ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | Կատակերգություն երրորդ ուղեծրում

Posted on Մարտի 31, 2011

1


Կատակերգական ողբերգություն երկու գործողությամբ*

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ՄԱՀՈՒԲ – տարեց հրեշտակ
ԶԵՆՈՒԲ – միջին տարիքի հրեշտակ
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ
ԳՐՈՂ
ՔԱՀԱՆԱ
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ
ՍԱՄՎԵԼ–հիվանդ մարդ
ՀՈՌՈՄ–պառավ կին
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ
ՀՆՁՎՈՐ
ՍԱՏԱՆԱ
ԵՎ ԱՅԼ
ՄԱՐԴԻԿ ՈՒ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

*Պիեսը բեմադրելու համար պետք է լինի այնպիսի բեմ, որը կունենա տեսարանները հաճախ փոխելու հնարավորութ¬յուն:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Գիշեր է. լուսնալույս: Պտտվող բեմի եզրով` ճանապարհով, երկու հոգի արագ-արագ քայլում են` մնալով հանդիսատեսի առջև: Նրանցից մեկը մահվան փորձառու հրեշտակն է` Մահուբը` եռաժանին ուսին, մյուսը, որ բավական երիտասարդ է, նրա օգնականը:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Քանի՞ մարդու հոգի ենք այսօր առնելու:
ՄԱՀՈՒԲ– Քանիսինը կարողա¬նանք:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Զարմացած) Կարո¬ղա¬նա՞նք:
ՄԱՀՈՒԲ– Հա, ինչո՞ւ ես զար¬մա¬նում: Արտի հունձ հո չէ՞:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Չգիտեմ: Ես կարծում էի…
ՄԱՀՈՒԲ– Մեզ տեսնեն թե չէ, հո¬գիները պիտի տա՞ն:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Իսկ ի՞նչ են անում:
ՄԱՀՈՒԲ– Է՜, ախպերս, ի՞նչ ասեմ. մին¬չև չտեսնես, չես պատկերացնի:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ուրեմն հոգի առնելը նո՞ւյն¬պես դժվար գործ է:
ՄԱՀՈՒԲ– Աշխարհում ավելի դժվար գործ, քան հոգի առնելն է, չկա: Այն¬պես եմ հոգնել, որ հոգիս իմ ձեռքում եթե լիներ, բաց կթողնեի:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ ես ասում: Իսկ ու¬րիշ¬ները կարծում են, թե դուք ամենազոր եք, ու ես էլ շատ անգամ լսել եմ, որ մարդիկ ձե¬զանից շան պես վախենում են:
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ, ախ¬պերս: Թե մարդը ի՛նչ առեղծված է, ի՛նչ սատանայի կամ աստծո ծնունդ է, գլուխ չեմ հանում: Հրես, մեկի տուն հա¬սանք: (Գլուխը մի քիչ երկարացնում, նա¬յում է): Հարմար ժամանակ էլ եկել ենք. մենակ նստած` գրում է:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ է գրում:
ՄԱՀՈՒԲ– Սատանան գիտի: Սա միշտ գրում է: (Մոտենում են պատու¬հանին: Տարեց հրեշ¬տակը պատրաստվում է ներս մտնելու):
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ես էլ գա՞մ:
ՄԱՀՈՒԲ– Չէ: Դու մնա այստեղ: Եթե պետք լինես, կկանչեմ:

Բեմը մթնում ու լուսավորվում է: Այժմ այն ներկա¬յացնում է գրողի սենյակը, որտեղ նա ստեղծա¬գործա¬կան երկունքի մեջ է: Պատուհանից մտնում է մահվան հրեշ¬¬տակը, թաքուն մոտենում և գրողի ձեռքը հանկարծակի բռնում:

ՄԱՀՈՒԲ– Հո՛պ, ախպերս. քոնը այստեղ վերջա¬ցավ:
ԳՐՈՂ– (Անակնկալի եկած) Ո՞նց թե վեր¬ջա¬ցավ: Կատակի ժամանակ չէ, տո:
ՄԱՀՈՒԲ– Կատակ-մատակ չկա. կարապի երգը ասա, գնանք:
ԳՐՈՂ– Ո՞ւր գնանք: Չե՞ս տեսնում` գործ եմ անում: Կիսատ հո չե՞մ թողնի: Ձեռքդ քաշիր:
ՄԱՀՈՒԲ– Դու ոնց որ տեղը չես բերում: Ես մահ¬վան հրեշտակ եմ: Ասում եմ` կա¬րապի երգը ասա, ո՛չ ես քեզ չարչարեմ, ո՛չ դու ինձ, ու գնանք:
ԳՐՈՂ– (Անակնկալից չսթափված, շփոթ¬ված) Ա՛յ քեզ փորձանք: Հիմա ես ի՞նչ անեմ: Ախր հազար ու մի գործ ունեմ, հազար ու մի նպատակ…
ՄԱՀՈՒԲ– Գործ-մործ չգիտեմ: Ասի` քոնը այստեղ վերջացավ:
ԳՐՈՂ– Մարդ ես, տո. թող, գոնե բառը վեր¬ջացնեմ:
ՄԱՀՈՒԲ– Ասենք թե էդ մի բառն էլ գրեցիր, հետո՞:
ԳՐՈՂ– Հետո մի բան կմտա¬ծենք:
ՄԱՀՈՒԲ– Ես մտածած եկել եմ:
ԳՐՈՂ– Ախր շա՜տ անակնկալ ես եկել, է, շա՜տ: Գիտե՞ս` ինչքան կիսատ գործ ունեմ:
ՄԱՀՈՒԲ– Հիմա, որ ժամանակ տամ, ի՞նչ ես անելու:
ԳՐՈՂ– Գոնե այս բառը կվերջացնեմ:
ՄԱՀՈՒԲ– Հետո՞:
ԳՐՈՂ– Նախադասությունը:
ՄԱՀՈՒԲ– Հետո՞:
ԳՐՈՂ– Այս հատվածը, այս էջը, այս վեպը…
ՄԱՀՈՒԲ– Հետո՞… Ամեն ինչ այդպես կվեր¬ջացնես, մի օր էլ կասես. «Վե՛րջ, էլ գործ չու¬նեմ, ինձ տա՞ր»: (Գրողը մտամոլոր խոր¬հում է): Որ ասեմ“ մինչև հիմա այդպիսի մարդ չի եղել, կհավա¬տա՞ս: (Գնում նստում է բազմոցին):
ԳՐՈՂ– Ախր ինչո՞ւ հիմա: Իմ ի՞նչ ժամա¬նակն է: Դեռ հիսուն չկամ:
ՄԱՀՈՒԲ– Քեզ թվում է` 20-30 տարի հետո պիտի ուրի՞շ բան ասես: Կամ ի՞նչ մեծ բան է 20-30 տարին, հը՞:
ԳՐՈՂ– Էլի բան է:
ՄԱՀՈՒԲ– Ախր ես ձեզ գիտեմ: Հազար տարի էլ ապրեք, մեկ է, նույնն եք ասելու: Իսկ 20-30 տարվա համար արժի՞ դարդ անել:
ԳՐՈՂ– Ուզում ես համոզել, հա՞:
ՄԱՀՈՒԲ– Ինձ լսիր. այսինչը, օրինակ, մեռել է մեր թվականությունից առաջ 1005 թվականին, իսկ այնինչը` 1025 կամ 1035. տարբե¬րու¬թյունը մե՞ծ է: (Մի պահ լռում են): Դու դեռ շնոր¬հակալ պիտի լինես, որ շուտ եմ եկել:
ԳՐՈՂ– (Զարմացած) Ինչո՞ւ:
ՄԱՀՈՒԲ– Որովհետև վաղաժամ մեռած գրողին քո ցեղակիցներն ավելի շատ են սիրում: Եթե ուզես, այդ սերը ես նույնիսկ կարող եմ կրկնապատկել:
ԳՐՈՂ– Դո՞ւ:
ՄԱՀՈՒԲ– (Հեգնանքով) Չէ, ձեր գրողների միության նախագահը:
ԳՐՈՂ– Ինչպե՞ս:
ՄԱՀՈՒԲ– Եթե համաձայնես` քո մահը ողբեր¬գական դարձնեմ, հավատա, որ այդ սիրուց շատերը նույնիսկ կխելագարվեն:: (Գրողը մտածում է):
Հը՞, ի՞նչ կասես: Ի դեպ, դու քեզ պիտի համարես բախտավոր, որ ինձ պես հրեշտակի ձեռք ես ընկել: Մեկ ուրիշը լիներ, կտակդ էլ չէիր հասցնի գրել:
ԳՐՈՂ– Ուրեմն դուք շա՞տ եք:
ՄԱՀՈՒԲ– Բա մենակ հո չե՞մ:
ԳՐՈՂ– Եվ իրարից տարբե՞ր:
ՄԱՀՈՒԲ– Ձեզ նման: Ամեն մեկս մի բնա¬վո¬րութ¬յուն ու սովորություն ունենք: Էդ լույսը մի քիչ թեքիր, խանգարում է: (Գրողը լուսամփոփի դիրքը փոխում է): Հիմա ի՞նչ անենք: Տեսնում եմ` մտքիդ չկա:
ԳՐՈՂ– Ախր դու չես պատկերացնում, թե մահը ինչ է: Գուցե լավ կլինի, որ ես այսօր կտակս գրեմ, իսկ դու մի օր, առանց զգուշացնելու, առանց աչքերիս նայելու…
ՄԱՀՈՒԲ– Լավ: Արի տղամարդու պայման կապենք: Դու քեզ համար դեռ ապրիր: Ես քո դուռը էլ չեմ գա, բայց հենց ձայն տամ, ամեն ինչ պիտի թողնես, անմիջապես գաս: Եղա՞վ:
ԳՐՈՂ– (Ուրախացած) Եղավ, եղավ:
ՄԱՀՈՒԲ– (Տեղից վեր կենալով) Դե, չմոռա¬նաս. հենց ձայն տամ…

Բեմը մթնում ու լուսավորվում է: Երկու հրեշ¬տակները դարձյալ ճանապարհին են:

