ՎԱՀԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ | Սոնետներ

Posted on Ապրիլի 3, 2011

0


Կարոտում եմ քեզ հայրենի եզերք,
Քո հող ու ջրին, արևին հրկեզ,
Օտար երկրում աչքս միշտ արթուն,
Հոգիս ծո՜վ արյուն, օրը’ս չի՜ մթնում։

Անթև հավքեր են խոսքերս թվում,
Հույս ու երազանք մարում է մթում։
Օրերն են չվում տերևների պես
Հոսո՜ւմ, գնո՜ւմ է, ժամանակն անտես։

Աշնան օրերը դավերով լեցուն,
Երազախաբի կսկիծով անանց
Սիրտ են սողոսկում, երակով թույնե׃

Մտքերս մոլոր՝ զուրկ են թևերից,
Շուրթերիս փարված խոսքերի նման
Չունեմ հանգրվան ու խաղաղ օրրան։

Չունեմ հանգրվան ու խաղաղ օրրան
Արդեն հազար դար ես թափառական,
Գիծն հորիզոնի միշտ հեռվում մնաց,
Աչքս մաշեցի չհասա նրան …

Ամենուր եղա, երկրներ տեսա,
Դռները օտար իմ դեմ բացվեցին,
Տանտիրոջ կողքին հավասարի պես
Շենացըրեցի երկիրն հյուրնկալ׃

Եվ ամեն անգամ, և ամենուրեք
Կասկած ու կսկիծ սիրտս սողոսկեց
Պագշոտ կնոջ պես օրըս պղտորեց։

Ու շրջապատված բոլոր կողմերից
Մի կերպ դուրս պրծա որոգայթներից
Բախտից հալածված գազանի նման։

Բախտից հալածված գազանի նման
Ճակատագիրը ինձ բաժին թողեց՝
Հույսին միամիտ, հուսալով՝ հույսից
Դարեր շարունակ ապրեցի այսպես։

Ես ի՜նչ իմանամ, որ պապիս֊պապի
Ճամբան եմ հիմա վեր ու վար անում,
Երբ հորիզոնն է անվերջ հեռանում,
Մասիսն է միայն մերը մնայուն։

Խոսքերն ամենուր կուչ եկան անքեն
Մտքիս խորշերում քեզ եմ փնտրում,
Նման եմ հավքի՝ թևաթափ մոլոր։

Մայթերին դաջված աստղերն այստեղ
Դարձի ճամբեքին ական են ու արկ,
Գիծն հորիզոնի մթան մեջ կորավ։

Գիծն հորիզոնի մթան մեջ կորավ
Ականապատված ճամբան է լեցուն
Վառ աստըղերի սին անուններով
Նրանք լուսավոր՝ պաղ են ու օտար։

Մըրրկավ զարկված տղերքը ընկան։
Գնում են հաճախ ճամբով գերության
Հարս ու աղջիկներն հայրենի մեր տան,
Խաբվում են Դատարկ աղբ ու հուլունքով։

Քամիները հին նոր երգ են բերում,
Շրջանակի մեջ աշխարհն է օրվա՝
Աճուրդի հանվում որպես հին մասունք։

Եռաբլուրից մինչև Ավարայր,
Հայոց աշխարհի փառքերն են ընկած,
Արարատ լեռն է տերը տարածքի։

Արարատ լեռն է, տե՜րը տարածքի.
Իմ հայրենիքը հողմերից մաշված
Հարևաններից անվերջ հալածված
Ժայռածաղիկ է, արև’ հրկիզված։

Գալիս են գնում քարավանի պես՝
Սերունդներն անվերջ, ծե՜ս է երկունքի.
Լեռը՝ քրմերի քրմապետնը հավերժ,
Փոխում է գենը՝ օձ ու զեղունի։

Հորիզոնի դեմ Լեռան նայվածքից
Հայության հզոր ավազանի մեջ,
Վերածնվելով հառնում են հողից։

Թեև հայերեն չեն խոսում հաճախ,
Բայց հայանում են հողից աղդված՝
Նահատակների հայացքից գերված։

Նահատակների հայացքից գերված
Շողոմ ու թունոտ մոգում են հիմա
Նոր օտարները՝ հին երկիր մտած
Ու Արարատը խորհում է անձայն։

Մեր լինելության աստվածն հավետ,
Բախտի փոխարեն մեզ հույս նվիրեց։
Հույսի տաճար է լեռը Նաիրյան…
Եվ դարն է անցնում վայրկյանի նման։

Շատերս հիմա նավազներ հեռվում,
Կայմերը պարզած խախուտ լաստերով
Տնից հեռանում, տանը կարոտում։

Քշված հողմերից բաց տարածքներում.
Լոկ Արարատի պատկերն է մեր մեջ։
Գիծն հորիզոնի հեռու է անդարձ։

Գիծն հորիզոնի հեռու է անդարձ։
Մեր հողի համար մենք դարեր համառ
Թափեցինք արյուն, արցունք-քրտինքով
Հողին պահ տված ցորենն ենք արդար։

Ցորենն ենք արդար հույսերով լեցուն,
Թոնըրից ելած հացն հանապազոր։
Նման ենք վազին պոկված մայր հողից՝
Արմատ երկնող ակունքն է հզոր։

Հրաժարվում ենք օտար արմատից,
Ինքնության հզոր բնազդով կրկին
Արմատակալում, ճյուղ ենք արձակում։

Թե ուրիշներին թաղում են հողում,
Մենք հողին կպած՝ որթատո՜ւնկը հին
Վազն ենք խաղողի՝ արևով լեցուն։

Վազն ենք խաղողի՝ արևով լեցուն,
Մտքով սլացիկ՝ երկինք ենք ձգվում,
Երբ հողից հառնում, սահմանագիծը՝
Գիծ հորիզոնի մեզ տուն է կանչում։

Գինու գովքն ասում, հիշում ենք նրանց՝
Նահատակներին ճամբեքին զոհված,
Հաց ու գինով ենք սեղան զարդարում,
Արյուն-քրտինքով ՝ ողջերին օրհնում:

