ՄՈՒՇԵՂ ՅՈՒԶԲԱՇՅԱՆ | Բանաստեղծություններ

Posted on Ապրիլի 3, 2011

2


ԽԱՌՆ ԵՄ

Խառն եմ, Սիրելի՛ս…
Խառն է աշխարհը…
Ամեն բան գժվել,
Դարձել է դառը…
Չգիտեմ` ինչու՞,
Չգիտեմ ու՞մ հետ
Չգիտեմ թե ե՞րբ, ո՞ր գերեզմանում
Թաղեցի նախկին եսերս բոլոր
Ու հիմա այսպես կանգնել եմ մենակ… մերկ… խելագարված
Եվ հիմարի պես մերկությունս եմ քողարկում վերջին
Ճմրթված եսով…
Որտե՞ղ եմ, ո՞վ եմ…
Ինչու՞ եմ ապրում…
Քանի՞ անգամ եմ այսպես մեռնելու…
Մերկ, ու խելագար`
Աշխարհի նման:
Խառն եմ, Սիրելիս…
Նույնիսկ սիրելի՛ս…
Ամառս ասես գարուն է դարձել…
Իսկ գարուններս կորել են, չկա՛ն…
Ասես սպանել եմ…
Գուցե սպանե՞լ եմ, չգիտեմ… չկամ…
Բուք է ամենուր,
Ամենուր ավեր, փոթորիկ, աղմուկ,
Վե՞րջ…
Այսքա՞նն էր, հա՞
Իսկ դու՞
Չե՞ս թափի մի կաթիլ արցունք
Մեր չծնվելիք փոքրիկի վրա…
Գժվում եմ գուցե…
Կամ էլ էլ չկա՞մ…
Խնդրու՛մ եմ, արի,
Գտիր ինձ իմ մեջ…
Հանիր քաոսից իմ միայնության:
Հանիր ու թույլ տուր աչքերիդ նայել առանց ամոթի
Թույլ տուր ձեռքերիս
Ձուլվել քո մարմնի ամեն մի կետին…
Խառն եմ, Սիրելի՛ս…
Նույնիսկ գժվելիս…

***

Խենթացնող մի շշունջ, մի քամի
Իր ջազն է շշնջում ականջիս…
Եվ ապա` հեռանում, հեռանու՜մ…
Երազե քայլերով իր հանգիստ…
Եվ ուզում եմ ճչալ, աղաչել,
Որ մնա…
Որ շնչի դեռ իր երգն ականջիս…
Չգնա…
Չգնա…
Չգնա:

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Լինել… չլինել…
Լինել առանց քեզ…
Չլինել քեզ հետ…
Չլինել հոգուդ կայծակների մեջ,
Չլինել ինձ հետ…
Քեզ չսիրելով`
Ողջ տիեզերքում քեզ գերադասել,
Ու լքել նրանց, ովքեր սիրում են առանց սիրվելու…
Չլինել ոչինչ…
Դատարկ հույսերի դատարկված տոպրակ…
Խելագար վազքի ընթացքում դեմքիս
Մերթընդմերթ խփվող կաթիլների պես
Ես չեմ հասկանում, թե ու՟ր եմ ընկել,
Չեմ տեսնում էլ ինձ,
Չկա ոչ աշխարհն ու ոչ դու` կողքիս…
Ոչ մի տիեզերք ինձ չի պարուրում…
Ցնդել եմ:
Գիժ եմ:
Լացել եմ ուզում:
Չգիտեմ,
Հիմա ես ու՟ր եմ վազում…
Իմ տիեզերքում պայթյունի նման մի բան էր գվվում…
Խելագար եմ չէ՟…
Ձուլվել եմ քամուն
Ու հիմարի պես վազում եմ անդունդ…
Խելագար կյանքի խելագար ծնունդ…
Արթնանալ է պետք,
Սակայն չեմ կարող. արթուն եմ արդեն…
Ու գարուններս անէացել են…
Եվ իմ գարունը ես էլ չեմ տեսնում…
Կողակի՟ցս ես:
Է՟գս ես արդյոք
Ասա, գարունս որտե՟ղ ես պահել,
Կամ էլ ինձ լքիր
Ու գարունս ինձ կրկին կգտնի…
Լքիր ինձ…
Լքիր…
Լքիր ինձ…

 

***
Երջանկությունը թակում է դուռդ
Ու դու`
Համոզված
Աշխարհի լավի ու բարու դատարկ անունին`
Կիսահամոզված քո այդ ժպիտով
Երկինք ես սարքում,
Լուսին ես շնչում…
Ոչինչ էլ չկա.
Էլի խաբել է,
Էլի բաժակդ կոտրել`
Թափել է…
Երջանկությունդ
Երջանկաթույն է:
Ո՞վ գիտի, գուցե վերջին համբու՞յրն է…
Էխ, հիմարիկս…
Մի՞թե դու կրկին ինձ հավատացիր,
Ներսդ բացեցիր
Որ նորից,
Նորից քո ներսից փախչեմ…

ՔԵԶ ՍԻՐԵԼՈՎ…

Քեզ սիրելով տիեզերքս հասունանում,
Ու ամեն բան կարծես թե իր տեղն է տանում,
Քեզ սիրելով հարցերն իրենց պատասխանում
Ու առաջվա փակ դռներն էլ
Իրենք իրենց
Անկողպեք են հանկարծ դառնում…
Քեզ սիրելով ես վերանում,
Անէանում եմ իմ ներսում,
Ու Քո գոյի
Ամեն մասնիկն ինձնով լցնում,
Եվ ամեն մի մասնիկիդ մեջ
Կրկին ծնվում,
Կրկին սիրում,
Հետո նորից տիեզերքին եմ իմ տիրում,
Սակայն արդեն
Լուսավորված այլ մի լույսով,
Սակայն արդեն
Մշտագարուն…
Քեզ սիրելով նորի՛ց,
Նորից…
Նորից ինձ եմ վերադառնում,
Վերածնվում…
Եվ հի՛ն մի գիրք նորից,
Նորի՛ց…
Նորից բանում…

***
Երանի մի պահ դառնամ ուրվական,
Թեկուզ` ակնթարթ,
Բայց հիմա՛ դառնամ,
Կանգնեմ քո առջև,
Ու լուռ շշնջամ…
Եկել եմ, շնչի՛ր
Իմ երազների ու կարոտների
Բույրը, սիրելի՛ս…
Եկել եմ, որ միշտ
Քո սրտում մնամ,
Քեզանով ապրեմ,
Որ քո սրտի հետ իմ սիրտը ձուլեմ…
Երանի մի պահ դառնամ ուրվական,
Միայն թե…
Հիմա…

ԿԱՐՈՏ

Մեկը երևի
Բացել է հիմա դռները իր տան,
Քեզ է սպասում
Եվ ուշի-ուշով հետևում է իր տան ճանապարհին.

Մեկը երևի
Կարոտել է քեզ,
Եվ չի նկատում,
Թե իր կարոտից ինչքա՛ն թաքնված արցունք է կաթում…

Մեկը երևի
Վերցրել է հիմա
Այն քո նվիրած
Վարդագույն վարդի չորացած թերթիկն ու բույր է մուրում…

Մեկը երևի
Մենակ է հիմա…

ԱՂՈԹՔ

Ես
Մոլորվել եմ
Ժամանակի մեջ…
Ներսս խարխուլ է,
Ներսս
Կարծես թե
Ինձնից հեռու է…

Ես
Մոլորվել եմ
Խեղդուկ, խենթացող
Իրականության
Ու իմ իսկ կյանքի
Ոլորաններում:

Անցյալիս հեռու
Հորատանցքերում
Հրդեհ եմ սարքել
Ու մոլորել եմ ինքս ինձ այնտեղ,
Որ էլ դուրս չգամ…

Հոգնած իմ շուրջը
Տիրող ամենից,
Ինչ ճիշտ է թվում`
Ես ջուր եմ ուզում,
Մի անարատ կում,
Եվ կրակի մեջ այդ ջուրն եմ փնտրում,
Սակայն` ապարդյուն…

Տե՛ր իմ,
Ընկե՛ր իմ,
Օգնիր ինձ չապրել,
Թե սա է կյանքը…
Օգնիր ինձ տխրել,
Թե այս ամենն է
Այնքան ցանկալի
Կյանքի բերկրանքը:

Աղոթքս քոնն է,
Զոհաբերում եմ
Մարմինս, հոգիս,
Ամենն ինչ ունեմ,
Ու փոխարենը
Մի բան եմ խնդրում`
Ինձ ջուր տուր մի կում…

