ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ | «ԱՆՍԱՆՁ ԳՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ» ԳՐՔԻՑ

Posted on Մայիսի 27, 2011

0


Հոգեվիճակներ, որ արտահայտելի են թվում եւ արտահայտվում են, իհարկե, դարձյալ գրով, բայց դուրս են ձգտում «պաշտոնապես» գրական կոչվող «ություն»-ից, որոնք պարզապես սրտակից ընթերցող են փնտրում, ոչ թե՝ գրականագետ: «Կարիքը չկա»… Արձակագիր Ռոլանդ Շառոյանի նոր գիրքը «Անսանձ գրաքանդակներ» է ամփոփում: Լիրիկական օրագրեր են, կայծակնային դիտումներ (Ամպրոպ ու կայծակ, Ես լռում եմ, դուք խոսե՛ք, Ես իմ ձայնը ձեզ եմ տալիս…), ակնթարթային բռնկումներ, որոնք իրենք են որոշում, թե մարդկային հոգու ինչ մի ծալք են լուսավորելու ահա հենց այս ճառագայթով:
Ո՞րն է այսպիսի գրության հույսը…
Հենց այդ բռնկվող ակնթարթները, որոնց միջոցին միայն հնարավոր է ահա այսպիսի պատկերի անչարչարանք ծնունդն ու անվրդով-խաղաղ ընկալումը.

Աստված ստեղծել է անձրև,
Սատանան` կարկուտ ու մրրիկ,
Կոմիտասն` «Ամպել ա» ու «Կաքավիկ»…

Ավագ Եփրեմյան

————————————

Ես բանաստեղծ չեմ, դրա կարիքն էլ չկա,
Թումանյանը, Վարուժանը, Չարենցը կան ու կան:
«Նարեկն» արդեն դարձել է հազարից ավել տարեկան:
Կավից, քարից, փայտից, ոսկուց ու արծաթից
Ինչքա՜ն պատկերներ կան աշխարհում ստեղծված
(Եվ զարմանազան զըրթուզիբիլից):
Ես էլ որոշեցի մտքեր քանդակել
Լեզվիս եկած պարզ ու անտաշ,
Թարս ու շիտակ բառերից:

Ռոլանդ Շառոյան

—————————————

ԱՍՏԾՈ ԴԵՄՔԸ

Ով չի հավատացել — ձաղկել է,
Ով պատկերացրել է — ծաղկել է,
Ով տեսել է — հազարապատիկ նկարագրել է,
Ով տառապել է — հույս է փնտրել,
Ով զգացել է — պատկերել է իրեն:

ՔԱՄԻ

Պրեզիդենտները շեշտում են,
Վարչապետներն ասում են,
Պատգամավորները խոսում են,
Կուսակցապետերը ֆարսում են:
Ջաղցի ձորի քամին աղերսում է:

ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հարևանի շունը հաչում է երրորդ հարկում,
Սամվել ընկերոջս և Մառայի սիրուն շնիկը
Կաղկանձում է` Սամվելը դժվար այսքան շուտ տուն գա,
Բայց Մառան հաստատ բժշկի իր հերթափոխն ավարտել և արդեն բակում է:
Զավեն Շամյան ընկերոջս գամփռը`
Գոնչ Գոնչիչը երեկոյան ժամը 7-ին արդեն բազկաթոռին նստած (քավորի կողքին) կերուխումի սեղան է ղեկավարում:
Իսկ Մեղեսիկ աղջկաս շնիկը` Բումին, Հաագայի փողոցներից մեկում`
Թոռնիկիս զոռով պտույտի է հանել:

ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ

Ուջանի դրախտից Սապեի Միսակին բերեմ`
Իր երկար զուռնայով,
Կաքավաձորի դրախտից Մգրոյին բերեմ`
Իր պուկիով,
Աշնակի դրախտից Վարազդատին բերեմ`
Իր կարճ զուռնայով,
Շղարշիկից` Մամիկոնին-
Իր պարկապզուկով,
Աշնակի դրախտից քիչ էր
Մնում Կարոյին մոռանայի-
Խոզի կաշվից իր դհոլով,
Ծիրանի փայտից կոպալներով:
Աշոցքի դրախտից` խելառ Ջրի
Ձորի թավջութակահար քամուն բերեմ,
Կարսից Եղիշե Չարենցին բերեմ`
«Ես իմ անուշ Հայստանի»-ն երգի:

ԱՌԱՆՑ ՁԵԶ

Ես չեմ կարող ապրել առանց ձեզ:
Անկեղծ են իմ այս խոսքերը:
Էս տարին շատ եմ նմանեցնում
Դեկտեմբերի 31-ին գնված մանդարինի:
Աստված ստեղծել է անձրև,
Սատանան` կարկուտ ու մրրիկ,
Կոմիտասն` «Ամպել ա» ու «Կաքավիկ»:
Չէ ախպեր, բառ ու բանն այսօր ոչինչ են
Այս դարի շնչի դեմ:
Սիրիր մերձավորիդ, անգինս,
Հավատա խոսքերիս չնչին:

ԳԻՆԱՐԲՈՒՔԻ ԵՐԳ ԵՐԵՎԻ

Սխալ եմ ես երևի,
Ճիշտը դու ես երևի,
Մենք իզուր ենք երևի,
Սիրում իրար երևի:

Ախ երևի, երևի,
Ջան երևի, երևի,
Սիրենք իրար երևի,
Տիրենք իրար երևի:

Ես ստրուկ եմ երևի,
Դու մտրակ ես երևի,
Ես կանթեղ եմ երևի,
Դու պատկեր ես երևի:

Ախ երևի, երևի,
Ես սխալ եմ երևի,
Որ սիրում եմ երևի,
Քեզ, միայն քեզ երևի:

ԱՆՍԻՐՏ ՊԱՏԿԵՐ

Խելքս թռցրել եմ ես այս տարիքում,
Հեռանում եմ սեղաններից անգլիական ձևով:
Կնոջս անգամ սկսել եմ սիրել իրենից թաքուն,
Որպես ապաշխարհանք քնելուց առաջ մի շիշ
Գարեջուր եմ կոնծում:
Ժամանակն ինձ անընդհատ
Հավասարակշռությունից է հանում,
Եվ ես 20-րդ դարն առանց կոմունիստների եմ հիշում-
Ուր Մոսկվան երբեք իմ մայրաքաղաքը չի եղել:
Երևանում չեմ ուզում մնալ, չգիտեմ թե ինչու-
Չէ, խելքս թռցրել եմ ես այս տարիքում:
Աշնակ չեմ ուզում գնալ, բայց Ջաղցի ձորը
Հորս ձայնի արձագանքով ինձ է կանչում:
Ելնեմ գնամ, երևի, քանի դեռ ձմռան մութը չի ընկել…

ԿՈՆՅԱԿՈՎ ԳՐՎԱԾ ՄԻՏՔ

Տարին կրկին պտտվում է,
Աստծո շունչը՝ մտքիս վրա,
Որձ աղավնին գեղգեղում է-
Ցող է նստել կոպիս վրա`
Տարին նորից պտտվում է,
Շաղ է իջել գլխիս վրա…

ԳԵՆԵՏԻԿԱ

Երկու ճանճ «Օրբիտ» ծամոնի տուփի վրա բեղմնավորվեցին
Ազատության գերագույն մակարդակ.
Բայց ես հո գիտեմ, որ ծնված էակը
Էլի ճանճ է լինելու:
Իրե՛նք չգիտեն…
Ամպրոպ ու կայծակ,
Ես լռում եմ, դուք խոսե՛ք,
Ես իմ ձայնը ձեզ եմ տալիս…

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Կինը լաց է լինում-
Այնքան շատ բան կա ասելու:
Կինը լռում է-
Այնքան շատ բան կա խոսելու:
Կինը խոհանոցում է-
Միթե՞ կյանքն ուտելու և քնելու մեջ է թաքնված:
Կինը նայում է պատշգամբից դուրս-
Ջեկո շունը բակում երեխաներին խաղացնում է:
Կինը հեռուստացույց է դիտում-
Կյանքն իրենից խռոված փախչում է:
Կինը ծնողներին է հիշում-
Կյանքն առանց սահմանի թռչուն է:
Կինը մտնում է ննջարան-
Հոգնած թևերն իրեն գրկում են:

ԿԵՆՍԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Արշալույսի ձայներ, ի՞նչ եք ուզում ինձանից,
Տարիքս ինձ սնոտիապաշտ է դարձրել-
Զորավոր եկեղեցու զանգեր.
Մի՛ ուշացեք, թոռնիկիս ձայնով ավետեք
Այսօրվա լուսաբացը…

ՉՊԱՏՄՎՈՂ ԵՐԱԶ

Ծամում ենք, ծամում եմ, ծամում
Ինչ որ բան, որ անհամ է ու կեղտ,
Եվ չգիտեմ կամ թե չկամ:
Դուրս քաշեք իմ բերանից այս լկամը,
Որ մի քիչ խոսեմ անձև
Դրսում անձրևը բարակ է մաղում:
Խոնավ է մեջս ու մգլոտ.
Ոսկորներս կտամ օգոստոսի արևին,
իսկ մազերս` պատահած հարավի քամուն:
Եվ կամ էլ դուրս քաշեք այս լկամը
Թեկուզ մի քիչ խոսեմ տձև:

ԿՏԱԿ

Պահիր քո մեջ արյան գնի զգացումը, խայթող մեղվի նման
Եվ քո միջից հանիր քեն ու ոխի ցանկացած
զգացում` ջրի հայելու մեջ ինքնությունդ փնտրելով:
Պահիր քո մեջ նորածնի ճիչն ավետող արշալույսի մեղեդին
Եվ քո միջից հանիր առյուծի բաժին հասկացությունը:
Պահիր քո մեջ լեռների վրայով սուրացող քամու երգը:
Եվ քո միջից հանիր այն տարածքը, որ երեխան չի տեսնում:
Պահիր քո մեջ հորդ լուսապատկերն ու մորդ լեզուն
Եվ քո միջից հանիր մեռնող ձիու խրխինջը, որ
ընկուզենիներն արձագանքեն:
Պահիր քո մեջ Ջաղցի ձորի արձագանքը`
միայնակ գայլի ոռնոցի:
Եվ քո միջից հանիր, եթե ադամամութի գույժ է այն:
Պահիր քո մեջ, եթե ցկնող գայլի լուսնահաչը
ավետիսն է առավոտի…

ՄԱՐԴՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ամենադանդաղ մահով մեռնում է ժամանակը:
Մարդն ապրում է կառչելով իր գոյությունից,
Իսկ ժամանակը նրա կյանքի մարտադաշտն է-
Պարզ ու հասարակ մի բան — և ուրիշ ոչինչ:

ԱՐՏԱԳԱՂԹ

Մութի միջով սուրաց լույսը,
Մի շող թառեց թաց կոպերին,
Բառի վտառն է ճամփեքին
Անվերջ մուրում — նոր հայրենիք:

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԴԻ ՀԵՏ

Սարդը, փոքրի՜կ, եկել էր ինձ այցի: Երկաթե դռան արանքով ներս էր մտել, մշտապես ներս փչող քամու միջնորդությամբ:
— Համբերություն եմ ցանկանում քեզ, Ռոլանդ,- ասավ,- դու դիմացիր քիչ էլ, ես քեզ հաջողություն եմ բերելու:
Ասացի,- Մի գնա, սարդ ջան, մնա և սարդոստայններ հյուսիր իմ շուրջ, որ մարդկանց «հյուսվածները» չհասնեն ինձ:
Ասաց,- Մի՛ վհատվիր, Աստվածն արդեն հյուսել է քո շուրջ: Նրանք հեռանալու են քեզանից, շա՜տ են հեռանալու, որ միշտ քեզ հիշեն…
Ես նրան բնակեցրի մենախցիս աջ անկյունում, աղ ու հացի հարևանությամբ:

1995 թ. հունվար

ԵՎ, Օ, Ֆ

Ես էտեցի ծիրանի ծառերս,
Իսպառ չքվեց ձմռան շունչը,
Մտածեցի ամռանը տղաներիս նշանեմ,
Իսկ աշնան վերջին, տա Աստված,
Սովք չլինի
Եվ Սարդարապատի հորաքրոջս որդու հնձանը
Մուսկատ խաղողով լեցուն լինի-
Գարնան գլուխ, հերն անիծած,
Ներկա-բացակա հորս «Մշո ղըռը» զարկենք և վերջ…