ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ | Բանաստեղծություններ

Posted on Մարտի 29, 2011

0


ԳԱՂԹ

Ղարս քաղաքն եմ
Ես սիրում
Թեեւ երբեք չեմ
Տեսել
Պապերս էին լոկ
Ապրում,
Ու հայրս է
Այնտեղ ծնվել.
Ծնվել է նա
Ճամփեքին,
Գաղթի ճամփին է
Ծնվել
Մտել են գյուղն
Արշունի
Տատս երկունք է
Ապրում
Ֆուրգոնի մեջ
Լաց ու կոծ
Տատս երկունք է
Ապրում
Ու Արշունի
Գյուղի մեջ
Հա~յրս, հա~յրս է
Ծնվում
— Անբախտ բալես
Մեծ տատս ասում
Ու կրծքին է սեղմում
Հորս բարուր
Արած
Արտասվում է
Գերդաստանը
Այս դիպվածից
Հուզված
Ու արցունքներն
Աչքերին
Հասնում են
Ափն Արազի
Ասկյարներն են
Ճամփեն փակել
Փակել են կամուրջն
Հույսի
Ո՞վ իր գլխից ձեռք է
Քաշել
Նրանց մեկը
Երկուս անի:

* * *

Ու լցվում էին
Մարդիկ անփորձ
Արազն էին իրենց
Գցում
Ասես իրենց, իրենց
Կյանքով
Իրենց բախտերն էին
Փորձում
Կոտորվում էր
Հայությունը իր մայր
Գետում.
Այդ պատկերից
Ահաբեկված
Պապս վերցնում է
Բարուրն իմ հոր
Ու Արազն է
Գցել ուզում,
Բայց թե տատս
Նոր մայրացած
Հորս խլում
Պապիս ձեռքից,
Ու ասում է
Խիստ նեղացած,-
— Առաջ լավ է
Ինքս մեռնեմ,
Միայն թե
Որդուս մահը
Իր հոր ձեռքով
Թող չտեսնեմ

* * *

Հանկարծ հեռվից
Մի հողմե ամպ է
Բարձրանում,
Հողմե ամպը
Արշավում
Ու հասնում են
Նրան ահեղ
Ֆիդայիները
Քաջարի,
Նրանց թրի մի
Հարվածով
Գլորվում են գլուխները
Ասկյարների:

***

Ու պատմում էր
Տատս ամենքին
Կոտորածն էր
Պատմում հայոց
Հիշում երեք եղբայրներին,
Որ թուրքն այրեց
Մարագներում
Հայե~ր, հայե~ր հազարավոր
Մարագներից
Երկինք ելնող
Մխի-ծխի
Հուրն էր հիշում,
Պատմում էր նա,
Անվերջ պատմում
Աչքի արցունքը
Չէր ցամաքում:

ԽՂՃԻ ՍՈՎ

Խղճի սովն է աշխարհը տիրել
Ու մարդը մարդու կոկորդն է կրծում
Ասես կատաղած գազան է դարձել
Արյան ծարավ է ու չի հագենում.
Գազանը միայն իր փորն է լցնում
Նրան էլ ոչինչ պետք չի աշխարհում,
Իսկ մեր այրերն անկուշտ ու դաժան
Գայլեր են հագած դիմակներ գառան…
Մեկը՝ գանձեր է դիզում անհամար,
Մյուսն՝ իր դիրքն ու աթոռը հարմար…
Ա՛յս է մեր կյանքը, այսքա՛ն անարդար
Ո՞վ է մտածում քաղցածի համար:
Մեկ անգամ ենք լոկ աշխարհ գալիս
Ու ոչ ոք ոչինչ իր հետ չի տանում.
Պատասխան տվեք միայն մի՛ հարցիս,
Այսքան արյունն ինչո՞ւ եք թափում.
Աշխարհի գանձն աշխարհինն է միշտ
Հյուր ենք բոլորս այս փուչ աշխարհում
Բա՛վ է աշխարհը սփռեք մահ ու վիշտ
Խղճի սով է ձեր բիրտ հոգիներում…

2003, Բրյուսել

ՇԱՆԹ ԴԱՌՆԱՅԻ

Այնպես կուզեի ես շանթ դառնայի
Ու շանթարկեի այն նենգ ամպերին,
Որոնք պատել են իմ Մասիս սարին
Եվ հաղթանակած բարձր ձայնեի,-
— Մե՛րն է Մասիսը, զուր են ձեր դավեր,
Դուք մարդասպան թուրք թալանչիներ
Եվ ողողեյի գագաթը Մասսի
Լոկ ջերմ շողերով Հայոց արեւի
Իմ ցնծությունից աշխարհը ցնցվեր
Ու ծածանեի եռագույնը մեր…

ՀԱՎԵՐԺԱՊԱՏՈՒՄ

Ճամփեքին ընկած
Ձեր շիրիմները
Թող գարնան ծաղկած
Վարդերով ծածկվեն,
Անհետ ու անհուշ
Գերեզմանները
Թող սերունդների
Սրտերում այրվեն,
Այրվեն ու ծխան
Ամեն մեկիս մեջ
Որպես հավիտյան
Ծխացող փյունիկ…
Չէ՞ որ այդպիսի
Եղեռն աշխարհում
Ոչ մի ազգություն
Չէր տեսել, մարդիկ:

1989

ՄԱՀԻՑ ԶՈՐԵՂ

Կյանքում մահից չկա դաժան բան,
Բայց ես չեմ վախում այդ մահ կոչվածից
Մահը իմ վշտից դաժան չի այնքան
Վիշտ, որ չեմ կարող պոկել իմ սրտից
Դաջվել է այնտեղ իմ ծնված օրից
Ու դարձել միակ իմաստն իմ կյանքի,
Այրվում եմ անհաս-անհաս կարոտից՝
Պապերիս երկրի՝ այգեստանների:
Ես երգ ու պարով մահը կընդունեմ
Թեկուզ հենց այսօր, թեկուզ այս պահին,
Միայն թե ուխտս — ուխտս կատարվեր
Ազատ տեսնեի ես սարը Մասիս:
Հանկարծ թե իղձս թաղեն հողի տակ,
Հողն էլ չի կարող բերանս փակել,
Իմ սրտում դաջված վիշտը անհատակ
Հանդերձյալ կյանքն էլ չի կարող կոծկել
Պահանջատերն եմ պապերիս երկրի
Ո՛չ առաջինն եմ, ո՛չ էլ վերջին.
Լինի հանդերձյալ, լինի այս կյանքում,
Հայ դատնե է միայն իմ կարոտ սրտում:
Գիտցե՛ք, աշխարհում մի հայ էլ մնա
Հայոց եղեռնը նա չի մոռանա
Նա չի մոռանա սուրբ սարը Մասիս,
Ծովից ծով ձգվող հողը պապերիս…

2003, Բրյուսել

ԱՐԹՆԱՑԵ՛Ք, ՀԱՅԵՐ

Դեռ չի անցել
Հարյուր տարի,
Հարյուր գարուն
Դեռ չի անցել
Մեր սուգը սեւ
Սրտներիս մեջ
Մեր ժպիտը
Մնաց թերի.
Հե~յ, որտեղ ես
Դու մեծ Շիրազ
Դե հիմա քո
Աչքերը բաց
Տե՛ս, լուսաշող
Այս մեծ դարում
Թուրքն արնախում՝
Սումգայիթում,
Դարասկզբի
Կիսատ թողած
Հայոց ջարդն է
Շարունակում,
Ու առանց մի
Պատկառանքի
Ասես ի լուր
Ողջ աշխարհի
Ազգն այդ վայրի
Ու տմարդի
Հանդգնում է
Առեւանգել ու սպասել,
Բռնաբարել կանանց
Հայոց
Ու հայ մարդու
Խանդը շարժել…
Դե բա՛վ է լռենք…
Արթնացիր, Դավիթ,
Նստիր դու նորից
Քուռկիկ Ջալալին,
Կապիր քո մեջքին
Քո Թուր Կեծակին,
Որ ելնենք մարտի,
Հայոց զոհերի
Ու մեր նամուսի
Վրեժը լուծենք
Արթնացի՛ր, Դավիթ,
Արթնացեք բոլոր
Քաջեր հայածին.
Դո՛ւք, Անդրանիկի
Կտրիճ զինվորներ
Վարդան զորավար,
Քաջ ֆիդայիներ,
Էլ բա՛վ է քնեք
Ժամն է հատուցման…
Արթնացեք կազմենք
Մի հուժկու բանակ
Դո՛ւք մարտը վարեք,
Որ տեսնենք արդար
Ու սուրբ դատաստան
Եվ ելնենք անհաս
Մեր սարը Մասիս
Ու չքնաղ լեռան
Ձյունե գագաթին
Խմենք կենացը
Պապերիս…

1988

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

Ինչքան էլ հողմեր շառաչեն՝ իզո~ւր
Մասիսը երբեք չեն կարող հարթել,
Ինչքան էլ թեկուզ հայը մնա լուռ,
ԱՆցյալը սակայն նա չի մոռացել:
Նա չի մոռացել, ինչպես մոռանար
Ձայների արքա մեր Կոմիտասին,
Ինչպես մոռանար Ռուբեն Սեւակին
Ու մեծ բանաստեղծ Սիամանթոյին
Նա չի մոռացել, չի էլ մոռանա,
Մասիսը գերված, Անին մեր ավեր
Ղարս ու Էրզրում, Վան ու Երզնկա
Մեզ սպասում են նորից անհամբեր
Մեզ, որ Տեր-Զորի անապատներում
Անհետ ու անհուշ ուզեցին կորցնել,
Սակայն մենք այստեղ՝ մայր հողի գրկում
Աճեցինք նորից, երգինք հորովել
Մեզ, որ կոտորել են մարդուկները թուրք,
Այդ բիրտ գազաններն անապատների,
Բայց հանճարներ ծնող մի ժողովուրդ
Իր Նարեկներով դարեր պիտ ապրի:
Նա պիտի ապրի իր կուլտուրայով,
Իրեն արհեստով ու մեծ արվեստով,
Իրեն երգերով, անցյալի վերքերով,
Դառը հուշ դարձած իր մեծ եղեռնով,
Ապրել է, կապրի այսպես ապրելով
Մասիսն է եղել մեր տանջանքների,
Հառաչանքների լուռ, անխոս վկան,
Ու հիմա որպես շեփոր ռազմի,
Ժամն է, որ գցի լռության չադրան…

* * *
Մասիսը երբեք չի ուզում տեսնել
Իր պանդուխտ որդուն մոլոր, գլխիկոր
Արեգակին է հայացքը հառել,
Սակայն չի հալչում սրտիս ձյունը խոր:

15 ապրիլի, 1965թ.