ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Ձյունը

Posted on Ապրիլի 10, 2011

5


Ձյունը իջնում է սուրբ համբերությամբ,
Մեռնող ծուլությամբ պտույտ է տալիս
Ու ենթարկվելով քամու թևերին
Օդ համբուրելով բարև է տալիս:

Բայց չի հասցնում խոսել փաթիլը
Մեծ բազմության մեջ իր սիրածի հետ
Փնտրտուքներով մղվում է նա ցած
Իր փաթիլների խումբը մոռացած,
Որպեսզի գտնի իր հալչող կեսին:

Իսկ մյուս փաթիլը սեթևեթելով,
Խենթ ճերմակների ձեռքը սեղմելով
Կամակորությամբ սլացավ ներքև
Եւ չիմանալով, թե ինչ է սպասվում
Փարվեց նա հողին…

Սիրող փաթիլը փնտրում է նրան
Սիրտն ուրախացած իր հանդիպումից
Սլանում գետնին՝ գորշիացած, սառած
Ու իր փաթիլին գտնում քարացած:
Այսպես փաթիլի գրկում կարկամած
Ես գտա նրանց մարդուց տրորված: