ՄԱՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Բանաստեղծություններ

Posted on Ապրիլի 3, 2011

0


***

Ներկած մազերի կարմիրը թափվում է կրծքիդ. մեռա.
Խաշած ժամանակը կորցրեց իր համը ու……….ես փղձկացի ապագան քո նոր շապիկին.
Հայրական խոսքը սրտի ցլամարտում խլացավ,
Ու նախընտրեցի երեք ապտակ. Աստված եռյակ է սիրում ու……
…..Հավատացյալ Սնահավատությունը այստեղ էլ թուլացավ.սառը ճաշ ուտելուց է.
Մեկ տարի է չեմ կերել ու միայն կրծքերս եմ շոյել. Գուցե մեծանային ու նրանց վրա հարմար զգային հարևան երաժիշտը ու քիմիկոս ծաղրածուն…
Տիկնիկի մեջ ձյան պես սպիտակ է,
Որ բարդու պես երկար ոտքեր ունի,
Աչքեր` պատուհանը խազող մանկան թոքերի պես մաքուր. դեռ չեմ ծխել.
Նա ասում էր` մի արա, չի փրկելու.
Իսկ ես րնկնավոր եմ, մահու չափ վախենալու հիստերիկ ու հնազանդ` լավ տեր չկա.
Հայրս մեղանչեց.
Իսկ ՆԱ դեռ համառում է, չի ուզում, ընդվզում է. Չգիտե` միայն աքլոր լինելը դեռ քիչ է.
Բայց ես խաբում եմ նրան ` ճառելով Ցիցերոնյան տաղանդը գերակայած “ԱՄԵՆԸ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒՆ”, ու համբույրը ցայտեց Լիբիդոն…
Թեյը եռում է. Ես հիվանդ չեմ. մի փոքր հարբուխ կա,
և մինչ կփռշտամ, դուք կմնաք մենակ,
մենակ կմնաք,
ու կմնաք մենակության տակ.
և մինչդեռ ծնունդ էր,
Վերջին սերս, որի հետ դավաճանեցի նախավերջին սիրուս,
Դարձավ քսան տարեկան.
Քառասուն տարվա մենություն.

***

Ես գժանոցի այն թվացյալ գիժն եմ, որ վաղուց է ինչ գիժ չէ, քանզի լիարժեք գիժ է,
Ու քսան տարվա ու վեց ամսվա լիարժեք գժության հակվածություն ունի,
Եվ նա գիժ է. մենք բոլորս մի փոքր գիժ ենք մեր տանը, սրճարանում, գրադարանում,
Երբ գրադարանի ամենաձանձրալի որդը տալիս է գժվելու շանսը…
Գրքերը ինքնաշոյանքի Էքստազ են ապրում մատներից,
Մեր գլուխը աղում ու անմարս թքում միադռնանի գրքամոլ հրեշի նախաճաշը,
ընթրիքը ու նախաընթրիքը,
Որ փոշի է սիրում պղպեղի փոխարեն…
Եվ ես կոտրելով ժամացույցիս փոքր սլաքը,
Եվ անջատելով արևային համակարգի խտրականության արդյունք գիշեր-ցերեկը,
Որ կասեք գինի լակելու նման հասարակ է ու բնականոն,
Եվ այդժամ ես կճառեմ ձեր գաճաճ ուղեղներին.
Խտրականությունը մարդու ու մարդու միջև գժությունն է…
Ես երազում եմ ապրել այն օրը, երբ Բլյուզը կդադարի սուբլիմացնել իմ էրոտիկան
Քո միադռնանի շուրթերում,
Եվ հաջողությամբ կսիրահարվեմ իմ նարցիսիստական աջ կրծքին,
Կհիանամ վեհության իմ զառացանքով,
Եվ առ քեզ Պառանոյա…..
Եվ դու` իմ իդեալիզացիայի ու նրա քեռի ` մենամոլության իդեալը,
Որ ապրեցիր Էռոս ու Տանատոս, որպես սկիզբ ու վերջ,
Դեռ սուրճ ես խմում .մնաց ծխելդ…առողջ հյուծվածությունն է մեզ միշտ սուրճ եփում…
Եվ ես ընտրելով պարզագույն ու ուղիղ պրիմիտիվիզմը`
Առաջնագույն բնական ինստինկտով լուծում եմ իմ փոքրիկ էգոյի, քո պսիխո-Իմպոտենտ Էգոյի դիլլեման` ուտելով թուղթը….
Երանություն է այն օրը, երբ մայրս, իր համեղ բորշի մեջ եփելով իր հույսը մսի փոխարեն,
Կգա ինձ այցելության` կարծելով իբր թե քաղցած եմ….
Եվ ինձ կհասկանա ու չի ուզի հասկանալ,
Երբ ես 14-րդ րոպեին կփորձեմ կապած ձեռքերով ծխել ծխախոտս…

16.03.11

***

Բարև ինքնասպան դանակ, վաղուց էիր ինձ սպասում:
Թող համբուրեմ այտդ, հետո մատներդ գինով լվացված…
Բարև, ժպտում եմ, մատներիս արանքից լիզելով մատներս,
Համեղ են, գինեհամ…
Շնչում է դեմքիս վաղվա կարմիր երկինքը. վատ նախանշան է. քեզ ավելի եմ սրելու
Ուղեղիս կտորային ծալքերում երկար ու դանդաղ…
Հիասքանչ ընկերներ, ես ատում եմ ձեզ, կաք ու չկաք,
Եվ մոլի երջանիկի նման կոնծում եմ ձեր գլխին գինե բաժակը, ձանձրույթի լեղին,
Ու մի եկեք, խնդրում եմ, հինգշաբթյա թաղումին. գոնե միայնության մեջ կատարելության հասած կլինեմ….
Եվ կրքային բերկրանք` ես լքում եմ ձեզ,
Ուրանում ամենքիդ ` ինձ մեկնած ձեռքերը,
Ու անլեզու միայնության ու նախազգացման մերձեցումը լցվում է երակներս
Եվ ես ապրում եմ էկստազը իրականության….
Հահ, ծափահարեք ինքներդ ձեզ, ատամներով հասեք ձեր կոկորդին ու….
Զսպեք պահային գայթակղությունը մեղսավոր` չհոշոտելու այն կոկորդը,
Որ փսխում է “ԱՄԵՆԸ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ” –ն….
Եվ այդժամ կարող եք արդյոք, լսում եք, կարոք եք կուլ տալու չափ ծամել ձեր շուրթերը,
Որ հուսախաբությանը հրաշք են անվանում….
Մեխել ձեր կրունկներին սեփական ձեռքերը, որ օգնություն են ջերմում ու խղճում…
Բարև ինքնասպան դանակ, ես ամենից մեղսավորն եմ և ամենա ամենան`
Ելակին անվանելով ելակ, փոքրիկին` փոքրիկ ու ցավին միայնություն….

******
Գինեհամ համեղությունը դեռ համ է տալիս, ժպտացող գրքերը կանչում կյանքի խնջույքին…
Դաշնամուրային մտքերը նվագում են մարմնիս ռեքվիեմը երազանքի` ՍԻՐԵԼ ԵՐԱԶԱՆՔԸ…
Եվ ես ուզում եմ ծնվել 20-րդ անգամ….

Ծննդյանս նախօրեին….