ՄԱՀՈՒԲ– Էլ ոչ մի հետաձգում. մյու¬սի հոգին հաստատ առնելու եմ: Տես` ցուցակում հաջորդը ով է:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Գրպանից հանում է մի թուղթ և նայում): Հաջորդը… Սարգիս քահանա: Գրողի անվան դիմաց ի՞նչ գրեմ:
ՄԱՀՈՒԲ– Բա ես գիտե՞մ: Նշան դիր, որ տեսել ենք, պետին մի բան կասեմ:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Չի՞ բարկանա:
ՄԱՀՈՒԲ– Նայած տրամադրության:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Շա՞տ է լինում, որ հետաձգում ես:
ՄԱՀՈՒԲ– Չգիտեմ: Վրաս միշտ փնթփնթում են:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Էս ցուցակներն ո՞վ է կազ¬մում:
ՄԱՀՈՒԲ– Վերևում կազմում, բերում- բաժանում են:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ցուցակում չեղած մարդկանց հոգին չե՞նք կարող առնել:
ՄԱՀՈՒԲ– Կարող ենք, բայց հետո պիտի պատասխան տանք, հիմնավորում գտնենք:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Իսկ եղածներինը` չառնե՞լ:
ՄԱՀՈՒԲ– Օրենքով` չէ: Կարծես թե հասանք: (Երևում է մի դուռ):
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Միանգամից պիտի խփե՞ս, թե էլի …
ՄԱՀՈՒԲ– Տեսնենք: (Դուռը թակում է: Ոչ մեկը ձայն չի հանում: Նորից է թակում: Քիչ անց դռան հետևից լսվում է տղամարդու` Սարգիս քահանայի ձայնը):
ՔԱՀԱՆԱ– Ո՞վ է:
ՄԱՀՈՒԲ– Դուռդ բա՛ց, եղբայր: Քեզ հետ գործ ունեմ:
ՔԱՀԱՆԱ– Ո՞վ ես, ի՞նչ գործ գիշերվա կեսին:
ՄԱՀՈՒԲ– Հո չե՞մ գոռալու: Բաց արա, կասեմ: (Քահանան դուռը բացում է, հրեշտակին տեսնում և անակնկալի գալիս):
ՔԱՀԱՆԱ– Վա՛հ:
ՄԱՀՈՒԲ– Բա՛: Չէի՞ր սպասում:
ՔԱՀԱՆԱ– Դու… դու… Հաստատ սխալվել ես: Հիվանդը մեր գյուղի Իշխանն է:
ՄԱՀՈՒԲ– Քահանա Սարգիսը դու չե՞ս:
ՔԱՀԱՆԱ– Եե՜ս եմ: Ե՛ս քիչ առաջ Իշխանի գլխին «Նարեկ» կարդացի:
ՄԱՀՈՒԲ– Լավ արեցիր: Գնացի՛նք:
ՔԱՀԱՆԱ– Հո ձեռ չես առնում, այ… Ինձ ի՞նչ է եղել: Հրեն, Հոռոմը արդեն հարյուր տարեկան է:
ՄԱՀՈՒԲ– Քահանա Սարգիսը դու չե՞ս:
ՔԱՀԱՆԱ– Ես եմ:
ՄԱՀՈՒԲ– Ասում եմ` գնացի՛նք:
ՔԱՀԱՆԱ– Մորուքիս մի՛ նայիր, է, ջահել մարդ եմ:
ՄԱՀՈՒԲ– Լսիր, ես ժամանակ չունեմ:
ՔԱՀԱՆԱ– Ա՛յ քեզ արդարությո՜ւն:
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ արդարություն:
ՔԱՀԱՆԱ– Բա էն հարյուր տարեկան Հոռոմը ապրի, էն մարդակեր Ավագը ապրի, էն սատանա Ավեն ապրի, ես մեռնե՞մ: Տրամաբանությունը ո՞րն է:
ՄԱՀՈՒԲ– Լսիր, դու հավատացյալ, աստվածավախ, Աստծո ծառա մարդ ես, չէ՞:
ՔԱՀԱՆԱ– Առանց աղոթելու մի օր չեմ ապրել:
ՄԱՀՈՒԲ– Լավ ես արել: Հիմա Աստված ուղարկել է, որ հոգիդ տաս:
ՔԱՀԱՆԱ– Հավատս չի գալիս: Ուրեմն այսպես ջահել-ջահել մեռնե՞մ: Ախր տրամաբանություն, արդարություն պիտի լինի՞, թե չէ:
ՄԱՀՈՒԲ– (Օգնականին) Տեսնում ես, չէ՞:
ՔԱՀԱՆԱ– Բա ես մեղք չե՞մ:
ՄԱՀՈՒԲ– Վա՛յ, ես էս կարգ դնողի հերն եմ անիծել, վա՛յ:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա ի՞նչ ենք անելու:
ՔԱՀԱՆԱ– Ես ընդամենը ուզում եմ, որ այս աշխարհում գոնե այդ հարցում արդարություն լինի: Գոնե դուք արդար եղեք…
ՄԱՀՈՒԲ– (Մտածելով, քահանային) Դու էս գյուղից կարո՞ղ ես մի քանի օրով այնպես չքվել, որ սա¬տանան էլ չգտնի:
ՔԱՀԱՆԱ– Հենց հիմա՞:
ՄԱՀՈՒԲ– Հա, բա ե՞րբ: Մենք քեզ չենք տեսել: Հասկացա՞ր:
ՔԱՀԱՆԱ– Հասկացա:
ՄԱՀՈՒԲ– Տանը չես եղել, չենք գտել: Իմացա՞ր:
ՔԱՀԱՆԱ– Իմացա:
ՄԱՀՈՒԲ– Էս ամեն ինչը եղել է երազ: Եղա՞վ:
ՔԱՀԱՆԱ– Եղավ:
ՄԱՀՈՒԲ– Դե, մենք գնացինք:
ՔԱՀԱՆԱ– Բա… Բա… Ե՞րբ եք գալու:
ՄԱՀՈՒԲ– Մի օր հաստատ կգանք: Դու պատրաստ եղիր:
ՔԱՀԱՆԱ– Եղավ: Կլինեմ:
ՄԱՀՈՒԲ– Տես հա. էսօրվա պես ա¬¬¬¬նակնկալի չգաս:
ՔԱՀԱՆԱ– Չեմ գա:
ՄԱՀՈՒԲ– (Հեռանալով) Բոլորդ էլ նույն սանրի կտավն եք: Վա՜յ, մարդ ստեղծող, վա՜յ…

Բեմը պտտվում է: Երկու հրեշտակները դարձյալ ճանապարհին են:

ՄԱՀՈՒԲ– Ցուցակում նայիր` ով է հա¬ջորդը:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Նայում է): Նա¬զինյան Հոռոմ. 100 տարեկան:
ՄԱՀՈՒԲ– (Կանգնելով) Թո՛ւ… Էլի մո¬ռացա: Դա էն Հոռոմն է, որի մասին քահանան ասաց: Ամեն անգամ մոռանում եմ դրա հոգին առնել ու, այսպես, ասելիք է դարձել:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ անենք, հե՞տ դառ¬նանք:
ՄԱՀՈՒԲ– Չէ, թող մնա` մյուս անգամ: Հիմա պիտի հիվանդանոց գնանք. մարդ է մեռել:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ուրեմն չի՞ ընդդիմանա:
ՄԱՀՈՒԲ– Չէ, էլ ի՞նչ ընդդիմանա: Հո¬գին արդեն առած-պրծած է, պիտի վերցնենք ու գնանք:

Նոր պատկեր: Կիսախավար սենյակում սպի¬տակ սավանով ծածկված է մի հանգուցյալ: Ներս են մտնում հրեշտակները: Զենուբը մոտենում է սնարին, վերցնում մի թուղթ ու կարդում:

ՄԱՀՈՒԲ– Պետրոսյան Պետրոս Պո¬ղոսի: (Օգնականին) Ցուցակում կա՞:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Նայում է): Չէ, չկա:
ՄԱՀՈՒԲ– Ուրեմն սխալմունք է: Այս մարդը հաստատ ողջ է: (Հանկարծ «հանգուցյալը» սավանի տակ շարժվում է): Ասացի, չէ՞: (Լսվում է դռան ճռռոց: Սենյակի լույսը վառվում է: Դիահերձման գործիքներով գալիս է մի տղա¬մարդ, սավանը վերցնում և, այն է, պիտի «հանգուցյալին» սկսի հերձել, բայց տարեց հրեշտակը ձեռքը բռնում է): Խելառ հո չե՞ս, վայրենի: Չե՞ս տեսնում` կենդանի է:
ՏՂԱՄԱՐԴ– (Անակնկալի եկած, վախեցած) Իսկ դու… Դու ո՞վ ես:
ՄԱՀՈՒԲ– Քե՞զ ինչ: Ասում եմ` կենդանի է: Ձեզ որ թողնեն, իրար ողջ-ողջ կուտեք: Ես ձեր…
ՏՂԱՄԱՐԴ– Կենդանի է՞: (Զարկերակը շոշափում է): Հա, էլի: (Հրեշտակին) Ես մեղավոր չեմ: Ինձ ասել էին…
ՄԱՀՈՒԲ– Ու դու էլ առանց ստուգելու պիտի մորթեիր, հա՞:
ՏՂԱՄԱՐԴ– Իմ գործն էդ է:
ՄԱՀՈՒԲ– Թո՛ւ: Ես մարդ արարողի… Ու դուք էլ դեռ արդարությունից եք խոսում, մեզնից բողոքում: (Օգնականին) Քանի շուտ է, գնանք, թե չէ էս վայ¬րենին մեզ էլ կմորթի: (Տղամարդուն) Մեզ տեսնելու մասին ոչ մի խոսք: Եղա՞վ:
ՏՂԱՄԱՐԴ– (Վախեցած) Եղավ:
ՄԱՀՈՒԲ– Թե չէ նույն օրը հոգիդ կառ¬նեմ: Եղա՞վ:
ՏՂԱՄԱՐԴ– Եղավ:

Լսվում է «հան¬գուց¬յալի» ձայնը.
– Ո՞վ կա այստեղ: Ո՞վ կա այստեղ:

Բեմը պտտվում է: Հրեշտակները դարձյալ ճանա¬պար¬հին են:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա ինչո՞ւ չթողիր: Գոնե մի մարդու հոգի կառնեինք:
ՄԱՀՈՒԲ– Դու ինձ ինչի՞ տեղ ես դրել. ես մա՜րդ եմ, ի՜նչ եմ…
Ինձնից քեզ խրատ. անմեղ տեղը մի մրջյունի կյանք էլ չառնես:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բոլո՞ր հրեշտակներն են այդպես:
ՄԱՀՈՒԲ– Է՜, ախպերս, է՜: Ի՞նչ ասեմ: Էս աշխարհն ստեղծողին ես ի՜նչ ասեմ…
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Քիչ անց) Նիստը վա՞ղն է:
ՄԱՀՈՒԲ– Ե՛վ վաղն է, և՛ մյուս օրն է: Թո՛ւ…

Բեմը մթնում ու լուսավորվում է: Մահվան հրեշտակների նիստն է: Հրեշտակապետը նստած է վերևում, կողքը նստած են օգնա¬կանները, իսկ փոքր-ինչ ցածր` մյուս հրեշտակները: Վերջիններիս մոտավորապես կեսը կա¬նայք են:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Ցուցակում կարդում է): Իսա¬հակյան Կարեն Գրիգորի: Հոգին…
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Առած է:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Իվանով Վանյա Իվանովիչ:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Առած է:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Մատինյան Վահան Վաղի¬նակի… (Ոչ մեկը ձայն չի հանում): Ո՞ւմն է:
ԶԵՆՈՒԲ– Իմն է:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ուշք ու միտքդ ո՞ւր է: Առա՞ր:
ԶԵՆՈՒԲ– Չէ:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ինչո՞ւ:
ԶԵՆՈՒԲ– Մոտենալ չի լինում. վայրենու մեկն է: (Հրեշտակները ծիծաղում են):
ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ես գնա՞մ առնեմ:
ԶԵՆՈՒԲ– Կառնես, բա չէ՞: Տեսնում է թե չէ, վրա է հասնում: Քիչ մնաց` խեղդեր: (Կոկոր¬դին հետքեր ցույց տալով) Ըհը՛: (Նորից` ընդհանուր ծիծաղ):
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Օգնականներից մեկին) Ի՞նչ անենք:
ՕԳՆԱԿԱՆ– Առայժմ թող մնա:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Նազինյան Հոռոմ Կարենի:
ՄԱՀՈՒԲ– Իմն է:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Առա՞ր:
ՄԱՀՈՒԲ– (Գլուխը պտտելով) Մոռացա:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Օգնականին) Գրավոր նկատո¬ղություն: Արդեն հարյուր տարի ապրում է: (Շարու¬նակում է ընթերցել): Սարգիս քահանա:
ՄԱՀՈՒԲ– Իմն է:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Առա՞ր:
ՄԱՀՈՒԲ– Չգտա:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Համա թե հրեշտակ ես, հա՜:
ՄԱՀՈՒԲ– Որ չգտա, ի՞նչ անեմ: Գյուղում էլ տեղ չմնաց, որ չմտնեմ: Հրես, սանիկս էլ` վկա: (Կրտսեր հրեշտակը հավանության նշան է անում):
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Ցուցակը կողք է դնում): Ասելիք ո՞վ ունի:
ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ծղոտ գյուղում երեկ մի մարդու տեսա. 120 տարեկան:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Անունն իմացա՞ր:
ՀՐԵՇՏԱԿ– Նալբանդյան Մանվել Պապի:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ո՞ւմ ցուցակում է: (Ոչ մեկը ձայն չի հանում: Օգնականները նայում են մատյան¬ները): Չկա՞: (Օգնականները գլուխները պտտում են): Լա՛վ նայեք: (Նորից են նայում):
ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Չկա:
ՄՅՈՒՍ ՕԳՆԱԿԱՆԸ– Չկա:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ա՛յ թափթփվածությո՜ւն, ա՛յ թափթփվածությո՜ւն… (Օգնականներից մեկին) Կպար¬զես` ում բացթողումն է, և կզեկուցես: Այսքանը: Նոր ցուցակները բաժանեք: Նիստն ավարտ¬ված է: (Հրեշ¬տա¬կա¬¬պետը գնում է: Օգնականները բաժանում են նոր ցուցակները):

Բեմը մթնում է և լուսավորվում սովորականից ուշ:
Ճանապարհին նորից նույն` տարեց և կրտսեր հրեշտակներն են:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Շա՞տ ենք գնալու:
ՄԱՀՈՒԲ– Չէ: Արդեն հասանք: Հիվանդ մարդ է: Կարող է` ժամանակ չկորցնենք:

Հասնում են մի դռան: Մահուբը դուռը թակում է: Քիչ անց այն բացվում է:

