ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Ճապոնական ապոկալիպսիս

Posted on Ապրիլի 4, 2011

0


ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ
(Չարչարանաց ուրբաթ)

Ժամանակը սլանում է սրընթաց, հետ չի դառնում երբեք.
Մի պահից սկսած` վերափոխվելու են դարեր.
Մ արդը հզոր ստեղծում է ռոբոտ, սուզանավ, անգամ արհեստական ինտելեկտ.
Բայց աշխարհակործան արհավիրքի դեմ նա անզոր է ու խեղճ:
Երկրագունդը փաթաթվեց սև ժապավենով սգո,
Մարդկաց կենդանի էկվատորը` ձեռք –ձեռքի տված լուռ նայում է երկինք…
Ատոմակայանի պայթյուններ, նավի վերածված տներ,
Ուղղաթիռը թռչում է վերևում, և ոչինչ չի կարելի անել…
Ջրի տարերքը սկսեց շարժվել, Օվկիանի խև ալիքը` ահագնացող ցունամի,
Առիթը երկրաշարժն է ահեղ…
Ըմբոստացավ և կրակը ամենակեր, հրդեհով բռնկված շենքեր:
Եվ ոչի՛նչ, ոչի՛նչ չի կարելի փոխել…

11.03. 2011

ԿԱՐՍ

Վաղուց, շատ վաղուց է
Կնքվել պայմանագիրը Կարսի…
Օ՜, կառուցիկ սալահատակով Չարենցի քաղաք,
Քո փողոցներով քայլում եմ հպարտ.
Մի քար չի ընկել երկհարկ ու եռհարկ տներից,
Մի քար չի պոկվել անհարթ ու փայլուն սալահատակից:
Պայմանագիրը` թղթի կտոր
Ոչինչ չի կարող փոխել.
Չէ որ ես գտա իմ անցյալի քաղաքը Կարս`
Հայեցի, անբասիր ու ձգող…

17.03.2011

ԳԵՆՈՑԻԴ

Մղձավանջը 20-րդ դարասկզբի
Հետապնդում է ինձ` անգամ երազում:
երբեմն վեր եմ թռչում ճիչ ու աղմուկից.
Եվ էլ չի լինում քնել նորից:
Հիշում եմ մի գիշեր արթնացա ձայնից ահարկու.
«Ես կսպանեմ քեզ Հիսուս Փրկիչ,
Դու պոռնիկի ծնունդ ես…»
Խելագար գոչում էր կեռ յաթաղանի տակ
Զոհվող բուլղարը, հույնը, ասորին,
Չգիտեմ, գուցեև հա՞յը…
Դե հայերը Քրիստոսի հեզ գառնուկներ են
Եղել անցյալում-այսօր-նաև ապագայո՞ւմ:
Աշխարհը ողջ չքմեղացավ`
Անմեղ դիմակ հագած.
«Դե, գիտեք ի՞նչ, ոչ-ոք դա չէր ուզում…»
Չգիտես թե ինչպես Դեր Զորի անապատի
Ոսկորների ԴՆԹ-ից որպես փյունիկ,
Վերապրածների սերունդները գոչում են.
Աշխա՛րհ, բայց դա եղել է չէ՞,
Դուք գոնե դա գիտե՞ք,
Բայց դա եղել է,
Մարդկությո՛ւն, դուք գոնե կընդունե՞ք
Գենոցիդը. Մեծ Եղեռնը Հայոց:

Չնայած դա ոչինչ, ոչինչ, ոչինչ չի փոխի…
Ավաղ, ավաղ, ավաղ…
Թողություն, մեղաց, ամենուն և ամենայնի:
Ամեն… Ամեն… Ամեն…
Անուշ Վարդանյան`
Վանի շրջանի Խարականց
գյուղի Խաչատուր պապի
40 հոգանոց գերդաստանի
միակ փրկված Արփենիկի
ԴՈՒՍՏՐ

Ապրիլ, 2011 թ.