Գառնիկ Սահակյանի «Գիսանե տաճարի գանձերը» գիրքը մրցանակի արժանացավ Երևանում

Posted on Մարտի 29, 2011

0


Հայաստանի գրքասերների ընկերության խորհրդի որոշմամբ
Գառնիկ Սահակյանի «Գիսանե տաճարի գանձերը» գիրքը
ճանաչվել է 2010 թ.-ի «սփյուռքահայ լավագույն վեպ»:
Ներկայացնում ենք Գրականության և արվեստի ազգային
ակադեմիայի տնօրեն Աբգար Ափինյանի ելույթը Հայաստանի
գրքասերների ընկերության ընդհանուր ժողովում:

«Սիրելի բարեկամներ
Ուրախ եմ, որ Գառնիկ Սահակյանի գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր երիտասարդության շրջանում: Ես կփորձեմ ներկայացնել իմ տեսակետը, որ հավանաբար կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր կարդացել և հավանել են գիրքը և կուզեին որոշ գրականագիտական բացատրություններ ստանալ վեպի գեղարվեստական առանձնահատկությունների շուրջ: Սկսեմ նրանից, որ պիտի համաձայնեմ այստեղ ելույթ ունեցած շատերի հետ, որ «Գիսանե տաճարի գանձերը» գիրքը ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ` շնորհիվ արկածային վեպի իր ակնհայտ առավելությունների: Սակայն ես պիտի Գառնիկ Սահակյանի գիրքն անվանեմ «փիլիսոփայական վեպ»` մեր ժողովրդի անցյալի ու ներկայի և մեր ապագայի մասին: Նաև նկատեմ, որ այս դեպքում գործ ունենք բազմապլան ստեղծագործության հետ, որտեղ գաղափարական բազմաձայնությունը զուգակցվում է սյուժեի բազմաշերտ զարգացումների հետ: Վեպի գեղարվեստական բովանդակությունը բացահայտում է գլխավոր հերոսը, որի նամակներում ներկայանում է Միացյալ Նահանգներում ապրող հայ մարդը:
Ամերիկան մարդուն տալիս է ամեն ինչ, սակայն հայի երազանքը կապված է միմիայն հայրենիքի հետ: Ահա թե ինչպես պետք է հասկանալ վեպում հնչող խոսքը. «Սա Ամերիկա ըսվածը այլևս համը կորսնցուց»: Եվ իբրև այս մտքի շարունակություն հնչում է. «Գլենդեյլը սիրում եմ, հայկական շունչ կա»:
Գիսանեն այն աստվածության անունն է, որին պաշտում էին Հայաստանում ապրող հնդիկները: Այսպես սկիզբ է առնում մի հեքիաթային որոնում, որ հերոսներին բերում է Հայաստան: Վեպի երիտասարդ հերոսները որոնում են ոսկուց ձուլված Գիսանե աստծո արձանը: Սակայն վեպը ոսկի որոնողների պատմություն չէ: Փնտրելով Գիսանե տաճարի գանձերը Գեղարդում, փնտրելով աստվածային գաղտնարանը Երևանում` վեպի հերոսները սրբազան գաղտնարանը գտնում են մեծ եռանկյունու մեջ` Մայր Հայաստանը, Կասկադի հուշարձանն ու Մատենադարանը: Պարզվում է, որ կենաց ծառի սրբազան շրջանը Երևանի հատակագիծն է: Եվ կյանքն ու հեքիաթը խառնվում են իրար: Եվ երբ հերոսները հասնում են Գիսանե տաճարի գանձերին, պարզվում է, որ դրանք արդեն գտնվում են նոր գաղտնարանում: Այնտեղ, որտեղ ավարտվում է գանձերի որոնումը, հենց այդտեղից էլ սկիզբ է առնում հոգևոր որոնումը:
Հեղինակն արտակարգ վարպետությամբ գանձերի որոնումը ներկայացնում է իբրև մեր հոգևոր ինքնության բացահայտման երազ: Նրա պատկերմամբ` Հայաստանը մարդկության գաղտնիքն իր մեջ ամփոփող հինավուրց մի երկիր է, որ ապագայի շատ հարցականների պատասխանն ունի: Ահա Քարահունջը` խորհրդավոր ու անմեկնելի, ահա հինավուրց Ազնաբերդը, ահա Գառնին` աստծո տունը, ահա Զվարթնոցը, որ խորհրդանշում է փրկության գաղափարը:
Անկախ այն բանից, թե որտեղ ենք մենք ապրում` Հայաստանում, թե Լոս Անջելեսում, մենք փնտրում ենք Հայաստանը: Դուք էլ ուշադիր անցեք մեր երկրի ճամփաներով, այստեղ ամեն քարի տակ մի հին առասպել է ծաղկում, մեր լեռների ստորոտներում դեռ ապրում են մեր հեթանոս քուրմերի ուրվականները, որոնց վերջին խոսքերը մենք դեռ չենք լսել և որոնց գաղտնիքները դեռ չգիտենք: Ուշադիր ու երկյուղած քայլեք Հայաստանի փոշոտ ճամփաներով, և սիրեք Հայաստանը իբրև մի սուրբ տաճար:
Չնայելով վեպում հնչող դատողությանը, թե «Աստված մեզանով չի զբաղվում, խոր քնի մեջ է», վեպի ընթերցողը համակվում է Գառնիկ Սահակյանի գրքի փիլիսոփայությամբ: Ահա մի տաղանդավոր գրող, որ մեզ սովորեցնում է` Աստված մեկ է ու բարի, իսկ չարը ծնվում է միայն այն ժամանակ, երբ մարդը բարիք չի գործում:
Կյանքի ի~նչ սքանչելի փիլիսոփայություն` «Օգնող ձեռքերն ավելի սուրբ են, քան աղոթող շուրթերը»:
Կարծում եմ, մեր երիտասարդության համար կյանքի գիտելիք է վեպում հնչող հետևյալ գաղափարը. «Ամեն մարդու կյանք մի գիրք է, բայց շատերը իրենց իսկ գրքի մեջ երկրորդական հերոս են»:
Այսպես հեղինակն ասես փնտրում է այն պատուհանը, որտեղից այսօրվա հայությունը տեսնելու իր անցյալի կորած գանձերը: Երբ մենք գտնենք մեր հին մատյաններն ու բոլոր հայերին «սովորեցնենք իսկական հայկական աղոթքներն ու ծեսերը, մարդիկ կփոխվեն, ավելի հանգիստ կլինեն, ավելի բարի, իրարից չեն զզվի, ոնց որ հիմա, իրար չեն նախանձի, մի խոսքով Հայաստանը նորից կդառնա օրհնված երկիր…Որովհետև մեռած են ոչ թե նրանք, որոնց կյանքի ժամանակը վերջացել է, այլ նրանք, որոնք ապրում են, բայց կորցրել են իրենց կյանքի առասպելը…Ուր որ ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»:
Ուզում եմ խոսքս ավարտել այս հիանալի գրքի մի պատգամի մեկնությամբ` Ամերիկայում մոմի մի տեսակ կա, պատմում է հեղինակը, փչում-հանգցնում ես, ինքն իրեն նորից է վառվում:
Ամեն մի հայ թող դառնա մի մոմ` որքան էլ քամին փորձի հանգցնել մեր հոգու կրակը, որքան էլ մեզ փորձեն հեռացնել մեր արմատներից, վառենք կրկին ինքներս մեր կրակը, ձեռք ձեռքի տանք, գնանք առաջ` որոնելու մեր ինքնության մեծ տաճարի գանձերը: Վերադարձի ժամն է` վերադառնանք»: