ, ու այստեղ էլ մարդիկ երաժշտություն են լսում, ոմանք` նույնիսկ լավ երաժշտություն: Ու նա սկսեց պատմել…..
“…….. 7 տարեկան էի, երբ մայրս որոշեց հետս երաժշտությամբ զբաղվել: Ոչ թե որովհետև ինձ դա շատ դուր էր գալիս, այլ որովհետև այդպես ընդունված էր ժամանակի բարձրաճաշակ տներում: Բայց լուրջ սկսեցի սիրել երաժշտությունը 15 տարեկանում, այն տարիքում, երբ անում ես այն ամենն ինչ կարող ես աղջիկներին դուր գալու համար: Ես կարող էի նվագել ու գիտեի, որ դա նրանց դուր կգա:
Ժամանակի ընթացքում ես իմացա, որ Նյու Յորքում կարելի է ահռելի գումարներ վաստակել ջազ նվագելով: Ինչ՞ու ոչ։ Նվագախումբ հավաքեցի, ու մենք գնացինք Նյու Յորք, իսկ ավելի ստույգ Հարլեմի “Քոթթոն Քլաբը”, ժամանակի #1 ակումբը` ամենահայտնի, ամենահարուստ և ամենաազդեցիկ գանգստերների ու երաժիշտների (հաճախ նույն մարդը և այն էր, և այն) հավաքատեղին: Ընդունելության արժանանալ “Քոթթոն Քլաբի” հանդիսատեսի մոտ կնշանակեր ունենալ ճանաչում, փող, փառք…. Իսկ էլ ի՞նչ է պետք երիտասարդ երաժշտին, ով իր կարիերան սկսել է պարզապես գեղեցիկ թռչնակներ գրավելու համար: Ու քանի որ “Քոթթոնի” ելույթները հեռարձակվում էին ռադիոյով, շուտով մեր նվագախումբը դարձավ բավականին հայտնի, մեզ սիրեցին: Սիրեցին ինչպես հասարակ մարդիկ, այնպես էլ բավականին լուրջ քննադատները, երաժիշտները: Մեծամիտ չհնչի, բայց մեզ սիրելը դարձավ էլիտայում ընդունված կարգ: Ու մենք վայելում էինք մեր ճանաչումը, կանանց համընդհանուր սերը: Անկեղծ ասած մենք այդ ժամանակ վարում էինք բավականին շքեղ ու ազատ կյանք: Ու այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև չսկսվեց Առաջին Համաշխարհայինը:
Ծանր ժամանակներ սկսվեցին բոլոր երաժշտական խմբերի, այդ թվում նաև` մեզ համար: Մեծ խմբերին հրավիրելն այլևս ձեռնատու չէր, թանկ էր: Մենք էլ սկսեցինք հայտնի երգիչ – երգչուհիների ձայնագրություններին նվագել: Շատ ժամանակ ոչ ոք չէր էլ իմանում, որ նվագում է Դյուք Էլլինգթոնի բենդը: Մեզ պարզապես մոռացան:
Իսկ հետո փոխվեց սերունդը, փոխվեց ճաշակը, ու երբ 1956 թ. հուլիսի 8ին Նյուպորտի ջազ փառատոնին հայտարարվեց, որ բեմ դուրս կգա Դյուք Էլլինգթոնն իր բենդի հետ, ոչ ոքի դա առանձնապես չոգևորեց: Մենք նվագում էինք մեր հայտնի գործերը, որոնք ժամանակին դուր էին գալիս մարդկանց, որոնց համար մեզ սիրում էին, բայց սա ռոք-ն-ռոլլի սերունդն էր, նրանց հասարակ ջազով չես զարմացնի: Եվ ահա մի պահ մենք սկսեցինք նվագել “Crescendo in Blue” ստեղծագործությունը, սոլոն կատարում էր սակսաֆոնահար Փոլ Գոնզալվեսը: Չգիտեմ հուզմունքից էր, հուսահատությունից, թե ջղայնությունից, բայց շատ ուժեղ ռիթմ էինք վերցրել… Հանդիսատեսներն արթնացան, ոտքի կանգնեցին, սկսեցին սուլել, ծափեր լսվեցին…. Համերգի կազմակերպիչներին մի պահ թվաց,թե այդ ամենն անկարգությունների նշան է, ու մեզ նույնիսկ խնդրեցին կիսատ թողնել կատարումը: Բայց արդեն ուշ էր….. Սկսվել էր Փոլի սոլոն, և նրան կանգնեցնելն ուղղակի անհնար էր…. 6.5 րոպե նա պահում էր հանդիսատեսների հիացած հայացքներն իր վրա: 6.5 րոպեյում նրան հաջողվեց անել այնպես, որ մեզ նորից նայեն հիացմունքով, սիրով, սպասումով: Այնպես, ինչպես մեզ նայում էին մինչև պատերազմը, մինչև բոլոր դժվարությունները…. Զարմանալի օր էր… Հաջորդ օրը մենք արթնացանք և հասկացանք, որ ամեն ինչ վերադարձել է, որ մենք կրկին հայտնի ենք, մեր մասին նորից թերթերում են գրում:
Բայց ես արդեն նույնը չէի, ինչ 20 տարեկանում, երբ պատրաստվում էի գնալ գրավելու Նյու Յորքը: Այդ ժամանակ ես արդեն վերաբերվում էի երաժշտությանը շատ ավելի լուրջ, որպես իմ կյանքի հիմնական մասնիկ: Ու հենց այդ ժամանակ էլ ինձ սկսեցին վերաբերվել համապատասխան. ես ստացա Ֆրանսիայի Պատվավոր լեգիոնի շքանշան, մեզ հրավիրեցին ելույթ ունենալու Սպիտակ Տանը և Անգլիայի թագուհու նստավայրում: Այդ օրը ես թագուհուն նվիրեցի հատուկ նրա համար գրված “Թագավորական սյուիտը”: Հիշում եմ, թե ինչքան հավանեց նա……”
Ամենավերջին բանը, որ ես կսպասեի նման պահին, դա հեռախոսի զանգն էր, որը ոչ մի լավ բան չէր հուշում: Բայց չպատասխանել չէի կարող, հնչած խնդրանքը չկատարել նույնպես: Դյուքից խոստում կորզեցի, որ ոչ մի տեղ չի գնա, տեղի բնակչության հետ կոնտակտ հաստատելու փորձեր չի կատարի ու վազեցի: Սեփական գործերս ավարտելը տևեց մոտ 40 րոպե, որոնք հանգիստ կարող էին անցնել մի ամբողջ օրվա տեղ: Սրտի թրթիռով վերադարձա այնտեղ, որտեղ թողել էի նրան, արդեն մտովի պատրաստ, որ նա արդեն այստեղ չէ…………սխալվեցի: Նստած էր նույն տեղում, ու կարծես իր կատարումներից մեկն էր, հիշել, որովհետև ոտքերը տակտ էին խփում, իսկ մատները սահում էին օդի մեջ:
Մտածեցի, որ հաստատ երկրորդ հնարավորությունը չեմ ունենա Դյուք Էլլինգթոնի հետ երեկո անցկացնելու: Երկար մտորումներից հետո, թե ուր կարելի է տանել սմոքինգով մարդու, որոշեցի, որ այսօր տարօրինակությունների օր է, և մարդիկ ստիպված կլինեն հաշտվել դրա հետ: Տարա նրան ընկերներիցս մեկի փաբ: Դա այնպիսի տեղ է, ուր մարդիկ գալիս են ուղղակի խմելու, հաճախ հարբելու` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Այդ օրն ինչպես միշտ տիրում էր նույն պատկերը. Սրահը լիքը չէր, բայց ով որ կար այնտեղ բավական էր աժիոտաժ ստեղծելու համար: Ինչ որ հարբած տղաներ անկյունում խմում էին ընկերության կենացը, ու զգացվում էր որ այսօր այս կենացը շատ անգամ է կրկնվել… Բարմենի հետ ինչ որ աղջիկ էր խմում, իսկ բաժակների միջև ընդմիջումներում փորձում էր իր ողջ կիրքն ու մտադրությունները ցույց տալ այդ տղայի նկատմամբ, որն էլ, ինչքան էլ որ զարմանալի չէր, վերջին շնչով դիմակայում էր գրոհին…. Մի քանի աղջիկներ էլ պարում էին սեղանների վրա` երևի հուսալով, որ այն առաջին տղաները կկտրվեն խմիչքից ու կհետևեն իրենց հիմնական բնազդին… Այս խառնաշփոթի մեջ չկար ոչ մի հույս, որ ինչ որ մեկը կանդրադառնա իմ ուղեկցին: Իսկ ինձ համար կարծես արդեն լրիվ սովորական էր դարձել այն, որ ես պատրաստվում եմ մոտակա ժամերն անցկացնել մեծագույն ջազմեններից մեկի հետ: Դե իհարկե, ամեն ինչ հնարավոր է, օգտվիր, քանի դեռ կա:
Երևի մթնոլորտն էր մեղավոր կամ էլ նրա սիրած apple martini – ն, բայց այս անգամ նա սկսեց խոսել իր կանանցից, թե ինչպես է սիրել, ինչպես է սիրվել.
“…….առաջին անգամ ամուսնացա 19 տարեկանում: Էդնան այն աղջիկներից մեկն էր, որոնց գրավելու համար ես սկսեցի զբաղվել երաժշտությամբ: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց մեր որդի Մերսերը, որը հետագայում սկսեց նվագել իմ նվագախմբում: Շուտով ծնվեց մեր երկրորդ որդին, բայց շուտով նա մահացավ….”, մի հատ էլ apple martini խնդրում եմ, “……ընդհանուր առմամբ Էդնայի հետ մեր կյանքը չի կարելի անվանել երջանիկ: Շատ շուտով մենք բաժանվեցինք ու այլևս երբեք միասին չապրեցինք, չնայած այդպես էլ պաշտոնապես չամուսնալուծվեցինք:
Անհամեստ չնհնչի, բայց կանայք ինձ միշտ էլ սիրել են: Ես չեմ եղել հավատարիմ ամուսին: Էդնայի հետ ապրելու ընթացքում պարբերաբար սիրային կապեր եմ ունեցել: Որոշների մասին Էդնան գիտեր: Մի օր, երբ մենք քննարկում էինք իմ հերթական սիրուհուն, նրա ձեռքին հայտնվեց դանակ, իսկ իմ դեմքին` մի մեծ սպի….. Բայց դա էլ բավական զգուշացում չեղավ ինձ համար: Ես այնուամենայնիվ ամեն օր նայում էի ինձ հայելու մեջ, երբ պատրաստվում էի հերթական կնոջ մոտ գնալ, տեսնում էի սպին, աչքով էի տալիս ինքս ինձ ու գնում: Երբեմն ես ունենում էի մի քանի սիրուհիներ միաժամանակ: Մի անգամ դրա պատճառով մեծ խառնաշփոթ էր առաջացել: 1972 թիվն էր, արդեն չեմ հիշում, թե որ քաղաքում ջազ փառատոն էր, ու ստացվեց այնպես, որ ներկա էին իմ մի քանի սիրուհիները: Երբ հասկացա, որ 3 նապաստակ բռնել չեմ կարողանա, ստիպված ընկերներիս խնդրեցի, որ նրանցից երկուսին մի որևէ տեղ հրավիրեն, իսկ ինքս գնացի երրորդի մոտ…… Լավ օրեր էին….