ՄԱՀՈՒԲ– Բարև ձեզ:
ՏՂԱՄԱՐԴ– Բարև ձեզ:
ՄԱՀՈՒԲ– Սամվել Իսկանդարյանը դո՞ւ ես:
ՏՂԱՄԱՐԴ– Ես եմ:
ՄԱՀՈՒԲ– Գնացի՛նք:
ՏՂԱՄԱՐԴ– (Զարմացած) Ո՞ւր:
ՄԱՀՈՒԲ– Էլ ո՞ւր պիտի:
ՏՂԱՄԱՐԴ– Դու ո՞վ ես, տեղը չեմ բերում:
ՄԱՀՈՒԲ– Հիվանդ մարդ ես, չէ՞:
ՏՂԱՄԱՐԴ– Հա: Հետո՞:
ՄԱՀՈՒԲ– Ես հոգեառ հրեշտակ եմ: Գնացի՛նք:
ՏՂԱՄԱՐԴ– (Անակնկալի եկած) Ո՞նց թե: Այսպես հանկարծակի՞: Անակնկա՞լ:
ՄԱՀՈՒԲ– Ձե՞ռ ես առնում. ի՞նչ հանկարծակի: Քանի՞ տարի է, որ հիվանդ ես:
ՏՂԱՄԱՐԴ– Երկու:
ՄԱՀՈՒԲ– Բա ասում ես` անակնկալ:
ՏՂԱՄԱՐԴ– Հիվանդությունն ի՞նչ կապ ունի: Հրեն, Վաղոն ծնված օրից հիվանդ է:
ՄԱՀՈՒԲ– Ես Վաղոյից գործ չունեմ: Իմ ցու¬ցակում դու ես:
ՏՂԱՄԱՐԴ– Բայց իմ հիվանդությունը մահացու չէ: Ուզո՞ւմ ես, բժշկի թղթերը բերեմ:
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ թղթեր:
ՏՂԱՄԱՐԴ– Ախտորոշման:
ՄԱՀՈՒԲ– (Օգնականին) Սա իսկապես ձեռ է առնում:
ՏՂԱՄԱՐԴ– Չէ: Ի՞նչ ձեռ առնել:
ՄԱՀՈՒԲ– Դե, ուրեմն, գնացինք: (Ձեռքից քա¬շում է):
ՏՂԱՄԱՐԴ– (Ընդդիմանալով) Չեմ գա:
ՄԱՀՈՒԲ– Խաթրով չե՞ս գա:
ՏՂԱՄԱՐԴ– Չէ, չեմ գա:
ՄԱՀՈՒԲ– (Ցույց է տալիս եռաժանին): Խփե՞մ:
ՏՂԱՄԱՐԴ– (Անսպասելիորեն հրում գցում է և վա¬զում, վերցնում մի մեծ դանակ): Մոտ չգա՛ս:
ՄԱՀՈՒԲ– Թո՛ւ… Վա՛յ աշխարհ ստեղծող: Վա՛յ աշխարհ ստեղծող…
ՏՂԱՄԱՐԴ– Մոտ չգա՛ս:
ՄԱՀՈՒԲ– Ձեր ձեռին կրակը հո չե՞մ ընկել, այ մարդ:
ՏՂԱՄԱՐԴ– Մոտ չգա՛ս:
ՄԱՀՈՒԲ– Ես մեղավո՞ր եմ, որ աշխարհի կարգը էս է:
ՏՂԱՄԱՐԴ– Կարգ-մարգ չգիտեմ:
ՄԱՀՈՒԲ– Ուրեմն չե՛ս գալիս:
ՏՂԱՄԱՐԴ– Չէ՛:
ՄԱՀՈՒԲ– Դե, ուրեմն, հիշիր. քո գալու ժամանակը հիմա էր, որ շատ չտանջվես: Դու սրանից հետո չես ապրելու, միայն տանջվելու ես, որովհետև խախտում ես քո ժամանակային սահմանը: Քո ժամանակից, քո սահմանից դուրս ես ապրում և այդ պատճառով տեսնելու ես միայն ցավ: Տեսնելու ես այնպիսի բաներ, որ պիտի չտեսնեիր: Դու հետո կխնդրես, որ գամ, կաղաչես, որ գամ, բայց չեմ գա: Ոտքերս կընկնես, որ հոգիդ առնեմ, բայց չեմ առնի: (Դուռը փակում և օգնականի հետ դուրս է գալիս): Վա՜յ աշխարհ ստեղծող, վա՜յ աշխարհ ստեղծող…

Բեմը պտտվում:
Նույն հրեշտակները դարձյալ ճանապարհին են: Անձրև է գալիս:

ՄԱՀՈՒԲ– Ճիշտ եմ ասում. հոգիս բռիս մեջ լիներ, բաց կթողնեի:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա՞ ուր ենք գնալու:
ՄԱՀՈՒԲ– Ես` մոռացված պառավի մոտ, դու` էն 120 տարեկանի: Մի քիչ նա¬խա¬¬պատ¬րաստիր: Ասա, թող կտակը գրի, ապաշխարի, մինչև գամ: Էն ծառի մոտ կսպասես: Եղա՞վ:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Եղավ:

Գնում են տարբեր կողմեր: Տարեց հրեշտակը թակում է ինչ-որ դուռ:

ՊԱՌԱՎԻ ՁԱՅՆ– (Ներսից) Ո՞վ է:
ՄԱՀՈՒԲ– Մայրիկ ջան, մի րոպեով բացի: (Դուռը բացվում է):
ՊԱՌԱՎ– Ո՞վ ես, տղա ջան, աչքերս տեսնում չեն:
ՄԱՀՈՒԲ– Ես…
ՊԱՌԱՎ– Արի, ներս արի, կմրսես:
ՄԱՀՈՒԲ– Չէ: Ես եկել եմ, որ…
ՊԱՌԱՎ– Թրջված ես: Արի, մի բաժակ թեյ տամ, գինի տամ, տաքացիր:
ՄԱՀՈՒԲ– Չէ: Ես ժամանակ …
ՊԱՌԱՎ– Օտար մարդ ես երևում: Երևի երկար ես ճամփա եկել: Մի՛ ամաչիր, արի:
ՄԱՀՈՒԲ– Ես մի րոպեով…
ՊԱՌԱՎ– Էդ եղանը տուր, դնեմ էստեղ, գնալիս կվերցնես: (Եռաժանին ձեռքից վերցնում է): Արի, արի` տեսնենք` ո՛ր երկրից ես, ո՛ր քաղաքից: Է՜: Էլ ինձ հիշող չկա: Դուռս եկող չկա: Մոռացել են, մոռացել: (Հրեշտակը նստում է թախտին: Պառավը թեյի պատրաս¬¬տություն է տեսնում):
ՄԱՀՈՒԲ– (Կատակով) Դե, արդեն ջահել չես, որ հիշեն…
ՊԱՌԱՎ– Է՜, տղա ջան, չիմացա, թե երբ ծերացա: Հարյուր տարին երկու օրվա պես գնաց:
ՄԱՀՈՒԲ– Դե, հո անվերջ չե՞նք ապրելու: Մի օր պիտի բոլորս էլ մեռնենք:
ՊԱՌԱՎ– Ջահել մարդ ես, մեռնելուց խոսելու քո ի՞նչ ժամանակն է: (Կատակով) Դու սի¬րածից-միրածից խոսի:
ՄԱՀՈՒԲ– (Ծիծաղելով) Ա՛յ յամանն ես, հա՜: Ճիշտ ասա` քանի՞ առու ես թռել:
ՊԱՌԱՎ– (Թեյի բաժակն ու շաքարամանը հրեշտա¬¬կի առաջ դնելով` ծիծաղում է): Մեր ժամանակ ուրիշ էր, տղա ջան, հիմիկվա պես չէր: Բայց ժամանա՛կն էլ անցավ, սիրածնե՛րն էլ անցան, ու հիմա էսպես մոռացված ապրում եմ:
Թե թող կանես, հարցնեմ. որտեղացի՞ ես, ո՞ւր ես գնում, փեշակդ ի՞նչ է:
ՄԱՀՈՒԲ– (Թեյից հոտ է քաշում): Է՜, մայրիկ: Որ ասեմ, վայ թե դուրս անես:
ՊԱՌԱՎ– Ասա, տղա ջան, ասա:
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ ասեմ: Ես քեզանից, քո հյուրա¬սի¬րությունից շնորհակալ եմ, բայց… Աշխարհում կարգ դնողի հերն եմ անիծել:
ՊԱՌԱՎ– Ինչի՞ց ես դժգոհ, տղա ջան:
ՄԱՀՈՒԲ– Ո՞նց ասեմ, մայրիկ ջան: Էս աշխարհի կարգը կարգ չէ, բայց դե կարգ է: Իմ ձեռքին չէ: Ես մահվան հրեշտակ եմ:
ՊԱՌԱՎ– Հա՜: Ոչինչ, բալա ջան, սիրտդ լեն պահի: Աստծո կարգն է: Ի՞նչ կարանք անենք:
Մի օր էլ ուրիշը եկավ: Շատ շուտ էր: Աղջիկ երեխա էի: Մի բաժակ էլ լցնե՞մ, հոտ քաշես:
ՄԱՀՈՒԲ– Չէ, շնորհակալ եմ:
ՊԱՌԱՎ– Թե կուզես, լավ գինի ունեմ:
ՄԱՀՈՒԲ– Գինի՞:
ՊԱՌԱՎ– Հա: Հին, թունդ, գինի է:
ՄԱՀՈՒԲ– Որ ասում ես, բեր:
ՊԱՌԱՎ– (Պահարանից հանում է գինու գավը): Շեկ մազերով, նիհար-միհար հրեշտակ էր: Կարող է՝ ճանաչես:
ՄԱՀՈՒԲ– Կապույտ աչքերո՞վ:
ՊԱՌԱՎ– (Գինու գավն ու բաժակը դնում է սեղանին): Հա: Աչքերը կապույտ էին:
ՄԱՀՈՒԲ– (Բաժակը լցնում է և սկսում հոտ քաշել): Գիտեմ, ճանա¬չում եմ: Նենգ, սրիկա հրեշտակ է: Երեխեքի բկից էլ է բռնում:
ՊԱՌԱՎ– Ճիշտ է: Էդ տեսակ չար հրեշտակ էր: Աղջիկ երեխա էի, եկել, ձեռ ու ոտս կապել էր, թե` պիտի տանեմ: Թե ոնց ձեռիցը պրծա, չեմ իմանում: Երևի իմ բախտն էր:
ՄԱՀՈՒԲ– (Շարունակում է հոտ քաշել): Գինիդ լավն է, մայրիկ:
ՊԱՌԱՎ– Գլխին շուտ է խփում. զգույշ:
ՄԱՀՈՒԲ– Բա հիմա ի՞նչ անենք:
ՊԱՌԱՎ– Որ եկել ես, պիտի գնանք, ինչ անենք:
ՄԱՀՈՒԲ– Որ այդպես է, մի քիչ էլ հոտ քաշեմ:
ՊԱՌԱՎ– Քաշիր, բալա ջան: Որ ուզում ես, քաշիր, ի՞նչ ասեմ: Ես եղանդ կբերեմ: (Գնում է` եռաժանին բերելու):

Բեմը պտտվում է: Կրտսեր հրեշ¬տակը, ծառի տակ կանգնած, սպասում է:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Մտքում) Ինչպես երևում է, էլի չի հաջողվում. ուշանում է:

Անցնում է որոշ ժամանակ: Լսվում է թփերի խշխշոց: Գալիս է Մահուբը, որ լավ հարբած է: Երգում է:

ՄԱՀՈՒԲ¬– Ավլեմ-թափեմ փոշին,
Ավլեմ-թափեմ փոշին,
Գիշերները, յարո ջան,
Խլվլամ քո դոշին:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Զարմացած) Քեզ ի՞նչ եղավ. էլի՞…
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ` էլի:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հոգին առա՞ր:
ՄԱՀՈՒԲ– Ո՞ւմ հոգին:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ո՞ւմ պիտի. Հոռոմի:
ՄԱՀՈՒԲ– (Անմիջապես սթափվում է): Թո՛ւ…
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ:
ՄԱՀՈՒԲ– Գրողը տանի:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հը՞: Նա՞ էլ ընդդիմացավ:
ՄԱՀՈՒԲ– Չէ, ի՞նչ ընդդիմանալ: Բարի պառավ էր:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա ինչո՞ւ չառար:
ՄԱՀՈՒԲ– Վայ թե մոռացա… Հետևիցս ինչ-որ մեկը ձայն էր տալիս: Երևի ինքն էր: (Նստում են ծառի տակ): Դո՞ւ ինչ արեցիր:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ինչ ասել էիր: Կտակը գրեց, ապաշխարեց և հիմա պատրաստ սպասում է:
ՄԱՀՈՒԲ– Ուրեմն գնա՞նք:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Գնանք: Վերջապես գոնե մի մարդու հոգի կառնենք: (Վեր են կենում, որ գնան, բայց հանկարծ վա¬զելով, շնչակտուր մոտենում է մեկ այլ երիտասարդ հրեշտակ` սուրհանդակը):
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Վայ: Հազիվ գտա:
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է եղել:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Շտապ կանչ կա:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ կանչ:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Էլ ի՞նչ կանչ պիտի լինի: Հոգեառության: Ինքնասպանության դեպք է:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Եթե ինքնասպանություն է, մեր անելիքն ի՞նչ է լինելու:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Ի՞նչ պիտի լինի: Հոգին պիտի վերցնեք ու գաք:

Բեմը մթնում է և լուսավորվում:
Հիվանդանոց: Վերակենդանացման սենյակ: 17-18 տարեկան մի աղջիկ ուշագնա պառկած է սեղանին: Նրա մոտ կանգնած են մի բժիշկ և մի բուժքույր:

ԲԺԻՇԿ– Հիսուն գրամ թույն է խմել: Ոչինչ չի օգնի: (Ստուգում է զարկերակը):
ԲՈՒԺՔՈՒՅՐ– Խփո՞ւմ է:
ԲԺԻՇԿ– Թույլ: Միացրու, թող ար¬յունը մաքրվի: Աստված իր հետ: (Բժիշկ¬ը դուրս է գալիս: Բուժքույրը միացնում է ինչ-որ սարք և նստում աղջկա մոտ: Կիսաբաց դռնից ներս են մտնում տարեց և կրտսեր հրեշտակները, որոնց ներ-կայությունը բուժքույրը չի զգում):
ՄԱՀՈՒԲ– Է՜, աղջիկ ջան, քո ի՞նչ ժա¬մանակն էր: Ջահե՜լ, սիրո՜ւն: Հիմա ես ի՞նչ անեմ:
ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Այս աշխարհում ապրել չեմ ուզում: Ա՛ռ հոգիս:
ՄԱՀՈՒԲ– Ինչո՞ւ այսպես շուտ: Անունդ ոչ մի ցուցակում չկար: Դու դեռ պիտի ապրեիր, վա¬յելեիր կյանքը:
ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Չեմ ուզում: Այս աշխարհում ապրել չեմ ուզում: Այս դավաճան, նենգ, անսեր աշ¬խարհում ապրել չեմ ուզում:
ՄԱՀՈՒԲ– Ասիր` անսե՞ր:
ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Ասի` անսեր, ասի` նենգ…
ՄԱՀՈՒԲ– Դու սիրել ես, քեզ խաբե՞լ են:
ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Հա, սիրել եմ:
ՄԱՀՈՒԲ– Եվ դրա համար…
ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Քի՞չ է:
ՄԱՀՈՒԲ– Շատ է: Բայց քո հոգին ես չեմ առնի: Դու պիտի ապրես:
ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Չեմ ուզում:
ՄԱՀՈՒԲ– Հիշիր իմ խոսքերը. դու դեռ կվայելես կյանքը և կզգաս սիրո երջանկությունը:
ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Չեմ հավատում:
ՄԱՀՈՒԲ– Ես քեզ հիմա կներարկեմ հա¬կաթույն, և դու կապրես: (Ներարկում է): Եվ դու կապ¬րե՛ս: (Ձայնը հնչում է արձագանքի պես): Կապրե՛ս… Կապրե՛ս: (Հրեշտակները գնում են: Որոշ ժամանակ անց գալիս է բժիշկը: Ստուգում է զարկերակը, չափում ճնշումը):
ԲԺԻՇԿ– (Զարմացած) Հրաշք է…

Բեմը պտտվում է: Ճանապարհով մի¬այ¬նակ գնում է Մահուբը: Հետևից լսվում է ձայն. «Մահո՛ւբ, Մահո՛ւբ»: Վերջինս կանգ¬նում և հետ է նայում: Գալիս է Զենուբը:

ԶԵՆՈՒԲ– Չե՞ս լսում: Մեռա` ձայն տալով:
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է եղել:
ԶԵՆՈՒԲ– Ի՞նչ պիտի լինի: Միասին գնանք: Սանի՞կդ ուր է:
ՄԱՀՈՒԲ– Հոգնել էր: Ուղարկեցի` հանգստանա:
ԶԵՆՈՒԲ– Ճիշտ էլ արել ես: Ես էլ եմ հոգնել: Մինչև մի հոգի առնում եմ, հոգիս դուրս է գալիս:
ՄԱՀՈՒԲ– Շա՞տ ես առել:
ԶԵՆՈՒԲ– Որ ասեմ` հա, կհա¬վա¬տա՞ս:
ՄԱՀՈՒԲ– Բա ես գիտե՞մ: Հրեշտակ կա՝ մեծ-մեծ բրդում է:
ԶԵՆՈՒԲ– Ա՛հ: Դրանց որ լսես, հոգի առնելը խաղ ու պար է: Լինում է, որ մի ամբողջ օր մեկն էլ չեմ առնում:
ՄԱՀՈՒԲ– Ես էլ:
ԶԵՆՈՒԲ– Բա ի՞նչ անենք: Էլի նկա¬տո¬ղությո՜ւն: Էլի փնթփնթո՜ց… (Կողքի նայելով) Էն ո՞վ է:
ՄԱՀՈՒԲ– (Նույն կողմը նայելով) Շա՞տ գիտեմ: Հնձվոր է:
ԶԵՆՈՒԲ– Լավ էլ հնձում է, հա:
ՄԱՀՈՒԲ– Մտքինդ ասա:
ԶԵՆՈՒԲ– Ասելը ո՞նց է լինում:
ՄԱՀՈՒԲ– Իմ ցուցակի մեջ հնձվոր չկա:
ԶԵՆՈՒԲ– Իմի մեջ էլ չկա, բայց սա իմ որսն է:
ՄԱՀՈՒԲ– Ես այսպես պատահական մարդու հոգի չեմ առնի: Մարդ է, հունձ է անում: Ի՞նչ գործ ունենք:
ԶԵՆՈՒԲ– Բանի հետևից ես ընկել: Որ միշտ բարի լինենք, սոված կմնանք: (Ճանա¬պարհից դուրս է գալիս, մոտենում հնձվորին և ոտքը դնում գերանդու վրա): Հո՛պ:
ՀՆՁՎՈՐ– (Նրան նայելով, հանգիստ) Ի՞նչ է:
ԶԵՆՈՒԲ– Ի՞նչ պիտի լինի: Տեղը չբերի՞ր:
ՀՆՁՎՈՐ– Ասենք թե` բերի:
ԶԵՆՈՒԲ– Դե որ բերիր, հոգիդ տուր:
ՀՆՁՎՈՐ– (Հրում, գցում է): Գործիդ գնա, տո: (Հրեշ¬տակն ընկած տեղից փորձում է վեր կենալ: Հնձվորը գերանդիով հարձակվում է: Մյուս հրեշտակը մարդու ձեռքից բռնում է):
ՄԱՀՈՒԲ– Վե՛րջ տվեք, վե՛րջ տվեք…
ՀՆՁՎՈՐ– Թո՛ղ, ես դրա… (Ընկած հրեշտակը հազիվ կարողանում է մի կողմ փախչել):
ԶԵՆՈՒԲ– Լավ, լավ. չես ուզում, չեմ առնի: (Մարդը փոքր-ինչ խաղաղվում է):
ՀՆՁՎՈՐ– (Հրեշտակի նմանողությամբ) Հոգիդ տուր: (Մատները հայհոյանք դարձրած` ուղղում է հրեշտակի կողմը): Ա՛ռ:
ԶԵՆՈՒԲ– (Վախեցած) Ասի` լավ: Չզգացիր` հանաք եմ անում:
ՀՆՁՎՈՐ– Հանաք եմ անում: Ձեզ ասեն` խեղճ մարդ գտնեք, բկից բռնեք: Որ ուզեմ, կաշիդ կքերթեմ:
ԶԵՆՈՒԲ– (Եռաժանին վերցնելով, աքլորա¬ցած) Ո՞ւմ:
ՄԱՀՈՒԲ– (Հրեշտակին) Վա՜յ… Կատակ արինք, պրծանք: Վե՛րջ:
ՀՆՁՎՈՐ– Կատակ արինք…
Ամբողջ օրը էշի պես աշխատում եմ…
ԶԵՆՈՒԲ– Է՛, ե՞ս ինչ անեմ:
ՀՆՁՎՈՐ– Ի՞նչ պիտի անես: Արի, հնձած խոտը հավաքիր:
ԶԵՆՈՒԲ– Է՞լ ինչ կուզես:
ՀՆՁՎՈՐ– Խուրձ կապիր, դեզ դիր: (Ծաղրան¬քով) Լավ էլ եղան ունես:
ԶԵՆՈՒԲ– Էս եղան չէ. եռաժանի է:
ՀՆՁՎՈՐ– Պա՜հ, պա՜հ, պա՜հ: Էլ ո՜նց կլինի:
ԶԵՆՈՒԲ– Ուրեմն չես վախենում, հա՞:
ՀՆՁՎՈՐ– Ոտքերս դողում են:
ՄԱՀՈՒԲ– Հիմա չեն դողում, բայց մի օր հաստատ կդողան:
ՀՆՁՎՈՐ– Մի օր ծնվել ենք, մի օր էլ պիտի մեռնենք:
ՄԱՀՈՒԲ– Ուրեմն դու մեռնելուց չե՛ս վախենում:
ՀՆՁՎՈՐ– Անմահություն եթե լիներ, կվախենայի: Բայց մի օր մեռնելու ենք, չէ՞…

Մի պահ տիրում է լռություն…
Բեմը մթնում է և լուսավորվում: Ճանապարհին Մահուբ և Զենուբ հրեշտակներն են:

ՄԱՀՈՒԲ– Ես կարգ դնողի հերն եմ անիծել, որ բոլորիս կրակն է գցել: (Քիչ անց) Ստեղծում էիր, կարգին աշխարհ ստեղծեիր, թե չէ…
ԶԵՆՈՒԲ– Այնպես էլ վրա են քշում: Էն լրբի տղեն ճիշտ էլ անում է:
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է անում:
ԶԵՆՈՒԲ– Ինձ նման չի գնում առաջը էշ-էշ կանգնում, թե` հոգիդ տուր: Թիկունքից մոտենում ու…
ՄԱՀՈՒԲ– Է՛: Դա եղա՞վ: Հետո էլ գլուխ է գովում: Բա չթողնե՞ս, որ մարդ մեռնելուց առաջ մի երկու բառ ասի, հրաժեշտ տա, կտակ գրի… Վա՜յ, աշխարհ ստեղծող, վա՜յ…
ԶԵՆՈՒԲ– Քեզ էլ թողնեն…
ՄԱՀՈՒԲ– Ես ուզում եմ՝ խաթրով լինի, համո¬զելով լինի:
ԶԵՆՈՒԲ– (Հեգնանքով) Լավ էլ հա¬մոզվում են:
ՄԱՀՈՒԲ– Ես մեծ մասամբ, ճիշտ է, դժվար, բայց համոզում եմ:
ԶԵՆՈՒԲ– (Ցույց է տալիս սարսափազ¬դու տեսքով, կացինը ձեռքին մի մարդու): Հրեն, դե համոզիր:
ՄԱՀՈՒԲ– (Վերջինիս նայելով) Հո չասացի…
ԶԵՆՈՒԲ– Բա՛: Որ ասում եմ` գլուխ մի՛ գովիր:
ՄԱՀՈՒԲ– Գլուխ չեմ գովում…
ԶԵՆՈՒԲ– Որ չես գովում, գնա համոզիր:
ՄԱՀՈՒԲ– Հո ամեն մարդու…
ԶԵՆՈՒԲ– Չէ, դու փորձիր համոզել:
ՄԱՀՈՒԲ– Կրակն ընկա՞: Կացինը չե՞ս տեսնում:
ԶԵՆՈՒԲ– Վախեցար, չէ՞:
ՄԱՀՈՒԲ– (Վիրավորված) Լավ: Մեղքը քո վիզը… (Փոքր ինչ վախեցած՝ մոտենում է): Բարև, եղբայր:
ՄԱՐԴ– (Շատ հանգիստ) Բարև, բարև:
ՄԱՀՈՒԲ– Ճանաչեցի՞ր:
ՄԱՐԴ– Դու…
ՄԱՀՈՒԲ– Հա… Ես եմ:
ՄԱՐԴ– Եկել ես, որ…
ՄԱՀՈՒԲ– (Ավելի վախեցած) Հոռոմի տունն եմ հարցնում:
ՄԱՐԴ– Հոռոմի՞:
ՄԱՀՈՒԲ– Հա: Մեծ կնիկ է:
ՄԱՐԴ– Գնում ես` հոգին առնե՞ս:
ՄԱՀՈՒԲ– Հա: Ինքն է կանչել: Էլ չի ուզում ապրել:
ՄԱՐԴ– Ուրեմն, ով կանչի, գնում ե՞ս:
ՄԱՀՈՒԲ– Հա: Ով կանչի, գնում եմ:
ՄԱՐԴ– Իսկ ով չի կանչում, նրա մոտ չես գնո՞ւմ:
ՄԱՀՈՒԲ– Չէ, ով չի կանչում, նրա մոտ չեմ գնում:
ՄԱՐԴ– Իսկ եթե ճամփին հանդիպո՞ւմ ես…
ՄԱՀՈՒԲ– Սուս ու փուս անցնում եմ կամ… Տան տեղն եմ հարցնում:
ՄԱՐԴ– Ո՞ւմ տան:
ՄԱՀՈՒԲ– Հոռոմի:
ՄԱՐԴ– Ում հանդիպես, հարցնում ե՞ս:
ՄԱՀՈՒԲ– Հա: Հիշողությունս վատ է:
ՄԱՐԴ– Ափսոս:
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչը:
ՄԱՐԴ– Որ մենակ տան տեղն ես հարցնում:
ՄԱՀՈՒԲ– Բա ի՞նչ անեմ:
ՄԱՐԴ– Դե, եսիմ, խոսում ենք էլի: (Ցույց է տալիս մյուս հրեշ¬տակին): Է՞ն ով է:
ՄԱՀՈՒԲ– Է՞ն: Հեչ: Սպասում է:
ՄԱՐԴ– Ո՞ւմ: Չլինի՞… (Մյուս հրեշտակը կամաց-կամաց մոտենում է):
ՄԱՀՈՒԲ– Չէ՛, չէ՛…
ՄԱՐԴ– Ափսոս:
ՄԱՀՈՒԲ– Դե, մենք գնացինք:
ՄԱՐԴ– Ո՞ւր:
ՄԱՀՈՒԲ– Հոռոմի…
ՄԱՐԴ– Տունն իմացա՞ր:
ՄԱՀՈՒԲ– Կհարցնեմ: (Մյուս հրեշտակն արագ շարժումով եռաժանին դնում է մարդու կրծքին):
ԶԵՆՈՒԲ– Տեղիցդ չշարժվես, թե չէ…
ՄԱՐԴ– Ի՞նչ:
ԶԵՆՈՒԲ– Կացինդ տուր, ասեմ:
ՄԱՐԴ– (Կացինը հանգիստ մեկնում է): Առ:
ԶԵՆՈՒԲ– (Կացինը վերցնելով) Գնանք: Ես եկել եմ, որ հոգիդ առնեմ:
ՄԱՐԴ– (Ուրախացած) Ճի՞շտ:
ԶԵՆՈՒԲ– (Զարմացած) Հա:
ՄԱՐԴ– Գնացինք:
ՄԱՀՈՒԲ– (Նույնպես զարմացած) Չէ, այսպես չի լինի:
ՄԱՐԴ– Ինչո՞ւ չի լինի:
ՄԱՀՈՒԲ– Մենք փորձում էինք:
ՄԱՐԴ– Փորձո՞ւմ:
ՄԱՀՈՒԲ– Հա: Հոգիդ առնելու միտք չունենք: Կատակեցինք:
ՄԱՐԴ– Կատակ-մատակ չգիտեմ: Գնացի՛նք:
ՄԱՀՈՒԲ– Ո՞ւր:
ՄԱՐԴ– Էն աշխարհ: Ես էս կյանքից հոգնել եմ…
ՄԱՀՈՒԲ– Քո ի՞նչ ժամանակն է, այ մարդ: Հրեն Հոռոմը…
ՄԱՐԴ– Կացինս վերցնե՞մ:
ՄԱՀՈՒԲ– Չէ, մի վերցրու, բայց…
ՄԱՐԴ– Ի՞նչ:
ՄԱՀՈՒԲ– Կատակ չե՞ս հասկանում: Կրակը հո չընկա՞նք: Վա՜յ, աշխարհ ստեղծող…
ՄԱՐԴ– Հիմա ի՞նչ անենք:
ԶԵՆՈՒԲ– Ի՞նչ պիտի անենք: Կացինդ առ, գնա:
ՄԱՐԴ– Ո՞ւր:
ՄԱՀՈՒԲ– Տեր Աստված…
ԶԵՆՈՒԲ– Հոռոմի տունը գիտե՞ս:
ՄԱՐԴ– Կգտնեմ:
ՄԱՀՈՒԲ– Ըհը՛: Դե, ուրեմն, կգտնես, շատ-շատ կբարևես ու կասես, որ քեզ ուղարկել ենք իր… Փայտը կոտորելու: Եղա՞վ:
ՄԱՐԴ– Ճարս ի՞նչ:
ՄԱՀՈՒԲ– Դե գնա: (Մարդը գնում է):
ԶԵՆՈՒԲ– Բա ինչո՞ւ չուզեցիր. իր կամքով տալիս էր:
ՄԱՀՈՒԲ– (Խորհելով) Չգիտեմ:
ԶԵՆՈՒԲ– Այսինքն, ճիշտ էլ արեցիր. տեղով փորձանք էր…

Բեմը մթնում ու լուսավորվում է: Վաղ առավոտ է: Լսվում է աքլորների կանչ: Մահուբը անկող¬¬նում նստում, կիսաքնած–կիսարթուն ճմլկոտում է և ու¬զում նորից պառկել, բայց հանկարծ դուռը թակում են:

ՄԱՀՈՒԲ– Ո՞վ է:
ՁԱՅՆ– (Դռան հետևից) Ես եմ` սանիկը: (Մա¬հու¬բը դուռը բացում է: Կրտսեր հրեշտակը ներս է մտնում):
ՄԱՀՈՒԲ– Հը՞, ի՞նչ կա այսպես վաղ:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Շտապ` գործուղում: Բոլորին ուղարկում են: Զորահավաքի պես բան է:
ՄԱՀՈՒԲ– Ո՞ւր:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Պատերազմի դաշտ: Մար¬դիկ իրար կոտորում են:
ՄԱՀՈՒԲ– (Դուրս գալու պատրաստություն տես¬նելով) Վա՜յ, մարդ արարած, վա՜յ…
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Այնտեղ դժվա՞ր է:
ՄԱՀՈՒԲ– Գործն է շատ: Մի րոպե նստելու ժամա¬նակ չկա:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա էլ ինչո՞ւ են մարդիկ մե՛զ մեղադրում…
ՄԱՀՈՒԲ– Է՜, ջանիկս, է՜… Ես աշխարհ ստեղ¬ծողին, մարդ ստեղծողին ի՞նչ ասեմ…

Վարագույրը իջնում է:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Բեմը ներկայացնում է պատերազմի դաշտ: Լսվում է ավտոմատների ճարճատյուն, ինքնա¬թիռների սուլոց, պայթող արկերի որոտ, տանկերի հռնդյուն: Ժայռի հետևում պատսպարված` նստել են մի քանի մահվան հրեշտակներ, որոնց մեջ են նաև Մահուբը և նրա օգնականը: Վերջինս փորձում է ժայռի վրայից նայել:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Տեղդ նստիր, քանի քեզ էլ շանսատակ չեն արել:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Հապա մի մեր զենքին նայեք (ցույց է տալիս եռաժանին) ու նրանց:
ՄԱՀՈՒԲ– Հետո էլ ասում են…
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Սրանք ինչո՞ւ են իրար կոտորում:
ՄԱՀՈՒԲ– Հազար ու մի պատճառ կա, տղաս: Մարդկանց ցեղն այսպիսին է: Առանց կռվելու չի կարող ապրել: (Կրակոցները դադարում են):
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ոնց որ խաղաղվեցին:
ՄԱՀՈՒԲ– Գնանք: Վիրավորները մեղք են, թող շատ չտանջվեն:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Դու քո դարդը լացիր: Իրենք որ մարդակեր են, մե՞նք ինչ մեղավոր ենք: (Ժայռի հետևից դուրս են գալիս):
ՄԻ ՎԻՐԱՎՈՐ– Ինձ չմոտենա՛ք: Ինձ չմոտենա՛ք:
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ինչո՞ւ: Դու խփված չե՞ս:
ՎԻՐԱՎՈՐ– Վիրավոր եմ: Վերքս թեթև է: Երևի կապրեմ:
ՀՐԵՇՏԱԿ– Դե դիմացիր: Բուժակն էն կողմերում է: Հիմա ուր որ է կգա:
ՎԻՐԱՎՈՐ– Բուժա՛կ: Բուժա՛կ:

Բեմի մյուս կողմում մի զինվոր դիմադրում է հրեշտակներից մեկին` Զենուբին:

ԶԻՆՎՈՐ– Թո՛ղ: Ասի` չեմ մեռել:
ԶԵՆՈՒԲ– Վիրավոր չե՞ս:
ԶԻՆՎՈՐ– Չէ:
ԶԵՆՈՒԲ– Բա ինչո՞ւ էիր մեռածի պես պառկել:
ԶԻՆՎՈՐ– Ուշքս էր գնացել:
ԶԵՆՈՒԲ– Հաստա՞տ:
ԶԻՆՎՈՐ– Ինչ անհավատն ես: Տե՛ս: Ըհը՛: (Համազգեստի կոճակներն արձակում է): Կրծքիս վերք չկա, փորիս չկա: Ոտքերս (ուժեղ խփում է գետնին) ամուր-ամուր են:
ԶԵՆՈՒԲ– Չկա` չկա: Էլ ի՞նչ ես գոռում:

Բեմը պտտվում է: Այն այժմ ներկայացնում է պատերազմի դաշտի այլ հատված: Քարին հենված-նստած է մի վիրավոր: Վերջինիս գլխավերևում կանգնել է սատանան` եռա¬ժանին նրա կրծքին սեղմած:

ՍԱՏԱՆԱ– Հոգիդ տուր ինձ և կփրկվես: (Վիրավորը լռում է: Սատանան եռաժանին հետ է քաշում` պատրաստվելով խփելու): Վերջին անգամ եմ ասում… (Հանկարծ հրեշտակներից մեկը հարձակվում է սատանայի վրա):
ՀՐԵՇՏԱԿ– Գրողի ծոցը կորիր, սատանա: Սա իմն է: (Սկսում են կռվել):
ՍԱՏԱՆԱ– Չեմ տա… Չեմ տա….
ՀՐԵՇՏԱԿ– Քո ուզելով չէ:
ՍԱՏԱՆԱ– Ձերը քի՞չ է: Ագահներ, անկուշտներ: Մեկն էլ թող լինի իմը…
ՀՐԵՇՏԱԿ– Է՞լ ինչ կուզես: (Խփում, սատանայի եռաժանին գցում է):
ՍԱՏԱՆԱ– Վերջիվերջո, քոնն է լինելու, չէ՞:
ՀՐԵՇՏԱԿ– Չքվի՛ր:
ՍԱՏԱՆԱ– Դե լա՜վ… (Հեռանում է):

Հրեշտակը մոտենում է վիրավորին, որ հոգին առնի:
Նոր պատկեր: Հրեշտակները նստած հանգստա¬նում են:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Սատանան ի՞նչ էր ուզում:
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Էլ ի՞նչ պիտի ուզեր. հոգին:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Մարդու հոգին նա ի՞նչ է անում:
ՄԱՀՈՒԲ– Նա մարդուց դև է սարքում: Աշխարհում ավելի զարհուրելի բան, քան հոգին սատանային ծախած մարդն է, չկա:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա ինչո՞ւ մենք էդ տեսակների հոգին շուտ չենք առնում:
ՄԱՀՈՒԲ– Կարում ե՞նք, որ առնենք. սատանան դրանց դառնում է թև ու թիկունք: (Վազելով գալիս է սուրհանդակը):
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Նոր հրաման է եկել:
ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ է եղել:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Քաղաքում համաճարակ է սկսվ

ՄԱՀՈՒԲ– Պա՛ հո՜: Լավ, մի ամիս էլ այնտեղ տանջվեցինք:
ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Բա այստե՞ղ:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Պետն ասաց, որ այստեղ ուժեղ կռիվ դեռ չի լինի. երկու-երեք հրեշտակը հերիք է:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Կյանք հո չէ. պատիժ է, պատիժ:

Բեմը պտտվում է: Ճանապարհով դարձյալ գնում են Մահուբը և կրտսեր հրեշտակը:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Պլանը արդեն կկատարենք, չէ՞:
ՄԱՀՈՒԲ– Մի բան էլ` ավել:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Համաճարակ հաճա՞խ է լինում:
ՄԱՀՈՒԲ– Պլանը երկար ժամանակ երբ չենք կատարում:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ուրեմն դա է՞լ մեր արածն է:
ՄԱՀՈՒԲ– Ուղղակիորեն` չէ: Բայց ինձ թվում է` մի բան կա. երեկ Սադայելը պետի մոտ էր… (Կրկին վազելով գալիս է սուրհանդակը): Հը՞, ի՞նչ կա:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Զենուբն է ուղարկել: Արդեն երկու օր է` չի կարողանում մի հիվանդի հանգստացնել:
ՄԱՀՈՒԲ– Լավ: Ասա` գալիս եմ:

Պտտվող բեմը կանգնում է: Այժմ այն ներկայացնում է այլ պատկեր: Մահճակալին պառկած է մահամերձ մի հիվանդ: Նրա մոտ կանգնած է Զենուբը:

ՀԻՎԱՆԴ– Հը՞: Չեկա՞վ:
ԶԵՆՈՒԲ– Հիմա, հիմա կգա:
ՀԻՎԱՆԴ– Որ գա, հոգիս շուտ կառնի՞, թե էսպես պիտի տանջի:
ԶԵՆՈՒԲ– Տանջողը մենք չենք, ցավն է: Ձեր թշնամին մենք չենք, ինչպես դուք եք կարծում, ցավն է: Երբ ցավն իր գործն անում-պրծնում է, մենք գալիս, հոգիներդ տանում ենք:
ՀԻՎԱՆԴ– Է՜խ, է՜խ: Տանելուց հետո գոնե հետ բերել լիներ: Վա՜խ…
ԶԵՆՈՒԲ– Օրենքները մենք չենք սահմանում: Մենք ընդամենը կատարողներ ենք:
ՀԻՎԱՆԴ– Ի՞նչ օրենքներ:
ԶԵՆՈՒԲ– Բնության, մահվան, կյանքի:
ՀԻՎԱՆԴ– Էդ ո՞ր անաստվածն է էս դաժան օրենքները սահմանել, տղա ջան: Բա դա հեր, մեր, երեխա չի՞ ունեցել… Վա՜խ… Էս ի՞նչ դժվար է մեռնելը: Չեկա՞վ:
ԶԵՆՈՒԲ– (Պատուհանին նայելով) Եկավ: Արդեն եկավ: Մի քիչ էլ դիմացիր: Երկուսով հոգիդ շուտ կառնենք, կհանգստանաս:

Բեմը մթնում ու լուսավորվում է: Հրեշտակների հերթական նիստն է: Ամեն ինչ այնպես է, ինչպես նախորդ նիստի ժամանակ էր:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Մինասյան Ալվարդ Վաչեի:
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Առած է:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Արշակյան Գրիշա Սարգսի:
ԶԵՆՈՒԲ– Առած է:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Մուրադյան Արամ Նվերի:
ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Առած է:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Մատյանը ծալում, դնում է մի կողմ և դիմում կողքը նստած հրեշտակին): Նոր ցուցակները պատրա՞ստ են:
ԿՈՂՔԻ ՀՐԵՇՏԱԿԸ– Այո:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Բաժանեք: (Երկու հրեշտակ սկսում են ցուցակները բաժանել): Ո՞վ ունի ասելիք:
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Իմ ցուցակում կեսը հինգ-վեց տարեկան երեխաներ են. անունն ի՞նչ դնեմ, որ սրանց հոգին առնեմ:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Այդպիսի հարց մենք չենք քննար¬կում: Հրամայված է առնել, ուրեմն պետք է առնել: Վե՛րջ:
ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Բայց տրամաբանություն պիտի լինի, չէ՞: Դրանց տատմերերն էսա արդեն դառնում են հարյուր տարեկան:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Գերագույնի գործերին մենք չենք խառնվում: Նրա բանն անքննելի է:
ՄԱՀՈՒԲ– Ես արդեն տարիքով հրեշտակ եմ, բայց չեմ հասկանում, թե որն է այս ամենի իմաստը, նպատակը: Մարդիկ ինչո՞ւ են ծնվո՜ւմ, ինչո՞ւ ենք մենք նրանց հոգին առնո՜ւմ…
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Նրա նմանողությամբ) Հրեշ¬տակներն ինչո՞ւ են փիլիսոփայո՜ւմ… Բա ես գիտե՞մ: Տիեզերքի դրվածքը, բնության օրենքը դա է:

Բեմը մթնում է և լուսավորվում: Ճանապարհին դարձյալ Մահուբը և կրտսեր հրեշտակն են, որոնք վազում են:

ՄԱՀՈՒԲ– (Առջևից վազող ինչ-որ մեկին, որը չի երևում) Կանգնի՛ր, ասում եմ: Կանգնի՛ր, ասում եմ: (Զգացվում է, որ փախչողը չի կանգնում): Վա՜յ, աշխարհ ստեղծող, վա՜յ, աշխարհ ստեղծող…
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Կարող է՞ չճանաչեց:
ՄԱՀՈՒԲ– Միամիտ չլինես:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ո՞նց էլ արանքը ճղեց:
ՄԱՀՈՒԲ– Կանգնի՛ր, ասում եմ: Կանգնի՛ր, ասում եմ: (Շարունակում են վազել):
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Կարող է՞ չհասնենք:
ՄԱՀՈՒԲ– Ջահել է: Ուժը` տեղը: Երևի դեռ երկար կփախչի:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա ի՞նչ անենք:
ՄԱՀՈՒԲ– Անվերջ հո չի՞ վազելու: Կհոգնի, չէ՞:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ես արդեն հոգնեցի:
ՄԱՀՈՒԲ– Ես էլ: (Կանգնում է): Հերն էլ անիծած: Ո՞ւր է փախչելու: Հետո կբռնենք:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բայց լավ վախեցավ:
ՄԱՀՈՒԲ– Ո՞վ լիներ, որ չվախենար:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Լավ էլ փախավ:
ՄԱՀՈՒԲ– Ո՞վ լիներ, որ չփախչեր: Դրանց ու մեր կյանքի իմաստն էլ, ինչքան ես եմ հասկանում, հենց այս է: Ծնված օրից իրենք փախչում են, մենք` հետապնդում: Ամբողջ հարցն այն է, թե ով ինչքան է կարողանում փախչել: Լինում է, որ տասնյակ տարինե¬րով հետևներից վազում ու չենք հասնում, կամ էլ` ուժներս չի պատում: Էս գյուղում, ասում են, մի վայրե¬նի, բռի մարդ կա: Մոտ ես գնում թե չէ, վրա է քշում:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա էդ տեսակների հարցը ո՞նց եք լուծում:
ՄԱՀՈՒԲ– Այնքան սպասում ենք, մինչև տարիքն առնում, հալից ընկնում են:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ճի՞շտ է, որ ընդհանրապես լավ մարդկանց հոգին եք շուտ առնում:
ՄԱՀՈՒԲ– Ես` չէ: Բայց այնպիսի հրեշտակներ կան, որ հեշտ գործի են վազում: Իսկ լավ մարդիկ քաղցր պատառ են:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ոնց որ ցուցակների մեջ էլ լավերի անունները շատ են: Դա՞ ինչ պատճառով է:
ՄԱՀՈՒԲ– Ես գիտե՞մ: Ասում են` գերագույնը ուզում է լավերին իր մոտ շուտ տանել: Իբր սիրելուց է:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Մարդկանց հիվանդանալն ու ցավից տանջվե՞լն էլ մեր արածն է:
ՄԱՀՈՒԲ– Նաև մեր արածն է, բայց հիվան¬դա¬նալու համար ուրիշ հազար ու մի պատճառ կա: Ի դեպ, մարդիկ իրար շատ ավելի ուժեղ ցավով են տանջում, քան մենք:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Քիչ անց) Հիմա ի՞նչ ենք անելու:
ՄԱՀՈՒԲ– Հիմա՞: Ճիշտն ասած` էն գրողին ես ուզում եմ լավություն անել:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Կյանքը երկարացնե՞լ:
ՄԱՀՈՒԲ– Հակառակը: Ձայն տամ, գա:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Կգա՞ որ:
ՄԱՀՈՒԲ– Ձայնս լսի թե չէ, վազելու է:

Բեմը պտտվում է: Գրողը, գրասեղանի մոտ նստած, գրում է: Նույն սենյակում մի կին ինչ-որ գործ է անում:

ԳՐՈՂ– (Վեր թռչելով: Զգացվում է, որ ականջը ձայն ընկավ): Վա՜հ…
ԿԻՆ– Ի՞նչ եղավ:
ԳՐՈՂ– (Վեր կենալով) Ինձ կանչեց: Ես գնացի:
ԿԻՆ– Գժվեցի՞ր, այ մարդ: Ո՞վ կանչեց:
ԳՐՈՂ– Նա… Իմը այստեղ վերջացավ:
ԿԻՆ– Ի՞նչը վերջացավ: Ո՞նց վերջացավ: Կա¬տակ ե՞ս անում:
ԳՐՈՂ– Կատակ-մատակ չկա: Ես գնացի:
ԿԻՆ– (Մոտենում, գրածը նայում է): Վա՜յ… Գոնե գրածդ բառը վերջացրու:
ԳՐՈՂ– Չէ, ես գնացի: (Գնում է դեպի դուռը):
ԿԻՆ– Բա մեր գործե՞րը: Բա մեր…
ԳՐՈՂ– (Դուրս գալով) Իմ ժամանակը վեր¬ջա¬ցա՜վ, վերջացա՜վ…

Բեմը կրկին պտտվում է: Մահճակալին պառկած է մի հիվանդ` Սամվելը: Մահուբ և կրտսեր հրեշտակները կանգնած են կողքը:

ՄԱՀՈՒԲ– Մեզ կանչողը դո՞ւ ես:
ՀԻՎԱՆԴ– (Ցավից գալարվելով) Ե՛ս եմ… Ե՛ս եմ… Էլ չեմ դիմանում: Ա՛ռ հոգիս:
ՄԱՀՈՒԲ– Քթիս բժշկի թղթեր դեմ տվողը դու չէի՞ր:
ՀԻՎԱՆԴ– Ե՛ս էի: Ե՛ս էի: Ա՛ռ հոգիս:
ՄԱՀՈՒԲ– Դու չէի՞ր, որ մոտ չթողիր:
ՀԻՎԱՆԴ– Է՛լ չեմ դիմանո՜ւմ: Է՛լ չեմ դիմանո՜ւմ:
ՄԱՀՈՒԲ– Ասում էի, չէ՞, որ կխնդրես, բայց չեմ գա: Կաղաչես, որ հոգիդ առնեմ, բայց չեմ առնի: (Հիվանդը ցավերի մեջ շարունակում է տնքալ): Վա՜յ, մարդ ստեղծող, վա՜յ, աշխարհ ստեղծող…
Հիմա ի՞նչ. ես իմ խոստումը դրժե՞մ:
ՀԻՎԱՆԴ– Խնդրո՛ւմ եմ… Աղաչո՛ւմ եմ…
ՄԱՀՈՒԲ– Փորձանք են, էլի, փորձանք:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Չի՞ լինի` ես առնեմ:
ՄԱՀՈՒԲ– (Կարճատև լռությունից հետո, հոգոց հանելով) Ա՛ռ…

Բեմը մթնում ու լուսավորվում է: Ճանապարհին դարձյալ Մահուբ և կրտսեր հրեշտակներն են:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Այսպես ո՞ւր ենք գնում:
ՄԱՀՈՒԲ– Տուն:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ոչ մեկին չմոռացա՞նք:
ՄԱՀՈՒԲ– Ինձ թվում է` չէ:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ցուցակում նայե՞մ:
ՄԱՀՈՒԲ– Նայիր:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Նայում է): Գրողին ձայն տվինք, եկավ: Սարգիս քահանային չգտանք: Աղասին փախավ: Գևոն քրֆեց… Սամվելի հոգին առանք…
ՄԱՀՈՒԲ– Հետո՞:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Այսքանը:
ՄԱՀՈՒԲ– Ոչ մեկի անունը բաց չթողի՞ր:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Չէ:
ՄԱՀՈՒԲ– Մյուս երեսը նայեցի՞ր:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Վա՛յ: Մոռացա: (Նայում է թղթի մյուս երեսը): Թո՛ւ:
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Էլի մոռացել ենք:
ՄԱՀՈՒԲ– Ո՞ւմ:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հոռոմին:
ՄԱՀՈՒԲ– (Կտրուկ կանգնում է ու ձեռքը խփում ոտքին): Մարդու կնիկը բախտ ունի, էլի. զոռով հո չէ՞:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա ի՞նչ անենք:
ՄԱՀՈՒԲ– Դու այստեղ սպասիր, ես շուտ գնամ-գամ: (Մի քանի քայլ գնում է):
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Տես հա՞. չմոռանաս:
ՄԱՀՈՒԲ– Չեմ մոռանա:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Կատակով) Թել տա՞մ` կա¬պես մատիդ:

Հեռվից լսվում է ձայն.
– Մահո՜ւբ, Մահո՜ւբ:
Վերջինս կանգնում է: Գալիս է սուրհանդակը:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Էս ո՞ւր եք. հազիվ գտա:
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է պատահել:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Շտապ, արտահերթ նիստ է:
ՄԱՀՈՒԲ– Հենց հիմա՞:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Հա:
ՄԱՀՈՒԲ– Բա պառավ Հոռոմը: Բա…
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Պետն ասաց` թող ամեն ինչ թողնեն, իսկույն գան:
ՄԱՀՈՒԲ– Չլինի՞ էլի հավաք է:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Չգիտեմ: Ասաց` թող շուտ գան:
ՄԱՀՈՒԲ– (Անհասցե) Ինչ կուզես, ասա. մարդ պիտի բախտ ունենա…

Բեմը պտտվում է: Հրեշ¬տակների նիստն է: Ամեն բան այնպես է, ինչպես նախորդ նիստերի ժամանակ էր:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Տխուր ու մտախոհ) Բոլորը եկա՞ն:
ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ– Դեռ չէ:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Չեն էլ գա… Ժամանակ չու¬նենք, սկսում ենք: (Հրեշտակապետի կողքը նստած¬ներից մեկը սեղանին տկտկացնում է, որ ներկաները լռեն): Միանգամից ասեմ, որ այսօրվա նիստը արտահերթ է, արտակարգ ու… վերջինը: (Հրեշտակ¬ներն անմիջապես լրջանում ու զարմա¬ցած նայում են իրար): Գերագույնը արձակել է նոր հրաման: (Մի պահ լռում է): Այսուհետև ոչ թե հրեշտակներն են առնելու մարդկանց հոգին, այլ մարդիկ` հրեշտակ-ների: (Տիրում է մեռելային լռություն):
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Իսկապե՞ս:
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Իսկապե՛ս:
ԶԵՆՈՒԲ– Բա… Հիմա ի՞նչ ենք անելու…
ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ի՞նչ կարող ենք, որ ինչ անենք: Ով ճար ունի, թող գլուխը փրկի: Մի զույգ ոտք ունեք, մեկն էլ փոխ առեք, փախեք:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ո՞ւր:

Բոլորը, շփոթահար ու երկյուղած, նայում են իրար:
Դրսից լսվում է մարդկանց ձայն.
– Ո՞ւր են:
– Ո՞ւր են:
Դուռը ուժգին թակում են: Հրեշտակները մի պահ քարանում են, ապա, տեղներից մեկեն պոկվում ու պատուհաններից իրենց դուրս գցում: Դուռը կոտրելով` մի քանի մարդ ներս է մտնում: Ձայներ.
– Ո՞ւր են:
– Ո՞ւր փախան:

ՄԻ ՏՂԱՄԱՐԴ– (Զինվորական է: Զգացվում է, որ ավագն է): Ո՞ւր են փախչելու: Բոլորի հոգին մեկ-մեկ առնելու ենք… (Գնում են):

Նոր պատկեր: Ճանա¬պարհին դարձյալ Մահուբ և կրտսեր հրեշտակներն են, որոնք վազում են:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա՞ ուր ենք գնում:
ՄԱՀՈՒԲ– Հիմա արդեն ոչ մի տեղ չենք գնում:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա ի՞նչ ենք անում:
ՄԱՀՈՒԲ– Լեղապատառ փախ¬չում ենք:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Մինչև ե՞րբ, մինչև ո՞ւր:
ՄԱՀՈՒԲ– Մինչև մեռնելը, մինչև գերեզման:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Է՜: Բա էլ ե՞րբ ենք ապրելու, ե՞րբ ենք աշխատելու:
ՄԱՀՈՒԲ– Հիմա արդեն ամեն ինչ պիտի այսպես փախչելով, ձեռքի հետ անենք:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Գոնե մտնենք մի տեղ, մի քիչ շունչ առնենք:
ՄԱՀՈՒԲ– (Հետ նայելով) Հա՛: Մտնենք: (Կանգ¬նում է): Հետևներիցս եկող ոնց որ չկա:
ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Էս Զենուբենց տունը չէ՞:
ՄԱՀՈՒԲ– Նրանցն է: (Դուռը թակելով) Զենո՛ւբ: Զենո՛ւբ:
ՁԱՅՆ ՆԵՐՍԻՑ– Ո՞վ է:
ՄԱՀՈՒԲ– Ե՛ս եմ` Մահուբը: Դուռը բաց:
ԶԵՆՈՒԲ– (Դուռը բացում է): Սրտաճաք արիր: Ես էլ կարծեցի…
ՄԱՀՈՒԲ– (Կրտսեր հրեշտակի հետ ներս է մտնում): Բա՛, ախպերս, բա՛, հիմա միշտ պիտի այսպես վախե¬ցած ապրենք: (Պատրաստվում են նստելու: Դուռը նորից են թակում):
ԶԵՆՈՒԲ– Հիմա ինչքան փախած հրեշտակ կա, պիտի իմ տո՞ւն գա: (Գնում է, որ դուռը բացի):
ՄԱՀՈՒԲ– Ասում են` լավություն արա, ջուրը գցիր:
ԶԵՆՈՒԲ– (Դուռը բացում է և անակնկալի գալիս): Վա՛հ: (Առջևը կանգնած է մի մարդ):
ՄԱՐԴ– Զենուբ հրեշտակը դո՞ւ ես:
ԶԵՆՈՒԲ– (Կարկամած) Եե՜… Ես եմ:
ՄԱՐԴ– Գնացի՛նք:
ԶԵՆՈՒԲ– Ո՞ւր:
ՄԱՐԴ– Ո՞ւր պիտի. գրողի ծոցը:
ԶԵՆՈՒԲ– Բայց… Ինձ ի՞նչ է եղել… Առողջ, ջահել հրեշտակ եմ:
ՄԱՀՈՒԲ– Ճիշտ է ասում: Ոչ մի անգամ հիվանդա¬ցած չկա:
ՄԱՐԴ– (Մահուբին) Դու մի՛ խառնվիր. քո գործը չէ: (Զենուբին) Զենուբ հրեշտակը դու չե՞ս:
ԶԵՆՈՒԲ– Ես եմ:
ՄԱՐԴ– Գնացի՛նք:
ԶԵՆՈՒԲ– Բայց ինչո՞ւ, է:
ՄԱՐԴ– Հենց այնպես, հավեսի համար:
ԶԵՆՈՒԲ– Փորձանք հո չե՞ս, այ մարդ. այսպես անակնկալ, անժամանակ… Ձեր պետին ի՞նչ ես ասելու: Չի՞ ասի` ինչո՞ւ ես բերել էս առողջ… առողջ հրեշտակին: Ախր ո՛չ մի հիվանդություն չունեմ:
ՄԱՐԴ– Ոչինչ, մի բան կասեմ:
ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ:
ՄԱՐԴ– Ի՞նչ… Կասեմ` ոչ մի տեղը չէր ցավում, հիվանդ չէր, բայց հանկարծ սրտի կաթված ստացավ, տեղում մնաց:
ԶԵՆՈՒԲ– Վա՛հ:
ՄԱՐԴ– Բա՛: Ի՞նչ է, այդպես չի՞ լինում:
ԶԵՆՈՒԲ– Է՛… Բայց… Դու վկայական ունե՞ս:
ՄԱՐԴ– Ի՞նչ վկայական:
ԶԵՆՈՒԲ– Հրեշտ… Մարդո՛ւ:
ՄԱՐԴ– Լսիր, քո հավեսը չունեմ: Առաջ ընկիր:
ՄԱՀՈՒԲ– Զենուբ, չգնա՛ս:
ՄԱՐԴ– Ի՛:
ՄԱՀՈՒԲ– Ցուցակդ տեսնեմ:
ԶԵՆՈՒԲ– Հա՛: Ճիշտ է ասում: Ցուցակդ ո՞ւր է:
ՄԱՐԴ– Ի՞նչ ցուցակ:
ՄԱՀՈՒԲ– Սև:
ՄԱՐԴ– Ցուցակ-մուցակ չգիտեմ: Առաջ ընկիր:
ԶԵՆՈՒԲ– Ախր ե՞րբ կարգին ապրեցի, որ հիմա մեռնեմ:
ՄԱՐԴ– Է՛, ապրեիր: Ես խանգարեցի՞:
ԶԵՆՈՒԲ– Մի անհոգ օր, մի ուրախ օր տեսած չկամ:
ՄԱՐԴ– Է՛, տեսնեիր: Ես չթողի՞:
ԶԵՆՈՒԲ– Միշտ սև աշխատանքի, դարդ ու ցավի մեջ:
ՄԱՐԴ– Դրա՞ համար էլ ես եմ մեղավոր:
ԶԵՆՈՒԲ– Չէ, դրա համար դու չես մեղավոր, բայց…
ՄԱՐԴ– Աստված կյանք էր տվել, գիտեիր, չէ՞, որ մի օր պիտի վերջանա:
ԶԵՆՈՒԲ– Հա, գիտեի:
ՄԱՐԴ– Դե կարգի՛ն ապրեիր, լա՛վ ապրեիր, երջանի՛կ ապրեիր…
ԶԵՆՈՒԲ– Թողին որ:
ՄԱՐԴ– Ովքե՞ր:
ԶԵՆՈՒԲ– Ինձնմանները:
ՄԱՐԴ– Ըհը՜: Տեսնո՞ւմ ես` իրար ինչ լավ հաս¬կանում ենք: Գիտեք, որ հիսուն կամ հարյուր տարի պիտի ապրեք, դե, առանց իրար խանգարելու, այն¬պես ապրեք, որ հետո չմղկտաք:
ԶԵՆՈՒԲ– Ասում ես, էլի… Գիտես հե՞շտ է:
ՄԱՐԴ– Հիմա էլ հեշտ-մեշտի ժամանակ չէ: Գնա¬ցի՛նք:

Բեմը մթնում ու լուսավորվում է: Մեկ այլ հրեշ¬տակի հոգի ուզում է առնել ինչ-որ մարդ:

ՀՐԵՇՏԱԿ– (Փորձում է հագնվել): Թող, գոնե շորերս հագնեմ:
ՄԱՐԴ– Հագնվելու ժամանակ չէ: Գնացի՛նք: (Քաշում-գցում է հատակին):
ՀՐԵՇՏԱԿ– Այ մարդ, հո չփախա:
ՄԱՐԴ– Որ թողնեմ, կփախչես, բայց իմ ձեռքից չես պրծնի:
ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ եմ արել, որ տանում ես: Երեխեքիս ո՞վ է պահելու:
ՄԱՐԴ– Իմ գործը չէ:
ՀՐԵՇՏԱԿ– Գիտե՞ս` անելիք ինչքան ունեմ:
ՄԱՐԴ – Զահլա մի տար:
ՀՐԵՇՏԱԿ– Քե՞զ ինչ կա:
ՄԱՐԴ– Ասում եմ` գնացի՛նք:

Նոր պատկեր:
Երեք հրեշտակ նստած զրուցում են:

ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա ի՞նչ. ամբողջ կյանք¬ներս պիտի ապրենք մահվան սարսափը սրտներիս մե՞ջ:
ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Է, մի՛ վախեցիր: Քեզ ո՞վ է ասում` սիրտդ սարքես կատու:
ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Ախր ո՞նց չվախենաս, է:
ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Վախենաս-չվախենաս, մեկ է, մի օր մեռնելու ես: Լավ չէ՞, որ, առանց վա¬խենալու, ինչ-քան կյանք տրված է, արժանավայել, տղամար¬դու նման ապրես:
ԵՐՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Այնքան հեշտ էլ ասում ես:
ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Եթե դու ավելի լավ տար¬բե¬րակ գիտես, ասա:
ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Ես` հեչ: Ախր երեխա ունեմ, ծնողներ ունեմ: Դու քո երեխեքի վրա չես դողո՞ւմ:
ԵՐՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Ամեն օր մեկին կորցնում ենք: Ամեն օր մի վիշտ ավելանում է: Թե սիրտներս ո՞նց է դիմանում, չգիտեմ:

Նոր պատկեր:
Հրացանը ուսին գցած մի մարդ և հրեշտակ:

ՄԱՐԴ– Էն լրբի տղա հրեշտակը դու չե՞ս:
ՀՐԵՇՏԱԿ– (Վախեցած) Չէ:
ՄԱՐԴ– Կապույտ աչքերով, շեկ մազերով հրեշ¬տակը դու չե՞ս:
ՀՐԵՇՏԱԿ– Չէ:
ՄԱՐԴ– Քո աչքերը կապույտ չե՞ն:
ՀՐԵՇՏԱԿ– Կապույտ են:
ՄԱՐԴ– Մազերդ շեկ չե՞ն:
ՀՐԵՇՏԱԿ– Շեկ են:
ՄԱՐԴ– Կապույտ աչքերով, շեկ մազերով հրեշ¬տակը դու չե՞ս:
ՀՐԵՇՏԱԿ– Չէ:
ՄԱՐԴ– Լսիր: Դու խաթա հո չե՞ս:
ՀՐԵՇՏԱԿ– Ե՞ս:
ՄԱՐԴ– Չէ, Կիրակոսը:
ՀՐԵՇՏԱԿ– Ո՞վ:
ՄԱՐԴ– Կիրակոսը:
ՀՐԵՇՏԱԿ– Խաթա է, բա ինչ է: Տան տեղն ասե՞մ:
ՄԱՐԴ– Խոսքը կտուրը մի՛ գցիր: Գնացի՛նք:
ՀՐԵՇՏԱԿ– Չեմ գա: (Մտնում է սեղանի տակ):
ՄԱՐԴ– (Հրացանը ուսից իջեցնում է): Հաշվում եմ մինչև երեքը. հենց դուրս չեկար, կրակում եմ: (Հրեշտակն սկսում է դողալ): Մեկ… երկու…

Բեմը մթնում է: Լսվում է հրացանի ձայն: Քիչ անց լուսավորվում է: Չորս-հինգ հրեշտակ զրուցում են:

ՄԱՀՈՒԲ– Վա՜յ, աշխարհ ստեղծող: Վա՜յ, աշ¬խարհ ստեղծող…
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ասում են` ում որտեղ բռնեն, գնդակահարում են:
ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Ու ամեն ինչ իրենց ձեռքին է. ո՛չ տարիք են հարցնում, ո՛չ հեղինակություն:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ո՛չ էլ` առողջություն:
ՄԵԿ ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա այսպես ամբողջ կյան¬քում պիտի դրանց շունչը թիկունքներիս զգա՞նք:
ՄԱՀՈՒԲ– Դրվածքը դրվածք չէ, դրվածքը:

Հանկարծ դուռ-պատուհան կոտրում և տարբեր կողմերից միաժամանակ ներս են խուժում մի քանի զինված մարդիկ:

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Ձեռքներդ վե՛ր:
ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Տեղներիցդ չշարժվե՛ք, շան որ¬դիք: (Հրեշտակները, ձեռքները բարձրացրած, ենթարկվում են):
ԱՅԼ ՄԱՐԴ– Մեկ-մեկ գնդակահարե՞նք, թե բոլո¬րին միանգամից:
ՄԱՀՈՒԲ– Դուք է՛լ բան ու գործ չունե՞ք, այ մարդիկ: Հո չփախա՞նք: Թողեք, մենք էլ մի քիչ ապրենք, ծերանանք, նոր…
ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Չխոսե՛լ:
ԱՅԼ ՄԱՐԴ– Ո՞վ է Մահուբը:
ՄԱՀՈՒԲ– Ես եմ:
ՄԱՐԴ– Մոտ արի: (Մահուբը մոտ է գնում): Հոգիդ քո կամքով կտա՞ս, թե տանջեմ:
ՄԱՀՈՒԲ– (Նայում է նրա երեսին ու կարծես ճանաչում): Դու…
ՄԱՐԴ– Ձե՛նդ:
ՄԱՀՈՒԲ– Դու էն սատանան չե՞ս:
ՄԱՐԴ– Ի՞նչ:
ԱՅԼ ՄԱՐԴ– Սատանա՞ն: (Մոտենում, նայում է):
ՄԱՀՈՒԲ– Կուզես` տանջիր, կուզես` սպանիր, սատանա. ես քեզ իմ հոգին չեմ տա:
ՄՈՏԵՑԱԾ ՄԱՐԴԸ– (Զարմացած) Դու սատանա ե՞ս:
ՍԱՏԱՆԱ– Ո՞վ: Ե՞ս… (Մոտեցած մարդը վերց¬նում է նրա գլխարկը: Երևում են կոտոշները):
ՄՈՏԵՑԱԾ ՄԱՐԴԸ– Վա՜յ, ես քո… (Սատանան նրան հրում-գցում է և անմիջապես փախչում: Ինչ-որ մեկը հետևից կրակում է, բայց վրիպում):
ՄԱՀՈՒԲ– Բա՛, ախպերս: Տեսնո՞ւմ ես` ինչ է կատարվում:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ճի՞շտ է, որ դուք ում որտեղ բռնում, գնդակահարում եք:
ԸՆԿԱԾ ՄԱՐԴԸ– Չէ:
ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Բա՞…
ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Մաման լացաց¬նում ենք, հետո:
ՄԱՀՈՒԲ– Տղա ջան, ախր…
ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Ձե՛նդ:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ախր ես ո՞ր մեղքիս համար հիմա մեռնեմ:
ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Մենք մեղավոր-անմեղ չենք հարցնում:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Որ իմանաք` ինչքա՜ն գործ ունեմ, ինչքան ծրագրե՜ր, երազնե՜ր…
ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Ասինք` վերջ: Ձերը այստեղ վերջացավ: Կարապի երգն ասեք:
ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ախր մեզնից ի՞նչ երգիչ:
ՄԱՐԴ– Ասի` կարապի երգը:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Է՛ս ինչ կրակ էր…
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ես մի լավ աղջիկ ունեմ: Գնամ, պաչեմ, գամ, մի ամբողջ օր երգեմ:
ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Ձե՞ռ ես առնում:
ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Մորս մնաս բարով ասեմ:
ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Է՞լ ինչ կուզես:
ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Նամակ գրեմ:
ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Ի՛:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ապրեցինք ու բան չհասկացանք:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ամբողջ կյանքս երկու օրվա պես անցավ:
ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Դե լավ, լավ. ձեզ գիտենք. հազար տարի էլ որ ապրեք, նույնն եք ասելու:
ԱՅԼ ՄԱՐԴ– Հիմա ի՞նչ անենք:
ՄԵԿ ԱՅԼ ՄԱՐԴ– Ի՞նչ պիտի անենք: Պատրա՛ստ… (Մարդիկ, հրացանները պատրաստ պահած, սպասում են հրամանի, որ կրակեն: Հանկարծ հևասպառ ներս է ընկնում սուրհանդակը):
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Պարո՛ն գնդապետ… Պարո՛ն գնդա¬պետ… Գերագույնից նոր հրաման է եկել: (Բոլորը լարված սպասում են): Տիեզերական օրենքներն էլի փոխվել են: Այսուհետև նորից…
ԳՆԴԱՊԵՏ– Ի՞նչ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ– Ոչ թե մարդիկ են առնելու հրեշ¬տակների հոգիները, այլ հրեշտակները` մարդկանց: Այս ամենը եղել է կատակ: (Հրեշտակներն ուրախութ¬յունից ցնծում են` ուռա՜, ուռա՜… Պատու¬հանի հետևից սատանան հանում է գլուխը և քրքջում: Մարդ¬կանցից մեկը նրա ուղղությամբ կրակում է, բայց նույնպես վրիպում):
ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– (Ապշահար) Ո՞նց թե:
ՄԱՀՈՒԲ– Բա՛, ախպերս, բա՛: (Հրեշտակները մո¬տենում և մարդկանցից վերցնում են հրացանները):
ԳՆԴԱՊԵՏ– Հիմա ո՞նց է լինելու:
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ո՞նց պիտի լինի: Դուք կապրեք, իսկ մենք, երբ ուզենք, ձեր հոգին կառնենք, ինչպես նախկինում:
ՄԱՀՈՒԲ– Տղերք, էս աշխարհում մի բան էն չէ:
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ես հիմիկ¬վանից արդեն վախենում եմ. բա որ գերագույնը նորից կատակի կամ օրենքներն իսկապես փոխի՞:
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ճիշտն ասած` ես էլ: (Տիրում է լռություն):
ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ–– Այսինքն` բոլորիս գլխին էլ դամոկլյան սուրը կարող է կախվել:
ՄԵԿ ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա ի՞նչ անենք: (Մա¬հուբին) Դու մի օր կյանքի իմաստից, նպա¬տակից էիր խոսում: Ի՞նչ ասիր, չհասկացա:
ՄԱՀՈՒԲ– Ե՞ս:
ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Հա: Չե՞ս հիշում: Ինչ-որ փիլիսոփայում էիր:
ՄԱՀՈՒԲ– Չէի փիլիսոփայում: Ասում էի` չեմ հասկանում, թե այս ամենի նպատակը որն է: Չեմ հասկանում, թե մարդիկ ինչու են ապրում, իսկ մենք ինչու ենք կյանքներս նվիրում նրանց հոգին առնելուն: Բա հետո՞: Իմաստը ո՞րն է:
ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Կյանքի՞ իմաստը:
ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– (Հեգնանքով) Չէ, թատ¬րոն գնալու: (Հրեշտակներից մեկը, մտքերի մեջ ընկած, գրպանից հանում է տերողորմյան, նստում բազկա¬թո¬ռին և, տերողորմյայի հատիկներին նայե¬լով, դանդաղ քաշում):
ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– (Վերջինիս) Էդ ի՞նչ ես անում:
ՆՍՏԱԾ ՀՐԵՇՏԱԿ– Մտածում եմ: Կյանքի իմաս¬տի մասին: (Քիչ անց, նրան ընդօրինակելով, նստում են մյուսները):

Նոր պատկեր: Սարգիս քահանան` հրեշ¬տակա¬նման ինչ-որ մեկի հետ, որը հիշեցնում է միջնա¬դարյան զինված պահակի: Կանգնած են ամուր փակված երկաթյա դռան մոտ: Քահանան ներս մտնելու թույլտվություն է խնդրում:

ՔԱՀԱՆԱ– Ընդամենը հինգ րոպե…
ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:
ՔԱՀԱՆԱ– Մեկ րոպե:
ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:
ՔԱՀԱՆԱ– Երկու բառ ասեմ ու գամ:
ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:
ՔԱՀԱՆԱ– Մի հարց տամ:
ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:
ՔԱՀԱՆԱ– Ուրեմն մինչև հիմա ոչ մեկին չի՞ ընդունել:
ԴՌՆԱՊԱՆ– Դու հասկանո՞ւմ ես մարդա¬վարի ասածը:
ՔԱՀԱՆԱ– Ամբողջ կյանքում աղոթել եմ, քարո¬զել…
ԴՌՆԱՊԱՆ– Լավ ես արել:
ՔԱՀԱՆԱ– Հիմա մի հարց, մեն մի հարց տա¬լու, պատասխան լսելու իրավունք չունե՞մ:
ԴՌՆԱՊԱՆ– Լսիր, քեզ նման խելոք մարդ աշ¬խարհում մենակ դո՞ւ ես, թե էլի կա: Ուրեմն, քո կարծիքով, գերագույնը պիտի քեզ ընդունի ու հարցերի՞դ պատասխանի:
ՔԱՀԱՆԱ– Ամբողջ պատմության ընթացքում միայն մեկ անգամ:
ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛, այ մարդ, չէ՛: Գերագույնն իր ասելիքը մեկ անգամ և ընդմիշտ ասել ու պրծել է: Վե՛րջ:
ՔԱՀԱՆԱ– Ախր հազար ու մի հարց կա: Բա չիմանա՞նք…
ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛, այ մարդ, չէ՛:
ՔԱՀԱՆԱ– (Ըմբոստացած) Զոռո՛վ կմտնեմ: (Փորձում է դռնապանին մի կողմ հրել, բայց վերջինս նրան ուղղակի շպրտում է):
ԴՌՆԱՊԱՆ– Դե ռա՛դ էղի… Գերագույնի մոտ: Չէ՛ մի:
ՔԱՀԱՆԱ– (Ընկած տեղը նստելով, հանգիստ) Լավ, բայց ինչո՞ւ չի կարելի…

Բեմը դանդաղ մթնում ու լուսա¬վորվում է: Ամեն ինչ այնպես է, ինչպես նախավերջին դրվագում էր: Մարդիկ ու հրեշտակները նստած խորհում են: Ինչ-որ մեկը ուշադրություն հրավիրելու համար ձեռ¬քը փոքր-ինչ բարձրացնում է:

ՁԵՌՔԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ– Ես գտա՛: (Բոլորը նայում են նրան): Չէ: Դա արդեն ասված է: (Շա¬րունակում են մտածել: Քիչ անց ձեռք է բարձրացնում մեկ ուրիշը: Հայացքներն ուղղվում են նրա կողմը):
ՁԵՌՔԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ– Չէ: Դա էլ է ասված: (Նորից տիրում է լռություն):
ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Կյանքի իմաստը, ապրելու նպատա¬կը… Ոնց որ սա էլ է ասված:
ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Մենք ուզում ենք հեծանիվ հայտնագործել. ախր էդ ամեն ինչի մասին իսկապես վաղուց ասված է:
ՄԻ ՄԱՐԴ– Ինձ թվում է՝ պարզապես չենք ուզում ընդունել, որ այդ ասվածը միակ իրողութ¬յունն է, մխիթարանքը: Չենք ուզում, որ միակ ճշմարտությունը դա լինի: Ինչ-որ ըմբոստացել ենք, բայց մեզ պես քանի՜սն են այսպես եկել ու անցե՜լ…
ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Բայց ինչո՞ւ ենք այսպես ընկճվել. մեռնելով կյանքը չի՞ ավարտվում, չէ՞: (Բոլորը հարցական լռում են):
ՄԱՀՈՒԲ– Ինձ թվում է` աշխարհն ստեղծողի սրտի մեջ, ով էլ նա եղած լինի, մի դաժան, անգութ չարություն, սև նախանձ եղել է. ամբողջ աշխարհում չկա մի արարած, որ չապրի մահվան սարսափը, չնայի մահվան աչքերին: Որին մի ուրիշ արարած երախը չառնի, պատառ-պատառ չանի, կեր չդարձնի: Հապա հիշեք այն եղնիկի աչքերը, որին ուր որ է պիտի բորենին հոշոտի…
Եվ սա, որպես բնության օրենք, բացառություն չունի: Եվ սա եղել է արարչության սկզբունք:
Բայց սա եղավ գո՞րծ: Սա եղավ բարձրագույն արարչությո՞ւն: (Տիրում է լռություն):
ՆԵՐԿԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Երևալով` էն շան որդին ճիշտ է ասել:
ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Շան որդին ո՞վ է:
ՆԱԽՈՐԴ ԽՈՍՈՂ– Մի փիլիսոփա` Դեյվիդ Հյումը: Ասել է` աշխարհը մի մանուկ Աստծո պար¬զու¬նակ խզբզանք է: Մի Աստծո, որը, ամաչելով իր գործի անկատարությունից, թողել է կիսատ:
ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ– Այդպես էլ ասե՞լ է:
ՆԱԽՈՐԴ ԽՈՍՈՂ– Հա: Ու դեռ շարունակել է: Գրած պահում եմ, ուզում ե՞ք` կարդամ: (Գրպանից հանում է մի փոքրիկ ծոցատետր և կարդում): «…Աշխարհը բարձրագույն աստվածների ծաղրին ենթարկված, երկրորդական մի աստվածության գործն է. աշխարհը արդեն վախճանված, զառամյալ ու թոշակի անցած մի Աստծո անկարգ արար-չությունն է»: (Ծոցատետրը դնում է գրպանը): Բա՛: (Դարձյալ տիրում է լռություն):
ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ– Խավարը ավելի թանձրացավ:
ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Հիմա ի՞նչ անենք: Ինչպե՞ս ապրենք: (Լսվում է երիտասարդ աղջկա զվարթ ծիծաղ: Իրար ձեռք բռնած, երջանիկ քրքիջով` բեմի ձախ կողմից գալիս են ինքնասպանության փորձ արած աղջիկն ու մի երիտասարդ և, ոչ մեկին ասես չնկատելով, աջ կող¬մով հեռանում):
ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Ինչ անե՞նք: Ինչպես ապրե՞նք… Աշխարհի դրվածքը պիտի մենք փոխենք, թե չէ ուրիշը չի փոխի… Եկեք ծիծաղե՛նք: (Բոլորը լուրջ-լուրջ նայում են նրան: Վերջինս, իրենից անկախ, սկսում է ծիծաղել: Քիչ անց ծիծաղում է մեկ ուրիշը, ապա` երրորդը, չորրորդը… Ծիծաղը բոլորին համակում է: Նրանք ծիծաղում են լիաթոք, վարակիչ: Ինչ-որ մեկը գալիս է բեմեզր և դիմում հանդի¬սատեսներին):
ԲԵՄԵԶՐ ԵԿԱԾ ՄԱՐԴ– Դո՞ւք ինչու չեք ծի¬ծաղում: Դո՛ւք էլ ծիծաղեք: Ծիծաղե՛ք… Ծիծաղե՛ք…

2003 թ.

Posted in: Պիեսներ