ՇՆՉԻ՜Ր

Շնչի՜ր, օրդ նոր է բացվում,
Քեզ մաղթում եմ անամպ երկինք,
Շնչի՜ր,
Օրդ քեզ է հասնում
Քո բարության ու քո լույսի
Արգասիքով խի՜տ հագեցած,
Շնչի՜ր…
Օդը լույս կբերի…
Սիրում եմ քեզ…

Երբ կփնտրես ճամփաներում բոլոր ոլոր
Երբ կփնտրես աստղերի մեջ ու գետնի տակ
Երբ կփնտրես ամենուրեք ու չես գտնի,
Ներսդ նայիր, ու կգտնես այնտեղ հաստատ:

***
Ողջույն, սիրելիս,
Այսօր տոնում ենք,
Այսօր տոնում ենք իմ վերադարձը
Երազի երկրից
Ուր ես հեռացել.
Ու գնում էի
Դեպի հեռուներն
Անիմանալի…

Ողջույն, կյանքիս մեջ
Իմաստներ դրած
Իմ կապուտաչյա…

Ողջու՜յն, խենթացնող
Սևուկ աչքերով
Փոքրիկ սատանա…

Ողջու՜յն, իմ կրակ,
Շագանակագույն քո աչուկներով,
Որ երկինքներ ես հրդեհել իմ մեջ…

Եկել եմ, ահա՜
Եկել եմ հիմա,
Որ էլի գնամ
Դեպի կղզիներն
Անիմանալի…

Գիտեմ, Որ դու ինձ
Դեռ կկարոտես,
Գիտեմ, որ դու ինձ
Դեռ շատ կսիրես,
Դեռ կմխրճվես
Խորքերը սիրուս,
Ու շնչակտուր, հազիվ կհասցնես
Սենյակի դուռը
Կողպել մինչև լույս,
Որ ուրիշ ոչ ոք
Սերդ չխլի՜…

Գիտեմ, սիրելիս,
Դեռ էլի շատ բան
Գիտեմ քո մասին,
Սակայն չեմ ասի,
Չէ որ չասվածը թանկ է ավելի…

Լսիր, սիրելիս
Շառաչը կյանքի,
Մխրճվի՜ր սիրուս
Խորքերը տաքուկ.
Սա կոչվում է կյա՜նք…

 

ՔՈ ՈՒՂԻՆ

Դու խառնում ես թացը չորին,
Դու փախչում ես քո կյանքից,
Գիրկ ես բացում ամեն նորին,
Չես խուսափում տանջանքից…

Այն, ինչ քոնն է, դեն ես նետում,
Ցանկանալով ավելին,
Հոգուդ ամեն ճիչն ավետում
Քո ըստեղծած աշխարհին:

Թվում է քեզ, թե կարող ես,
Թվում է, թե կհասնես,
Սակայն ուղին քո աղոտ է
Ճամփեքդ` մութ ու անտես…

Չես հավատում քո աղոթքին,
Բայց ուզում ես, որ մաքրի…
Ի՞նչ ես դարձրել դու քո ուղին,
Ի՞նչ ես այսքան անհանգիստ…
ԻՄ ԱՆԱՆՈՒՆ…

Ինձ լցրել ես քո ժպիտով,
Որ չեմ տեսել…
Քո անունով,
Որ չեմ լսել…
Ամեն ինչում
Աչքերն են քո,
Որ դեռ երբեք ինձ չեն այրել…
Շուրթերդ են,
Որ ինձ երբեք
Ձուլված չկան…
Իմ անանու՜ն…
Հառնիր իմ մեջ,
Թող արթնանան երազներս
Իրենց քնից,
Թող թևածի
Դանդա՜ղ ու մոտ
Նետաձիգը սեր նվիրող…
Իմ անանու՜ն…
Թույլ տուր հիմա
Շնչել քեզնով,
Ապրել քո մեջ,
Ու հալվելիս
Թույլ տուր հալվել քո՛ արևով…

 

ՄԻ ԼՔԻՐ

Դու իմ ներսում
Իմ էության կրկնապատիկ…
Արմատներիս՝
Ջուր կենարար…

Ինձ լքելով՝
Ինձ թողնում ես մեր ընդհանուր
Թշնամու դեմ մեն — միայնակ,
Ինձ թողնում ես իմ իսկ Եսի ճիրաններում…

Ես իմ Եսից չունեմ ներում…

 

ԴՈՒ ԳԻՏԵԻՐ…

Դու գիտեիր, որ անձրևս
Գիշերն է գալու,
Եվ անձրևիս ամպերն էիր ինձ նվիրում դեռ ցերեկով…
Ու կուտակում այնքան հմուտ, այնքան կոկիկ,
Որ ամպերից երազային ցող էր կաթում…
Դու գիտեիր,
Որ ցերեկս գիշերով լի,
Իսկ գիշերս կայծակներով լուսավորված…
Իսկ գիշերս` քո լույսերով կայծակնահար,
Անդամալույծ է լինելու…

Դու գիտեիր, որ ես արդեն
Ժպիտով եմ ընդունելու
Այն, որ չկամ…
Դու գիտեիր…

Չգիտեիր միայն մի բան…
Լոկ մի մանրուք,
Որ ամպաշատ իմ երկնքում
Արդեն վաղուց`
Տեղ էր բացված անձրևաբեր ամպիդ համար…

Ու մի փոքրիկ, մի շատ փոքրիկ հույս էր շողում…

 

ԵՍ ՉԳԻՏԵՄ

Ես չգիտեմ, ի՞նչ կլինի քո կյանքում,
Երբ հասկանաս, որ ոչ մի բան չես տեսել…
Երբ հասկանաս, որ գիշերը քո անքուն
Ցերեկով էլ քեզանից դուրս չես բերել…

Ես չգիտեմ, ի՞նչ կլինի քո կյանքում
Երբ վախերը քո գոյության ու ցավի
Իրենց կրքին հագուրդ կտան քո հոգում,
Կթևածեն մերժումի հետ քո անձի,
Եվ կփարվեն այնպես խաղաղ, այնպես մեղմ,
Ասես կյանքդ իրենցով ես լոկ ապրել…

Ես չգիտեմ, ի՞նչ կլինի քո կյանքում
Կյանքիցդ դուրս երբ հայտնվես դու հանկարծ…

 

ՍԻՐԱՀԱՐ ԿԱՏՈՒՆ

Սիրահար կատուն
Կանգնել տանիքում,
Ու գայլի նման ոռնում էր լուսնին,
Լուսնին էր դիմում
Խառն ու հուսահատ,
Խեղճ ու անտեղի…
Խնդրում էր լուսնին չլինել դեղին:
Խելագար կատուն
Սիրում էր
Գայլին…

 

ԱՆԱՂՄՈՒԿ

Աղմուկի մեջ
Սիրելն այնքան
Հեշտ է լինում…

Մնա քեզ հետ,
Քո եթերում,
Քո լռության մութ խորքերում,
Հետո սիրիր,
Որ սիրելուց
Բան հասկանաս…

Լցրել ես դու
Լռությունդ իմ սեղանին,
Դարձրել ես քեզ վիրավորված իմ ինքնության
Ըսպեղանի…

Մնա քեզ հետ,
Մի տարածվիր,
Պետք չէ լցնել
Ինձ քո մտքով,
Կարիքը քո
Վաղու՜ց է ինչ
Չեմ ունեցել…

Այս աղմուկից
Հանիր դու քեզ
Հանիր դու ինձ…
Մնանք անՔեզ,
Մնանք անԻնձ,

Հոգնել եմ ես…

ՎԵՐԱԴԱՐՁԻՐ

Սարսուռդ լու՜ռ,
Համառորեն
Տարածվում է մարմնիդ միջով
Որպես բաղեղ…
Լցնում ներկադ
Քո սարսափով
Ու նահանջում,
Կարծես երբեք չէր էլ եղել…

Շնչում ես լուռ,
Ծանր
Ու կեղծ…

Պարուրվել ես քո էության
Հակասությամբ
Ու դողում ես ցրտից ներսիդ…

Վերադարձիր ինքդ քո մեջ,
Դարձիր ամբողջ
Սոսնձվիր քեզ…

Վերադարձիր…

ԻՄ ԵՐԿԱՏՈՒՄԸ…

Իմ երկատումը իմ ոչնչացման իրական ճամփա…
Իմ երկատումը՝ ինկվիզիտորի պատժիչ գավազան՝
Իմ ներսի Աստծուն ուրացած՝ Եսիս:

Ինչքան եմ անցել, ու դեռ ինչքան կա…

Իմ հավատների ու ներսիս նեռի
Պայքարն անընդհատ կրծում է հոգիս…

Խեղդվում եմ արդեն.
Անընդհատ բողո՜ք, անընդհատ պայքա՜ր — պայքա՜ր կրկնելուց
Իմ ներսի կռվից վախկոտի նման ինքս փախչելուց…

Արթնացումս եմ աղերսում ինձնից,
Ու քնում անվերջ,
Միաձուլում եմ խնդրում իմ Աստծուց
Ու փախչում ինձնից խելագարի պես…

Երազում եմ Քեզ,
Գտնում ուրիշին,
Եվ կյանքս կապում մի երրորդի հետ…

Ո՞վ է թշնամիս
Աստված իմ, կասե՞ս…

 

ԿԵՍ

Կես սիրով քեզ սիրում եմ,
Կես ձայնով կանչում,
Կիսվում ու պակասում եմ,
Բայց չեմ վերջանում…

Կես կարոտ կարոտում եմ,
Կես մտքով հիշում,
Կես տանիք ու կես տուն եմ…
Լրիվ եմ գժվում…

 

ՏԵՍԻԼՔ…

Կտավ,
Գույներ,
Ներկերի հոտ
Ու մի սենյակ՝
Քրտնած ու տոթ…

Ու դու
Ու ես՝
Իրարու կես,
Իրար հոգու
Ե՛վ դուրս,
Ե՛վ ներս…

Անտառ
Ու լույս,
Ես՝ գիժ սատիր,
Դու՝ խենթացած
Անտառակույս…

Ու լուռ,
Ու հեզ,
Դու վեր…
Ես վեր…
Երազի պես…

 

ՑԱՎԸ

Նա դանդաղ մոտեցավ դռանը, նայեց. անցքից ոչինչ չէր երևում. երևի անցքն էր կեղտոտ, կամ մուտքում մութ էր, բայց նրան դա նույնիսկ չհետաքրքրեց: Նա նույն դանդաղ ու անտարբեր քայլերով արդեն պատրաստվում էր ետ դառնալ իրեն այդքան սիրելի դարձած շշերի գիրկը, երբ նորից լսվեց դռան կամացուկ թակոցը: Նրա կիսաբաց աչքերում հույս երևաց. սպասում էր երևի արդեն մի ամբողջ տարի…
Դուռը ճռռալով բացվեց, աղջիկը, կարծես ընդարմացած, կանգնել էր շեմին ու չէր ուզում առաջ գալ, հետո ներս մտավ: Կիսախավարին դեռ անսովոր նրա աչքերը աստիճանաբար սկսեցին նշմարել դռան ու պահարանի արանքում դեմքի հարցական ու մի քիչ էլ բութ արտահայտությամբ կանգնած տղային, ասես հարցնում էր. «Ինչու՞ ես եկել, ո՞վ ես»…
_ Այս ինչ ես արել քեզ հետ, _ աղջիկը մի քիչ ձևական տոն ուներ, _ հենց հիմա ձեռքիցդ գցիր էդ կեղտը:
Տղան նոր միայն նկատեց, որ վաղուց արդեն դատարկվել է ձեռքի շիշը: Նա բաց թողեց այն, որ դանդաղ, սահելով նրա մատերի արանքով, ընկավ գետնին ու կոտրված սրտի ձայն հանեց:
Նրանց ընդամենը մի շաբաթ էր բաժանում, ընդամենը մի շաբաթ, որ հիմա անվերջություն էր թվում:
Տղան դանդաղ, ասես տհաճությամբ ուսումնասիրում էր աղջկան: Տեսավ նրա ինչ-որ տեղից իրեն ծանոթ ու մի քիչ մաշված գլխարկը, վերարկուն, ձեռքը, դեմքը չգիտես ինչու աղոտ էր երևում:
Տղան աստիճանաբար սկսեց հասկանալ թե ինչ է կատարվում, բայց հարցը դեռ պտտվում էր նրա գլխում.
_ Ինչու՞ ես եկել:
_ Եկել եմ… _ Աղջիկն ինքն էլ չգիտեր թե ինչու է եկել:
_ Եկել ես… _ Տղան ինքն իր համար արձանագրեց կատարվածն ու առանց փոքր-ինչ դրան նշանակություն տալու` դանդաղ քայլեց դեպի սենյակի խորքն ու նստեց դատարկ արկղի եզրին, աչքերը հառելով գետնին ընկած կեղտոտ տետրերի վրա: Արկղում դեռ երկու շիշ գարեջուր կար, որոնցից մեկը վերցրեց, ու բացեց արկղի եզրով:
Տղային հանկարծ թվաց, թե ինքն անքաղաքավարի է.
_ Կխմե՞ս, _ շիշը մեկնեց աղջկա կողմը, _ գարեջուր է:
Ասես մահացու վիրավորված` աղջիկը նայեց Տղային.
_ Իսկ դրանից ի՞նչ կփոխվի, հետ կգա՞ս…
_ Ոչ,
_ Գնա՞մ
_ Քեզ չէի կանչել…
_ Բոլորը կարոտել են քեզ,
_ Իսկ ես նրանց չեմ կարոտել…
_ Իսկ ի՞նձ,
_ Ընկերդ ինչպե՞ս է,
_ Քանի անգամ պիտի ասեմ, որ նա իմ ընկերը չէ ու չի էլ եղել, _ աղջիկը քայլ արեց դեպի Տղան ու չգիտես ինչու փորձեց ժպտալ, սակայն դա նրան չհաջողվեց _ մենք ընդամենը մի անգամ համբուրվեցինք ու վերջ, այն օրվանից հետո նույնիսկ չեմ էլ տեսել նրան:
Տղան ժպտաց, որ չլացի, վերջերս հաճախ էր այդպես անում:
_ Դու էլ ինձ պետք չես, կարող ես գնալ, _ Տղան դանդաղ էր խոսում, ասես մի քանի անգամ կշռելով յուրաքանչյուր բառը:
_ Ինձ շանս տուր, _ Աղջկա աղերսական հայացքը քար կհալեցներ, բայց ոչ կոտրված սիրտ, _ ների՛ր, չէ որ ես էլ մարդ եմ, կարող եմ սխալվել:
_ Դրա մասին արդեն խոսել ենք, դու գիտես թե ինչ պիտի ասեմ, ցտեսություն…
Տղան կանգնեց ու շուռ գալով` քայլեց դեպի մահճակալը, ճանապարհին կում անելով արդեն կիսադատարկ շշից:
Աղջիկը լուռ հետևում էր նրան, ասես վախենալով ինչ-որ բանով ցույց տալ իր ներկայությունը, որպեսզի նորից չարժանանա հեռանալու հրավերին:
Տղան պառկեց ու շուռ եկավ դեմքով դեպի պատը, Նրա շնչառությունը ծանր էր, նոր մտնողին կարող էր թվալ, թե Նա վաղուց արդեն քնած է… Իսկ Նա սիրում էր…
Աղջիկը դեռ երկար ժամանակ կանգնած մնաց տեղում, քայլ արեց դեպի մահճակալը, նորից կանգնեց, ապա կտրուկ մի շարժումով շուռ եկավ ու քայլեց դեպի դուռը…
… Ցավը դեռ երկար էր պտտվում սենյակում: Տղան պառկած էր անշարժ, միայն ծանր, անհամաչափ շնչառությունն էր մատնում նրա ներկայությունը: Ցավը կամացուկ շրջում էր սենյակում ու երբեմն յուրովի քնքուշ շոյում Տղայի գլուխը…
04.10.2007

 

ԳԻՇԵՐ

Գիշեր… իմ ընկեր, իմ հավատարիմ, իմ փնտրտուքներ, իմ սերեր, հուշեր… Քո մութ խորքերից ինձ աչքով անող, ինձ ծանոթ լույսեր, ինձ ծանոթ հույսեր… Գիշեր, իմ ընկեր, իմ անմեղություն, իմ առաջին մեղք, իմ առաջին երգ, առաջին ցնորք ու կիրք առաջին… Քո լռության մեջ ինչքան հուսահատ ճիչեր եմ խեղդել, ինչքան կաթիլներ սպասումիս մոմից… Գիշեր, իմ ընկեր, թույլ տուր ինձ նայել քո աչքերի մեջ, ու փնտրել այնտեղ իմ ինքնությունը, իմ մանկությունն ու երազները իմ, ու հետո… թույլ տուր աչքերս փակել ու մաքրիր ինձնից մղձավանջը այս. հոգնել եմ արդեն, գիշեր, սիրելիս…