……իմ կյանքում բոլոր կանայք համոզված էին, որ ես կամուսնանամ նրանց հետ, այնինչ ես նման մտադրություն անգամ չունեի: Հիշում եմ Բեատրիս Էլլիսին. Շքեղ կին էր… Նա ինքն իրեն անվանում էր Իվի Էլլինգթոն, ապրում էր իմ վարձած բնակարանում և խորապես համոզված էր, որ օրերից մի օր իրոք կդառնա միսսիս Էլլինգթոն: Նույնիսկ մի անգամ այդ իր ցանկությունն արտահայտեց ատրճանակն ինձ վրա պահած: Չնայած կյանքիս սպառնացող վտանգին ես չկարողացա դիմակայել գիշերային ակումբի երգչուհի Ֆերնանդա դե Կաստրո Մոնտեյի հմայքին: Նա ներխուժեց իմ կյանք` հետը բերելով շքեղություն, փայլ, էլեգանտություն: Մի անգամ, երբ ես նրան ճանապարհում էի ինչ-որ հյուրախաղերի, կամ էլ ով գիտի, սիրեկանի հետ հանդիպման, վերջին վայրկյանին, երբ գնացքն արդեն մոտեցել էր, նա բացեց իր հիասքանչ ջրաքիսի վերարկուն……..դրա տակ ոչինչ չկար…..համբուրեց ինձ ու գնաց…
Նա ինձ սովորացրեց ապրել շքեղ: Օղի և սև խավիար… Այսպիսին էր մեր կյանքը: Սակայն Ֆերնանդան էլ էր ընդամենը հասարակ մի կին ու երբ մի գեղեցիկ օր նա սկսեց որոշակի ցանկություններ արտահայտել կապված իմ ընտանեկան կարգավիճակը փոխելու հետ, ես ավելի լավ պատասխան չգտա քան այն, որ ես պաշտոնապես ամուսնացած եմ Իվիի հետ: Իմիջիայլոց, Իվինն այնպես էր խանդում ինձ Ֆերնանդայի հանդեպ, որ նրա պատճառով երկրորդ անգամ ինձ վրա ատրճանակ պահեց:
Ահա այսպես ինձ սիրում էին, ինձ ուզում էին սպանել…. Կանայք…. Նրանք այդպես էլ չհասկացան մի պարզ ճշմարտություն. “Իմ միակ սիրուհին երաժշտությունն է, միայն նա կարող է առաջին ջութակը նվագել……”
Ու նա լռեց: Ես էլ էի լռում: Իրականում ես մտածում էի, թե ինչ հետաքրքիր է ստացվում. ամբողջ աշխարհի համար սա Դյուք Էլլինգթոնն է, մեծն Դյուք Էլլինգթոնը, իսկ ինքն իրեն համարում է մարդ, ում բնորոշ է մարդկային ամենահասարակ հատկանիշը: Նա էլ բոլորի պես շատ է խաբել: Այստեղ (գուցե շատ թեմայից դուրս) հիշում ես աստվածաշնչային պատվիրանը, մի շինիր քեզ կուռքեր….
Մի պահ ես սթափվեցի իմ խորիմաստ մտքերից, գիտակցեցի, որ արդեն անհայտ ժամանակ ձողիկով ուզում եմ քաշել կոկտեյլս, որը վաղուց արդեն վերջացել է: Գլուխս բարձրացրի, որ հարցնեմ նրան վերջապես, թե ինչ գործ ունի նա Երևանում, ինչու է մենակ: Իրականում ես չգիտեի թե ինչպես հարցնեի մարդուն. “Ի՞նչ գործ ունես այստեղ, եթե դու մահացել ես 1974 թ.”: Մտքերս կտրվեցին հանկարծակի: Երբ տեսա, որ կողքս ոչ ոք չկա նստած, միայն սեղանին մնացել էր փայլուն ցիլինդրը…
Միակ բանը, որ ես այդ օրը չարեցի ու դրա պատճառով դուք ինձ հիմա գուցե չհավատաք, ես չկազմակերպեցի սերունդների համար ֆոտո` ես ու Դյուք Էլլինգթոնը: Բայց ոչինչ, կարևորը դա ես եմ տեսել, իսկ ֆոտոն….. Բայց ես չեմ խաբում, ամեն ինչ ճիշտ և ճիշտ հենց այսպես էլ եղել է, ազնիվ խոսք…..