ՄԱՐԻԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Այնտեղ, որտեղ ճայերն են

Posted on Ապրիլի 3, 2011

0


Կատրինը ոտքը ոտքին գցած նստած էր սրճարանում: Շոկոլադի տաք բաժակով տաքացնում էր ձեռքի սառած մատները: Հայացքն ուղղված էր հարևան սեղանին նստած տղայի ծխախոտի ծուխին: Ինչ անհետաքրքիր ձևով էր ծխում, անգամ ծուխն էր անհետաքրքիր: Շուտով նա հոգնեց ու թեքեց գլուխը: Խոր հոգոց հանեց ու սկսեց ուսումնասիրել առաստաղի զարդանախշերը: Ապա իջեցրեց գլուխն ու սկսես նայել մատուցողներին: Փորձում էր կարդալ, թե ինչ են խոսում նրանց շրթունքները: Շուտով դրանից էլ հոգնեց ու կրկին թեքեց գլուխը: Պայուսակից հանեց ծխախոտի տուփը, մեկը հանեց, սկսեց փնտրել, թե որտեղ է գցել կրակայրիչը, երկար փնտրտուքներից հետո գտավ այն ու մոտեցրեց ծխախոտը վառելու: Ծխախոտի առջև հայտնվեց մեկ այլ կրակայրիչ: Իրենը չէր: Կատրինը հայացքը վեր բարձրացրեց ու սև վերարկու հագած մի տղամարդու տեսավ` մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, առնական կազմվածքով: Կատրինը դեմքի հարցական արտահայտություն ընդունեց, այնուամենայնիվ չհրաժարվեց տղամարդու կրակից:
-Կարելի՞ է նստել:
Միևնույն է` նա ձանձրանում էր, ինչու՞ մերժել տղամարդու ընկերակցությունը: Գուցե ինչ-որ հետաքրքիր բան պատմի:
-Նստե՛ք:
Տղամարդը հանեց վերարկուն, շարֆը, դրանք դրեց հարևան աթոռին ու նստեց:
-Ինչքան շատ են ծխում հիմա քսան տարեկան աղջիկները…
-Քսանմեկ:
-Դե եթե քսանմեկ, ուրեմն արդեն մեծ ես: Կարելի է…,- ծիծաղելով ասաց այս մարդն ու ինքն էլ մի ծխախոտ հանեց ու վառեց այն:
-Հետաքրքիր է…
-Ի՞նչը:
-Հետաքրքիր է, թե ինչու է անծանոթ տղամարդն առաջարկում նստել իմ սեղանի շուրջն ու դա դեռ քիչ է, սկսում է քննադատել, թե ինչու եմ ծխում, երբ ինքն էլ է ծխում:
-Չեմ քննադատում աղջի՛կս, ընդամենը կիսվում եմ դիտարկումներովս: Պետք է չէ՞ ինչ-որ մեկի հետ կիսվել:
-Եվ այդ մեկը ե՞ս եմ:
-Իսկ դու դե՞մ ես:
-Հարցին հարցով…
Տղամարդը ժպտաց ու հետաքրքիր ձևով ծուխը դուրս հանեց տղամարդկային թոքերից: Կատրինը փորձեց վաստակավոր ծխողի պես ներս քաշել ծուխը, բայց ծխի մեծ քանակից առաջացած հազը մատնեց նրան: Տղամարդը ծիծաղեց ու կարեկցաբար նայեց Կատրինին:
-Դժվար չէ թողնել այն, ինչ դեռ կարգին չես էլ սկսել:
-Իսկ դժվար չէ՞ անծանոթ մարդկանց նկատողություններ անել:
-Հաճելի է:
-Տարօրինակ է:
-Քսանմեկ տարեկան, սովորում ես իրավագիտություն, բայց երազել ես դառնալ դերասանուհի կամ գրող, կուզեիր ծնված լինեիր նախորդ դարում, որովհետև սիրում ես Մեռիլին Մոնրոյին ու Գրետա Գարբոյին: Լսում ես տանգոյի երաժշտություն, սիրածդ ֆիլմը` «Մուլեն Ռուժ»: Ատում ես ձևականություններն ու անհետաքրքիր մարդկանց:
Կատրինը խոր զարմանքի մեջ էր, բայց պետք է զսպեր ու այս անգամ էլ չմտաներ ինքն իրեն: Նա չէր հասկանում, թե ինչ է ուզում այս մարդը և ինչու է հենց իրեն ընտրել:
-Ի՞նչ եք ուզում ինձնից:
-Ուզում եմ լինես նոր հերոսուհիս:
-Անամոթություն:
-Անկեղծություն:
Կատրինը ուշադիր նայեց տղամարդու դեմքին: Այժմ նա ավելի մեծ էր երևում. մոտ քառասուն հինգ տարեկան կլիներ: Աչքերի շուրջ կնճիռներ կային, բայց դրանք ծիծաղի կնճիռներ չէին: Դեմքին թեթևակի անփույթ մազածածկույթ կար: Քիթն առնական էր, իսկ շրթունքները բարակ էին, բայց ոչ տգեղ: Ընդհանուր առմամբ նա կարող էր համարվել գեղեցիկ տղամարդ:
-Իսկ եթե չհամաձայնվե՞մ:
-Վեր կկենամ ու կգնամ նոր հերոսուհի փնտրելու:
-Այդքան շա՞տ կարիք ունեք հերոսուհու:
-Անասելի:
-Անունս Կատրին է:
-Տղամարդ:
Հետաքրքիր խաղ էր սկսվում, որ Կատրինի սրտով էր: Նա իրեն շատ հասուն էր զգում: Իրենից շատ մեծ տղամարդուն հետաքրքրելն այդքան էլ հեշտ բան չէր: Նրան երբեք չէին հետաքրքրել իր տարիքի տղաները. նրանք իրենց շատ շուտ էին սպառում: Իսկ այժմ նա հետաքրքրել էր հասուն տղամարդու: Ու կարևոր չէր, թե ով էր նա, քանի տարեկան էր, ինչով էր զբաղվում, քանի երեխա ուներ: Նրա անունը Տղամարդ էր, և նա հետաքրքիր էր ծիծաղում:
-Դե ինչ Կատրի՛ն, ես այժմ պիտի գնամ: Մի քանի գործ ունեմ: Կհանդիպենք երեք օրից: Այստեղ` սրճարանի կողքը մի արձան կա: Հենց այդտեղ էլ կհանդիպենք: Ժամը վեցին:
-Այդ ժամանակ զբաղված եմ լինելու:
-Ուրեմն մի՛ արի: Առայժմ, սառցե՛ աղջնակ:

Տղամարդու ինքնավստահությունն ապշեցնում էր Կատրինին: Նա նստել էր մարող ծխախոտը ձեռքին, ոտքը ոտքին գցած, սառած շոկոլադով ու զարմացած հայացքով: Ամենը ֆիլմի նման էր: Իսկապես, երբ նա փոքր էր, երազում էր դերասանուհի դառնալ: Այժմ իրեն լրիվ ճակատագրական կին էր զգում: Պակասում էին կաբարեյի երգչուհին և կողքի սեղանին պոկեր խաղացող տղամարդիկ, սիգարների ծուխն ու կարմիր շրթներկը:
Կատրինը վճարեց հաշիվն ու դուրս եկավ մաքուր օդի: Ձեռքերը բաճկոնի գրպանները դրած քայլում էր ճակատագրական Կատրինը: Դեմքին անհասկանալի արտահայտություն էր: Նա չէր ժպտում, շրթունքները մի փոքր հեռացած էին իրարից, բերանից շոկոլադե գոլորշի էր դուրս գալիս: Նրա քայլվածքը թանկ կոշիկների ձայն ուներ: Նրա քայլվածքը ինքնավստահություն էր շնչում: Նա հետաքրքրել էր հասուն տղամարդու: Հիշում էր իր դատարկամիտ ընկերոջը, ում լքել էր առաջին իսկ ամսում: Հիշում էր, թե ինչքան տհաս էր նա, դատարկ ու անհետաքրքիր: Հիշում էր, թե ինչպես էր խենթի պես գրկում նրան ու պայքարում մի խղճուկ համբույր ստանալու համար: Թե ինչքան տհաճ էին նրա անփույթ համբույրները, գրկախառնությունները: Հիշում էր, որ զզվում էր նրա նվաստացած վիճակից, երբ խնդրում էր անկողին մտնել իր հետ: Ու հիշում էր, թե ինչքան ազատագրված էր զգում, երբ լքեց այդ ապուշին: Ու այդ օրվանից երդվել էր հեռու մնալ իր տարիքի տղաներից: Ճիշտ է, քառասունի մոտ տղամարդը նրա պլանների մեջ չէր մտնում, բայց սա այն դեպքն էր, երբ փակում ես աչքերդ ու ընդունում այն, ինչ առաջարկում է պահը: Դա պարզապես հաճույք է պատճառում:
Կատրինը տաքարյուններից չէր, նրա կյանքը փակ էր բոլորի համար: Թե ինչ էր նա զգում ու մտածում, երբեք հայտնի չէր անգամ իր ընկերներին, որոնք շատ չէին: Ընկերների հետ հարաբերություններում միշտ հստակ զգացվում էր այն սահմանագիծը, որից այն կողմ Կատրինի աշխարհն էր: Գծի մյուս կողմում միայն ակներև բաներն էին: Նա երբեք խորհուրդ չէր տալիս, միայն լսում էր: Կռվի մեջ չէր մտնում իրեն հրահրողների հետ, փոխարենը վրեժ էր լուծում: Իսկ դա նրա մոտ շատ լավ էր ստացվում: Նա չափազանց խելացի էր, բայց ոչ խորամանկ: Կյանքին նայում էր այնպես, ինչպես կա, առանց երազելու ու հիասթափվելու: Տղամարդուն հանդիպելը նրա համար ևս մի երևույթ էր, որին բախվել էր ու պիտի ընդուներ, որովհետև այդպես էր ցանկանում:
Երեկոյան Կատրինն ընկերուհու հետ գնաց ակումբ: Նա ընդհանրապես չէր պարում: Բայց այդ օրը պարեց: Ասես պարահրապարակում ոչ մեկը չկար: Նա պտտվում էր խելահեղ պարով, ծիծաղում էր, երգում էր ու չէր ծխում: «Դժվար չի հրաժարվել մի բանից, որ դեռ կարգին չես էլ սկսել»: Նա արդեն սկսում էր հիշել Տղամարդու խոսքերը: Ու խնամված ձեռքերը, որ հաստատ փափուկ էին ու տաք:

Երեք օր անց Կատրինը ժամը վեցին պայմանավորված վայր գնաց: Տղամարդն արդեն այնտեղ էր: Հեռվից նշմարվում էր նրա բարձրահասակ, հպարտ կեցվածքը: Կատրինը երկմտեց: Հիշեց, թե ինչ անհոգությամբ էր Տղամարդն այն օրը խոսում իր չգալու և ուրիշ հերոսուհի փնտրելու մասին: Ինքն էր նրա հերոսուհին: Ուրիշ ոչ ոք չէր կարող լինել: Պայուսակից հանեց հայելին, ստուգեց` արդյոք ամեն ինչ կարգին է, խոր շունչ քաշեց ու քայլերն ուղղեց դեպի նշանակված վայրը:
-Գեղեցիկ ես:
-Մերսի: Չգիտեմ էլ, թե ինչու եկա:
-Գիտես: Գնացի՛նք:
-Իսկ ու՞ր:
-Մետրո:
Նա գրկեց Կատրինի իրանն ու ուղեկցեց դեպի մեքենան: Մեքենայում Կատրինի սիրած երգերից էր հնչում: Նրա դեմքին ակամայից ժպիտ հայտնվեց:
Կատրինի համար ոչինչ տարօրինակ չէր, չնայած առաջին հանդիպմանը մետրո գնալը պիտի որ տարօրինակ թվար: Մեքենայի մեջ Տղամարդը չէր խոսում: Եվ ոչ էլ նայում էր Կատրինին: Կատրինն էլ նրան չէր նայում: Ինչ-որ բան նրան հետ էր պահում գլուխը դեպի Տղամարդը թեքելուց: Կարծես արգելք էր դրված դեպի նրա ուղղությունը նայելու վրա: Տաս րոպեից նրանք մետրոյի մուտքի մոտ էին: Ներսում Տղամարդը նրան մեկնեց ժետոնն ու ասաց.
-Հիմա ես կիջնեմ ներքև, դու այստեղ սպասիր: Մինչև հիսունը հաշվիր ու նույնպես իջիր: Հետո կասեմ` ինչ անես:
Կատրինը ոչինչ չասաց: Նա արդեն համաձայնվել էր մասնակցել այս խաղին և հետաքրքրված էր, թե ինչ ավարտ էր այն ունենալու:
Տղամարդն իջավ ներքև: Կատրինը հաշվեց մինչև հիսունմեկն ու նույնպես իջավ: Երբ հասել էր ճանապարհի կեսին, դեպի վեր տանող շարժասանդուղքին տեսավ Տղամարդուն: «Իսկ հիմա ի՞նչ անեմ» հայացք նետեց Տղամարդու վրա, ում հանգիստ կեցվացքը նրան ոչ մի պատասխան չտվեց: Կատրինն իջավ ներքև, մոտեցավ ու կանգնեց գնացքին սպասող ամբոխից մի-փոքր հեռու: Հանկարծ ականջի հետևում տաք շունչ զգաց: Ամբողջ մարմնով հաճելի դող անցավ: «Կնստես գնացքն ու երեք կանգառ հետո կիջնես»: Այստեղ Կատրինը հասկացավ, որ խոսքեր լսելու փոխարեն կցանկանար, որ այդ շունչը զգար իր շրթունքներին: Գնացքը եկավ, նա ներս մտավ, նստեց նստարանին ու սկսեց հաշվել: Վախենում էր կորցնել հաշիվն ու սխալ կանգառում իջնել: Մոլորված շնիկի պես աչքերով որոնում էր Տղամարդուն: Միևնույն ժամանակ վախենում էր աչքերը վեր բարձրացնել: Չորրորդ կանգառում իջավ: Ու սպասեց մինչև նորից կզգա Տղամարդու տաք շունչն ու կանի այն, ինչ կասեր նրա բամբ ձայնը:
-Ես ու դու պիտի միասին լինենք: Պիտի միասին մեծանանք, միասին արթնանանք, միասին մեծացնենք մեր երեխաներին և ինչու՞ ոչ` միասին մահանանք նույն օրը: Ես ու դու…
Մի՞թե այդ խոսքերն իրեն էին ուղղված: Կատրինն իրեն քառասունամյա կին զգաց, շրջվեց դեպի Տղամարդն ու տեսավ նրա քսանամյա փայլն աչքերում: Տղամարդը գրկեց Կատրինին ու համբուրեց նրա մազերը: Ապա շշնջաց. «Ապրե՛ս»: Ասես նա ինչ-որ կարևոր բան էր արել, ասես խաղը լավ էր սկսել, նրա ուզածի պես:
Հաջորդ քայլը սրճարան գնալն էր: Տղամարդն ընտրել էր մի շատ հին սրճարան, որ մոտ քսան տարի առաջ, իհարկե, բարի համբավ էր վայելում, բայց հիմա… Այն ապրել էր իր դարն ու, ինչպես Կատրինը մտածեց, կարելի էր ավելի հարմար վայր ընտրել: Բայց ինչպես մետրոյի, այնպես էլ սրճարանի ընտրությունն արդեն սովորական էր Կատրինի համար: Նրան չէր մտահոգում այն փաստը, որ նախկինում միայն թանկարժեք սրճարաններ էր գնում, որտեղ ամեն ինչ իր ուզածով պետք է լիներ: Այժմ, այս փոքրիկ հին սրճարանում, միակ թանկ բանը Տղամարդու ներկայությունն էր, նրա թանկարժեք ու խոստումնալից ընկերակցությունը: Տղամարդը նրան ուղեկցեց կարծես արդեն որոշված սեղանի մոտ, օգնեց նրան տեղավորվել: Մոտեցավ սրճարանի նման ծեր մատուցող, ժպտաց Տղամարդուն, ուշադիր զննեց Կատրինին, հավանություն տվող հայացք նետեց Տղամարդուն ու պատվերն առնելով հեռացավ:
-Այս ամենն իհարկե հետաքրքիր է ու գրավիչ, բայց ինձ թվում է` ես իրավունք ունեմ իմանալու, թե ինչ է այս ամենը նշանակում:
-Կատրի՛ն, սիրելի՛ս, ես քեզ առաջարկել եմ դառնալ իմ հերոսուհին, դու տվել ես քո համաձայնությունը: Ե՛կ այլևս մի անհանգստանա, թե ինչ կկատարվի: Խոստանում եմ, որ այն, ինչ կլինի, քեզ դուր կգա, անգամ կարող է շատ դուր գալ: Ժպտա, սիրելի՛ս:
Սրճարանում մեկական գավաթ սուրճ ըմպելուց հետո Տղամարդը Կատրինին տուն ուղեկցեց: Մեքենայում այն նույն հաճելի երաժշտությունն էր, որ Կատրինին ցանկասեր էր դարձնում: Նա զգում էր, որ այս երաժշտության ներքո կցանկանար անգամ ամենավերջին տղամարդուն: Իսկ այժմ նրա կողքին էր իսկական տղամարդ, իր տղամարդկային բույրով ու շարժուձևով: Կատրինին դուր էր գալիս նրա մարմնի յուրաքանչյուր հատված. նրա մազոտ այտերը, ձևավորվող կնճիռները, խորհրդավոր ժպիտը, մեքենայի ղեկն այնքան հմտորեն կառավարող ձեռքերը: Կատրինն ուշադիր ուսումնասիրում էր Տղամարդուն, արդեն առանց ամաչելու կամ անհարմար զգալու: Նա սովորում էր:
Տան մոտ Տղամարդն ափերի մեջ վերցրեց Կատրինի ձեռքն ու համբուրեց այն:
-Մենք դեռ շատ բան ունենք անելու, փոքրի՛կս: Ու որքան էլ դրանք քեզ տարօրինակ թվան, դա այն է, ինչ երկուսիս էլ պետք է: Մի՛ անհանգստացիր: Ինձ հետ դու պաշտպանված ես: Իսկ հիմա գնա տուն: Մենք կհանդիպենք մի քանի օրից:
Կատրինն իջավ թանկ մեքենայից, վստահորեն փակեց դուռն ու անինքնավստահորեն քայլեց դեպի իրենց տուն: Մեքենան անձայն հեռացավ` զրկելով փողոցը թանկարժեք լուսավորումից: Տղամարդը հեռացավ` զրկելով Կատրինին իր թանկ ներկայությունից:
«Ես իհարկե կցանկանայի նրա նման հայր ունենալ: Կամ քեռի: Բայց ո՛չ, ես չէի կարող հորս նկատմամբ նման բան զգալ: Այդպիսի բան կարող էր զգալ մայրս` հորս հանդիպելուց,- մտածում էր Կատրինը,- նա չի կարող լինել իմ սիրած տղամարդը, քանի որ իմ տարիքում լինում են ոչ թե սիրած տղամարդիկ, այլ սիրած տղաներ: Նրան ինձնից ուրիշ բան է պետք, ինչ-որ ավել բան, քան սերը, քան հարաբերությունը: Եթե նա ինձ է ընտրել, ուրեմն ես կարող եմ նրան տալ այն, ինչ նրան է պետք: Եվ դա հաստատ սերն ու սեքսը չէ, քանի որ հաստատ ինձնից ավելի փորձառու աղջիկներ կան: Այդ դեպքում ի՞նչ է պետք նրան… Կյանքում մոլորված մի գառնուկի ճիշտ ուղու վրա կանգնեցնե՞լ: Բայց ես մոլորված գառնուկ չեմ, և նա դա գիտի: Չեմ հասկանում…»:
Մի քանի օր անց Կատրինը կրկին հանդիպեց Տղամարդուն: Այժմ նա ավելի հրապուրիչ էր թվում, իսկ Կատրինի ժամերով ընտրված զգեստը` անարժան նրա կողքին լինելու: Բայց դա միայն առաջին մի քանի րոպեներին: Երբ Տղամարդը գրկեց նրան ու ձեռքը նրբորեն տարավ դեպի նրա իրանը, առանց դրան դիպչելու, Կատրինի շուրջը վառ ու գունավոր լույսեր շողացին, ջերմորեն պատեցին նրա մարմինն ու Տղամարդու ձայնով շշնջացին. «Դու հիասքանչ ես»: Քանի որ Կատրինը վստահ չէր, թե ով շշնջաց նրա ականջին, ոչինչ չպատասխանեց: Միայն խոսքերից ոգեշնչված` ձեռքը տարավ դեպի Տղամարդու գլուխն ու մատներն անցկացրեց նրա փափուկ մազերի միջով:
-Ի՞նչ ենք անելու այսօր:
-Արի գնանք մանկատուն:
Կատրինը երբեք չէր սիրել երեխաներին: Իհարկե, երբ փողոցում ինչ-որ փոքրիկ նրան ժպտում էր, Կատրինի դեմքին ժպիտանման արտահայտություն էր հայտնվում: Բայց ոչ ավելին: Նա չգիտեր, թե ինչպես վարվել փոքրիկների հետ, ինչ անել, ինչպես անել: Տեսնելով, թե ինչպես են մարդիկ հրճվում երեխա տեսնելուց, հետո թե ինչ տարօրինակ բացականչություններ են անում, նա իրեն օտար էր զգում այդ երեխայապաշտ միջավայրում: Իսկ հիմա Կատրինն ամաչում էր ասել, որ չի սիրում երեխաներին: Այս ճիշտ մարդու մոտ նա վախենում էր սխալ ու թերություններով լի երևալ:
-Ինչպես հասկացա` չեմ կարող առարկել:
-Առիթ էլ չկա,- պատասխանեց Տղամարդն ու բռնեց նրա ձեռքը: Զգալով Կատրինի մատների սառնությունը, նա շրջվեց դեպի նա ու անհանգստացած հարցրեց. –Ի՞նչ պատահեց:
-Չեմ սիրում երեխաներին:
-Չես սիրում երջանիկ ու անհոգ երեխաներին: Բայց ծնողազուրկ ու ծնողների կողմից լքված երեխաներին կսիրես: Նրանք արժանի են քո սիրուն, Կատրի՛ն:
-Չգիտեմ` ինչպես վարվել նրանց հետ:
-Հիմարի՛կ, ոչինչ պետք չէ անել: Նրանք քեզ կհուշեն, թե ինչ անել:
Կատրինը խոր հոգոց հանեց և ինքնակամ ուղղվեց դեպի մեքենան: Գոնե մեքենայում կլսեր սիրած երաժշտությունն ու կսովորեր Տղամարդուն: Մանկատուն տանող ճանապարհը շատ երկար էր: Կատրինը նայում էր փոշոտ ու ցուրտ ճանապարհներին, շրջապատի աղքատիկության ու մեքենայի շքեղության անհամապատասխանությունը ստեղծել էր երկու աշխարհներ, որոնց բախման մեջ Կատրինն էր: Տղամարդը չէր մտնում նրա աշխարհի մեջ. նա շքեղությանն էր պատկանում: Իսկ նրա ուժն այնքան մեծ էր:
-Շուտով կսովորես խոսել ինձ հետ,- հայացքը խորդուբորդ ճանապարհից չկտրելով ասաց Տղամարդը:
-Այնքան ճիշտ ես, որ վախենում եմ ինչ-որ բան ասել:
Տղամարդը ծիծաղեց իր տղամարդկային թավ ձայնով:
-Ի՞նչ ես կարծում, եթե ես ճիշտ լինեի, հիմա քեզ հետ այս մեքենայով կգնայի՞ մանկատուն: Թե՞ աշխատանքային լարված օրվանից հետո տանը նստած թերթ կկարդայի, կինս սեղան կգցեր, երեխաներս էլ կաղմկեին շուրջս: Հիմա ասա` ես ճի՞շտ եմ: Ես ճի՞շտ եմ, Կատրի՛ն:
-Այնքանով ես սխալ, որ կինդ ու երեխաներդ հիմա տանը սպասում են քեզ, իսկ դու այստեղ ես:
-Արդեն հասնում ենք:
Տեսնելով մանկատունը` Կատրինը հասկացավ, որ ֆիլմերում ոչինչ կեղծ չէ, որ այնտեղ պատկերվող գորշ, կիսակառույց, ցուրտ ու վանող մանկատներն իրականում հենց այդպիսին են:
«Եթե այստեղ ապրող երեխաները զրկված են ծնողների ներկայությունից, գոնե պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք չզգան այդ պակասը»,- անցավ Կատրինի մտքով, ու նա կանգնեցրեց իրեն այն մտքի վրա, որ ցանկանում է ներս մտնել ու տեսնել, թե ինչպես են ապրում այդ դժբախտ երեխաները: Նա զգաց, որ պարզապես պարտավոր է ներս մտնել ու թեկուզ տեսնել նրանց:
Տղամարդը թևանցուկ արեց Կատրինին ու ներս տարավ մանկատուն:
Կատրինը մեծացել էր լիարժեք ընտանիքում. զգացել էր մոր ջերմությունն ու հոր պաշտպանությունը: Մայրը նրան լավ ընկեր էր, թեև ամեն ինչ չէ, որ նա կարող էր կիսել մոր հետ: Դա էլ Կատրինի բնույթն էր` մինչև վերջ չբացահայտվելը: Դրա հետ մեկտեղ Կատրինն ուներ մի հատկություն. այնպես ներկայանալ, որ դիմացինին թվար, թե լիովին ճանաչում է նրան: Ուստի մոր և դստեր հարաբերությունները կատարյալ մակարդակի վրա էին: Հոր հետ Կատրինը շատ չէր շփվում, որովհետև հայրն աշխատում էր, տուն էր վերադառնում ուշ երեկոյան և դստերը տեսնում էր միայն ընթրիքի ժամանակ: Բայց այդքանը բավական էր նրա համար` հետաքրքվելու արդյոք ամեն ինչ կարգին է, արդյոք ինչ-որ բանի կարիք ունի և ինչքան է պետք այդ բացը լրացնելու համար: Կատրինը եսասեր չէր, նա չէր վատնում հոր փողերը. հոր տված փողով նա գրքեր էր գնում: Նա սիրում էր իր ծնողներին, բայց երբեք մտքով չէր կարող անցնել շնորհակալ լինել նրանց` իրեն չլքելու համար: Իսկ այժմ այստեղ` մանկատանը, Կատրինը հասկացավ, որ իր կյանքը կարող էր դասավորվել լրիվ այլ կերպ, եթե իր ծնողները մահանային կամ լինեին դաժան ու անպատասխանատու: Ու նա դրա համար պատասխանատու կամ մեղավոր չէր լինելու, նա մեղավոր չէր լինելու ծնողների գործած սխալների համար: Նա միայն կրելու էր դրանց հետևանքները:
Մանկատան երեխաները: Նրանք նման չէին այն անհոգ երեխաներին, որոնց Կատրինը հանդիպում էր իրենց ծնողների հետ զբոսնելիս: Տասնյակ մանուկներ մի փոքր սենյակում: Նրանք խաղում էին ժամանակին անհոգ երեխաներին մեծացրած խաղալիքներով, որոնք այստեղ էին հայտնվել չափից դուրս հին ու մաշված լինելու պատճառով: Մանկատան երեխաները: Նրանք խաղում էին, ծիծաղում, քաշքշում իրար, բայց սենյակի վրա լքվածության ծանր ամպ էր կուտակվել: Այնքան ծանր, որ Կատրինն ինքն իրեն լքված զգաց: Երեխաների ծիծաղն էր պահում այդ ամպը` թաց ու սառը անձրևի տեսքով չթափվելու նրանց գլխին: Բայց գալու էր ժամանակ, երբ այդ մանուկները հասկանալու էին, որ իրենք նման չեն մյուսներին, որ հասարակության հատուկ խմբին են պատկանում ու ծիծաղելու առիթ չէին տեսնելու: Եվ այդ ժամանակ չարաբաստիկ անձրևը տեղալու էր նրանց վրա, իսկ նրանք չէին ունենալու այն մեկին կամ երկուսին, որ պիտի պաշտպանեին նրանց: Չէ՞ որ այդ մեկի կամ երկուսի պատճառով էր այդ նույն անձրևը: Կատրինն իրեն մեղավոր էր զգում չգիտեր էլ ինչի համար: Երեխաներն այնքան տարբեր էին, բայց միևնույն ժամանակ շատ նման էին իրար: Նրանց նմանությունը որբ լինելն էր:
-Եթե ընտրելու լինեիր` փոքրիկներից ու՞մ կընտրեիր,- կտրելով մտորումներից` դիմեց նրան Տղամարդը:
-Չգիտեմ էլ, առանձին-առանձին չեմ նայել: Բոլորն էլ քնքշանքի, սիրո, ծնողի կարիք ունեն: Ի՞նչ նշանակություն ունի` ում կընտրես:
-Իսկ դու երբևէ պատրաստ կլինե՞ս այսպիսի երեխաներից մեկին օգնել:
-Եթե կողքիս լինի այնպիսի տղամարդ, ով նույնպես դա կցանկանա և պատրաստ կլինի հարազատ զավակի պես սիրել, այո՛: Սիրած տղամարդու հետ ամեն ինչի պատրաստ եմ,- երկար լռությունից հետո Կատրինը շարունակեց: -Եթե գոնե ամեն երրորդ նորմալ ընտանիք երեխա որդեգրեր և նրան վերաբերվեր իր հարազատի պես, ապա այսպիսի հաստատությունների կարիք չէր լինի:
-Աշխարհը կատարյալ չի, անկատարության մեջ է երևում գեղեցիկն ու բարին,- ասաց Տղամարդը` հայացքը սևեռած հեռվում միայնակ նստած մի փոքրիկ տղայի: -Նման է չէ՞ Փոքրիկ իշխանին,-ժպտաց ու ամուր սեղմեց Կատրինի ուսը:
Կատրինը հեռացրեց ամուր սեղմված շրթունքները պատասխանելու համար, բայց գլուխը բարձրացնելով հասկացավ, որ Տղամարդը պատասխան չի ակնկալում, ուստի լռեց:

Անցավ երկու ամիս: Երկու ամիս, որ Կատրինին պարգևեց նոր զգացումներ, նոր գույներ, նոր հոտեր, նոր վայրեր: Կատրինը` բռնած Տղամարդու ձեռքը, առաջ էր քայլում նրա սահմանազատած ճանապարհով: Այս ճանապարհը տանում էր դեպի փակուղի: Սա այն ճանապարհներից չէր, որ հաշվենկատ ու խորամանկ աղջիկներն ընտրում էին խոստումնալից ապագայի հասնելու համար: Ոչ էլ այն ճանապարհներից, որն ընտրողները չէին գիտակցում, որ այն տանում է դեպի ոչինչ: Կատրինը քայլում էր փակուղի տանող գունավոր ու տաք ճանապարհով: Երբ էլ որ հասներ այդ փակուղուն, նա պարզապես շրջվելու էր ու հետ էր դառնալու: Բայց նա պարզապես պարտավոր էր անցնել այդ ճանապարհով, որովհետև դրանով Տղամարդն էր քայլում, թեկուզ և ոչ իրենը:
Այդ երկու ամիսների ընթացքում Տղամարդը նրա համար շատ բան էր եղել. նա ընկեր էր, ընկերակից, զրուցակից, լռակից: Տղամարդը նրան այնպիսի վայրեր էր տանում, որտեղ նա երբեք չէր եղել կամ եղել էր, բայց ոչ այնպես, ինչպես պետք էր: Իսկ թե ինչպես էր պետք, Տղամարդը միշտ գիտեր: Կատրինի համար նա անսխալական էր, կատարյալ: Նրա շարժուձևը, հայացքը, ժպիտը, հազվադեպ ծիծաղն այնպիսին էին, ինչպիսին պետք է լինեին իսկական տղամարդու մոտ: Կատրինը ներքուստ հպարտ էր. նա իսկական տղամարդու հետ էր: Եթե նա ցանկանար և ավելի ուշադիր հետևեր Տղամարդուն, նա կտեսներ, որ վերջինս իրեն հաճախ տարօրինակ էր պահում: Երբեմն նրան ինչ-որ տեղ տանելով կարգադրում էր լուռ մնալ, հետո` մի քանի ժամ անց, գրկում էր, նայում երիտասարդ աչքերի մեջ ու ժպտում: Կատրինը ոչինչ չէր հասկանում, բայց չէր էլ ցանկանում որևէ հարց տար:
Մի անգամ Տղամարդը նրան տարավ քաղաքից դուրս: Գարուն էր, արևը դեռ նոր էր արթնանում մայրցամաքի այս հատվածում և տաքացնում էր միայն երկար սպասված ներկայությամբ: Կատրինի տրամադրությունը բարձր էր: Նա պառկել էր մեքենայի հետևի նստարաններին և ժամանակ առ ժամանակ ձգվում ու համբուրում էր Տղամարդու վիզն ու ականջները: Նա էլ ծիծաղում էր, բայց չէր կանգնեցնում ավտոմեքենան: Մեքենայի տանիքից թափանցող արևի ճառագայթները խաղում էին Կատրինի աչքերի հետ, նա ժպտում էր, երբեմն ծիծաղում, երբեմն էլ ձեռքերը դնում աչքերին ու որոշում քնել: Սերը չէր Կատրինին հյուր եկել: Եվ ոչ էլ երջանկությունը: Կատրինին հյուր էր եկել անհոգությունը: Եվ պաշտպանվածությունը: Տղամարդու կողմից:
Նրանք հասան մի փոքրիկ լճակի: Բնությունն այստեղ կարծես ավելի աչալուրջ ու անհամբեր լիներ: Արևն այստեղ ավելի գեղեցիկ էր, հատկապես լճի պարզ մակերևույթին: Ծառերն անամոթաբար մերկ էին, այնքան մերկ, որ արդեն կարևոր չէր, թե երբ է իսկական գարունը գալու: Հավատարիմ թռչունների դայլայլ էր լսվում, որ խնդրում էր արթնանալ և հետ չմնալ ամենակարևոր իրադարձությունից:
-Ինձ համար արթնացող բնությունից գեղեցիկ բան չկա թերևս:
Կատրինը կանգնած նայում էր քամու թեթև շարժումից պարող լճակին, Տղամարդը հետևից գրկել էր նրան, շնչում էր վերարկուի տակ թաքնված վզի վրա, ժամանակ առ ժամանակ համբուրում: Շրթունքների շարժումից Կատրինը զգում էր, որ նա նաև ժպտում է, ինչից ինքն էլ էր ժպտում: Նա սիրում էր ժպտալ Տղամարդու հետ: Շրջվեց, արձակեց Տղամարդու վերարկուն, գլուխը դրեց նրա թաք կրծքին, ցանկացավ լսել սրտի աշխատանքը, բայց ոչինչ չզգաց: Անմեղ երեխայի պես բարձրացրեց հայացքը, խորամանկ ժպտաց ու ձեռքերը սահեցրեց դեպի նրա մեջքը: Տղամարդու մեջքի մկանները լարվեցին: Կատրինը մատները սահեցրեց նրա ողնաշարով ու ծիծաղեց:
-Մի՛ հրահրիր ինձ, Կատրի՛ն,- խիստ ասաց Տղամարդն ու հետ տարավ Կատրինի ձեռքերը:
-Թե չէ ի՞նչ,- ծիծաղեց Կատրինն ու սկսեց շոյել նրա խիտ մորուքը:
Տղամարդը երկար ժամանակ նայում էր նրան, կարծես որոշում կայացնելիս լիներ, ապա հանկարծակի գրկեց աղջկան ու պտտեց օդում: Կատրինի զրնգուն ծիծաղը, ասես գարնան զարթուցիչ, ջարդեց լռությունն ու լցրեց օդը ջերմությամբ ու անուշահոտությամբ: Տղամարդը նրան իջեցրեց մի ծառի կողքին և ամուր հենեց ծառի բնին:
-Չշարժվե՛ս:
Նա պտտվեց ծառի շուրջը, կանգնեց հակառակ կողմից:
-Փակի՛ր աչքերդ:
Կատրինը փակել էր աչքերն ու նայում էր մթությանը: Արևն իր ջերմ շողերով հրահրում էր նրան բացել աչքերը, բայց Տղամարդու խոսքն ավելի կարևոր էր Կատրինի համար: Նա վայելում էր խոստումնալից սպասումը: Առանց որևէ «հանկարծի» նա զգաց զույգ ձեռքերի հպում: Ձեռքերն արձակեցին նրա վերարկուն և մեղմ սահեցին նրա բլուզի տակ: Կատրինի մարմնով դող անցավ: Ջերմ ձեռքերը շոյում էին նրա փորը, գրկում ու կարծես համբուրում: Կատրինի մարմինն անշարժ պար էր պարում Տղամարդու ձեռքերի հետ: Այժմ եթե ցանկանար էլ, չէր կարող բացել աչքերը: Հանկարծ կիսաբաց շրթունքները գտան իրենց տիրոջը: Կատրինի ու Տղամարդու շրթունքները միացան երբևէ ամենագեղեցիկ համբույրով: Կատրինի ցանկասեր շրթունքները ստրկացել էին տղամարդկային սիրո առջև, խնդրում էին ավելին ու ավելին: Բայց Տղամարդը հեռացրեց շրթունքները Կատրինի շրթունքներից, համբուրեց նրա աչքերը, կարգի բերեց Կատրինի վերարկուն ու ջերմ շնչառությամբ շշնջաց նրա ականջի մեջ. «Սա՛ է հրահրելը, սիրելի՛ս»:
Կատրինը բացեց աչքերն ու տեսավ Տղամարդու ինքնագոհ կեցվածքը:
-Դու սրիկա ես…
-Ամեն դեպքում ճիշտ սրիկա եմ,- ծիծաղեց Տղամարդն ու ավելացրեց. –Գնա՛նք, արդեն ուշ է:
Հետդարձի ճանապարհին Կատրինը ձևացնում էր, թե քնել է: Նա մտքում դեռ երկար հիշում էր կատարվածն ու երևակայության մեջ առանց վախենալու անում էր այն, ինչ չարեց Տղամարդը: «Ինչ-որ մեկին ցանկանալու մեջ ամոթալի ոչինչ չկա»,- համոզում էր նրան իր խիղճը: «Ճիշտը հավասարին ցանկանալն է»,- խիստ ասում էր միտքը: «Ճիշտը Տղամարդուն ցանկանալն է»,- ժպտում էր սիրտը:
Կատրինը շատ էր ցանկանում, որ լճի մոտ կատարվածն ունենար սպասված ավարտ: Նա չէր ամաչում այն մտքից, որ մարմնի ամեն մասնիկով ցանկանում էր Տղամարդուն: Միայն նրան: Նա սիրում էր ուսումնասիրել նրա մարմնի ամեն բացված միլիմետրը, պատկերացնում էր, թե ինչպես է համբուրում նրա մարմինը, շնչում նրա մաշկը, հպվում դրան: Նրա համար նշանակություն չուներ, թե արդյոք Տղամարդը նկատում է իր ցանկասեր հայացքները, թե ոչ: Քանի որ վստահ էր, որ նա անշուշտ նկատում է: Բայց որքան էլ Կատրինը ցանկանար Տղամարդուն ճանաչել նաև որպես սիրեկան, նա երբեք բացահայտ ակնարկներ չէր անում:
Նրանք շարունակում էին հանդիպել: Տղամարդն այլևս չհամբուրեց նրան: Նա կարծես մոռացած լիներ այդ համբույրի մասին, կարծես այդ համբույրն իր համար ոչինչ էր, մեկն այն հազարավոր համբույրներից, որ նա կարող էր պարգևել, մնում էր միայն լավ խնդրել: Կատրինի համար նրա այս վարքն արդեն սովորական էր: Տղամարդը սովորություն ուներ մի բան ասել կամ անել և առհավետ մոռանալ դրա մասին: Բայց մի՞թե նրանց համբույրն այնքան սովորական բան էր, որ դրա մասին կարելի էր հեշտորեն մոռանալ: Համբուրեց և մոռացավ: Եվ ոչինչ չփոխվեց: Ոչ մի նոր բան: Նա իր համար նույն Կատրինն էր` իր ընտրած հերոսուհին: Իսկ նա` Տղամարդը, ում համար համբույրը սովորական մի բան էր, ընդամենը համբույր, ոչինչ ավելի:
Ժամանակն առաջ էր գնում, իսկ Տղամարդուն այն կարծես ավելի ու ավելի հետ էր տանում: Շատ հաճախ նա լուռ էր մնում, Կատրինին հիշեցնում այնպիսի բաների մասին, որոնք անծանոթ էին Կատրինին, իսկ երբ վերջինս ասում էր, որ դրանց մասին իրենք չեն խոսացել, Տղամարդը չէր էլ զարմանում: «Իհարկե»,- ձայնարկում էր նա ու մի հուսահատ հայացք նետում Կատրինի հանգիստ դեմքին:
Մի անգամ, երբ նրանք զբոսնում էին ամայի այգիներից մեկում, Տղամարդն ասաց.
-Կլինե՞ս իմ հյուրը:
-Ահա…, -ասաց Կատրինն ու նկատեց Տղամարդու խորհրդավոր ժպիտը:
Տղամարդը գրկեց նրա մեջքն ու օգնեց նստել մեքենան:
-Այսօր լավ օր է չէ՞,- ճանապարհին կարծես ինքն իրեն ասաց Տղամարդն ու նայեց Կատրինին:
Կատրինը ընդամենը ժպտաց: Նա մտքում շատ կարևոր բան էր պատկերացնում:
Բնակարան մտնելուն պես Կատրինին գրկեց անուշահոտությունների մի փունջ: Նա փակեց աչքերն ու ներս քաշեց տղամարդկային բույրերը: Հերթը նրա աչքերինն էր: Բնակարանն ուներ իրեն բնորոշ գույներն ու երանգները, որոնք ջերմորեն շոյում էին Կատրինի աչքերը:
-Ես երաժիշտ եմ, դաշնակահար:
Կատրինը նկատեց, որ հյուրասենյակում դրված էր մի շքեղ դաշնամուր, իսկ դրա շուրջը գետնին ամենուր ընկած էին նոտայի թերթեր, կեսը ճմթրված, կեսը` խզբզված:
-Մի քանի բնակարան ունե՞ս:
-Ինչու՞:
-Կանացի ոչինչ չեմ տեսնում տանդ: Որտե՞ղ են կինդ ու երեխաներդ:
-Հենց սկզբից վստահ ասում ես, որ ես կին ու երեխաներ ունեմ, ինչու՞ ես այդքան վստահ:
-Ինձ երբեք ոչինչ չես պատմել. անգամ անունդ չգիտեմ: Տարիքդ էլ: Ոչինչ չգիտեմ: Այսքան ժամանակ միայն ենթադրություններով եմ ապրել: Ենթադրում եմ, որ նորմալ հասուն տղամարդը պիտի որ կին, ընտանիք ունենա: Եթե դու ընտրել ես ոչինչ չասել, ես հարգել եմ քո որոշումը, բայց ենթադրություններ անել ինձ ոչ ոք չի արգելել:
-Կգա ժամանակ, ես քեզ կպատմեմ այն, ինչ պետք է: Իսկ այժմ հարմար տեղավորվիր, հիմա թեյ կպատրաստեմ:
Կատրինը հանեց վերարկուն, այն դրեց բազկաթոռին և զգաց, որ կարոտում է Տղամարդուն: Գնաց նրա հետևից փոքրիկ, բայց մաքուր խոհանոցը: Տղամարդը հմտորեն պատրաստում էր թեյի պարագաները: Եթե Կատրինը մի քիչ լավ ճանաչեր տղամարդկանց ու կանանց, նա կհասկանար, որ Տղամարդը միայնակ էր ապրում: Նա միայնակ տղամարդու հմտությամբ շարժվում էր խոհանոցում, հանում բաժակներն ու եռացնում ջուրը:
Կատրինը վերադարձավ հյուրասենյակ, վերցրեց վերարկուն, նորից դրեց բազկաթոռի վրա, մոտեցավ դաշնամուրին, նստեց դրա դիմաց: Նա հիշեց, թե ինչպես էր փոքր ժամանակ գնում դաշնամուրի դասերի: Նա չէր սիրում այս գործիքը, չէր սիրում, որ ստիպված էր նվագել այն, ինչ չի ցանկանում: Հիշեց իր ծեր ուսուցչին, ով լավ չէր լսում և միշտ ասում էր, որ Կատրինը լավ լսողություն չունի: Եթե Տղամարդը լիներ իր ուսուցիչը, նա այնքան հաճույքով կնվագեր և ոչ մի դաս բաց չէր թողնի:
Կատրինը մատները սահեցրեց ստեղներով: Նա մտովի տեսավ, թե ինչպես են Տղամարդու մատները հմտորեն սահում դրանց վրայով ու ստեղծում ամենագեղեցիկ երաժշտությունը:
Տաք թեյի անուշ հոտով ներս մտավ Տղամարդը: Կատրինը շփոթված կանգնեց: Նա տեսավ Տղամարդու` թեյելու հրավիրող հայացքը:
-Երբ փոքր էի, դաշնամուրի դասերի էի գնում,- ժպտաց նա:
-Կարող եմ գրազ գալ, որ չէիր սիրում:
Կատրինը ժպտաց: Տղամարդը միշտ կամ գրեթե միշտ ճիշտ էր գուշակում Կատրինի անցյալից ու ներկայից տարբեր բաներ, և դա արդեն նրան չէր զարմացնում: Նա կցանկանար գոնե մի անգամ էլ ինքը ճիշտ գուշակեր, բայց Տղամարդը երբեք որևէ հուշում չէր անում: Բացի այդ, նա վախենում էր իմանալ ճշմարտությունը Տղամարդու մասին: Եթե իրական Տղամարդը տարբերվեր նրա կերտածից, Կատրինը կկորցներ այն, ինչ ամիսներ շարունակ նկարում էր ու քանդակում:
-Կուզե՞ս նվագեմ քեզ համար:
-Փորձի՛ր,- հետ քաշվեց Կատրինն ու խորամանկորեն ժպտաց:
Տղամարդը նրբորեն քաշեց Կատրինի մազերն ու համբուրեց նրա գլուխը: Ապա նստեց դաշնամուրի առջև ու շոյեց ստեղները: Կատրինը մոտեցավ ու ձեռքը հենեց դաշնամուրին:
Աստվածային ձայների կատարյալ համադրությամբ ստեղծված մեղեդին ողողեց սենյակը: Պատերն անգամ նվագում էին ու խաղում Կատրինի հոգու ամենանուրբ լարերի հետ: Այս երաժշտությունը զինաթափում էր, ուժազրկում: Այս երաժշտություն ստեղծողը կարող էր մի նոր աշխարհ ստեղծել և ստիպել մարդկանց անել ամենը, ինչ կցանկանար: Կատրինը գիտեր, որ երաժշտությունը հզոր ուժ ունի, բայց որ երաժշտությունը կարող է դառնալ տեր հոգուն ու մարմնին ու ստիպել զգալ ու մտածել այնպիսի բաներ, որ նախկինում երբեք չէր զգացվել ու մտածվել, նա կռահել անգամ չէր կարող: Տղամարդու մատների գեղեցիկ շարժումներից ծնվող երաժշտությունը լցնում էր սենյակը նոր գույներով ու բույրերով, իսկ Կատրինին դարձնում էր Տղամարդու կամավոր գերին: Երաժշտությունը դադարեց, իսկ Կատրինը դեռ գտնվում էր կատարյալ աշխարհում, որտեղ միայն ինքն էր, անգամ Տղամարդը չկար:
Տղամարդը հայացքը բարձրացրեց ստեղներից, կարծես վերադարձավ այն աշխարհից, որտեղ միայն ինքն էր: Իսկ Կատրինի բացակայությունն այնտեղ զարմանալի չէր: Նա վեր կացավ և մոտեցավ Կատրինին: Կատրինն անգամ չնկատեց նրան և միայն երբ Տղամարդը համբուրեց նրան, նա սթափվեց և զինաթափված նայեց Տղամարդուն: Վերջինս նրբորեն վերցրեց ուսերին թափված նրա մազերն ու մոտեցրեց քթին, այնպես, ինչպես Կատրինն էր բնակարան մտնելուց ծանոթացել դրա բույրերի հետ: Համբուրելով նրա մազերը, Տղամարդը նրբորեն դրանք հետ տարավ և համբուրեց Կատրինի վիզը: Կատրինը գլուխը հետ տարավ` այսպիսով Տղամարդուն խնդրելով համբուրել այնպես, ինչպես ինքը կցանկանար: Տղամարդը մի պահ կանգ առավ, ուշադիր նայեց Կատրինին: Ապա իր գիրկն առավ ու գրկած տարավ այնտեղ, որտեղ քնում էր: Կատրինին զգուշորեն իջեցրեց գետնին դրված մահճակալին և մոտեցավ նրան: Դանդաղ արձակեց նրա բարակ վերնաշապիկն ու համբուրեց շրթունքները: Այն առաջին ու վերջին համբույրը լճի մոտ, որ այդքան կատարյալ ու միակն էր թվում, այժմ մի սովորական համբույրիկ էր: Այժմ Տղամարդը համբուրում էր` վայելելով Կատրինին ամբողջությամբ, նրա մարմնի ամեն միլիմետրը, այնպես ինչպես երազում էր Կատրինը: Տղամարդու ձեռքերը մերկացրեցին Կատրինին: Այժմ Կատրինն ամբողջութամբ Տղամարդունն էր, նրա մարմինը խոսում էր Տղամարդու շրթունքների հետ, պատասխանում նրա ամեն համբույրին ու փաղաքշանքին: Կատրինի աչքերը խնդրեցին Տղամարդուն նույնպես մերկանալ: Նա ցանկանում էր զգալ նրա մարմնի հպումը, համբուրել, շոյել, սովորել: Տղամարդը չմերժեց նրան: Կատրինն առաջին անգամ էր տեսնում մերկ տղամարդու: Փորձի բացայակության դեպքում անգամ նա գիտեր, որ Տղամարդու մարմինն ամենակատարյալն է բոլոր գոյություն ունեցողներից: Նա համբուրեց Տղամարդու ուսերն ու կուրծքը: Հիմա արդեն նա զգաց, թե ինչպես է բաբախում նրա սիրտը: Այն խփում էր հանգիստ, հավասարակշռված: Մինչդեռ Կատրինի սիրտը երևի դուրս էր պրծնում տեղից: Նա ինքնաբերաբար ձեռքը տարավ դեպի կուրծքը` ստուգելու, թե արդյոք այն իր տեղում է, թե արդեն դուրս է եկել համբույրներից մեկի ժամանակ: Տղամարդը երկար համբուրում էր նրա դողացող մարմինը: Տղամարդու գրկում ցանկասեր աղջկա մարմից դուրս պրծավ ինքնավստահ կինը:
Նրանք պառկած էին անկողնում, Կատրինը գլուխը դրել էր Տղամարդու ուսին, այնպես, ինչպես ֆիլմերում էր տեսել, այնպես, ինչպես Մեռիլինն էր գլուխը դնում սիրեկանների ուսերին: Տղամարդը գրկել էր Կատրինին, մերթ ընդ մերթ համբուրում էր նրա գլուխը, շոյում մազերը: Կատրինը մատներով խաղում էր Տղամարդու կրծքի մազածածկույթի հետ: Կին դառնալուց հետո նա Տղամարդու աչքերի մեջ չէր նայել: Արդեն մի քանի ժամ երկուսն էլ լուռ էին: Փողոցից լսվում էր երթևեկության ձայնը, ավտոմեքենաները ձայնարկում էին իրենց ամենազոր շչակներով առանց իմանալու, թե ինչ էր կատարվել: Կատրինը փաթաթվեց ծածկոցով, վեր կացավ, մոտեցավ պատուհանին, նայեց անցորդներին, որոնք շտապում էին` ամեն մեկն իր գործով: Նրանք այդպես էլ չէին իմանա, թե ինչ էր կատարվել: Հետևում Կատրինը զգաց Տղամարդու շունչը, ապա նրա ձեռքերը գոտկատեղին և համբույրը: Ծածկոցը ցած ընկավ, Կատրինը ձեռքերը սահեցրեց Տղամարդու ձեռքերով և գրկեցրեց իր ազդրերը: Նա պտտվեց և նայեց իրեն Կին դարձրած Տղամարդուն: Նրա աչքերը շնորհակալություն հայտնեցին, իսկ Տղամարդն ի պատասխան համբուրեց նրա ճակատն ու գնաց գինի բերելու:

Կատրինը ճանաչեց Տղամարդուն որպես կատարյալ սիրեկան: Նրա բնակարանը դարձել էր սիրային հանդիպումների վայր: Իսկ հանդիպումները սիրային էին միայն այն ժամանակ, երբ Տղամարդն էր որոշում: Մյուս դեպքերում Կատրինը նույն հերոսուհին էր, ով պարտավոր էր անել այն ամենը, ինչ կասեր նրան կին դարձնողը: Նա ոչինչ պարտավորված չէր անում, Տղամարդն այնպես էր դասավորում, որ այն, ինչ ինքը ձեռնարկում էր, ընկալվեր որպես Կատրինի ցանկություն: Կատրինը դա տեսնում էր, բայց ոչինչ չէր կարող անել: Նրան դուր էր գալիս այդ վիճակը:
Այսպես անցան ևս երկու ամիս: Հունիսյան մի առավոտ Տղամարդը նրան զանգահարեց և հանդիպում նշանակեց այն սրճարանում, որտեղ առաջին անգամ հանդիպել էին: Նրա ձայնի մեջ անսովոր ինչ-որ բան կար, նախկինում չլսված ու չիմացած: Երբ Կատրինը նշանակված ժամին հասավ սրճարան, Տղամարդն արդեն այնտեղ էր: Նրանք սրճեցին, ինչից հետո Տղամարդն առաջարկեց զբոսնել: Այսօր նա չէր գրկել Կատրինին, նրան գրեթե չէր նայում:
-Եկել է ժամանակը, Կատրի՛ն:
Կատրինի մարմնով դող անցավ: Տղամարդը շարունակեց.
-Ոչինչ հարատև չէ, դու դա գիտես: Երբ ես քեզ առաջարկում էի դառնալ իմ հերոսուհին, դու ինքդ գիտեիր, որ գալու է ժամանակ, երբ այս ամենը ավարտվելու է: Դու ոչինչ չգիտեիր, բայց համաձայվեցիր, որովհետև քեզ էլ էր հետաքրքիր, թե ինչ է լինելու: Եղավ այն, ինչ ես պլանավորում էի:
Կատրինի մոտ այնպիսի տպավորություն էր, որ իր հետ խոսում է մի սրիկա, սովորական սրիկա, ում համար ավարտին էր մոտենում հերթական մի խաղը և նա ազատվում էր իրեն ձանձրացրած խաղալիքից:
-Ես ամուսնացած եմ եղել: Ունեցել եմ մի հրաշալի կին: Նրա հետ մետրոյում ենք ծանոթացել, երբ երկուսս էլ քսան տարեկան էինք: Նրա հետ անցկացրած տարիները լավագույնն էին ինձ համար, Կատրի՛ն: Մեզ նայելով ասում էին. «Սա է կատարյալ զույգը, տեսե՛ք, թե որքան գեղեցիկ են»: Ես երջանիկ էի, նա նույնպես: Բայց ոչինչ հարատև չէ, երջանկությունը` առավել ևս: Երևի շատ էի օգտագործում «երջանիկ» բառը, այդպիսով խրտնեցնելով երջանկությանը: Պիտի պատժվեի: Եվ նա մահացավ: Մահացավ, Կատրի՛ն: Նրա մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, և անիծյալ բժիշկներն ապաքինվելու ոչ մի հույս չտվեցին: Մեկը մյուսի հետևից սառնասրտորեն ասում էին, որ նա կմեռնի, անգամ չէին էլ նայում դեմքիս: Եվ նա մահացավ: Ամիսներ շարունակ դուրս չէի գալիս տանից, իրոք խղճուկ տեսք ունեի: Ամիսներ տևած դեպրեսսիայից հետո ես նոր մարդ էի դարձել: Դու ինձ ճանաչեցիր այնպիսին, ինչպիսին ես նրա հետ էի: Նորից էի ծնվել, որովհետև որոշել էի նորից ստեղծել մեր սերը, թեկուզ առանց նրա:
Տղամարդը մի պահ կանգ առավ և փորձեց խոր շունչ քաշել: Նա չէր նայում Կատրինին:
-Ես որոշեցի գտնել մի աղջկա, ում նայելիս կհիշեմ նրան, իմ կնոջը: Այդ աղջիկը դու էիր, Կատրի՛ն: Երբ տեսա քեզ սրճարանում, միայնակ ու վստահ, հասկացա, որ այդ դու ես նա: Նա հենց այդպիսին էր: Դու նրա պես հպարտ կեցվածք ունեիր մատուցողներին նայելիս, ծխախոտը փնտրելիս: Որոշել էի այդպիսի մի աղջկա հետ անել այն ամենը, ինչ ժամանակին արել էի նրա հետ: Ես պետք է ապրեի նույնը, պետք է հիշեի, չգործեի նույն սխալները, պետք է կրկին երջանիկ լինեի և փորձեի երջանկացնել: Եվ եղա… Կատրի՛ն, քո շնորհիվ եղա:
Նա շրջվեց և նայեց Կատրինի գունատ դեմքին:
-Ների՛ր ինձ, Կատրի՛ն, ների՛ր, ես գիտեմ, որ հիմա քեզ ցավ եմ պատճառում, բայց գիտեմ, որ այն կանցնի, որովհետև դու ինձ չես սիրում, փոքրի՛կս: Մեր հարաբերությունները խաղ էին, փորձ, որոնում, բայց ոչ սեր, և դու դա գիտես: Կանցնի ժամանակ, դու ինձ չես մոռանա, բայց կմոռանաս այն ցավը, որ ապրում ես հիմա: Ու կհիշես միայն լավ պահերը, իսկ դրանք ամեն վայրկյան են եղել: Ի պատասխան քո ներկայության ես փոխհատուցել եմ` ինձ հետ անցկացրած ամեն րոպեն գեղեցիկ դարձնելով: Հիմա դու գիտես, թե ինչպիսին պետք է լինեն իսկական գեղեցիկ հարաբերությունները: Իսկ ես գիտեմ դա կրկնակի, քո շնորհիվ:
Արցունքի մի կաթիլ հոսեց Կատրինի այտով: Տղամարդը ձեռքը տարավ, որ սրբի այն, բայց Կատրինը հետ գնաց: Նա չէր նայում Տղամարդուն, չէր կարողանում գլուխը վեր բարձրացնել: Այն այնքան էր ծանրացել, իսկ մարմինն այնքան հոգնել, որ Կատրինը հազիվ էր կանգնում:
-Մի անգամ նա ինձ ասաց, որ իր երազանքը ծով տեսնելն է: Անսահման, անեզր… Իր անունի պես: Մարիա… հնչում է` ասես ծովն է շարժվում,- ասաց Տղամարդը: -Կատրի՛ն, խնդրում եմ` մի՛ տխրիր, սիրելի՛ս: Տե՛ս, որ ես քեզնից ավելի շատ պատճառներ ունեմ տխրելու: Ե՛կ այստեղ, ես ուզում եմ գրկել քեզ:
Նա մոտեցավ և գրկեց Կատրինի դողացող մարմինը, Կատրինի խաբված էությունը: Նա համբուրեց նրա մազերը, օտար և հեռու: Ապա հետ կանգնեց և ասաց.
-Իսկ հիմա իմ գնալու ժամանակն է: Դու ինձ երբեք չես տեսնի, Կատրի՛ն:
Կատրինին հասան նրա խոսքերը, նա բարձրացրեց գլուխը, չորացած շրթունքները հեռացրեց ու կոկորդում հավաքված կծիկը կուլ տալով շշնջաց.
-Ու՞ր…
-Այնտեղ, որտեղ ճայերն են…
Տղամարդը շրջվեց և քայլերն ուղղեց դեպի արևը: Հպարտ քայլվածքի հետևում թաքնված խղճուկ էությունն անհետանում էր, ձուլվում արևին, դրանից ամենևին չջերմանալով: Կատրինը երկար նայում էր նրա հետևից, վախենալով թարթել աչքերը: Տղամարդու հպարտ քայլվածքի հետևում թաքնվող իսկական տղամարդն անհետանում էր, ձուլվում արևին, դառնում հիշողություն: Նա գնում էր այնտեղ, որտեղ ճայերն են…