Մեր բաժին բախտը հույսով է լեցուն
Մասիսի նման մեզ էլ են կիսում,
Թղթե՜րի վրա, օտարն՝ ի՜ր մտքում

Հազար տարին էլ վայրկյան է թվում,
Մեր ապրած պահը չնչին ակնթարթ
Վկան հավերժող՝ լեռը Արարատ:

Վկան հավերժող լեռը Արարատ,
Չունեմ հանգրվան ու խաղաղ օրրան
Դեռ թափառում եմ գիշեր ու ցերեկ,
Բախտից հալածված գազանի նման։

Օրըս չի մթնում, հոգիս ծով արթուն,
Այս էլ քանի՜ դար, ղարիբ եմ պանդուխտ…
ճակատագի՜րը, ինձ նորից նետեց
Ականապատված երկիրն այս օտար։

Կասկած ու կսկիծ սիրտս սողոսկեց,
Մթում մարում է հույս ու երազանք
Ժամանակն անտես գնո՜ւմ է, սողում։

Հին քամիներին նոր շունչ են բերում,
Խոսքերը նորոգ՝ փոխված իմաստով
Աշխարհն են կրկին տանում աճուրդի։

Աշխարհն են կրկին տանում աճուրդի:
Հին քամիներին նոր շունչ են բերում,
Մարդացման ճամփին՝ մարդ արարածին՝
Հուսալքումի քարով են զարկում:

Մահվան, սարսափի շրջապտույտում,
Հրեշտակները փոխված սատանի՝
Նոր աստվածներ են անվերջ հորինում,
Խաղին խառնվում, լույս ու խավարի:

Եվ ամենուրեք արցունքի շիթեր,
Եվ ամեն անգամ քանդված երկիր,
Երգի փոխարեն դառնաղի արցունք:

Ցավից խելագար աշխարհն է դառնում
Խենթերն ամենուր՝ այրեր իմաստուն,
Ջրհորից բախտի քարերն են հանում:

Ջրհորից բախտի քարերն են հանում,
Ւնչպես հեքիաթում այս հին աշխարհի
Կրտսեր խելոքին մի օր հանեցին՝
Դիմազրկելով չար եղբայրներին:

Շատերն են հիմա ներքուստ պարծենում,
Իմաստուն այրի թիկնոցն ուսերին
Մանկան պես անմիտ նորից խառնվում
Լույս ու խավարի նույն մենամարտին:

Հայաստան աշխարհ հավիտենական,
Չորս գետերը քո գոտիդ արծաթյա՝
Ճարմանդի զարդն էլ Անին է ո՛ւ կա:

Արարչագործման հովիտն է փռված
Արագած լեռան չորս գլուխներին,
Արարատ լեռան հայացքի դիմաց:

Արարատ լեռան հայացքի դիմաց
Հին հազարամյա քաղաքն է մանուկ,
Որն հարյուրամյա ակնթարթ ապրեց
Շենշող ու հպարտ աշխարհին նայեց:

Ւմ խանդոտ սերը, իմ երազների
Լուսաշող տունը, ի՜մ Երևանը,
Հին՝ արևելքի, նոր՝ արևմուտքի
Ճամփեքին ներկա քարեղեն վարդը:

Մատենադարանը տաճարն է մտքի
Բեռը դարերի մագաղաթ է զառ՝
Վկան մեր ապրած բոլոր պահերի:

Փորձ ու գիտելիք մեզ փոխանցելով
Ականջալուր էին ձայնին երկնի
Մեր նախնիները մտքով իմաստուն:

Մեր նախնիները մտքով իմաստուն
Ուխտավոր անդուլ՝ լույս ու արևի,
Ծով ալիքների տենդը սրտի մեջ
Ալիքված գալիս ու ետ են դառնում:

Գիծն հորիզոնի պարզ է երևում
Երբ ծով ու երկինք իրար են փարվում
Մենք ծովից հեռու լեռներին թառած
Արծիվ ու բազե կապույտից գերված:

Միջատ ու մլակ, զեղուն ու սողուն
Կապույտի վրա բնավ չեն նստում
Թևազուրկ են, թո՜ւյլ ու՛ թույն մահացու:

Լեռների գրկում մեր Արարատյան
Դաշտն է բերքատու, մայր ու արարիչ.
Ականջալուր ենք մենք Արարատին:

Ականջալուր ենք մենք Արարատին:
Երկինք ու երկիր իրար են փարվում
Լեռան գրկի մեջ տապանն է հանգչում
Արարչագործման վկան է հավերժ:

Ինչքան էլ կիտվի խավարը խրթին,
Դաշտը ներխուժեն սողուն ու զեղուն,
Մեր կամքով համառ, հավատքով՝ անմար
Սահմանագիծն ենք բարի ու չարի:

Ու զավակները վեհ Արարատի
Գիտեն՝ արարել, երկնել գիտեն,
Շանթից էլ զորեղ, կործանել գիտեն:

Գիծն հորիզոնի չի մնա հեռվում
Հավասարության նժարն իմաստուն
Մեր երազների ակունքն է մաքրում:

Կարոտում եմ քեզ հայրենի եզերք,
Չունեմ հանգրվան ու խաղաղ օրրան
Բախտից հալածված գազանի նման՝
Գիծն հորիզոնի մթան մեջ կորավ:

Արարատ լեռն է տերը տարածքի
Նահատակների հայացքից գերված
Գիծն հորիզոնի հեռու է անդարձ
Վազն ենք խաղողի հավատով լեցուն:

Վկան՝ հավերժող լեռը Արարատ,
Աշխարհն են տանում կրկին աճուրդի,
Բախտի քարերն ենք ջրհորից հանում:

Ականջալուր ենք մենք Արարատին:
Մեր նախնիները մտքով իմաստուն
Մեր երազների ակունքն են մաքրում:

Օրս լեցուն է աշնան գույներով,
Երկինքն է շիկնում մրգի պես հասուն
Ծով կապույտի մեջ արևն է լողում,
Դավադիր քամին աչքով է անում:

Դավադիր քամին ծառի շվաքում
Օդի մեջ պահված ջահելի նման՝
Աչքը երկնքի կապույտին պարզած
Արեգակին է նույն խանդով նայում:

Աշուն է հասուն ու հողը շիկնած
Հոգնած ուժասպառ, հասցնում է դեռ
Մեկ առ մեկ հաշվել զառ տերևներին:

Ճյուղերից թափվող տերևների պես
Երազի նման վաղանցուկ, խելառ,
Անցա՜ն-գնացին, հույզերս բոլոր:

Անցան-գնացին հույզերս բոլոր:
Սիրտս թափուր է, մտքով թափառում
Դեռ վհատության ափին չհասած
Ծովի պես ծփում, ճոճվում եմ տեղում:

Հիշատակներս ցոլքեր են լուսե
Առաջվանը չեն կանայք էլ գերող,
Անկիրք, անկրակ, ապրում ենք, տնքում,
Պաղ աստըղի պես մտքում առկայծում:

Խանդի քարերն են հոգուս մեջ սուզվել
Հետքն է մնացել, վկա՜Ն հույզերի՝
Կնճիռ ու ծալքը, նոր զարդ են դեմքի:

Անցածը վաղուց ՝ երազ է անդարձ,
Գինուց էլ թունդ է, ծփում է սրտում:
Կյանքն էլ վազող ալիք է թվում:

Կյանքն էլ վազող ալիք է թվում
Անցած-գնացած օրերի շարքից
Ես իմ մանկության արևն եմ տենչում՝
Մորս պես անվերջ նա է իմ մտքում:

Երկիրն իմ հպարտ, արևով լեցուն,
Ուր տանիքներին՝ հարթ ու տափարակ
Արևից թաքուն, մրգերը հասուն
Գողանում էին լույս ու ջերմություն

Ձմռան երկարող գիշերվա գրկում
Տատ ու պապի պես տան առատություն
Արևով լեցուն չորացած մրգեր:

Տարիներն անցան, մենք բարին՝ չարից,
Ձեր տաք ափերով զատեցինք անցավ:
Աշխարհը տեսանք մտքի թևերով:

Աշխարհը տեսանք մտքի թևերով:
Ճնճղուկներին մանուկ տարիքում
Տան փշրանքներով միշտ կերակրում
Ծաղրում էինք անմիտ-միամի՜տ:

Ծիծաղում էինք, որ տանն են մնում,
Երկիրն հայրենի չեն լքում բնավ,
Քաղցից մարում են, տոկում են հպարտ,
Մայր հողում թաղվում ցրտից նահատակ:

Հիմա հիշում եմ ու սիրտս տրտում
Այս աշնան շեմին ո՜նց է արտասվում
Ճնճղուկի չափ չեղանք իմաստուն:

Անհեթե՜թ վերջից մենք շատ վախեցանք,
¬Թե՞ աշխարհն արար շրջելու թաքուն
Կիրքը հարատև մեր սիրտն էր լափում:

Կիրքը հարատև մեր սիրտն էր լափում,
Եվ ամենուրեք ողջախոհության
Սափորն ենք ջարդում գիշեր ու ցերեկ,
Ողորկ քարերով գայթակղության:

Մեր շուրջն ամենուր աշխարհն է փոխվում
Երեկվա փառքը օտարի տված՝
Չափ ու չափանիշ, գլխիվայր շրջվում,
Պարսավագիր է մեզ համար դառնում:

Խեղճ ու միամիտ՝ օտարին լսում,
Տանը, թե դրսում, չենք ամբողջանում
Կոտորակված ենք ու բազմաբևեռ:

Հյուսիս ու հարավ՝ լայնք ու երկայնքով,
Վերից ու վարից՝ ելք ու մուտք խառնում
Բազե-արծիվ ենք օտար երկնքում:

Բազե-արծիվ ենք օտար երկնքում,
Մեր գետերի պես գնում ենք կորչում
Օտար ծովերի պղտոր ջրերում:
Թե՛ ղեկապետ ենք, նավերն են օտար:

Թե տնատեր ենք, ունե՛նք դղյակներ,
Մեր ունեցածը՝ մերը չէ ավաղ,
Երկրից հեռու՝ օտար հողերում
Գայթելու անթիվ քարեր կան ողորկ:

Ջանք ու եռանդ ենք ամենուր վատնում
Մեր խռով հոգին անդորրի կարոտ
Սիրտ չի սփոփում, և զո՜ւր ենք տենչում:

Խաղաղ հանգրվան ու տուն երազում,
Դարձի ճամփեքին ահերով իր մութ
Թշնամին մեր հին՝ բնավ չի՜ փոխվում:

Թշնամին մեր հին՝ բնավ չի փոխվում,
Տագնապը սրտում խելագար խնդում,
Երկնքին նայող վանքերն է քանդում,
Հողի մեջ թաղում խաչքար ու քարեր:

Գիշերն իջնում է անգութ ու մթին
Ավեր երկրի որբ տարածքներում՝
Աստղերն օտար՝ վարձու զինվորներ,
Խոժոռ նայում են դավին անտարբեր:

Արձագանքում է կռինչը բուի,
Կսկիծն է սողում, գիշերը՝ սև օձ,
Հողն է ամլանում շնչից վիշապի:

Այնքան անխինդ են, արցունքի, ցավի
Երգերը մեր հին՝ մահ ու ավերի,
Երգերը տխուր իմ հայրենիքի:

Երգերը տխուր իմ հայրենիքի.
Մորմոք ու ճիչ են բնավեր հավքի,
Ամենուր փարված մեր բաց շուրթերին
Թևեր են տենչում ճամփեքից դարձի:

Մեզ տուն են կանչում՝ նման են լացի,
Երգերն հայրենի տարագիր-պանդուխտ
Հնչում են արդեն շուրջ հազար տարի
Շուրջ հազար տարի որբ ենք ու մոլոր:

Ւնչ որ մեզ տվեց թշնամին մի օր,
Գիտենք, որ նու՛յնը ճակատագիրը,
Նրան էլ կըտա անշուշտ լիաբուռ:

Ո՛չ, գութ չենք հայցում, կամ՝ կարեկցումի
Դրոշը պարզում, պարզապես հիմա
Հավատով ապրում ու մերն ենք զատում:

Հավատով ապրում ու մերն ենք զատում,
Հավատը հավետ մանուկ է մի խենթ,
Որ չի հասկանում թե ինչ է կասկած
Կամ որտեղից է սողոսկում նա ներս:

Եվ կասկածների կծիկը օձե
Անտարբեր, անհոգ, մանուկն իր ձեռքով
Խեղդում է ազատ, խնդում լիաթոք՝
Մեր դեմքին փարված սարսափի վրա:

Մենք հաշվենկատ ամոթից շիկնում
Երկինք ենք հայում շանթեր արարող
Անծիր Կապույտում տեղ ենք փնտրում:

Հողը կորցրած, երկնքում լազուր
Թևավոր հոգին ճախրում է ճչում
Նման ենք հավքին օտար ծովերում:

Նման ենք հավքին օտար ծովերում,
Մեզ մխիթարում, որ չունենք դադար:
Ծանր մարմինը հոգով է ճախրում:
Մահ է, կործանում, անդորր է թվում:

Մտքի մեղսավոր լաբիրինթներում
Հին աշխարհ կերտած հզոր հայերից
Տիգրանի փառքն ենք մերը համարում
Ու թագակիր ենք ամենքս մտքում:

Աշխարհն է լեցուն թագերով անթիվ,
Մերը միակն է հար ու հավիտյան
Մեր թագը բախտի լեռը Արարատ:

Ակնթարթի պես դարերն են չվում,
Ամեն ինչ փոխվում կորչում է անհետք
Աշխարհն ունայն է, մենք հանգիստ չունենք:

Աշխարհն ունայն է, մենք հանգիստ չունենք
Պատերազմներից ձեռնունայն դարձանք,
Թշնամու թողած ավարը, բաժին զինվորի
Անսալով խղճին ետ դարձրեցինք:

Հաղթող բանակի զինվորը հպարտ
Մուրացիկի պես իր զենքը փոխեց,
Թուրը հաղթության՝ խաչի ձև առավ
Խճճվեց կորավ խաչ-ա-թուր խաղում:

խաչ-ա-թուր խաղից խաչը մեզ մնաց
Թուրը միշտ կարող՝ դարձավ սաստող խաչ
Մենք մոլոր-շվար խաչին փարվեցինք:

Տե՜ր կերակրիր, մեր կարեկցանքը
Լեռներ է շարժում, մեր օրը արթուն,
Արդար վաստակի կարոտն է հսկում:

Արդար վաստակի կարոտն է հսկում,
Մեր քաղցած հոգին խաչին էր ձուլվել
Իսկ մեր թշնամին խնդում էր թաքուն
Նա մեզ խճճող Աստծուն էր գովում:

Խաչ-ա-թուր խաղից հոգնած ու շվար
Վանք ու խաչքարով աշխարհն ենք ծածկել
Զենք ու զրահը՝ խաչ ու բուրվառով
Փոխել ենք կորցրել քահանա դարձել:

Զինվոր-քահանա դե արի հիմա
Տե՜ր կարող, հզոր խաչերդ փրկիր
Մենք շաղ ենք տվել աշխարհում ունայն:

Քեզ նվիրել ենք ոչ միայն տաճար
Մենք քեզ ենք թողել երկիրը ավեր,
Մերը կորցրել, փեշիդ ենք փարվել:

Մերը կորցրել, փեշիդ ենք փարվել
Ինքդ էլ հաստատ մեր աղոթքներից
Զզվել ես, հոգնել, քեզ ենք մոտենում
Դու խուսափում ես հորիզոնի պես:

Գալիս ենք դարեր՝ պապ ու թոռներով
Ազգ ու բարեկամ երամ առ երամ
Ինքդ մեր երթից, մեր լաց ու կոծից
Շշմած ու մոլոր փախչում ես մեզնից:

Որտեղ որ մենք կանք, դու չկաս այդտեղ,
Հետին մուրացիկ աղերսողի պես
Խաչատուր դարձած քեզ ենք մոտենում:

Մեր երակներում մեր հազարամյա
Երազն է սառչում ու վանք ենք սարքում
Ներկա է վկան՝ լեռը Արարատ:

Ներկա է վկան՝ լեռը Արարատ:
Մեռնում-հառնում ենք ու կանք աշխարհում
Պարտական հավետ լեռանը միայն
Ինքնամաքրումի առասպելն է հին:

Վահագնից սերված Մհերը մի օր
Լեռան մեջ մտավ միամիտ հայեր,
Արդարությունը կորավ աշխարհում
Խաչ-ա-թուր խաղից խաբնված հայեր:

Պարտված զորքի զինվորներ արի
Դարձել էք հավքեր և ո՞ւր էք թևում
Աշխարհը ունայն՝ փառքը՝ վաղանցուկ:

Ինչքա՜ն խիզախներ մնացին անհայտ,
Խաչով խաչվեցին՝ զինվոր, զորապետ…
Փառքը աշխարհում թրով են կերտում:

Օրը լեցուն է աշնան գույներով
Անցան գնացին հույզերը բոլոր
Կյանքն էլ վազող ալիք է թվում
Աշխարհը տեսանք մտքի թևերով:

Կիրքը հարատև մեր սիրտն է լափում
Բազե-արծիվ ենք օտար երկնքում,
Թշնամին մեր հին, բնավ չի՜ փոխվում
Երգերն են տխուր իմ հայրենիքի:

Հավատով ապրում ու մերն ենք զատում,
Նման ենք հավքի օտար ծովերում,
Աշխարհում ունայն՝ մենք հանգիստ չունենք:

Արդար վաստակի կարոտն է հսկում
Հինը կորցրել փեշիդ ենք փարվել
Ներկա է վկան լեռը Արարատ:

Ես ամենուրեք քեզ փնտրեցի,
Մեծ քազաքների բանուկ մայթերին,
Տաք ժխորի մեջ սրճարանների,
Ամենուր եղա, բայց քեզ չըգտա…

Ինչպես դու կայիր իմ երազներում
Ես քեզ այդպիսին չգտա բնավ:
Ինքս քո մասին պատմում եմ անվերջ,
Ուրիշ ես անգի՜ն դու իմ մտքի մեջ:

Ինձ սիրողներին ժպիտ նվիրում,
Կասկածիս վրա լիաթոք խնդում,
Ոչինչ չես ասում քո սիրո մասին:

Մտերիմներիս դու չես անտեսում,
Սրտիս խորքերում ապրում ես ու կաս,
Մտքերս վաղուց քո շուրջն են դառնում:

Մտքերս վաղուց քո շուրջն են դառնում
Տարիների հետ ես՝ ինքս փոխվում
Սրտիս խորքերում դու նույնն ես մնում,
Ինչպես արևը՝ չես փոխվում բնավ:

Խենթ ու կանացի խաղերով լեցուն
Սրտիցս վազող ալիք ես դառնում,
Ինձնից խուսափում, և ո՞ւր ես թևում
Գիրկս միշտ թափուր քեզ եմ կարոտում:

Դու իմ մտքի մեջ, անունդ շուրթիս,
Հազար սրտերից՝ քո սիրտը թաքուն
Շրջմոլիկ դարձած ինձ է փնտրում:

Համրանքն օրերի խառնում է, խնդում,
Դու խենթ ու կրակ բոց ես ավերիչ՝
Սիրտս քամում ես ժպիտով թովիչ:

Սիրտս քամում ես, ժպիտով թովիչ:
Եվ իմ շուրթերը համբույրի կարոտ
Ծովդ երիզող ափեր են թվում՝
Դու ափից փախչող ալիք ես ընդմիշտ:

Դու սրտիս խորքում իմ սիրո ակունք,
Քո խենթ խաղերին՝ բերած ու տարած
Հույզերին բոլոր , թո՜ղ որ տիրանամ
Տենչերով անմար՝ արևն ես հուր-հեր:

Եվ նրա նման քո հեռվից անվերջ
Շուրջս պտտվում, ու չես մոռանում,
Չե՜ս թողնում մնամ՝ մոլոր ու մենակ:

Իմ երազները անվերջ նորոգում,
Սին կասկածներս անդարձ կորցնում,
Խանդի խաղերով օրս չես մաշում:

Խանդի խաղերով օրս չես մաշում,
Նմանըդ չկա արար աշխարհում:
Մտքումս անգին՝ ես քեզ հորինել
Քեզ համար անգամ անուն եմ գտել:

Եվ ամեն անգամ, երբ քո անունով
Կանչում եմ մեկին, ժպտում ես կրկին.
Ինքդ լավ գիտես ալիքը այդ նոր՝
Ծովացած սրտիս խորքում կմարի:

Դու ես ակունքը հույզերիս բոլոր,
Իմ ապրող երազ՝ հավերժող իմ սեր
Դու հրաշք աղջիկ, իմ բա՜խտի արև:

Շուրթերիս երգը, խի՜նդը օրերիս
Երկիրն արևի շուրջն է պտտվում,
Արցունքն ու աղն ես շաղի վերածում:

Արցունքն ու աղն ես շաղի վերսծում,
Ինձնից խուսափում, փախչում ես անգին,
Վաղ լուսաբացին պարտեզը մտած
Ծով ծաղիկների շուրթերին փարվում:

Հրապույրներիդ պաշարն անսպառ
Շռայլ ու շենշող փռում ես շուրջդ,
Ու ես ամենուր լցնում եմ օրս
Քո նշաններով իմ կարոտն է ծով:

Օրվա մեջ թողած ցոլքերդ լուսե
Մեկ առ մեկ գտնում, նորից մեկտեղում
Հույսերիս տունն եմ լույսովդ լցնում:

Իմ երգ, իմ երազ, լուսավոր իմ սեր,
Սիրտս քեզ համար վարդատուն, արի
Շուրթերդ նրբին՝ թերթեր են վարդի:

Շուրթերդ նրբին՝ թերթեր են վարդի
Ձեռքերդ ճերմակ՝ զույգ աղավնիներ,
Աչքերդ լեցուն կապույտով ծովի՝
Ինձ երկինք տանող հավքն են հեքիաթի:

Երկար չեմ մնա այս հողի վրա,
Օրերից մի օր կդառնամ ես հող,
Իմ երազներին դու տար ճախրանքի
Թող նրանք օրդ փոխեն հրաշքի:

Թող սերը հավետ ճախրի երկնքում
Համբույրի կարոտ շուրթերդ անգին
Արևածագի թովչանքն ունենան:

Իմը՝ աշխարհում, քո՛ սերը օրհնած
Արևածագով աշխարհն է հարբած
Արևն աշխարհին, դու իմն ես անգին:

Արևն աշխարհին, դու իմն ես անգին,
Երբ սերն է ծփում սրտերում թաքուն,
Սիրո ակունքում արևն է խայտում,
Արար աշխարհին՝ խինդ է պարգևում:

Սիրով լեցուն է երկինքը անհուն,
Թե խանդից անգամ՝ ամպում է, մթնում,
Սիրո ակունքում արևն է հարբում,
Տաք արցունքները երկիրն է կրում:

Աստղերի հետ, գիշերը արթուն
Քեզ բերող ճամփան մտքումս չափում
Քեզ համար անգին երգ եմ արարում:

Արար աշխարհում արևն է վկա
Դու ես ինձ համար հրաշքը ներկա,
Ես քեզ համար եմ օրերս վատնում:

Ես քեզ համար եմ օրերս վատնում,
Դու ամենուրեք կանթեղն ես լույսի,
Երազս՝ օրհնիր, սիրտս՝ բորբոքիր,
Բերկրանքով լցրու, սերս վառ պահիր:

Եվ ամեն անգամ երբ թվում է թե
Ինձ պիտի պարզես լույսերդ լեցուն,
Ցոլքերդ թողած ինչպես խենթ ալիք
Հեռու ես փախչում, ու չես մոտենում:

Կորչում է կանչս գիշերվա մթում
Սիրտս փոթորկված թափուր է մնում
Ես հողի վրա, դո՛ւ միշտ երկնքում:

Դո՛ւ ինձ չես հիշում, քո մտքում չկամ:
Իմ խինդը օրվա քո շուրջն է դառնում:
Ուրիշ ես անգին իմ երազներում:

Ուրիշ ես անգին իմ երազներում,
Աշխարհն է ունայն, չկա քեզ նման,
Երբ կրքով անափ իմ գիրկը եկար
Աստղը հույսի՛ քեզնի՛ց լույս առավ:

Տաք համբույրներով փարվեցիր դեմքիս
Սիրտս վարդի պես քեզ համար բացվեց:
Դու բախտիս արև, իմն ես հարատև,
Հույզերով լեցուն ծով ես արցունքի:

Հույսերիս ակունք, խինդը՝ օրերիս,
Սերդ ավետող՝ խոստումներդ ծով,
Բանալի տուր ինձ քո սիրտը բացող:

Գալիք անծանոթ ճափեքին օտար,
Իմ լույսի փարոս, երազներիս տուն,
Ես քեզանով եմ աշխարհին տիրում:

Ես քեզանով եմ աշխարհին տիրում,
Մտքերը անթիվ զինվորներ օրվա
Չեն մենամարտում ու կռիվ չկա,
Բայց խանդն է թաքուն նրանց սպանում:

Հիացումներից՝ հիասթափության
Ափերն է նետում, ինչպես խեցիներ,
Ու երգը սիրո մարում է արդեն
Ափին կարոտող ծփանքով անձայն:

Իմ սերը ծովի կապույտ ու մթին
Խորքերում կորած երազանքն է հին,
Ուր հորիզոնն է եզրագիծն անհաս:

Սիրտս ծովի պես փոթորկված կրկին՝
Ափերից ելած իր կուրծքն է ծեծում,
Իմ կարոտների ակունքն է ծփում:

Իմ կարոտների ակունքն է ծփում,
Եվ ծովի կապույտ հարթության վրա
Ճիչ ու աղմուկով արևին գրկած
Ճայերն են հիմա երկինք մխրճվում:

Ճերմակ ու թեթև ամպերն են սահում,
Կասկածն է նրանց գուրգուրում թաքուն,
Գիշերվա գրկում պիտի զորանան
Խանդի ցանցերով մեր սերը որսան:

Շարունակվում է կյանքը նորից,
Անձրևն հիմա գովքն է արևի
Երգով ավետում բացվում է լույսը:

Արևը չկա, բայց լույսը նրա
Խայտում է, խաղում, ջրերի վրա
Աչքս ջո՛ւր դառավ, ե՞րբ ես դու գալու:

Աչքս ջո՛ւր դառավ, ե՞րբ ես դու գալու,
Որերրորդ անգամ ինձ եմ հարցնում,
Ավաղ պատասխան մտքումս չկա…
Ինքդ էլ հիմա թաքուն արտասվում,

Գուցե կարծում ես, թե ես հեռացել
Ու մոռացել եմ, խորթացել քեզնից,
Հին կարոտներիս հրաժեշտ տվել
Օրս լցրել եմ նոր երազներով:

Անմիտ խաղերի խարդավանքի մեջ
Ես ու դու հիմա տանջում ենք իրար,
Աշխարհն ունայն է, մենք էլ անհամբեր:

Վատնում ենք ներկան, օրօրում հույսեր,
Գալիքն էլ անհայտ տագնապով է լի
Ապրում ենք անվերջ հուշով անցյալի:

Ապրում ենք անվերջ հուշով անցյալի…
Մենք այս կյանքում պիտի՞ հանդիպենք,
Թե մահից հետո կգտնենք իրար
Ինչպես արևը ծովին է գտնում…

Արևը մտավ, աստղերն արթուն
Գիշերվա համար լույս են արարում:
Երազի նման լույսն է առկայծում
Մեր ապրած օրը երազ էր թվում:

Մտքիս երազը լույսերով լեցուն
Քո դեմքն է բերում ու տեղավորում,
Հայացքիս դիմաց ամենուր դու կաս:

Քո շեկ վարսերի շուքն եմ օրորում,
Հուշերիս ծովում լողացող արև՝
Իմ երազներում դու ես հավերժում:

Իմ երազներում դու ես հավերժում
Քո սերն ամենուր ինձ խրախուսում,
Հուսալքումի պահերին թաքուն
Հարազատի պես հոգսերն է կիսում:

Ուրիշ ոչ մեկը չունեմ աշխարհում,
Դու ես միակը իմ մինուճարը,
Ծով երազներիս ճախրանքի տանում
Մեղանչումներիս ժպիտով փարվում:

Աստծուն աղերսում իմ օրվա համար,
Գիշեր ու ցերեկ իմ շուրջը դառնում
Իմ կարոտների ծովում ծավալվում:

Հիացմունքներիս ծփանքով հարբած
Շուրթերով վանում շուրթերիս փարված
Հիասթափության բաժակը լցված:

Ես ամենուրեք քեզ փնտրեցի
Մտքերս վաղուց քո շուրջն են դառնում,
Սիրտս քամում ես ժպիտով թովիչ
Խանդի խաղերով օրս չես մաշում:

Արցունք ու աղն ես շաղի վերածում:
Շուրթերդ նրբին թերթեր են վարդի,
Արևն՝ աշխարհին, դո՛ւ ի՛մն ես անգին,
Ես քեզ համար եմ օրերս վատնում:

Ուրիշ ես անգին իմ երազներում,
Ես քեզանով եմ աշխարհին տիրում:
Իմ կարոտների ակունքն է ծփում:

Աչքս ջուր դարձավ, ե՞րբ ես դու գալու
Ապրում եմ անվերջ հուշով անցյալի
Իմ երազներում դու ես հավերժում:

Կապույտ երկնքում լողում է ահա
Թեթև ու ճերմակ ամպը թափանցիկ,
Աչքս արևին նրան եմ խանդում
Իմ սերը անօգ հավք է երկնքում:

Աչքերիս փարված թախիծը վկա
Ակունքն հույզերիս, ակն է երազիս,
Իմ սերը անհոգ հավք է երկնքում,
Բախտիս արևն է, ամենո՜ւր ներկա:

Սիրահարի պես ծովում ծփացող՝
Երազներս ջինջ՝ ալիքներ անծիր,
Սիրո, կարոտի ափերին մարող:

Մտքումս հաճախ չափ ու ձև անում
Քեզ մոտենալու ելքն եմ փնտրում:
Սրտիս խորքերից երգ եմ արարում:

Սրտիս խորքերից երգ եմ արարում,
Կասկածի մթին ամպերին լքած,
Իմ երազների ակունքում ծնված՝
Հույզերս անվերջ դեմքիդ են փարվում:

Ես քեզ եմ կրկին մտքումս օրհնում,
Ինքդ էլ չգիտես, որ իմ կարոտը
Հազար սրտերից քոնն է փնտրում.
Նայիր աչքերիս իմ սիրտը վկա:

Երազանքը ծով՝ ալիքված ծփում,
Սրտումս ծնված բոց ու հրդեհը՝
Աչքերիդ խորքից դեմքիդ է փարվում:

Սուր թարթիչներիդ, շիկնած՝ շուրթերիդ,
Տարածքում կրկին մոլոր մանկան պես
Ես ինձ կորցրած ելք եմ փնտրում:

Ես ինձ կորցրած ելք եմ փնտրում,
Մանուկ տարիքում մայրս էր արթուն
Մութ ճամփաներին իմ ձեռքը բռնած
Միշտ խրախուսում, հավատս կոփում:

Տարիների հետ, երբ հասակ առա
Սերն ինձ այցելեց տեսքով աղջկա,
Ու շատերի պես սերն ինձ ուղենիշ
Նա էր լուսավոր փարոսը նավիս:

Երբ երազներիս ճամփեքով անցա,
Հիացումներից հիասթափության
Պահերն ապրեցի, սերն այլափոխվեց:

Մորս, կնոջս, սիրածիս անգամ
Հաճախ շրջանցեց ու սիրտս գերեց,
Զավակիս նման թանկ ես հարազատ:

Զավակիս նման թանկ ես հարազատ…
Սիրո կանթեղը միշտ վառ ես պահում
Ու բախտի ճամփին միամիտ սիրտս
Ձկնորսի նետած ուռկանն է մտնում:

Երբ ամեն անգամ օտար ջրերում
Ձկան պես ազատ լողում եմ անհոգ
Սերն հայրենիքի հմայքով թովիչ
Ինձ իմ մանկության երգով է գերում:

Իր հմայքներով հաղթում ամենուր
Ու չկա մի ուժ հավասար նրան
Ասում են անգամ մահին է գետնում:

Սերն հայրենիքի ակունքն է գոյի:
Սերն այլափոխվում ու ամենուրեք
Հույսն է արարման ճամփեքին բախտի:

Հույսն է արարման ճամփեքին բախտի,
Երբ թոթովախոս մանուկ ենք անգետ,
Աստծուց էլ հզոր մեր մայրը անգին՝
Մեր հայրենիքի պատկերն է կրում:

Երբ մոր շուրթերից վշտից ողբակոծ
Ճիչը բողոքի երկինք է թռչում՝
Հայրենի հողին կայծակն է զարկում՝
Սիրտը զավակի՝ թրի պես խոցում :

Եվ ամենուրեք չարին հանդուրժող
Աստծո դեմ հաճախ մայրն է ընդվզում
Աստվածն ինքն էլ մանուկ է դառնում:

Աերն՝ աստվածային, սերն է մայրական
Ու մանկան համար՝ մայրը սիրասուն
Ապրում է հավերժ ու չի ծերանում:

Ապրում է հավերժ ու չի ծերանում,
Ամեն պատանի իր մտքում արդեն
Հավատում է որ, էլ չի՜ ծերանա՜,
Իր սիրած յարից չի զատվի բնավ:

Սիրահարները չունեն ժամանակ,
Օրերն ակնթարթ ու կարճ են թվում,
Համբույրից թովիչ համբույրն է միայն
Եվ առանց սիրո աշխարհն է ունայն:

Ծանոթ-անծանոթ բոլոր հին ու նոր
Աստվածների շուրթերից պոկված
Սիրո խոսքերով տիեզերքն է լի:

Արևի նման սերն է հարատև
Աղքատ ու հարուստ և գոռոզ արքան
Գերված ենք քեզնով քո ճորտը հավետ:

Գերված ենք քեզնով, քո ճորտը հավետ,
Հրաշք է սերը աշխարհում համայն
Սիրո ճամփան է հավերժ ու անվե՜րջ,
Սերն Հայրենիքի՝ արև է անշեջ:

Մոր ու սիրածի, ո՛ւ սերը աստծո՝
Նույն ակը ունեն ու նույն ակունքը,
Ծնված օրվանից ներկա են նրանք,
Բայց Հայրենիքն է անբաժան մեզնից:

Կյանքի տարբեր պահերին հաճախ,
Գտնում, կորցնում, ապրում ենք ու կանք՝
Խինդ ու ցավն էլի ամենուր ներկա:

Ունայն ու սին է փառքը հերոսի
Երբ զավակները իր հայրենիքի
Օտար երկրում բախտ են որոնում:

Օտար երկրում բախտ են որոնում,
Ու տարված խաղով, մանուկ են թվում
Կարոտն ամենուր դռներն է խառնում
Կանչն հայրենիքի կորչում է մթում:

Կինը երեխա զավակ է տենչում
Այր մարդը մտքում մայր է որոնում
Սեր կոչված հույզը ալիքված գալիս
Ալեբախվում է, ծավալն է փոխում:

Ծափ ու ծիծաղով օրերն են չվում,
Խաբվում են խանդից, օտար խաղերից,
Սատանից հզոր խանդն է կախարդիչ:

Դատարկ ու սին է աշխարհը ունայն,
Երբ հայրենիքիդ զինվորն ես արթուն
Սերն հայրենիքի օվկիան է անհուն:

Սերն հայրենիքի օվկիան է անհուն
Թե որ սատանից չես գայթակղվում
Բնավ չի խաբի հմայքն օտարի
Քո հարենիքից դու չես օտարվի:

Օտարի սերը հպանցիկ ժամանց,
Օտար կնոջից զավակը ծնված
Տունդարձի համար պատնեշ է անանց
Քո հայրենիքից դու ես օտարված:

Մոր հայրենիքն է աշխարհը նրա
Քո հայրենիքում օտար է միշտ նա
Մայրն է զավակի աշխարհն հայրենի:

Թե մորդ փոխես՝ հայրենիք չունես,
Տղամարդն անվերջ մայր է որոնում,
Մոր աշխարհով է աշխարհը չափվում:

Մոր աշխարհով է աշխարհը չափվում
Մայրն իր մանկան, սերն է կաթոգին,
Փառքը հավիտյան, ծովն՝ հարստության
Ուժը իր բազկի՝ միտքն իմաստության:

Մոր շուրթից պոկված բառն է առաջին,
Մանկան սրտի մեջ ծիլեր արձակում
Եվ ապ ու պապի օրհնանքով արդեն
Ոչ մի թշնամի անպարտ չի թվում:

Հազար մարտերից հազար տարիներ
Հաճախ պարտվել տնից տարագիր,
Բայց միշտ դարձել են տունը հայրենի:

Աշխարհը մի ծով ու մենք նավազներ
Մրրիկ փոթորիկ մեր գլխով դարձան
Մայրը հավատն է ու լույսը մեր տան:

Մայրը հավատն է ու լույսը մեր տան
Մեր երազների արևն հավիտյան,
Վաչկատուն ցեղեր եկան ու անցան
Սրբեցին տարան հուշ ու հիշատակ:

Հողին խառնեցին մեր արյունը տաք,
Մեր երազն անվերջ մեռավ ու հառնեց
Ու մեր երազի պատկերն հարատև
Վիշապներ սանձող լեռն է Արագած:

Լանջերն ի վար աղբյուրներ հազար,
Աշխարհին հսկող լուսավոր մի աչք
Տունը շեն պահող բերդ ու ամրոց:

Մեր երազներում հավիտյան ներկա,
Դարձի ճամփեքին փարոսներ լույսի
Լեռները վկան Հայոց աշխարհի:

Լեռները վկան Հայոց աշխարհի
Մեր լեգենդների դիցերը անպարտ,
Մեզ հետ են նրանք դարեր շարունակ
Մեր մտքում արթուն ապրում են ու կան:

Նեմրութից՝ Վարագ, Սիփանից՝ Տավրոս,
Մեր նախնիների ձայներով լեցուն
Դաշտեր ու ձորեր անուն առ անուն
Հավերժ անդադրում մեզ տուն են կանչում:

Ով որ սիրտ ունի, բլթակն է հայի
Ականջալուր է երկինք պատռող
Շանթեր բեկանող կանչ ու որոտին:

Մեր թուրը արծաթ՝ սերված կայծակից
Զարկեր նվիրեց իր նենգ թշնամուն
Թուր էր դարձավ խաչ ու մենք խաչակիր:

Թուր էր դարձավ խաչ ու մենք խաչակիր
Աշխարհն էլ փոխվեց ու սերը խաչի
Տենչ ու երազանք անվերջ խճճեց՝
Զինվորը դարձավ խաչով քահանա:

Բերդի փոխարեն մատուռ ու խաչքար,
Մորը մոռացած՝ ներբողներ Աստծուն
Կարծես թե նա էր մեզ օրոր ասել
Մեր հայրենիքի մայրն էր սիրասուն:

Մեր հայրենիքի մայրն էր սիրասուն,
Անսքող վշտից աչքերով տրտում
Պատանքում էր մեզ ու ողբ էր ասում:

Պատանքում էր մեզ ու ողբ էր ասում,
Բուրվառ ու խնկով խաչին էր գամում՝
Սիրում էր նա մեզ ինչպես իր որդուն:

Սիրում էր նա մեզ ինչպես իր որդուն
Չնչին առիթով մեզ զոհաբերում
Խաչում, գլխատում ու չէ՜ր երկնչում,
Դեռ հորդորում էր որ մնանք արթուն:

Մեր սերմն ու գենը շաղ տանք աշխարհում,
Ամենուր հասնենք ու դառնանք թիկունք
Գազանին կրթենք, բորենուն անգամ
Խաչասերումով սիրտ տանք աղավնու:

Ապրենք աշխարհում ու երկրպագենք,
Մորից առավել նվիրվենք Աստծուն
Դրախտի ճամփեն հավերժ նորոգենք:

Եվ դարեր անվերջ և մինչև հիմա
Հոգևոր հաց ենք, սերմը բարության,
Աշխարհի ցավով մեր սիրտն է ցավում:

Սրտիս խորքերից երգ եմ արարում,
Եվ ինձ կորցրած քեզ եմ փնտրում:
Զավակիս նման թանկ ես հարազատ
Մեր բախտի միակ արևն ես լուսե:

Ապրում ես հավերժ ու չես ծերանում,
Գերված ենք քեզնով՝ քո ճորտը հավետ
Երկրում օտար բախտ ենք որոնում
Սերն հայրենիքի օվկիան է անհուն:

Մոր աշխարհով ենք աշխարը չափում
Մայրը հավատն է ու լույսը մեր տան
Լեռներն են վկան Հայոց աշխարհի:

Թուր էր դարձավ խաչ ու մենք խաչակիր
Սիրում էր նա մեզ ինչպես իր որդուն,
Աշխարհի ցավից մեր սիրտն է ցավում: